Գլխավոր դատախազը մտադիր է Տարոն Մարգարյանին փողերի լվացման մեղադրանք առաջադրել
Քաղաքականություն
12.03.2025 | 19:22
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին Դատախազությունը պատրաստվում է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու և պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու մեղադրանք ներկայացնել։
Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության՝ Ազգային Ժողովին ներկայացված միջնորդագրից, որով Աննա Վարդապետյանը խնդրում է Տարոն Մարգարյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցով համաձայնություն տալ։
Ըստ գործի՝ Տարոն Մարգարյանը, ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հետ ունենալով մտերիմ փոխհարաբերություններ և նպատակ ունենալով Երևան քաղաքի «Թիվ 185 հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված՝ 15.523 քմ մակերեսով, պետական սեփականություն հանդիսացող հողատարածքից հանցավոր ճանապարհով առանձնացրել է 1.939,029քմ մակերեսով հողատարածք, ապա այն օտարել իր և Արման Սահակյանի հետ փոխկապակցված անձանց, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել պետության գույքային ֆոնդից և մտցնել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ. այնուհետև ակնհայտ հանցավոր ճանապարհով այն դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից և ձևականորեն մտցնել այլ անձանց գույքային ֆոնդ, ինչից հետո հիշյալ գույքի ձեռքբերումն օրինական գործունեության շղարշի ներքո
լեգիտիմացնելու նպատակով դրա նկատմամբ ձևականորեն ձեռք բերված սեփականության իրավունքի մաս կազմող՝ տնօրինման իրավազորության իրականացման միջոցով այն օտարել իր մերձավորներին՝ այդպիսով առանց խոչընդոտների օրինականացնելով հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը։
Նշված հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Արման Սահակյանը շահադիտական դրդումներով և անձնական այլ շահագրգռվածությանից ելնելով, իր պաշտոնեկան դիրքը ծառայության շահերին հակառակ օգտւագործելով, դպրոցի տնօրեն Համլետ Քամալյանին առաջարկել է դպրոցի տարածքը բարեկարգելու պատրվակով կատարել դպրոցի սահմանների ճշտում և դրա տարածքից դուրս բերել նախկինում այլ անձանց կողմից ապօրինի կառուցված ավտոտնակները:
Ի կատարումն Արման Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության՝ Համլետ Քարամյանը 2013 թվականի օգոստոսի 27-ին ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն է ներկայացրել Արման Սահակյանին հասցեագրված դիմում` հայտնելով, որ դպրոցի տարածքում կառուցված ավտոտնակները փաստացի չեն օգտագործվում դպրոցի կողմից, շահագործվում են այլ անձանց կողմից, ուստի խնդրել է սահմանների ճշտման արդյունքում ավտոտնակները դուրս բերել դպրոցի տարածքից։
Արման Սահակյանը, ստանալով Համլետ Քարամյանի կողմից իրեն հասցեագրված վերոգրյալ բովանդակությամբ դիմումը, անտեսել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով նախատեսված պահանջները և միջոցներ չի ձեռնարկել նշված ինքնակամ կառույցների ապամոնտաժելու ուղղությամբ, 2013 թվականի սեպտեմբերի 28-ին հիշյալ դիմումն ուղարկել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով հանձնարարել համապատասխան ստորաբաժանմանը՝ կատարել հիշյալ դպրոցի սահմանների ճշտում։ Տարոն Մարգարյանը, հիշյալ դիմումից տեղեկանալով պետական սեփականություն հանդիսացող հողամասի ինքնակամ զավթման մասին, իր հերթին անտեսել է տվյալ ժամանակահատվածում գործող «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված պահանջն առ այն, որ համայնքի ղեկավարը հողօգտագործման բնագավառում օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները, դիտավորությամբ չի ձեռնարկել միջոցներ՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասի զանցումը կասեցնելու հոդվածով նախատեսված իրավախախտման կատարման, այն է պետական սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելու և դրա հետևանքները չվերացնելու համար վարչական պատասխանատվություն չի կիրառել պետական սեփականություն հանդիսացող հողամասն ինքնակամ զավթած անձանց նկատմամբ։
Հակառակը, անտեսելով օրենքի պահանջն այն մասին, որ համայնքի ղեկավարը հողօգտագործման բնագավառում օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ, Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց հետ հանցավոր համաձայնություն է ձեռք բերել այն մասին, որ բացի դիմումում նշված ավտոտնակներից, սահմանների ճշտման արդյունքում դպրոցի սահմաններից դուրս բերվեն նաև ավտոտնակների հետ չկապված, միմյանցից անջատ՝ դպրոցապատկան ևս երկու հողակտորներ:
