Սերժ Սարգսյանի վերաբերյալ նոր քրեական գործ է ուղարկվել դատարան․ շոշափվում է նաև երկրորդ նախագահի որդու՝ Սեդրակ Քոչարյանի անունը

Լուրեր

05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
05.12.2025 | 23:16
Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալմանը․ քննարկվել են կազմակերպչական աշխատանքները
05.12.2025 | 23:14
Կայացել է ԱԱ-2026-ի վիճակահանությունը, Դոնալդ Թրամփը մրցանակ է ստացել ՖԻՖԱ-ից
05.12.2025 | 23:01
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին
05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
05.12.2025 | 22:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.12.2025 | 22:18
Netflix-ը հայտնել է 82,7 միլիարդ դոլարով Warner Bros․-ը գնելու մասին
05.12.2025 | 22:05
Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի․ տնօրենի անունը հայտնի է
05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ նոր քրեական գործ է ուղարկվել դատարան։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Ըստ գործի՝ Սարգսյանը մեղադրվում է յուրացում կատարելու, փողերի լվացման և փողերի լվացման դրդչության մեջ։ Գործը վերաբերում է Իսակովի պողոտայում գտնվող, Պաշտպանության նախարարությանը պատկանող հողերը ուղղակի վաճառքով վաճառելուն։ Սա այն գործն է, որով մեղադրյալ է նաև Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանը։ Գործը հակակոռուպցիոն դատարանում է, մակագրվել է դատավոր Արամ Գրիգորյանին։

Ըստ  մեղադրանքի՝ Սերժ Ազատի Սարգսյանը  2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007 թվականի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն՝ հանդիսանալով ՀՀ կառավարության անդամ, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ իրականացնելով զինված ուժերի անմիջական ղեկավարումը, ՀՀ կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին ՀՀ նախագահի 16.03.2002թ. համար ՀՆ-1064 հրամանագրի համաձայն՝ հանդիսանալով պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականության մշակումն ու իրականացումն ապահովող հանրապետական գործադիր մարմնի ղեկավար, իրավասու է եղել ղեկավարել, կազմակերպել և վերահսկել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող մարմինների և կազմակերպությունների գործունեությունը, վերահսկել նախարարության կողմից պետական գույքի տնօրինումը, տիրապետումը և օգտագործումը, իր իրավասության սահմաններում ընդունել և օրենքով սահմանված կարգով հրապարակել գերատեսչական իրավական ակտեր, արձակել հրամաններ, տալ ցուցումներ, առանց լիազորագրի հանդես գալ Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալ նշված սուբյեկտների անունից հանդես գալու լիազորագրեր, այդպիսով պետական մարմնում մշտապես իրականացրել է կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ և հանդիսացել է պաշտոնատար անձ:

Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում՝ 25.01.2005 թվականին, ՀՀ կառավարության կողմից ընդունվել է թիվ 147-Ա որոշումը, որով ՀՀ պաշտպանության նախարարությանը թույլատրվել է ուղղակի վաճառքի ձևով օտարել իր տնօրինությանը հանձնված հողամասերը: Հիշյալ որոշումը վավերացվել է ՀՀ նախագահի կողմից 28.02.2005 թվականին:

Այնուհետև, 31.03.2005 թվականին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է թիվ 392-Ա որոշումը, որով լրացվել է թիվ 147-Ա որոշումը, լիազորելով ՀՀ պաշտպանության նախարարին տնօրինել նախարարության տիրապետմանը կամ օգտագործմանը հանձնված (ամրակցված) պետական սեփականություն հանդիսացող հողամասերը, այդ թվում՝ ուղղակի վաճառքի ձևով օտարելու միջոցով։ ՀՀ կառավարության 31.03.2005թ. թիվ 392-Ա որոշումը ՀՀ նախագահի կողմից վավերացվել է 11.04.2005 թվականին:

