2.1 մլրդ դրամի նվիրատվություններ պաշտոնյաներին. ինչ կոռուպցիոն ռիսկեր են թաքնված խոշոր փողերի հետևում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.06.2026 | 02:03
ԱԱ-2026. Գերմանիան անակնկալ պարտություն կրեց, Կոտ դ’Իվուարը հաղթեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2026 | 21:55
Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:43
Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում
25.06.2026 | 21:36
Ավելի քան 700 մլն դոլարի գործարք․ ԱՄՆ-ը Թուրքիային ինքնաթիռների շարժիչներ կմատակարարի իր առաջին տեղական կործանիչի համար՝ չնայած Կոնգրեսի առարկություններին
25.06.2026 | 21:24
Խուզարկություն, քվորման բացակայություն․ ինչու տապալվեց Գյումրիի ավագանու նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:15
ՌԴ մուտքի արգելք՝ քաղաքական հայացքների համա՞ր․ ինչ է առաջարկում Մարգարիտա Սիմոնյանը ՀՀ քաղաքացիների համար
25.06.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ում անկայունության հրահրման ճանապարհով, չհաջողվեց ապալեգիտիմացնել ընտրության արդյունքները․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ավելի քան 2 մլրդ 112 մլն դրամ․ 2023 թվականին ահա այսքան նվիրատվություններ են ստացել Պետական եկամուտների կոմիտեի, դատական համակարգի, ուժային կառույցների և ՀՀ մարզային համայնքների աշխատակիցները։ Ուշագրավ է, որ նվիրատուների մի մասն իր կողմից ներկայացրած հայտարարագրում անգամ չի ունեցել այնքան գումար, որքան նվիրաբերել է բարձրաստիճան պաշտոնյայի։

«Ինֆոքոմ»-ը պարզել է, որ 2023 թվականին Հայաստանի մարզային համայնքների 20 պաշտոնյա ընդհանուր 596 մլն դրամի 31 նվիրատվություն է ստացել 30 նվիրատուներից։ Նրանց թվում կան նաև իշխող ուժի կարկառուն ներկայացուցիչներ։ Օրինակ՝ Վեդի համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանը միայն 2023 թվականին 43 մլն դրամ նվիրատվություն է ստացել իր հորաքրոջ տղայից, ինչպես նաև 10 մլն դրամ՝ հորից։ Ի՞նչ նպատակով է Սարգսյանին ավելի քան 53 մլն դրամի նվիրատվություն կատարվել և ինչո՞ւ էր այդքան խոշոր գումար հարկավոր համայնքապետին, Factor TV-ն փորձեց պարզել հենց Սարգսյանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Ավելի վաղ «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանը համայնքապետն այսպես էր պատասխանել․ «Հորաքրոջս տղայի կողմից ինձ որպես նվիրատվություն փոխանցված 43 մլն դրամ և 18.12.2023թ. կնքված նվիրատվության պայմանագրով հորս կողմից ինձ որպես նվիրատվություն փոխանցված 10 մլն դրամ գումարով ձեռք եմ բերել հասարակական նշանակության թվով 2 անշարժ գույքերի 1/4 բաժնեմասերը»։

ՔՊ-ական ևս մեկ պաշտոնյա՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, 19,5 մլն դրամ է ստացել ԱՄՆ-ում ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերությունից։ Factor TV-ի հետ զրույցում Սափեյանը նշեց՝ համայնքի համար է նվիրատվություն ստացել։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, սակայն, խնդիր էր տեսել դեռևս նախորդ տարի, ավելին՝ կոռուպցիոն հանցագործության կասկածով դիմել էր Գլխավոր դատախազություն, սակայն քրեական վարույթ չէր նախաձեռնվել․ օրինականությունը ստուգվել էր հսկող դատախազի կողմից, և վարույթի հիմքեր չէին եղել։ Եվ եթե  մամուլի և իրավապահների ուշադրության կենտրոնում տարբեր առիթներով հայտնված Սափեյանն ու Սարգսյանը մի քանի միլիոն նվիրատվությամբ են աչքի ընկնում, ապա լայն հանրությանն անծանոթ Աշտարակ համայնքի ավագանու ՔՊ-ական անդամ Գնել Սուքիասյանը, որի լուսանկարն անգամ չգտանք, 305 մլն 688 հազար դրամ է ստացել, որը, ըստ հայտարարագրի, եղբայրն է նվիրաբերել։ Նրանից հետ չի մնում Աբովյան համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Արթուր Մովսիսյանը, որը հորից 98 մլն դրամ նվիրատվություն է ստացել։