Հիշյալ հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով, ըստ գործի, Տարոն Մարգարյանը և Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք, խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի գեոդեզիստ Հայկ Պետրոսյանին և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության ճարտարապետ Էդուարդ Վարդանյանին հանձնարարել են կատարել «Թիվ 185 հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ի սահմանների ճշտում և դրա արդյունքում կազմված նոր սահմանների հատակագծում դպրոցի տարածքից դուրս թողնել և դրա սահմաններում չներառել ավտոտնակների զբաղեցրած հողամասերը, ինչպես նաև իր և Արման Սահակյանի համար ցանկալի՝ դպրոցապատկան ևս երկու հողակտորները:
«Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի գեոդեզիստ Հայկ Պետրոսյանի կողմից առանց տեղում չափագրում և տեղագրական հանույթ կատարելու կազմված և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն ներկայացված՝ դպրոցի զբաղեցրած հողամասի սահմանների վերաբերյալ նոր տեղագրական հանույթի և հատակագծի հիման վրա՝ վարչության ճարտարապետ Էդուարդ Վարդանյանի կողմից կազմվել են ձևակերպման ենթակա սահմաններով նշագրված տարածքի սխեմաներն ու եզրակացությունը, որի համաձայն՝ դպրոցի զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 11.761.57 քմ՝ նախկին գլխավոր հատակագծով սահմանված՝ 15.523 քմ-ի փոխարեն, և ներկայացվել վարչության պետ Անդրանիկ Քասարյանին:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանը, տեղյակ լինելով, որ դպրոցի զբաղեցրած հողամասի սահմանների ճշտումը կատարվում է Տարոն Մարգարյանի և Արման Սահակյանի նախաձեռնությամբ, և, որ սահմանների ճշգրտման արդյունքում, բացի դիմումում նշված հողակտորից, դուրս են բերվել նաև վերը նշված երկու հողակտորները, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և 2013 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 18 001129 կեղծ գրություն, եզրակացությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին է փոխանցել կազմված սխեմաները։
Արսեն Ամյանը հիշյալ եզրակացությունն ուղարկել է Արմեն Սահակյանի մտերիմ, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սահակյանին և խնդրել պարզաբանել այն, ինչին ի պատասխան՝ Արտավազդ Սարգսյանը, նպատակ ունենալով միջոց տրամադրելու եղանակով օժանդակել «Թիվ 185 հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման հանձնված 15.523քմ հողատարածքից Արման Սահակյանի և վերջինիս մերձավորների համար հողատարածքներ ապօրինի առանձնացնելու և պետության գույքային ֆոնդից համայնքի գույքային ֆոնդ մտցնելու, այնուհետև համայնքի գույքային ֆոնդից Արման Սահակյանի և վերջինիս մերձավորների գույքային ֆոնդ մտցնելու գործընթացում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանի կողմից անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելուն, 2013 թվականի դեկտեմբերի 12-ի գրությամբ Արսեն Ամյանին հայտնել է, որ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Հ.Բեկնազարյան փողոցի 5 հասցեում գտնվող «Թիվ 185 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի շենք-շինությունների զբաղեցրած և սպասարկման տարածքի համար թողարկված 2002 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 2252-2002 գլխավոր հատակագծում ընդգրկված է ստորգետնյա ավտոտնակների շարք, որը դպրոցի կողմից ունի մոտ 3.0 քմ ռելիեֆային անկում, նշված հատվածը՝ որպես դպրոցի սպասարկման տարածք, չի կարող ծառայել, որպիսի պայմաններում էլ կատարված տեղազննման և տեղագրական ճշգրտված հանույթով նշված տարածքը չի ընդգրկվել «Թիվ 185 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի զբաղեցրած տարածքի սահմաններում:
Հիշյալ գրությունն ստանալուց հետո Արսեն Ամյանը, տեղյակ լինելով, որ դպրոցի զբաղեցրած հողամասի սահմանների ճշտումը կատարվում է Տարոն Մարգարյանի և Արման Սահակյանի նախաձեռնությամբ, և որ սահմանների ճշգրտման արդյունքում, բացի դիմումում նշված հողակտորից, դուրս են բերվել նաև վերը նշված երկու հողակտորները, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և կազմել Երևանի քաղաքապետի՝ Տարոն Մարգարյանի որոշման նախագիծ, որում, հիմք ընդունելով վերը նշված եզրակացությունը, սահմանել է, որ «Թիվ 185 հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ի զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը 15.523 քմ մակերեսի փոխարեն իբրև թե կազմում է 11.671,57 իմ առաջարկելով չեղարկել նախկինում թողարկված գլխավոր հատակագիծը և փոխարենը թողարկել նորը:
Տարոն Մարգարյանի՝ 2014 թվականի փետրվարի 3-ի թիվ 284 և որոշմամբ հիշյալ նախագիծը հաստատվել է և թողարկվել է նոր հատակագիծ, որով խախտվել է «Կրթության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված՝ «պետական ուսումնական հաստատությունների գույքն օտարվելու դեպքում կարող է օգտագործվել միայն ուսումնական նպատակներով» պահանջը ինչպես նաև «Քաղաքաշինություն, քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում» նորմի պահանջը, ըստ որի՝ պետք է հատկացվեր 33 քմ* 1000= 33 000 քմ մակերեսով հողամաս, ինչը հողամասի մակերեսի նորմերով թույլատրելի 20 % փոքրացման դեպքում կարող էր կազմել 26․400 քմ, այսինքն՝ Երևանի քաղաքապետի 2002 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 2446-Ա որոշումով դպրոցին տրամադրված (դպրոցի զբաղեցրած) 15.523քմ (1.5523 հա) հողամասի մակերեսը՝ սահմանված նվազագույն նորմերից արդեն քիչ էր 1.09 հա-ով, Երևան քաղաքի Հ. Բեկնազարյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող «Թիվ 185 հանրակրթական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման հանձնված 15.523 քմ մակերեսով հողատարածքն այդ կերպ անհիմն նվազեցվել է 3.851,43 քմ մակերեսով, որն ընդունվել է որպես համայնքային սեփականություն: Դրանից հետո Տարոն Մարգարյանի նշված որոշումը և դպրոցի նոր հատակագիծը ներկայացվել են ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն, որտեղից էլ՝ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ պետական գրանցում կատարելու և սեփականության իրավունքի գրանցման վկայական տրամադրելու համար:
Դրանից հետո Տարոն Մարգարյանը Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ մտցված նշված 3.851,43 քմ ընդհանուր մակերեսով երեք առանձին հողատարածքներից 1.939,029 քմ ընդհանուր մակերեսով երեք առանձին հողամասերը ներկայացրել է աճուրդի, մասնավորապես՝ նշված հողատարածքից 1.151,464 քմ մակերեսով հողամասը ներառվել է Հ. Բեկնազարյան փողոցի 5/2 հասցեի 1.333,25 քմ մակերեսով աճուրդի ներկայացվող հողամասում, 145,478 քմ մակերեսով հողամասը ներառվել է Բեկնազարյան փողոցի 5/17 հասցեի 1.138,76 քմ մակերեսով աճուրդի ներկայացվող հողամասում, իսկ 642,087 քմ մակերեսով հողամասը ներառվել է Հ. Բեկնազարյան փողոցի 5/18 հասցեի 1.092,85 քմ մակերեսով աճուրդի ներկայացվող հողամասում, և օտարել, ինչի արդյունքում դպրոցը զրկվել է 3.851,43 քմ ընդհանուր մակերեսով հողատարածքն ուսումնական նպատակներով օգտագործելու հնարավորությունից, Երևան համայնքը՝ 1.939,029 քմ ընդհանուր մակերեսով հողատարածքն ըստ նպատակային և գործառնական նշանակության օգտագործելու, հանրության շահերին ծառայեցնելու, հասարակության սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղելու հնարավորությունից, ինչպես նաև հեղինակազրկվել է տեղական ինքնակառավարման մարմնի համապատասխան օղակը՝ Երևանի քաղաքապետարանը։
Այնուհետև, Տարոն Մարգարյանն իր և հիշյալ անձանց հանցավոր գործողությունների արդյունքում պետական սեփականություն հանդիսացող և դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված 15 523 քմ մակերեսով հողատարածքից անհիմն նվազեցված պետության գույքային ֆոնդից ապօրինի դուրս բերված և Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդ մոցված նշված 3.851,43 քմ ընդհանուր մակերեսով երեք առանձին հողատարածքներից 1939,029 քմ ընդհանուր մակերեսով հողատարածքի հանցավոր ծագումը, տնօրինման եղանակը, իրական պատկանելիությունը թաքցնելու և խեղաթյուրելու միջոցով այն առանց խոչընդոտների օրինականացնելու և օրինական գործունեության շղարշի ներքո՝ լեգիտիմացնելու իր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով կազմակերպել է հիշյալ հողատարածքի և դրան միացված հարակից համայնքային սեփականություն հանդիսացող այլ հողատարածքի օտարումն իր և Արման Սահակյանի մերձավորներին:
Մարգարյանին վերագրվում են նաև նմանատիպ եղանակով կատարված ենթադրյալ այլ հանցավոր արարքներ՝ ընդհանուր 4 դրվագ։