Սերժ Սարգսյանը 2005-2006 թվականների ընթացքում իր մտերիմների, ենթակաների, պետական մարմիններում պաշտոններ զբաղեցրած, ինչպես նաև այլ ֆիզիկական անձանց և նշված անձանց հետ փոխկապակցված կազմակերպությունների նյութական օգուտն ապահովելու, առավել շահեկան պայմաններով առանց խոչընդոտների գույք օտարելու և ձեռք բերելու շահադիտական նպատակով, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, մի շարք անձանց, այդ թվում՝ Նախարարության համապատասխան պաշտոնյաների հանցակցությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով խախտելով արարքների կատարման պահին գործող ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները, հողամասերն ուղղակի վաճառքի ձևով օտարելու հիմքերի բացակայության պայմաններում, Հայաստանի Հանրապետությանը պատկանող՝ Նախարարության հաշվեկշռում գտնվող և ի պաշտոնե իրեն վստահված Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող տարածքներում գտնվող 17 միավոր անշարժ գույքերն ուղղակի վաճառքի ձևով շուկայական արժեքներից անհամեմատ ցածր գներով օտարել է վերը նշված անձանց՝ այդ կերպ 15 դրվագ վատնման եղանակով և 2 դրվագ յուրացման եղանակով հափշտակելով Հայաստանի Հանրապետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքերը։

Գործով որպես մեղադրյալ ներգրավված է ևս երկու անձ։ 

Ալեքսան Ջոնիկի Ալեքսանյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա պաշտոնատար անձին օժանդակել է վատնման եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն, ինչպես նաև «Տոյոտա-Երևան» ՍՊ ընկերության մասնակիցներին օժանդակել է օրինականացնել ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գույքը։

Այսպես.

2000 թվականի մայիսի 20-ից մինչև 2007 թվականի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Ազատի Սարգսյանը, ՀՀ կառավարության 25.01.2005 թվականի թիվ 147-Ա և 31.05.2005 թվականի թիվ 392-Ա որոշումներով լիազորված լինելով տնօրինել ՀՀ պաշտպանության նախարարության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) պետական սեփականություն հանդիսացող հողամասերը, այդ թվում՝ ուղղակի վաճառքի ձևով

օտարելու միջոցով, իր ենթակա՝ Նախարարության թիվ N զորամասի հրամանատար Ալեքսան Ջոնիկի Ալեքսանյանին առաջարկել է նյութական օգուտ ստանալու նպատակով ձևականորեն որպես գնորդ մասնակցել ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19- ի թիվ 281-Ա և Երևանի քաղաքապետի 2006 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1408-Ա որոշումներով Նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում, «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից տարածքում՝ Ծովակալ Իսակովի պողոտա 22 հասցեում գտնվող 1,194 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, գիտաարտադրական կայանի կառուցման համար նախատեսված հողատարածքի առուվաճառքի գործարքին, դարձյալ ձևականորեն հողատարածքը որպես սեփականություն գրանցել իր անվամբ, ապա այն լիազոր անձի միջոցով վաճառել «Տոյոտա-Երևան» ՍՊ ընկերությանը և ստանալ առուվաճառքից գոյացած գումարը։

Ալեքսան Ալեքսանյանն ընդունելով Սերժ Սարգսյանի առաջարկը պատրաստակամություն է հայտնել ձևականորեն հանդես գալ որպես գնորդ և մասնակցել հիշյալ գույքի օտարման հետ կապված գործարքներին:

Վերոգրյալից հետո Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած անձի որդի Սեդրակ Քոչարյանի, ՀՀ նախագահի առաջին օգնականի և ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնները զբաղեցրած անձի հոր՝ Անդրանիկ Գևորգյանի և «Լոկալ Դիվիլոփըրզ» ՍՊ ընկերության մասնակից Սամվել Մայրապետյանի հետ փոխկապակցված կազմակերպություն հանդիսացող «Տոյոտա- Երևան» ՍՊ ընկերության նյութական օգուտը՝ վերջինիս կողմից առավել շահեկան պայմաններով, առանց խոչընդոտների, շուկայական արժեքից ակնհայտ ցածր գնով գույք ձեռք բերելը, ինչպես նաև Ալեքսան Ջոնիկի Ալեքսանյանի նյութական օգուտը՝ վերջինիս կողմից եկամուտ ստանալն ապահովելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց հանցակցությամբ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտելով պետության սեփականություն հանդիսացող հողամասերի ուղղակի վաճառքի կարգը սահմանող՝ ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջները, հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելու հիմքերի բացակայության պայմաններում, առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում կատարելու դիտավորությամբ համաձայնություն է տվել ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 281-Ա և Երևանի քաղաքապետի 2006 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1408-Ա որոշումներով Նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում, «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից տարածքում՝ Ծովակալ Իսակովի պողոտա 22 հասցեում գտնվող 1,194 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, գիտաարտադրական կայանի կառուցման համար նախատեսված հողատարածքն (այսուհետ՝ Անշարժ գույքը) օտարել «Տոյոտա Երևան» ՍՊ ընկերությանը:

Վալերի Նարիմանի Գրիգորյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա պաշտոնատար անձին օժանդակել է վատնման եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն:

Այսպես.

Վալերի Նարիմանի Գրիգորյանը, 2003-2009 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը, մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի և նույն նախարարության պաշտոնատար այլ անձանց հետ, 2005 թվականի ընթացքում դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին և խնդրել է բնակարանի վերանորոգման ծախսերը հոգալու համար իրեն ֆինանսապես աջակցելու տրամադրել։

Վերոգրյալի հիման վրա, Սերժ Ազատի Սարգսյանը, Վալերի Նարիմանի Գրիգորյանին առաջարկել է ձևականորեն գնել 2006 թվականի օգոստոսի 30-ի թիվ 1408-Ա որոշումներով Նախարարությանն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում, «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից տարածքում՝ Ծովակալ Իսակովի պողոտա 22 հասցեում գտնվող 1,194 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, գիտաարտադրական կայանի կառուցման համար նախատեսված հողատարածքը և թանկ արժեքով վերավաճառել այն:

Միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանը Վալերի Գրիգորյանին խոստացել է հիշյալ հողամասը վաճառել շուկայական արժեքից անհամեմատ էժան գնով։

3 մեղադրյալի կատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։ Գործում առկա տվյալների մեջ առկա չեն մեղադրյալների պաշտպանների անունները, ուստի մեզ հայտնի չէ նրանց դիրքորոշումները մեղադրանքների վերաբերյալ։ Նրանցից միայն Սերժ Սարգսյանը, ավելի վաղ, պատասխանելով Factor TV-ի լրագրողի հարցին, թե ինչու են 2000-ականներին վաճառվել Պաշտպանության նախարարության հաշվեկշռում առկա հողերը, ասել էր, որ պետք է եղել, վաճառել են։ Վաչագան Ղազարյանի գործի շրջանակներում էլ քննարկվել է այն հարցը, որ Քաղաքապետարանը ՊՆ-ին  Իսակովի պողոտայում հողատարածքներ է հատկացրել՝ հենց վաճառելու նպատակով, և վաճառքից գոյացած գումարներն ուղղվել են արտաբյուջե։

Նշենք, որ այս գործի քննության սկզբնական շրջանում Դատախազությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էին, թե վաճառվել են «Եռաբյուր» զինվորական պանթեոնի հողերը, սակայն Factor TV-ն գրավոր հարցման միջոցով պարզել էր, որ գործի շրջանակներում քննության առարկա հողերը պանթեոնին չեն պատկանել, այլ, պարզապես, գտնվել են պանթեոնին հարող տարածքում։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Սերժ Սարգսյանի վերաբերյալ յուրացում կատարելուն վերաբերող մեկ այլ գործով կայացված դատավճիռը, որով Սարգսյանն արդարացվել էր։ Ենթադրվում է, որ այս գործը ևս շուտով  կհայտնվի Հակակոռուպցիոն դատարանում՝ նոր քննության համար։

 

Արաքս Մամուլյան