Ընդունվեց միասնական հռչակագիր հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ․ ՀՀ ԳԱԱ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Սույն թվականի օգոստոսի 29-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում» թեմայով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել էր «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը։ Գիտաժողովին մասնակցեցին մասնագետներ Գերմանիայից, Լեհաստանից, Լիտվայից, Հայաստանից, Հունգարիայից, Ռուսաստանից, Վրաստանից․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանն իր ողջույնի խոսքում նշեց․ «Ուրախալի է, որ միջազգային այս գիտաժողովը լայն արձագանք գտավ ոչ միայն հայաստանյան, այլ նաև արտերկրի գիտական շրջանակներում։ Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններից մեկն է նաև պատմամշակութային ժառանգության հետ կապված հիմնախնդիրների վերհանումը», – ասաց Ռոբերտ Ղազարյանը։

Նա նշեց, որ այսօր մեր տարածաշրջանում իրականացվում է պատմական իրադարձությունների, փաստերի կեղծման, ձևափոխման կազմակերպված քաղաքականություն։ «Փորձ է արվում յուրացնել, օտարել հատկապես տեղաբնիկ ժողովուրդների պատմությունն ու մշակույթը։ Կարծում եմ՝ դա միայն պարզ կեղծարարություն չէ, այլ նաև քաղաքակրթական արժեքների դեմ իրականացված հանցագործություն, փորձ՝ ձևախեղելու նաև սերունդների հիշողությունը, պատմական ժառանգությունը։ Գիտաժողովի խնդիրներից մեկն է նաև վեր հանել նման դեպքերը», – ասաց Ռոբերտ Ղազարյանը։

Նա հատուկ ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի պետական քաղաքականության վրա, որը միտումնավոր ոչնչացնում և աղավաղում է Արցախի հայկական մշակութային ժառանգությունը։ «Ադրբեջանի հակահայ քաղաքականությունն ու մշակութային վանդալիզմն իր դրսևորումներն է ունեցել նաև խորհրդային տարիներին։ Այսօր նմանատիպ գործընթացներ տեղի են ունենում նաև Արցախի օկուպացված տարածքներում», – ասաց Ռոբերտ Ղազարյանը։

«Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի համակարգող Միքայել Յալանուզյանը նշեց․ «Հայաստանի հակառակորդները ֆիզիկական ոչնչացումից ու նվաճումից բացի ջանք չեն խնայել և հիմա էլ չեն խնայում կեղծելու, խեղաթյուրելու հայոց պատմությունն ու մշակույթը՝ հիանալի հասկանալով, որ անցյալի մշակութային շերտերի կորուստը հանգեցնելու է ինքնության խեղման նաև ներկայի։ Մենք նույնպես պետք է կրկնապատկենք մեր ջանքերը հայ ժողովրդի մշակութային ժառանգության ուսումնասիրության և պաշտպանության գործում»։

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի տնօրեն Կարեն Փահլևանյանը նշեց․ «Նախկին խորհրդային հանրապետությունները հայտնվեցին մի իրավիճակում, երբ կարիք ունեցան վերանայելու իրենց մշակութային ժառանգության առաջնահերթություններն ու մարտահրավերները։ Որոշ հանրապետություններ փորձեցին վերաիմաստավորել իրենց մշակութային արժեքները հիմնականում հարևանների հաշվին»։

Գիտաժողովի ժամանակ զեկուցումներով հանդես եկան ազգագրագետ Հրանուշ Խառատյանը (Հայաստան), Կ. Կեկելիձեի անվան Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի հետազոտող Մանուչար Գունցաձեն (Վրաստան), Լայբնիցի ինստիտուտի Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի բաժնի գիտաշխատող Միխայիլ Իլչենկոն (Գերմանիա), քարտեզագետ-քարտեզագիր Ռուբեն Գալչյանը (Հայաստան), Պոզնանի Միցկևիչի անվան համալսարանի մարդաբանության բաժնի վարիչ Ադամ Պոմիչենսկին (Լեհաստան), Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Դաղստանի Դաշնային հետազոտական կենտրոնի պատմության, հնագիտության և ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի ավագ գիտաշխատող Շահբան Խապիզովը (ՌԴ), Կ․Կեկելիձեի անվան Վրաստանի ձեռագրերի ազգային կենտրոնի հետազոտող Թամազ Գոգոլաձեն (Վրաստան), գորգագետ Աշխունջ Պողոսյանը (Հայաստան) և այլք։

Գիտաժողովի արդյունքներով ընդունվեց միասնական հռչակագիր, որում նշված է․
««Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի կազմակերպած «Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում» միջազգային գիտաժողովի մասնակիցներս, քննարկելով գիտաժողովի ընթացքում բարձրացված խնդիրները, հասկանալով մշակութային ժառանգության կարևորությունն ազգային ինքնության, պատմական հիշողության ու մշակույթի իրավունքի իրացման տեսանկյունից, հայտարարում ենք հետևյալը.