Խոշոր նվիրատվություններ միայն մարզային պաշտոնյաները չէ, որ ստացել են․ «Ինֆոքոմ»-ը հաշվել է՝ 2023 թվականին Պետական եկամուտների կոմիտեի 77 աշխատակիցներ ստացել են մոտ 478 մլն դրամի 109 նվիրատվություն։ Ամենամեծ նվիրատվությունը ստացել են Հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչության-վարչության նախկին պետ Արմեն Սաֆարյանը՝ 58 մլն 200 հազար դրամ և Հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության պետի տեղակալ Սուրեն Գալստյանը՝ 57 մլն 900 հազար դրամ։ Երկուսն էլ այդ գումարները ստացել են իրենց հայրերից, որոնք հայտարարատու անձ չեն, հետևաբար, նրանց եկամուտները հետագծելի չեն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին ղեկավար Հայկուհի Հարությունյանն ընդգծում է՝ շատ հաճախ հենց այսպիսի նվիրատվություններն են խնդիրներ առաջացնում պաշտոնյաների համար։

Հատկանշական է, որ նմանօրինակ դեպքերը քիչ չեն Պետական եկամուտների կոմիտեում, ավելին, 478 միլիոնից 416 մլն դրամը ՊԵԿ աշխատակիցները ստացել են գումարի տեսքով, իսկ մոտ 62 մլն դրամը՝ բնամթերային ձևով։ Factor TV-ն դիմեց ՊԵԿ լրատվական ծառայությանը՝ խնդրելով պարզաբանել՝ խնդրահարույց չէ՞ Կոմիտեի աշխատակիցների՝ նման խոշոր նվիրատվություններ ստանալու փաստը։ ՊԵԿ-ից պատասխանեցին, թե խնդիրն իրենց տիրույթում չէ, եթե ռիսկեր պարունակող որևէ հանգամանք լինի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրություն կսկսի։ Մինչդեռ, ընդգծենք, որ հանձնաժողովն իրավասու չէ ինքնակամ ստուգումներ իրականացնել։

Իրավապահ և դատաիրավական համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներն ու աշխատակիցները ևս զերծ չեն մնում խոշոր նվիրատվություններից․ միայն 2023 թվականին 57 դատավորներ, դատավորի օգնականներ, Դատական դեպարտամենտի աշխատակիցներ ստացել են մոտ 695 մլն դրամի 68 նվիրատվություն, իսկ Գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության, Հակակոռոպցիոն կոմիտեի և Ազգային անվտանգության ծառայության 85 աշխատակիցներ՝ ավելի քան 343 մլն դրամի 105 նվիրատվություն։ Դատական դեպարտամենտղից ևս նշեցին, որ խնդրի կարգավորումն իրենց լիազորությունների շրջանակում չէ։

Խոշոր նվիրատվությունների մասին «Ինֆոքոմ»-ի արձանագրած տվյալներն ուսումնասիրել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ինչի առթիվ նախաձեռնվել է 3 վարչական վարույթ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանը նվիրատվությունների բաժինն առավել համակարգելու և ուսումնասիրություններն ավելի դյուրացնելու մասով առաջ է քաշում իր պաշտոնավարման օրոք քննարկվող նախագծերից մեկը։

«Իրավիճակը կարող է էականորեն շտկվել համընդհանուր հայտարարագրման միջոցով»,- կարծում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

Եվ մինչ խնդրահարույց նվիրատվությունների խնդրի կարգավորման մասով առաջարկություններ են ներկայացվում, զուգահեռաբար, բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերում շարունակվում են ավելանալ խոշոր չափերի դրամական միջոցներից և բնամթերքներից կազմված նվիրատվությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան