Դավիթ Սանասարյանի դեմ հաղորդում տված Հրանտ Պիվազյանը` մեղադրյալի աթոռին
Հասարակություն
16.12.2024 | 17:40Գործարար Հրանտ Պիվազյանը, որի հաղորդման հիման վրա 2019 թվականին քրեական գործ է հարուցվել Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) այն ժամանակվա պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ, հայտնվել է մեղադրյալի աթոռին։
Նրա և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին գլխավոր հաշվապահ Լեյլա Շաղբաթյանի վերաբերյալ քրեական գործ է ուղարկվել Հակակոռուպցիոն դատարան՝ բժշկական կենտրոնում հեմոդիալիզի սարքավորումների գնման գործընթացում ենթադրյալ չարաշահումների դեպքի առթիվ։
Բժշկական կենտրոնի հաշվապահ Լեյլա Շաղբաթյանը համաձայնել է, որ իր նկատմամբ արագացված վարույթ կիրառվի։ Սա նշանակում է՝ նա ընդունել է, որ կատարել է իրեն վերագրվող ենթադրյալ հանցավոր արարքը։ Նրա նկատմամբ պատիժ է նշանակվել 4 տարի ժամկետով ազատազրկումը, սակայն պատժից համաներմամբ ազատվել է։
Այժմ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ քննվում է միայն Հրանտ Պիվազյանի մեղադրանքը։
Ըստ քրեական գործի՝ Լեյլա Շաղբաթյանը 2014-2018 թվականների ընթացքում օժանդակել է բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանին՝ առանձնապես խոշոր չափերով՝ 415.663.470 ՀՀ դրամ հափշտակելուն օժանդակելու հարցում։ Ըստ գործի նյութերի՝ Արա Մինասյանը, տնօրինելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ֆինանսական միջոցները, նույն բժշկական կենտրոնի գլխավոր հաշվապահ Լեյլա Շաղբաթյանի, գնումների համակարգող Անահիտ Ապրեսյանի, «Ֆրեզեն» ՍՊ ընկերության տնօրեն Հրանտ Պիվազյանի, վերջինիս հոր` ընկերության գործառնությունների գծով մենեջեր Վարազդատ Պիվազյանի օժանդակությամբ, ընկերության օգտին գնման գործընթացներում հնարավոր մրցակիցների նկատմամբ խտրական պայմաններ կիրառելով, նպատակադրվել է հափշտակել իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով՝ 415.663.470 ՀՀ դրամը:
Գործի համաձայն՝ Մինասյանի գլխավորած բժշկական կենտրոնը շուկայական, մրցակցայինից բարձր գներով բժշկական պարագաներ է ձեռք բերել «Ֆրեզեն» ՍՊ ընկերությունից և հիշյալ ընկերության համար ապահովել գերշահույթ, հեմոդիալիզի պարագաներ ձեռք բերելու գնման գործընթացում չի սահմանել պատասխանատու ստորաբաժանում, որը պետք է կազմեր գնման հրավերը, ներառյալ՝ գնման առարկան, դրա տեխնիկական բնութագիրը, մեկ միավոր ապրանքի ձեռքբերման համար նախատեսված առավելագույն գինը, ըստ առաջնահերթության գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկվող անձանց թեկնածուների ցուցակը:
Հեմոդիալիզի պարագաների գնման գործընթացն իրականացնելու նպատակով Արա Մինասյանը 2014 թվականի նոյեմբերի 4-ին ստորագրել է հրաման՝ շրջանակային համաձայնագրի ընթացակարգով գնահատող հանձնաժողով ստեղծելու մասին, որով ինքը՝ Մինասյանը նշանակվել է գնահատող հանձնաժողովի նախագահ, հանձնաժողովի անդամներ են նշանակվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Ռոբերտ Ավագյանը, Ռուբեն Օրգուսյանը, Լեյլա Շաղբաթյանը, Մարիամ Ենոքյանը, Աշոտ Ծատուրյանը, իսկ Lուսինե Արզումանյանը նշանակվել է հանձնաժողովի քարտուղար:
Արա Մինասյանի հանձնարարությամբ, գնման գործընթացի վերաբերյալ իրավակարգավորումների պահանջների խախտմամբ, կազմվել է գնման ընթացակարգի հայտարարության և հրավերի տեքստը, որում ներառվել են Վարազդատ Պիվազյանի կողմից նախապես կազմված և ներկայացված գնման առարկան և դրանց տեխնիկական բնութագրերը, չափանիշները սահմանվել են այնպես, որ գնման ընթացակարգին կարող է մասնակցել միայն «Fresenius Medical Care» ընկերության ներկայացուցիչը՝ «Ֆրեզեն» ՍՊ ընկերությունը, չափաբաժնով առկա ապրանքները հանդիսացել են «Fresenius Medical Care» ընկերության կոնկրետ մոդելներ:
2014 թվականի նոյեմբերի 5-ին կայացել է գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի առաջին նիստը, որի արդյունքում գնահատող հանձնաժողովի անդամները միաձայն արձանագրային որոշմամբ հաստատել են շրջանակային համաձայնագրի ընթացակարգի հայտարարության ու հրավերի տեքստը և նշանակել հայտերի բացման նիստի օրը:
2014 թվականի նոյեմբերի 19-ին կայացած գնային առաջարկների բացման նիստի արդյունքներով գնահատող հանձնաժողովն արձանագրային որոշմամբ հաստատել է, որ բացման նիստին հայտ է ներկայացրել միայն «Ֆրեզեն» ՍՊ ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Հրանտ Պիվազյանի, որը 12 չափաբաժիններով ապրանքների համար ներկայացրել է 278.473.360 ՀՀ դրամի գնային առաջարկ: «Ֆրեզեն» ՍՊ ընկերությունը, հանձնաժողովի բոլոր անդամների որոշմամբ, ճանաչվել է հաղթող, և ընկերությանն առաջարկվել է կնքել պայմանագիր:
Այնուհետև 2014 թվականի նոյեմբերի 20-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրեն Արա Մինասյանի և «Ֆրեզեն» ՍՊ ընկերության տնօրեն Հրանտ Պիվազյանի միջև կնքվել է 278.473.360 ՀՀ դրամի բժշկական սարքավորումների մատակարարման գնման N «ՍԳԼ-ԱՊՁԲ-14/26» պայմանագիրը, որի հիման վրա «Ֆրեզեն» ՍՊ ընկերության կողմից կատարվել են մատակարարումներ:
Նման եղանակով ընկերության և բժշկական կենտրոնի միջև գնման պայմանագրեր են կնքվել նաև 2015 թվականին՝ 250.276.860 ՀՀ դրամի արժեքով, 2016-ին՝ 261.600.480 դրամ արժեքով, 2018-ին՝ 274.717.940 ՀՀ դրամ արժեքով։
Հիշեցնենք, որ Հրանտ Պիվազյանը 2019 թվականին դիմել է ԱԱԾ՝ հայտնելով, թե Պետական վերահսկողական ծառայությունը փոխել է հեմոդիալիզի պարագաների գնման գործընթացի համար չափանիշները՝ դրանք սահմանելով այնպես, որ մրցույթում հաղթող ճանաչվի ՊՎԾ աշխատակից Սամվել Ադյանին պատկանող ընկերությունը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ն, մինչդեռ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը պնդել է հակառակի մասին՝ սահմանվել են այնպիսի չափանիշներ, որ մրցույթին կարողանան դիմել բազմաթիվ ընկերություններ։
Այժմ Դավիթ Սանասարյանի վերաբերյալ գործը նույնպես դատարանում է և հասել է ավարտական փուլին։
Արաքս Մամուլյան