Այսպիսով՝ ըստ Դատախազության՝ առկա են բավարար փաստեր՝ Տարոն Մարգարյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով քրեական հետապնդում հարուցելու համար։ Նշենք, որ խոսքը իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձապես խոշոր չափի փողերի լվացում։ Բացի այդ՝ Դատախազությունը ցանկանում է նաև Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով, այսինքն՝ մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը կամ անցնելը, որն
անզգուշությամբ առաջացրել է այլ ծանր հետևանք, պատճառել խոշոր չափի գույքային վնաս, ինչպես նաև Քրեական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից, որի վրա օրենսդրությամբ դրված է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու պարտականություն, հողամասի ինքնակամ զավթումը կամ շենքի կամ շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոց չձեռնարկելը, ինչպես նաև հողամասն ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացնող կամ իրականացրած անձի նկատմամբ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցը չկիրառելը։
Տարոն Մարգարյանի վերաբերյալ այժմ Հակակոռուպցիոն դատարանում քննվում է մեկ այլ քրեական գործ, որի վերաբերյալ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում առկա տեղեկությունների ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ այս գործով ևս քննության առարկ է նույն 185 դպրոցի հողատարածք օտարելու հարց, սակայն այս գործով մեղադրյալներից որևէ մեկը չի անցնում փողերի լվացման հոդվածով։
Դատարանում քննվող գործով Մարգարյանի շահերը ներկայացնում է փաստաբան Բենիկ Գալստյանը։ Նա Facebook-ի իր էջում գրառում է կատարել։
«Խոսքը գնում է դեռևս 7 տարի առաջ՝ 2018թ. օգոստոսից հարուցված և այն ժամանակ մեզ հայտնի գրեթե բոլոր քննչական մարմիններում երեքուկես տարի (մինչև 2021 թվականի դեկտեմբերը) անհասկանալի դանդաղկոտությամբ քննված քրեական գործին, որի շրջանակներում դեռևս 2021 թվականին պարոն Մարգարյանին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)։
Հիշյալ քրեական գործը 2022 թվականին ուղարկվել է դատարան և մինչ այս պահը քննվում է։ Հարկ է նշել, որ պարոն Մարգարյանը երբեք չի ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը։
Դրանից հետո՝ արդեն 2025 թվականի մարտին նույն քրեական գործի շրջանակներում նախաքննական մարմնի և դատախազության մոտ առաջանում է մի հանճարեղ միտք առ այն, որ պարոն Մարգարյանը նույն փաստական տվյալների և նույն իրողությունների պայմաններում ոչ միայն չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, այլև իրականացրել է փողերի լվացում։
Այս մասով հարկ է նշել, որ սույն քրեական գործով առկա ապացույցները լիովին և ամբողջությամբ նույնն են, ինչ դատարանում քննվող քրեական գործում առկա ապացույցները՝ 2021 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում այդ գործով որևէ նոր ապացույց ձեռք չի բերվել։
Այս պայմաններում տեղին է հիշել ՀՀ Սահմանադրությամբ և քրեական օրենսգրքով ամրագրված՝ նույն արարքի համար անձին կրկին քրեական պատասխանատվության ենթարկելու բացարձակ արգելքի մասին։
Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր տրամաբանող մարդու մոտ արդարացիորեն առաջանում է մի հարց. եթե նախաքննական մարմինը 2018 թվականի օգոստոսից մինչև 2025 թվականի մարտը՝ գրեթե 7 տարի քննել է քրեական գործ և առնվազն 2021 թվականի դեկտեմբերի դրությամբ հավաքված ապացույցներով հաստատված է եղել Տարոն Մարգարյանի կողմից առանձնապես ծանր հանցանք համարվող փողերի լվացում կատարելու հանգամանքը, ապա ինչու շուրջ երեքուկես տարի չի կատարել իր լիազորություններից ուղղակի բխող գործողություններ և այդ հանցանքի մասին հիշել է միայն 2025 թվականի մարտին։ Նույն հարցը տեղին է տալ նաև քրեական գործի օրինականությամբ նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնին՝ դատախազությանը։
Պատճառը թերևս շատ ավելի պարզունակ է. դատարանում գտնվող քրեական գործով անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները, իսկ նախաքննական մարմնին և դատախազությանը հանրությանը զբաղեցնելու համար ինչպես միշտ անհրաժեշտ է կերտել հերթական քրեական մոտիվներով ներկայացումը, իսկ ավելի հետաքրքիր սցենար վերջիններիս չի հաջողվել հորինել։
Ամեն դեպքում կրկին անգամ հարկ եմ համարում նշել, որ պարոն Մարգարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը կրում է զուտ քաղաքական բնույթ և իրավաբանության հետ որևէ հատման գծեր չունի։
Պարոն Մարգարյանին վերագրվող «հանցավոր արարքների» անհեթեթությանն առավել մանրամասն կանդրադառնամ առաջիկայում»,- գրել է Բենիկ Գալստյանը։
Արաքս Մամուլյան