29,99 եվրոյից սկսած․ Wizz Air-ը Երևանից դեպի Եվրոպա 8 նոր ուղիղ չվերթներ է սկսում
Տնտեսություն
07.05.2025 | 12:22
Wizz Air ավիաընկերությունը Հայաստանից դեպի եվրոպական 6 երկրների 8 քաղաքներ նոր ուղիղ չվերթեր է մեկնարկում։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց«Wizz Air Hungary»-ի գործադիր տնօրեն Ռոլանդ Տիշները։
«Մենք հպարտ ենք՝ բացելով մեր 34-րդ բազան Երևանում, գործարկելով 8 նոր երթուղիներ 6 երկրով մեկ, կապելով Հայաստանը Եվրոպայի հետ։ Արժեքները կսկսվեն 29,99 եվրոյից: Սա ևս մեկ մեծ քայլ է՝ ճանապարհորդությունն ավելի հասանելի և մատչելի դարձնելու բոլորի համար»,- նշեց Ռոլանդ Տիշները։
Նոր ուղղություններն են՝
Գերմանիա- Համբուրգ և Մեմինգեն
Իտալիա – Նեապոլ և Բարի
Ռումինիա – Բուխարեստ
Կիպրոս – Պաֆոս
Ֆրանսիա -Նիս
Չեխիա – Պրահա

2025 թվականի հոկտեմբերին Wizz Air-ը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կտեղակայի երկու ժամանակակից Airbus A321neo ինքնաթիռ՝ ստեղծելով մոտ 100 ուղղակի և 1000 անուղղակի աշխատատեղ հարակից ոլորտներում։ Ուղևորներին տարեկան առաջարկվում է մոտ 1.2 միլիոն մատչելի ավիատոմս՝ միակողմանի ուղղությամբ սկսած 29.99 եվրոյից։ Տոմսերը արդեն հասանելի են վաճառքի պաշտոնական կայքում՝ wizzair.com հասցեով։

Հայաստանի խոշորագույն ավիաընկերություն Wizz Air-ը հայտարարում է՝ 2025 թվականի հոկտեմբերին կբացի իր առաջին բազան Հայաստանում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Բազայի բացումը այս ձմռանը ուղևորներին կապահովի նոր ուղիղ չվերթներ վեց երկրի ութ ուղղություններով՝ էլ ավելի ամրապնդելով ավիաընկերության առաջատար դիրքը հայկական ավիացիոն շուկայում։

«2025 թվականին Wizz Air-ի երթուղային ցանցը Հայաստանից կներառի 17 ուղղություն դեպի 10 երկրներ՝ ապահովելով ավելի քան 1.2 միլիոն տեղ ուղևորների համար։ Այս ընդլայնումը հնարավոր դարձավ Wizz Air-ի 34-րդ բազայի բացման շնորհիվ՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ կտեղակայվեն երկու ժամանակակից Airbus A321neo ինքնաթիռներ: Այս ինքնաթիռները նախորդ սերնդի ինքնաթիռների համեմատ ապահովում են վառելիքի սպառման և CO₂ արտանետումների 20%-ով կրճատում, ինչպես նաև աղմուկի 50%-ով նվազեցում: Այս ինքնաթիռները կազմում են Wizz Air-ի նավատորմի մոտ երկու երրորդը, որի միջին տարիքը 4.67 տարի է, ուստի համաշխարհային մակարդակով այն ամենաերիտասարդներից մեկն է»– նշեց ավիաընկերության տնօրենը:

Երթուղային ցանցի ընդլայնման շնորհիվ Wizz Air-ը կբարելավի Հայաստանի և Եվրոպայի միջև օդային կապի հասանելիությունը՝ առաջարկելով ավելի շատ չվերթներ գրավիչ գներով։ 2025 թվականի հոկտեմբերից սկսած՝ ուղևորները կարող են վայելել նոր ուղիղ չվերթների հարմարավետությունը՝ Երևանի և Բարիի, Բուխարեստի, Համբուրգի, Նեապոլի, Նիցցայի, Մեմինգենի, Պաֆոսի և Պրահայի միջև։ Միակողմանի տոմսի գինը ներառում է վարչական վճար և ձեռքի փոքր ուղեբեռ (առավելագույն չափսեր՝ 40x30x20 սմ): Անվավոր ճամպրուկների և գրանցված ուղեբեռի այլ տեսակների համար գանձվում է լրացուցիչ վճար։ Գինը գործում է միայն wizzair.com կայքում և WIZZ բջջային հավելվածի միջոցով ամրագրման դեպքում։ Նշված գներով տեղերի քանակը սահմանափակ է։