1. Զինված հակամարտությունների ժամանակ պատմամշակութային ժառանգության պաշտպանությունը կարևորագույն խնդիրներից մեկն է։ Պատմամշակութային ժառանգությունը ոչ միայն անցյալի վկայությունն է, այլև ժողովուրդների ինքնության, արժեքների և հավաքական հիշողության կարևոր բաղկացուցիչը։ Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային ժառանգությունը ոչնչացման, կողոպուտի և վանդալիզմի թիրախ է դառնում։ Մշակութային ժառանգության թիրախավորումը հարված է էթնիկ և մշակութային ինքնությանը։

2. Արցախի հայկական ժառանգության դեմ ուղղված ներկայիս սպառնալիքները։
Հայկական մշակութային ժառանգությունն Արցախում վտանգված է։ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմից հետո Ադրբեջանը պետական մակարդակով միտումնավոր ոչնչացնում և աղավաղում է Արցախի հայկական մշակութային ժառանգությունը, որի փաստագրական ապացույցները՝ տեսանյութեր, նկարներ, հայտարարություններ, պարբերաբար հայտնվում են սոցիալական տարբեր հարթակներում, գիտավերլուծական տարբեր հրատարակություններում։ Ադրբեջանի հակահայ քաղաքականությունն ու մշակութային վանդալիզմը հայկական ժառանգության հանդեպ չի սկսվել 2020 թվականի պատերազմի ընթացքում․ այն ունի շուրջ մեկդարյա պատմություն։ Սկսած խորհրդային տարիներից՝ Ադրբեջանը, օգտագործելով խորհրդային կենտրոնական իշխանությունների թողտվությունը, ոչնչացրել է հայկական բազմաթիվ եկեղեցիներ։ Հակահայ քաղաքականության ծայրահեղ դրսևորումը եղավ 2005-2006 թվականներին՝ Ջուղայի հայկական գերեզմանոցի ամբողջական ոչնչացումն իր հազարավոր ինքնատիպ խաչքարերով և տապանաքարերով։

Մենք՝ գիտաժողովի մասնակիցներս, ահազանգում ենք Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության սպառնալիքների և պաշտպանության անհրաժեշտության խնդիրների մասին։ Ադրբեջանը խախտում է միջազգային նորմերն ու կոնվենցիաները՝ ներառյալ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954թ. Հաագայի կոնվենցիան և այդ նույն Կոնվենցիայի երկրորդ արձանագրությունը (1999թ․)։

3. Կոչ միջազգային կազմակերպություններին։
Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը, ներառյալ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Միավորված ազգերի կազմակերպությանն ու մշակութապահպան այլ կառույցներին, չբավարարվել միայն դատապարտող կոչերով ու հորդորներով կամ անտարբեր վերաբերմունք ցուցաբերել, այլ, զսպող մեխանիզմների կիրառմամբ, կանխարգելել հայկական ժառանգության բռնայուրացման քաղաքականությունը։

4. Պահպանություն, փաստագրում և փաստաթղթավորում։
Մենք ընդգծում ենք նաև մշակութային ժառանգության փաստագրման, հաշվառման և փաստաթղթավորման կարևորությունը՝ որպես վտանգի տակ գտնվող ժառանգության պաշտպանության կենսական գործիք։

Գիտաժողովում ընդգծված հումանիտար գիտությունների թվայնացված նյութերի օգտագործումը կարևոր դեր է խաղում պատմական տվյալների պահպանման և դրանք ապագա սերունդներին մատչելի դարձնելու գործում։

Մենք կոչ ենք անում նաև ակադեմիական հաստատություններին, բուհական կառույցներին և մշակութապահպան կազմակերպություններին համագործակցել՝ ստեղծելու և տարածելու թվային արխիվներ, որոնք կարող են ծառայել որպես մշակութային հիշողության պահպանության միջոցներ։

5. Քաղաքական և իրավական շրջանակների պաշտպանություն։
Կոչ ենք անում ազգային և միջազգային մակարդակներում ուժեղացնել մշակութային ժառանգության պաշտպանության իրավական շրջանակները ևս։ Սա ներառում է նաև իրավական գործիքների մշակման և ժառանգության պաշտպանության նոր մեխանիզմների կիրառում։

Ամփոփելով «Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում» միջազգային գիտաժողովի արդյունքները՝ գիտաժողովի մասնակիցներս ընդգծում ենք, որ պատմական և մշակութային ժառանգության պաշտպանությունը համամարդկային պարտականություն է։

Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին հետևել իրենց իսկ կողմից ստորագրված միջազգային կոնվենցիաներին, հռչակագրերին և դրանցից բխող պարտավորություններին․ այն է՝ պահպանել իրենց վերահսկողության տակ գտնվող մշակութային ժառանգության իսկությունն ու անխաթարությունը՝ անկախ էթնիկ և կրոնական պատկանելիությունից»։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
30․08․2024թ․