2020 թվականից՝ Հայաստանում իր գործունեության մեկնարկից ի վեր, Wizz Air-ը տեղափոխել է ավելի քան 2.2 միլիոն ուղևոր՝ նպաստելով ավիացիայի և զբոսաշրջության ոլորտներում շուրջ 2,000 աշխատատեղերի ստեղծմանը։ Երևանում բազայի բացման շրջանակում ընկերությունը նախատեսում է իր թիմում ներգրավել մոտ 100 նոր աշխատակից՝ բորտուղեկցորդներ և օդաչուների անձնակազմի անդամներ։
«Շուտով նոր աշխատատեղերի հայտարարությունը կլինի։ Մենք դասընթացները ապահովում ենք և անհրաժեշտ չէ, որ օդանավի անձնակազմը ունենա փորձ, ամբողջ դասընթացները մենք ապահովելու ենք։ Այսինքն, փորձ կունենան, թե չէ, կարող են դիմել աշխատանքի անցնելու համար։ Այսպիսով՝ կունենանք 10 երկրներ 17 ուղղություններ․ մինչև ձմեռ այս ամբողջը կգործարկվի։ Մենք կզարգացնենք նաև հնարավոր ապագա ուղղություններ»,- ընդգծեց Ռոլանդ Տիշները։

Ավիաընկերության տնօրենի խոսքով՝ սպասվող ուղևորահոսքի աճը կնպաստի նաև հարակից ոլորտներում մոտ 800 նոր աշխատատեղերի ստեղծմանը։
«Wizz Air-ը սկսեց թռիչքներ իրականացնել դեպի Հայաստան 2020 թվականին, երբ Վիեննայից մեր առաջին չվերթը վայրէջք կատարեց Երևանում: Այդ ժամանակվանից ի վեր մենք տեղափոխել ենք ավելի քան 2.2 միլիոն ուղևոր Հայաստանի և Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի երկրների միջև: Մենք ուրախ ենք հայտարարել Wizz Air-ի առաջին բազայի բացման մասին Երևանում, որը կլինի մեր ցանցում 34-րդը և թույլ կտա մեզ գրեթե կրկնապատկել Հայաստանի մայրաքաղաքից ուղիղ չվերթների քանակը: Դառնալով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հիմնական փոխադրողը՝ մենք տարեկան կապահովենք գրեթե 1.2 միլիոն մատչելի ավիատոմս ինչպես հայ ուղևորների, այնպես էլ՝ զբոսաշրջիկների համար: Ամրապնդելով մեր առաջատար դիրքը հայկական շուկայում՝ մենք հպարտ ենք արժեքավոր ներդրում ունենալ երկրի տնտեսության և զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում՝ ստեղծելով աշխատատեղեր և բարելավելով ճանապարհորդների համար տրանսպորտային հասանելիությունը»,- ասաց ավիաընկերության տնօրենը:

Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի ղեկավար Հայկանուշ Սահակյանն իր խոսքում ընդգծեց միջազգային հեղինակավոր, լայն տրանսպորտային ցանց ունեցող ավիաընկերությունների ներգրավման կարևորությունը Հայաստանի ավիացիոն շուկա։
«Այս քայլը շատ կարևոր է զբոսաշրջության ոլորտը զարգացնելու համար և շատ շնորհակալ ենք Wizz Air ավիաընկերությանը, որը շատ սպասել չտվեց՝ կյանքի կոչելով Հայաստանում բազա ունենալու և Հայաստանից ավելի շատ չվերթներ իրականացնելու որոշումը։ Սա ոչ միայն կնպաստի թռիչքների աշխարհագրության ընդլայնմանը, այլև կներդնի մեր երկրում արտասահմանյան բիզնես մշակույթի նոր մոտեցումներ»,- նշեց Հայկանուշ Սահակյանը։

Wizz Air-ի ինքնաթիռների նավատորմը բաղկացած է 232 ժամանակակից Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Ավիացիայի նվիրված մասնագետների թիմը ապահովում է բարձր որակի սպասարկում և շատ ցածր սակագներ, ինչը Wizz Air-ը դարձրել է 62,8 միլիոն ուղևորի նախընտրելի ընտրությունը 2024 թվականին։
Ընկերությունը գրանցված է Լոնդոնի ֆոնդային բորսայում՝ WIZZ տիկերի ներքո։ Վերջերս Wizz Air-ը ճանաչվել է աշխարհի տասը ամենաապահով ավիաընկերություններից մեկը airlineratings.com կայքի՝ աշխարհի միակ անվտանգության և արտադրանքի գնահատման գործակալության կողմից։
Ընկերությունը նաև ստացել է «Տարվա ավիաընկերություն» մրցանակը Air Transport Awards-ից 2019 և 2023 թվականներին։ Wizz Air-ը բազմիցս ճանաչվել է «Ամենակայուն ցածրարժեք ավիաընկերություն» 2021-2024 թվականներին և «Լավագույն ավիաընկերություն ածխածնի կրճատման համար» 2024 թվականին World Finance Sustainability Awards-ում։ Նաև ստացել է «EMEA տարածաշրջանի տարվա շրջակա միջավայրի կայունության ավիաընկերություն» մրցանակը՝ CAPA-Centre for Aviation Awards for Excellence 2024-ից։
Անի Թամրազյան