Ցեղասպանության վախը մեզ կպահի ֆորպոստի կարգավիճակում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովում կառավարության ծրագրի (2021-26թթ.) 2023թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը։

Զեկույցի սղագրությունը՝ ստորև․

«Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Հարգելի պատգամավորներ,
Կառավարության հարգելի անդամներ,
Հարգելի ներկաներ,
Սիրելի ժողովուրդ,

Քննարկում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին 2023 թվականի զեկույցը: Ամենամյա այս ձևաչափի առանցքային իմաստը հարցի պարզաբանումն է, թե ինչ է մեզ հետ տեղի ունեցել/ունենում և որտեղ ենք հասել կամ որտեղ ենք գտնվում:

Այս որքան պարզ, նույնքան բարդ հարցի պատասխանը, թերևս, վերջնականորեն ձևակերպելուն ինձ օգնեց վերջերս ԱԺ-ում տեղի ունեցած մի հարցուպատասխան, որի շուրջ մտածումներն ինձ համար ակնհայտ դարձրեցին, որ 2021 թվականից ի վեր այս դահլիճում տեղի ունեցող բանավեճերը, որքան էլ հանրության աչքին երբեմն անքաղաքավարի, ապաքաղաքական ու անբովանդակ թվան, իրականում հայեցակարգային, բովանդակային և ռազմավարական լրջագույն խորք ունեն, որովհետև մեծ հաշվով այդ բանավեճերում բախվում են երկու տեսակետներ, հայեցակարգային և ռազմավարական երկու պատկերացումներ, որոնցից մեկը կարելի է տեղավորել Պատմական Հայաստան, մյուսը Իրական Հայաստան բանաձևերի ներքո:

Ընդ որում, բովանդակային այդ բանավեճը մեկնարկել է 44-օրյա պատերազմից հետո, որովհետև մինչև 44-օրյա պատերազմը՝ մեծ հաշվով Հայաստանում հանրային-քաղաքական կոնսենսուս կար, որ Պատմական և Իրական Հայաստանները ոչ միայն կարող են գոյակցել, այլև կարող են ուժեղացնել մեկը մյուսին: Այս ընկալումը հասկանալի, ընդունելի և նույնիսկ սիրելի է եղել նաև կառավարող մեծամասնության, անձամբ ինձ համար և դա արտահայտվել է մի շարք փաստաթղթերում, հայտարարություններում, դիրքորոշումներում:

Կառավարության և անձամբ իմ հոգեբանական, քաղաքական և գործնական տրանսֆորմացիան, որ տեղի է ունեցել բոլորիդ աչքի առաջ, բայց չի ձևակերպվել որպես այդպիսին, հենց սրանում է. կառավարությունը և անձամբ ես հանգել ենք այն համոզման, որ Պատմական Հայաստանը և Իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց և նույնիսկ լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար և հիմա կփորձեմ պարզաբանել, թե ինչու:

Ես և կառավարությունը երկար ժամանակ լինելով Պատմական Հայաստանի հոգեբանության և ավանդույթի կրող, միայն 2022 թվականին արձանագրեցինք, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման առանցքային գործոնն արհամարհված է և մեր պետականության հիմնադրման առաջին տարիներից է դա տեղի ունեցել և այդ գործոնը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններն են, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքը: Միայն 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմից հետո ես աներկբա և միանշանակ համոզվեցի, որ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի արձանագրումն է, որ կարող է լրացուցիչ և որոշիչ գործոն դառնալ մեր երկրի կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ անվտանգությունն ապահովելու հարցում:

Եվ այդ պահից, փաստացի, քաղաքական և հոգեբանական մի գործընթաց մեկնարկեց, որ կարելի է անվանել սահմանազատման գործընթաց Իրական Հայաստանի և Պատմական Հայաստանի միջև:

Իրական և Պատմական Հայաստանների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացն, իմիջիայլոց, ավելի հեշտ չի ընթանում, քան Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման գործընթացը:

Եթե անկեղծ ասեմ, Իրական Հայաստանի և Պատմական Հայաստանի միջև սահմանազատման գործընթացը շատ ավելի ցավոտ է ընթանում, նաև այն պատճառով, որ այդ սահմանազատումը տեղի է ունենում մեզնից յուրաքանչյուրի ներսում և ի հայտ է բերում անսպասելի շերտեր և նրբերանգներ:

Ըստ այդմ, Պատմական Հայաստանը չի ճանաչում Իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև Իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը սահմանափակող գործոն է Պատմական Հայաստանի համար և նրան դրսևորվելու հնարավորություն չի տալիս:

Այս առումով կամա թե ակամա Պատմական Հայաստանը ձայնակցում է մի շարք երկրների հետ, որոնք նկրտումներ ունեն Իրական Հայաստանի ինքնիշխանության, անկախության, տարածքների նկատմամբ, որովհետև Իրական Հայաստանի տարածքային ամբողջականությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանը նույն կերպ սահմանափակող գործոն է այդ երկրների ախորժակի համար:

Պատմական Հայաստանն ի դեպ, առանցքային նշանակություն ունի մի շարք երկրների հետ մեր հարաբերությունների համար: Այն երկրների մի խմբի հետ մեր թշնամանքի հարատև երաշխիք է, և երաշխիք է, որ այդ երկրները մեր նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու պատճառաբանություն և բացատրություն կունենան:

Պատմական Հայաստանը նաև երաշխիք է, որ մենք մեր միջավայրում առանց կողմնակի օգնության ապրելու հնար ու գիտելիք չենք ունենա և, հետևաբար, միշտ հովանավորի, ավագ ընկերոջ կարիք կունենանք: Սա էլ երաշխիք է, որ մենք չենք ունենա իրական պետություն, իրական անկախություն, որովհետև Պատմական Հայաստանի մեր տեսլականը մեզ միշտ կառաջնորդի դեպի ցեղասպանության թակարդը, որում հայտնվելով՝ մենք փրկչի ու հովանավորի կարիք կունենանք, առանց որի գոյատևել չենք կարող, գոյություն ունենալ չենք կարող: Եվ ցեղասպանության վախը մեզ կպահի ֆորպոստի կարգավիճակում: Իսկ ֆորպոստը ոչ սահմանի, ոչ ինքնիշխանության, ոչ անկախության, ոչ տարածքային ամբողջականության կարիք չունի: Նա կարիք ունի միայն հովանավորության:

Ուշադրություն դարձրեք, որ անկախությունից ի վեր, մենք ամեն անգամ դիմադրողի կեցվածք ենք ընդունել, երբ լսել ենք տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության միջազգային սկզբունքի մասին: Այսպես վարվել ենք, որովհետև, ինչպես վերը նկարագրեցի, դա անհրաժեշտ է եղել Պատմական Հայաստանին: Բայց մենք չենք էլ նկատել, որ երբեմն մեր որոշ բարեկամների կողմից թաքուն և բացահայտ քաջալերվող այդ մոտեցումով, Իրական Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների խախտելիությունն անխուսափելի դարձնող գործելակերպ ենք որդեգրել:

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Հարգելի պատգամավորներ,
Կառավարության հարգելի անդամներ,
Հարգելի ներկաներ,
Սիրելի ժողովուրդ,

Որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ ես ինձ պարտավոր եմ համարում արձանագրել և բարձրաձայնել. մենք պետք է կենտրոնանանք Իրական Հայաստանի շահերի սպասարկման գործի վրա: Ընդ որում՝ արձանագրելով Պատմական Հայաստանի գործելակերպին և մտածողությանը երբևէ վերադառնալու կենսական անհնարինությունն ապագայում: Հակառակ պարագայում մենք անվտանգային արտաքին մարտահրավերները հասցեագրելու շանս չենք ունենա նույնիսկ, որովհետև կունենանք արտաքին սպառնալիքներ գեներացնող հարատև աղբյուր մեր իսկ ներսում, մեր ամենօրյա իրականության մեջ, առանց այս փաստը խորությամբ և ամբողջությամբ ըմբռնելու և գնահատելու:

Եվ առավել ևս այս պարագայում հստակ պատասխանի կարիք է զգում հետևյալ հարցը. իսկ ո՞րն է Իրական Հայաստանը: Իրական Հայաստանն այն է, որ ունի միջազգայնորեն ճանաչված տարածք և միջազգայնորեն ճանաչված սահմաններ: Եվ այս փաստի գիտակցումով՝ միջազգային հանրության լիարժեք և հարգարժան անդամի ինքնագիտակցություն: Սա նշանակում է որոշակի պահվածք, որոշակի վարվելակարգ և որոշակի գործելակարգ, որը համապատասխան է միջազգայնորեն ընդունված և ճանաչված ստանդարտներին: Ընդ որում, սա կարևոր է բոլոր դեպքերում և նույնիսկ ուրիշների, քո հարևանների կամ այլ խաղացողների անհամապատասխան պահվածքը չի կարող արդարացնել քո՛ անհամապատասխան պահվածքը: Եվ հատկապես քո շահերից է բխում ընտրությունը՝ ապրել կանոններո՞վ, թե առանց կանոնների: Եթե առանց կանոնների, այդպես կարող են վարվել նաև քո նկատմամբ: Ինչ խոսք, քո նկատմամբ այդպես կարող են վարվել նաև այն պարագայում, երբ դու որդեգրել ես կանոնավոր պահվածքը: Բայց եթե առաջին դեպքում կանոնը չկա քեզ պաշտպանելու համար, երկրորդ դեպքում դու ունես կանոնը՝ որպես պաշտպանության գործիք:

Եվ այսպիսով, Իրական Հայաստանը միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող երկիրն է, Հայաստանի Հանրապետությունը: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքը միջազգային հանրության համար ամենևին էլ նորություն չի, միջազգային հանրությունը այն վաղուց է ճանաչել և ընդունել: Որքան էլ զավեշտական հնչի՝ այդ մենք, մենք ենք, որ երկար ժամանակ չենք ճանաչել, չենք արձանագրել, չենք գիտակցել այս փաստը՝ առնվազն սոցիալ հոգեբանական մակարդակում և եկել է ժամանակը դա անելու, որպես Հայաստանի Հանրապետության հարատև գոյության միակ առհավատչյա: Եկել է ժամանակը, որ մենք ինքներս ճանաչենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:

Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն ունի հետևյալ հարցը. իսկ Իրական Հայաստանի հայեցակարգը որքանո՞վ է երաշխավորում Հայաստանի Հանրապետության անվտանգությունը: Պիտի պնդեմ, որ ժամանակակից աշխարհում եթե գոյություն ունեն երաշխիքներ, դրանք բացասական երաշխիքներ են, այսինքն՝ ինչ-որ երաշխիքներով, ինչ-որ չափով ապահովվում են միայն բացասական սպասումները, իսկ դրական սպասումների իրականացման երաշխիքներ պարզապես գոյություն չունեն:

Եվ հետևաբար, նմանօրինակ պայմաններում բացասական երաշխիքների կառավարումն ու չեզոքացումը, այս ուղղությամբ հետևողական աշխատանքն է, որ կարող է դրական երաշխիք դառնալ: Ուրիշ ճանապարհ պարզապես չկա:

Իսկ բացասական երաշխիքների չեզոքացումը հնարավոր է միայն լեգիտիմ քայլերի, լեգիտիմ ակնկալիքների, լեգիտիմ փաստարկների և հակափաստարկների հիման վրա և ընդ որում, լեգիտիմ տարածքում գործելու պարագայում: Սրանք չափազանց կարևոր նրբություններ են, որոնք առանձին-առանձին գուցե շատ բան չեն նշանակում, բայց համակարգային ամբողջության, այսինքն՝ փոխգործակցության մեջ անվտանգային նոր միջավայր և նոր պայմաններ կստեղծեն Հայաստանի համար: Սա, ևս մեկ անգամ արձանագրեմ, դրական երաշխիք չէ, բայց կարող է այդպիսին դառնալ բացասական երաշխիքների հետևողական կառավարման և չեզոքացման պայմաններում:

Հենց այսպիսի ելակետից ենք մոտենում մի շարք ընթացիկ մարտահրավերներին: Նաև այս է պատճառը, որ դեմ չենք Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը սկսել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի չորս գյուղերի հատվածներից: Այս համատեքստում հաճախ են հնչում հետևյալ տրամաբանությունն ունեցող հարցեր:

Իսկ այդ հատվածներում սահմանազատումը և դրա արդյունքների իրականացումը երաշխավորու՞մ է արդյոք անվտանգություն: Չի երաշխավորում անվտանգություն, բայց հարցը հասցեագրելուց հրաժարումը երաշխավորում է անվտանգային սպառնալիքների շարունակաբար մեծացում և այս բացասական երաշխի՛քը նախ պիտի չեզոքացնենք:

Հաջորդ հարցը. իսկ այդ գործելակերպը երաշխավորու՞մ է արդյոք, որ ՀՀ տարածքի վրա նոր հարձակում չի լինի: Չի երաշխավորում, բայց հակառակ գործելակերպը երաշխավորում է նոր հարձակում ՀՀ ինքնիշխան տարածքի վրա և այս բացասական երաշխի՛քը նախ պետք է չեզոքացնենք:

Հաջորդ հարցը. իսկ Տավուշի սահմանի նշյալ հատվածում սահմանազատումը և դրա արդյունքների իրագործումը երաշխավորու՞մ է արդյոք, որ Ադրբեջանը կպահի սահմանազատումը շարունակելու տրամաբանությունը և կվերադարձնի մեր ավելի քան երեք տասնյակ գյուղերի կենսական նշանակության տարածքները: Չի երաշխավորում, բայց նշված հատվածում սահմանազատում իրականացնելուց հրաժարվելը երաշխավորում է, որ Ադրբեջանը չի վերադարձնի մեր գյուղերի կենսական նշանակության տարածքները, և այս նեգատիվ երաշխի՛քը նախ պետք է չեզոքացնենք:

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Հարգելի պատգամավորներ,
Կառավարության հարգելի անդամներ,
Հարգելի ներկաներ,
Սիրելի ժողովուրդ,

Խոսակցությունը և խոսույթը, որ առաջարկում եմ՝ հեշտ չի, նույնիսկ ծանր է ու տառապանքով լի: Ելույթիս մեկնարկին ասացի, որ Իրական Հայաստանի և Պատմական Հայաստանի միջև սահմանազատումը տեղի է ունենում յուրաքանչյուրիս ներսում և ցավոտ է, չափազանց ցավոտ: Որտեղի՞ց ես դա կարող էի իմանալ. հասկանալիորեն միայն սեփական օրինակով: Այդ ցավոտ կետերից ամենաուժգինը հետևյալ հարցն է. եթե այն ինչ ասացի դա է ճշմարտությունը և ապագա տանող ուղին, ինչի համար էին, ուրեմն, մեր հազարավոր զոհերը, հանուն ինչի՞ են զոհվել մեր զինվորները: Ես բազմիցս, այդ թվում հրապարակային եմ տվել այս հարցը, կարևոր համարել դրան շատ կոնկրետ ու բովանդակային պատասխան տալը: Իսկ պատասխանը հետևյալն է. մեր զինվորները զոհվել են հանուն Հայաստանի պետականության, անկախության և ինքնիշխանության:

Ինչպե՞ս, ի՞նչ հիմնավորում ունի այս բացատրությունը: Առիթ ունեցել եմ ասելու, որ իմ եզրակացությունն այն է, որ 1996 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովից հետո Լեռնային Ղարաբաղի հարց գոյություն չի ունեցել, գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետության հարց, այն իմաստով, որ ԼՂ հարցի բովանդակությունը դե յուրե կանխորոշող միջազգային ճարտարապետությունն այլևս պատրաստ է եղել ու անփոփոխելի, արձանագրումով, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող չլինել Ադրբեջանի կազմում:

Եվ ահա, այս արձանագրումից խուսափելու անորոշ ու սին հույսեր տալով, որոշ պետություններ Լեռնային Ղարաբաղի հարցն օգտագործել են Հայաստանի Հանրապետությանը վզկապ (մեր խոսույթով поводок) հագցնելու և որպես անկախ պետություն նրա գործողությունները կաշկանդելու համար: Այն բանակցային հնարավորությունները, որ 2016 թվականից ի վեր առկա էին, ոչ թե ԼՂ հարցի որևէ լուծման, այլ Հայաստանի Հանրապետությանը հագցրած վզկապը կարճացնելու մասին էին, որ Հայաստանի առանց այն էլ կաշկանդված գործողությունները, որպես անկախ և ինքնիշխան պետություն հանդես գալու փորձերը պարզապես բացառվեն: Ուշադրություն դարձրեք, ոչ թե ավելի կաշկանդվեն, այլ բացառվեն, որովհետև կաշկանդումը տեղի էր ունեցել վաղուց՝ 1996-1998 թվականներին:

Մենք չգնացինք այդ ճանապարհով և ձեզ հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշում կայացվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով և 44-օրյա պատերազմը մեկնարկեց: Հարց ասելով նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության հարցը, որովհետև ինչպես ասացի, Լեռնային Ղարաբաղի հարցը վաղուց լուծվել էր և մնում էր լուծել Հայաստանի Հանրապետության հարցը, մասնավորապես, երկրի ներսում քաղաքացիական բախումների և ռազմական հեղաշրջման ճանապարհով:

Այս սցենարն ի դեպ, գործարկելի էր նաև 44-օրյա պատերազմից առաջ և այն գործարկելու փորձ արվեց 44-օրյա պատերազմի ավարտին և դրանից հետո: Բայց Հայաստանի Հանրապետության կառավարության ուղերձների ժողովրդական ընկալումը, այդ ուղերձների վրա հիմնված ժողովրդական զգոնությունը և պետականության գիտակցությունը կասեցրին դավադիր քայլերը: Իսկ մեր զինվորները կյանքի գնով պահեցին և պահպանեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու պետականությունը:

Մեր զինվորների կյանքի, ինչպես նաև Պատմական Հայաստանից Իրական Հայաստան սկզբից ինտուիտիվ, ապա հստակ գիտակցված հայեցակարգային անցման շնորհիվ է, որ մենք պահպանում ենք մեր պետականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը, որովհետև 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն վերացնելու փորձերը շարունակվել են:

Դրանցից առաջինը 2020 թվականի նոյեմբերի լույս 10-ի գիշերվա իրադարձություններին էին, որոնք ուղեկցվեցին Ազգային ժողովի նախագահի դեմ մահափորձով, խորհրդարանի, կառավարության և այլ պետական հաստատությունների դեմ հարձակումներով: Իսկ ամիսներ անց՝ 2021 թվականի փետրվարին, ռազմական հեղաշրջման տապալված փորձը տեղի ունեցավ:

Մենք տեղի ունեցածից դասեր ենք քաղել և պետք է լրացուցիչ մեխանիզմներ որդեգրենք Զինված ուժերի քաղաքականացման հետագա բոլոր փորձերը բացառելու համար:

Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021 թվականի մայիսի 12-ին՝ ընդամենը երկու օր անց այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը լուծարված էր, կառավարությունը հրաժարական տված՝ երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով, Ադրբեջանի զինված ուժերը Սոթք-Խոզնավար հատվածում ներխուժեցին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:

Այդ ժամանակ կային ուժեր, որ մեզնից պահանջում էին ռազմական գործողություններ սկսել, որպեսզի ինչպես իրենք էին ասում, ՀԱՊԿ-ը գա մեզ օգնության: Նրանց տրամաբանությամբ՝ առանց ռազմական գործողությունների ՀԱՊԿ-ը չէր կարող նման բան անել, չնայած ՀԱՊԿ-ի դե յուրե ձևակերպված պարտավորությունները բոլորովին այլ բանի մասին էին վկայում: Այդ հետո պիտի պարզվեր, որ ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից է ուզում գալ Հայաստանի Հանրապետություն, այլ որպես խաղաղապահ, ինչով փաստացի Հայաստանի Հանրապետությանը դուրս է դնում անվտանգային երաշխիքների իր համակարգից:

Ինչևէ, եթե կառավարությունն այն ժամանակ տուրք տար էմոցիաներին և նման շեշտադրումներին՝ իրադարձությունները կարող էին ընթանալ հետևյալ սցենարով. ռազմական գործողությունների ծավալում ՀՀ ինքնիշխան տարածքների խորքում, ԱԺ ընտրությունների չկայացում ակնհայտորեն այդ պատճառով, ընտրված իշխանության բացակայություն, ՀԱՊԿ ոչ թե դաշնակիցների, այլ խաղաղապահների ծավալում, ապա դրածո իշխանության ձևավորում և Հայաստանի Հանրապետության պետականության փաստացի լուծարում:

Բայց Հայաստանի ժողովուրդը կրկին բացառիկ պետականակենտրոնություն ցուցաբերեց և արձագանքեց կառավարության ու կառավարող մեծամասնության կոչերին: Այդ դժվարին պայմաններում մենք կարողացանք ունենալ ընտրություններ, որոնք միջազգայնորեն գնահատվեցին որպես ազատ և ժողովրդավարական, և բացի այս ի հեճուկս բոլոր կանխատեսումների՝ ժողովուրդը վստահության քվե տվեց 2018-ի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն առաջնորդած քաղաքական ուժին: Սրանով, փաստորեն, վստահության մանդատ ստացավ Իրական Հայաստանը, գուցե խորությամբ չգիտակցված, գուցե ինտուիտիվ, բայց Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հենց այս ռազմավարությունը որդեգրեց:

Իրական Հայաստանի դե յուրե վերահաստատումը տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմի բերումով, երբ հասկանալի դարձավ, որ 1996-1998 թվականներին մեր վզին գցած վզկապով մեզ քարշ են տալիս դեպի կառափնարան՝ գլխատելու մեր պետականությունն ու անկախությունը:

Այդ ժամանակ է, որ Պրահայի քառակողմ հանդիպման ընթացքում կայացվեցին չափազանց կարևոր որոշումներ: Այն է՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ Խորհրդային Միության փլուզման պահին Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև դե յուր գոյություն ունեցող, այսինքն՝ ԽՍՀՄ օրենսդրությամբ և իրավական նշանակության ակտերով արձանագրված վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ:

Պրահայի հաջորդ կարևորագույն պայմանավորվածությունն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնվում են երկու երկրների միջև սահմանագծումն իրականացնել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, ինչը նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմանագիծ չի ձևավորվելու, այլ անհրաժեշտ է գետնի վրա վերարտադրել գոյություն ունեցող սահմանագիծը:

Չափազանց կարևոր է, որ վերջերս Ադրբեջանի նախագահը վերահաստատեց իր հավատարմությունը Պրահայի պայմանավորվածություններին և Ալմա-Աթայի հռչակագրին: Սա իսկապես կարող է երկարաժամկետ խաղաղության և կայունության հիմք դառնալ և մենք պատրաստ ենք գնալ այդ ճանապարհով:

2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման հաջորդ կարևորագույն արդյունքը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումն էր, քաղաքացիական առաքելության, որը նախ կարճաժամկետ առաքելություն ստանձնեց, ապա նրա ժամկետը երկարացվեց ևս երկու տարով: Հիմա մենք քննարկում ենք առաքելության ժամկետը ևս երկու տարով երկարաձգելու հարցը:

Ինչպես տեսնում եք՝ Պրահայի քառակողմ հանդիպումը առանցքային նշանակություն ունի կայուն և խաղաղ Հարավային Կովկաս ունենալու գործում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման իրատեսական և որ կարևոր է՝ ուժեղ իրավաքաղաքական հիմք ունեցող ծրագիր է: Մինչ այս առիթ չեմ ունեցել ասելու, բայց հիմա պարտավոր եմ արձանագրել, որ այդ համաձայնությունների ձեռքբերման գործում պարզապես ահռելի է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դերը:

Եվ առավել ևս՝ այս ֆոնի վրա նախագահ Մակրոնի և Ֆրանսիայի թիրախավորումը զարմանալի, անհասկանալի և անընդունելի է ինձ համար և Հայաստանի Հանրապետության կառավարության համար:

Եթե Մակրոնին թիրախավորում են ԵՄ քաղաքացիական առաքելությանը երկարաժամկետ մանդատի համար, այդ որոշումը, մնացածների նման, ԵՄ-ում կայացվել է կոնսենսուսով և ուզում եմ ԵՄ բոլոր երկրների ղեկավարներին շնորհակալություն հայտնել նշված որոշման համար, որ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության խնդրանքով:

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը, կարծում եմ, այս ընթացքում միջազգային հանրության, ավելի կոնկրետ ԵՄ-ի և նրա գործընկերների համար Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի և շփման գծի ողջ երկայնքով հաստատված իրադրության մասին օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր է դարձել, ինչը չափազանց կարևոր է մեզ համար:

Ինչու՞ է կարևոր. կարևոր է, որ ԵՄ-ն և նրա գործընկերները Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի և շփման գծի երկայնքով իրադրության մասին օբյեկտիվ տեղեկատվություն ստանան: Մի պարզ պատճառով. այդ տեղեկատվությունը ակնհայտ կդարձնի, որ Հայաստանի Հանրապետությունն անկեղծորեն հավատարիմ է խաղաղության օրակարգին և Պրահայի պայմանավորվածություններին, և այս պատմության ագրեսիվ կողմը չէ ամենևին:

Նաև այս իմաստով եմ կարևորում ս/թ ապրիլի 5-ին ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ ձևաչափով բարձր մակարդակի հանդիպումը: Իհարկե, հանդիպումը երբևէ անվտանգային ենթատեքստ և օրակարգ չի ունեցել, բայց համաձայնեք և դա ակնհայտ է, որ ԵՄ-ն և Ամերիկայի Միացյալ Նահանգները երբեք չէին համաձայնվի Հայաստանին տնտեսական, քաղաքական աջակցություն ցուցաբերել, եթե մեր վարած քաղաքականությունը համարեին ագրեսիվ: Ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպման քաղաքական ենթատեքստը հետևյալն է. հօդս են ցնդում Արևմուտքում Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ագրեսիվ քաղաքականություն վարող պետություն ներկայացնելու բոլոր ջանքերը:

Իսկ Բրյուսելի բուն հանդիպումը, որ օրակարգով և բնույթով սոցիալ-տնտեսական ու քաղաքական էր, աննախադեպ էր թե ձևաչափով, թե նշանակությամբ: Բարձր մակարդակի հանդիպման արդյունքներով ԵՄ-ն և ԱՄՆ-ն քաղաքական աջակցություն են հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը, Հայաստանի և տարածաշրջանի համար կայուն, խաղաղ, անվտանգ, ժողովրդավարական և բարգավաճ ապագային:

Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները բարձր են գնահատել 2018 թվականից ի վեր ժողովրդավարության և արդարադատության ոլորտներում Հայաստանի կառավարության իրականացրած բարեփոխումները, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած էական առաջընթացը, և հանձնառություն են հայտնել շարունակել գործընկերությունը և աջակցել Հայաստանին՝ հաշվի առնելով, որ մենք շարունակում ենք ամրապնդել ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը ընդհանուր արժեքներին և սկզբունքներին համահունչ:

ԵՄ-ն և Միացյալ նահանգները պատրաստակամություն են հայտնել ընդլայնել Հայաստանի հետ համագործակցությունն այնպիսի ոլորտներում ինչպիսիք են՝ քաղաքական բարեփոխումները, տնտեսական զարգացումը, շարժունակությունը, արդյունավետ կառավարումը, օրենքի արդյունավետ կիրարկումը, առևտուրը, կապը, գյուղատնտեսությունը, էներգետիկան, այդ թվում՝ միջուկային էներգետիկան, տեխնոլոգիաները, ավիացիոն անվտանգությունը: Ընդգծել են, որ մտադիր են լրացուցիչ աջակցություն ցուցաբերել՝ օգնելու Հայաստանին մեղմել ռիսկերը, դիվերսիֆիկացնել առևտուրը և ամրապնդել տնտեսական և ինստիտուցիոնալ դիմակայունությունը։

ԵՄ-ն և ԱՄՆ-ն հայտարարում են նաև, որ աջակցելու են Հայաստանում ռազմավարական ներդրումներին, մասնավորապես, տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային և էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև ներդրումներ կկատարվեն բիզնեսի զարգացման մեջ՝ նպաստելու աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին:

Պակաս կարևոր չեմ համարում նաև այն, որ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները ողջունել ու աջակցել են մեր «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կխթանի ընդհանուր բարգավաճումը և տարածաշրջանային տնտեսական և առևտրի դիվերսիֆիկացումը:

ԵՄ-ն և ԱՄՆ-ն ստանձնեցին նաև Հայաստանի Հանրապետությանը աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների՝ սոցիալ-հոգեբանական ներառման, երկարաժամկետ բնակարանային կարիքների հասցեագրման, մասնագիտական վերապատրաստման հարցերում:

Այս թվարկումը միայն ցույց է տալիս ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցածի քաղաքական մասշտաբն ու նշանակությունը: Այն նշանավորեց հարաբերությունների նոր մակարդակ Հայաստանի և ԱՄՆ-ի, Հայաստանին և ԵՄ-ի միջև և այդ նշանավորումն այն մասին է, որ թե ԵՄ-ն, թե ԱՄՆ-ն պատրաստ են Հայաստանի Հանրապետությանն աջակցել վերը հիշատակված ոլորտներում: Կարևոր է ընդգծել նաև, թե ինչի մասին չէ ապրիլի 5-ի Բրյուսելի բարձր մակարդակի եռակողմ հանդիպումը: Դա այն մասին չէ, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն գալու են և լուծեն մեր խնդիրներն ու պրոբլեմները:

Սա կարևոր եմ համարում բարձրաձայնել, որովհետև մեզանում երբեմն արհեստական, բայց երբեմն էլ ոչ արհեստական սպասումներ են ձևավորվում, որ ինչ-որ բարեկամներ կամ դաշնակիցներ պետք է գան և լուծեն մեր խնդիրները:

Մեր խնդիրների լուծումը, թերևս պետք է սկսել այստեղից՝ մեր խնդիրների լուծման մեթոդաբանության մեջ հետևյալ փոփոխությունն է պետք կատարել. արձանագրել և ամրացնել այն գիտակցումը, որ մեր խնդիրները, մեր բոլոր խնդիրները մենք պետք է լուծենք մի պարզ պատճառով, որ դրանք մեր խնդիրներն են: Սա, ի դեպ, ինքնիշխանության հոգեբանական բանաձևն է, որովհետև ինքնիշխանություն նշանակում է սեփական խնդիրների գիտակցում և այդ խնդիրների լուծման գնալու պատրաստակամություն: Հակառակը կապ չունի ինքնիշխանության, պետականության, անկախության հետ, հակառակը վասալի, ֆորպոստի, տրամաբանություն է և անկախ պետություն ունենալու համար մենք պետք է առաջին հերթին դուրս գանք այս տրամաբանությունից: Մեր խնդիրները մենք պիտի լուծենք շատ պարզ, տրիվիալ պատճառով՝ դրանք մեր խնդիրներն են:

Այս առումով, ԱՄՆ և Եվրամիության հետ հարաբերությունների խորացումն ու զարգացումը մենք որևէ կերպ չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին, ընդհակառակը ԱՄՆ և Եվրամիության գրավչությունը մեզ համար նաև այն է, որ հարևանների հետ հարաբերությունների բոլորովին ուրիշ մշակույթի և քաղաքական իրողությունների կրող են նրանք: Ես հիշում եմ այս դահլիճում տեղի ունեցած մեկ այլ հարցուպատասխան, երբ տարածաշրջանային գործընթացների մասին իմ որոշ պատկերացումներին ի պատասխան ընդդիմության ներկայացուցիչն արձագանքեց. այնպես եք խոսում, կարծես մենք եվրոպական երկրներով ենք շրջապատված: Իմ արձագանքը հետևյալն էր. իսկ դուք վստա՞հ եք, որ լավ գիտեք Եվրոպայի պատմությունը: Եվրամիության բազմաթիվ երկրներ անցել են միմյանց հետ արյունալի պատերազմների, կոտորածների, թշնամանքի միջով, մինչև այն պահը, երբ հասկացել են, որ պատերազմով ու թշնամանքով կորցնում են իրենց ինքնիշխանությունը, էլ չեմ ասում անվտանգությունը, բարեկեցությունն ու ապագան:

Այսօր ես խոսում եմ նույն բանի մասին. մեր Պատմական հայրենիքն ընդամենը գործիք է ուրիշների ձեռքին մեր ինքնիշխանությունը, պետականության կայացումը ու զարգացումը թույլ չտալու համար, և պետք է հանգիստ թողնել մեր Պատմական հայրենիքին. եթե չենք ուզում կորցնել Իրական հայրենիքը նույնպես, այն ըմբռնմամբ, որ հայրենիքը պետությունն է, կոնկրետ Հայաստանի Հանրապետությունը:

Որովհետև, եթե հայրենիքը պետությունը չէ, ազգային ինքնիշխան պետությունը, ինչով, օրինակ՝ հայրենիք չէ Լիբանանը, Կալիֆոռնիան, Ֆրանսիան կամ Ավստրալիան: Ինչո՞վ հայրենիք չէ:

Ըստ այդմ, մեր ինքնիշխանության և պետականության զարգացման հետագա գրավականը մեր հարաբերությունների կարգավորումն ու խորացումն է մեր հարևանների հետ ոչ թե Պատմական,այլ Իրական Հայաստանի շահերի և գիտակցման հիման վրա: Եվ կառավարությունը որդեգրել է այս կուրսը, որքան էլ հասկանում ենք, որ այս քաղաքականությունը թե ներքին, թե արտաքին մարտահրավերներ ունի: Այդ մարտահրավերներից առանցքայինն, իհարկե, Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ քաղաքականությունն է, որն արտահայտվում է հռետորաբանությամբ, սահմանային սադրանքներով, Հայաստանի ինքնիշխան տարածքների շարունակական օկուպացիայով, սպառազինությունների տասնյակ միլիարդների հասնող ձեռքբերումներով և այլն:

Այդ ագրեսիվ քաղաքականության անբաժանելի մաս են նաև Ադրբեջանի հայտարարությունները Հայաստանի բանակի բարեփոխումների, պաշտպանական նոր կառույցների ձևավորման, զենքի ձեռքբերումների մասին:

Այսինքն, Ադրբեջանի կանխավարկածը ո՞րն է, որ Հայաստանի Հանրապետությունը սեփական երկիր պաշտպանելու ընդունակ բանակ պիտի չունենա՞: Ասել եմ և նորից ուզում եմ ընդգծել. մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է: Մյուս կողմից, մենք էլ ենք կարծում, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք սադրելը լավ տեղ չի կարող տանել, բայց իրականությունն այն է, որ մենք չենք ուզում Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել:

Իսկ եթե Ադրբեջանն այդպես չի մտածում, մենք այս դեպքի համար էլ առաջարկ ունենք և ասել ենք այդ առաջարկի մասին. ստեղծել սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, իրականացնել զորքերի հայելային հետքաշում սահմանային գծից, ինչն, ի դեպ, կլուծի և Ադրբեջանի բարձրաձայնած 4 գյուղերի և մեր 31 գյուղերի հարցերը: Իրականացնել սահմանային հատվածների ապառազմականացում, և ամբողջ սահմանի պահպանությունը հանձնել Սահմանապահ զորքերին՝ ՊՆ ստորաբաժանումները ետ տանելով դեպի մշտական տեղակայման վայրեր: Սա նաև զորքերի հայելային ետքաշման պարագայում կարող է իրագործվել:
Այս բոլոր առաջարկություններն անարձագանք են մնում Ադրբեջանի կողմից:

Հույս ունենք դրական արձագանք ստանալ Խաղաղության պայմանագրի մեր 8-րդ խմբագրմանը, որն Ադրբեջանին է փոխանցվել ս/թ մարտի 14-ին:

Հույս ունեմ նաև, որ հայկական Բաղանիս, ադրբեջանական Բաղանիս Այրում, հայկական Ոսկեպար, ադրբեջանական Աշաղը Ասկիպարա, հայկական Կիրանց, ադրբեջանական Խեյրեմլի, հայկական Բերքաբեր, ադրբեջանական Կիզիլհաջըլի գյուղերի հատվածում սահմանազատման հարցում կգանք համաձայնության, եթե ոչ ամբողջական, գոնե հատվածական, ինչը էականորեն կփոխի մթնոլորտը մեր տարածաշրջանում:

Վերադառնալով ագրեսիվ հռետորաբանության թեմային, ուզում եմ նաև ընդգծել, որ ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում շատ հաճախ չեն էլ նկատում այս երևույթի փոխկապակցված, որոշ դեպքերում հայելային լինելը, երբ շատ դեպքերում ադրբեջանական հռետորաբանությունը կանխորոշում է մեր հռետորաբանությունը, մեր հռետորաբանությունը՝ ադրբեջանականը: Իհարկե, այստեղ կա նաև հավի և ձվի թնջուկը, թե ով եղավ առաջինը, ինչու՞, ինչպես, ինչ տրամաբանությամբ: Բայց ակնհայտ է, որ այս թափանիվը կանգնեցնելը բխում է մեր երկրների և տարածաշրջանի շահերից և մենք պատրաստ ենք ջանքեր գործադրել այս ուղղությամբ:

Տարածաշրջանային քաղաքականության առումով ուզում եմ ընդգծել այն առանձնահատուկ կարևորությունը, որ մենք տածում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունների նկատմամբ: Պետականության հնագույն ավանդույթներ ունեցող մեր այս հարևանի հետ մեր հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչն այդ հարաբերությունները դարձնում է առանձնահատուկ: Ընդ որում, Արևմուտքի հետ մեր հարաբերությունների զարգացումը չենք հակադրել, չենք հակադրում և չենք հակադրի Իրանի հետ մեր հարաբերություններին և Իրանի հետ մեր ունեցած հարաբերությունները չենք հակադրել, չենք հակադրում և չենք հակադրի Ար(մուտքի հետ մեր հարաբերություններին:

Մեծ հաշվով այս բանաձևը վերաբերվում է տարածաշրջանային հարաբերությունների մեր ռազմավարական ընկալումներին ընդհանրապես և մենք քաղաքական այդ գիծն ենք որդեգրել: Սա բավականին բարդ, բայց և լուծելի խնդիր է, պարզապես պետք է արտաքին քաղաքականությունը կառուցել ինքնիշխանության տրամաբանության վրա և որոշ նրբություններ գուցե ավելի նկատելի լինեն: Օրինակ՝ այն, որ մեր չորս հարևաններից երկուսը Եվրամիության անդամության թեկնածու են: Վրաստանն այս կարգավիճակը ստացավ ամիսներ առաջ և ես այս առիթով ցանկանում եմ կրկին շնորհավորել բարեկամ Վրաստանին: Ուրախ եմ նաև արձանագրել, որ այս տարի Թբիլիսիում ստորագրված Հռչակագիրը, որով Հայաստան-Վրաստան հարաբերությունները բերվեցին նոր՝ ռազմավարական գործընկերության մակարդակի, արտահայտում է այս նոր իրողությունները:

Թուրքիայի հետ մեր հարաբերություններում, եթե կարելի է այդպես ասել, մենք սպասման մեջ ենք և սպասում ենք ձեռքբերված և պաշտոնապես արձանագրված պայմանավորվածությունների իրագործմանը. այն է, երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացում: Իսկ ընդհանրապես Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի մեր տարածաշրջանի համար և պիտի շարունակենք ջանքերը նաև այս ուղղությամբ: Բայց այստեղ էլ չեմ կարող չանդրադառնալ սոցիալ-հոգեբանական մի նրբության: Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա և ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների մասին: Այս երկու ձևակերպումներն, ինչ խոսք, ունեն ընդհանրություններ, բայց այնուամենայնիվ՝ դրանք նույնը չեն, մի նրբություն, կամ եթե անկեղծ լինենք՝ էական առանձնահատկություն, որ մենք շատ հաճախ կամ հիմնականում չենք նկատում:

Ամփոփելով տարածաշրջանացման թեման՝ ուզում եմ ցավով նշել, որ որոշ արտաքին դերակատարներ սեփական քաղաքական կամ ռազմաքաղաքական նպատակներից ելնելով փորձում են խեղաթյուրել Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը՝ ասպարեզ բերելով տարածաշրջանում «բաժանարար գծեր» ստեղծելու կեղծ խոսույթը: Հարկ եմ համարում առանձնահատուկ կերպով շեշտել, որ Հայաստանը որդեգրել է բոլոր ուղղություններով իր արտաքին հարաբերությունների և գործընկերության բազմազանեցման (դիվերսիֆիկացիայի) քաղաքականություն, ինչի կարևոր բաղկացուցիչներից է ոչ միայն Ֆրանսիայի, ԵՄ-ի, ԵՄ անդամ բոլոր երկրների, ԱՄՆ-ի, բայց ամենևին ոչ միայն Արևմուտքի, այլև Հնդկաստանի, Չինաստանի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Միջին Արևելքի երկրների հետ հարաբերությունների հետևողական զարգացումը, ինչը ոչ թե «բաժանարար գծերի», այլ հնարավորիս շատ երկրների հետ բարեկամական հարաբերությունների և համագործակցության հաստատման մասին է, որը կրկնեմ՝ մենք չենք հակադրել, չենք հակադրում և չենք հակադրի մեր տարածաշրջանին ու տարածաշրջանային հարաբերություններին: Ասվածն ամբողջացնում է 2023մ թ.-ին տեղի ունեցած մի պատմական իրադարձություն. դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև: Մեր անկախության ողջ շրջանում մենք Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններ չունեինք և ահա այս դիվերսիֆիկացման քաղաքականության շրջանակում է, որ հաստատվեց Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություն:

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Հարգելի պատգամավորներ,
Կառավարության հարգելի անդամներ,
Հարգելի ներկաներ,
Սիրելի ժողովուրդ,

2023 թվականի և ընդհանրապես մեր նորագույն պատմության շրջադարձային կետը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներն էին և Լեռնային Ղարաբաղի հայաթափումը: 2022 թվականի դեկտեմբերից և ողջ 2023 թվականին տասնյակ ելույթներում եմ անդրադարձել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը, վերահաս էթնիկ զտումներին և Լեռնային Ղարաբաղի վերահաս հայաթափմանը:

Այսօր ուզում եմ տեղի ունեցածը դիտարկել այլ տեսանկյունից, արձանագրելով, որ միջազգային հանրության կամ դե յուրե դաշնակիցների նկատմամբ չափազանցված հույսերը մեզ շարունակաբար բերում են աղետալի հետևանքների: Լեռնային Ղարաբաղի որոշ շրջանակներում, ցավոք, այդպես էլ չհասունացավ այս և այն գիտակցումը, որ իրենք՝ Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչները պետք է գնան լուծումների, հակառակ դեպքում ոչ ոք չի կարող օգնել: Միջազգային հանրությունը, միջազգային դերակատարները կարող են անել գործի 10, 20 լավ՝ 30 տոկոսը: Մնացած 70 տոկոսն այն սուբյեկտի անելիքն է, որին վերաբերվում է խնդիրը, եթե իհարկե, այդ սուբյեկտն ուզում է սուբյեկտ լինել:

Բայց պիտի նորից ընդգծեմ՝ այն ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում իրականում Լեռնային Ղարաբաղի մասին չէր, այլ հերթական դավադրությունը Հայաստանի պետականությունը ծնկի բերելու համար: Դա 2020 թվականի նոյեմբերին, 2021 թվականի փետրվարին, 2021 թվականի մայիսին, 2022 թվականի սեպտեմբերին անկատար մնացած ծրագրի ի կատար ածման փորձ էր, որի նպատակները շատ կոնկրետ էին. Հայաստանին ներքաշել պատերազմի մեջ, Երևանում ստեղծել ներքաղաքական քաոս, տապալել լեգիտիմ կառավարությունը և հաստատել մարիոնետային կառավարություն, ըստ էության՝ Հայաստանի Հանրապետության լուծարային հանձնաժողով:

Բայց այս անգամ էլ դա չստացվեց ու չստացվեց մի քանի պատճառով:

Պատճառներից առաջինը կրկին Հայաստանի Հանրապետության ժողովրդի այս դեպքում էլ ի ցույց դրված պետական մտածողությունն է, երբ մարդիկ վստահեցին կառավարության և կառավարող մեծամասնության գնահատականներին, կարդացին, իրենք իրենց համար բացահայտեցին այն սցենարները, որ ընկած էին տեղի ունեցող պրոցեսների հիմքում և թաքնված դրանց խորքում: Եվ կրկին ուզում եմ Հայաստանի ժողովրդին շնորհակալություն հայտնել դրա և այն բանի համար, որ նրանք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին ընդունելու հարցում ցուցաբերեցին բացառիկ համախմբվածություն:

Հայաստանի պետականության դեմ ուղղված անկատար սցենարի հերթական չիրագործման պատճառ է նաև այն, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները չներքաշվեցին օտար օրակարգերի իրագործման մեջ: Վերջին տարիներին, ի դեպ, նրանց այս նպատակի համար էին պատրաստում, մինչև վերջին վայրկյանը նույնիսկ հիբրիդային և ուղիղ միջոցներով ատելություն սերմանելով Հայաստանի կառավարության և պետականության նկատմամբ: Բայց հարգանքի և գնահատանքի տուրք է պետք մատուցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին, որ նույնիսկ ողբերգության գագաթնակետին դրսևորեցին բացառիկ պետական մտածողություն:

Նույնը, ցավոք, չենք կարող ասել Լեռնային Ղարաբաղի նախկին վերնախավի որոշ ներկայացուցիչների մասին, ովքեր կարծես չեն ուզում հրաժարվել Հայաստանում թշնամական հարվածների փարոսիկի դերից: Բայց այս թեմայով էլ նոր ասելիք չունեմ. ասել եմ, կրկին ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել երկրորդ կառավարություն: Հայաստանում կա մեկ կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում, Հայաստանում կա մեկ Ազգային ժողով և այդ Ազգային ժողովը նստած է այս դահլիճում:

Հակապետական սցենարների ձախողմանը նպաստած մյուս պատճառն այն բացառիկ գործունակությունն էր, որ Հայաստանի կառավարությունը ցուցաբերեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ընդունելու, նրանց կարճաժամկետ կենսական կարիքները հասցեագրելու հարցում: Սա մի կարևորագույն դրվագ էր, որ ցույց տվեց վերջին տարիներին կառավարող թիմի, կառավարության և խորհրդարանական մեծամասնության իրականացրած բարեփոխումների արդյունավետությունն ու արդարացվածությունը: 2021, 2022, 2023 թվականներին այդ բարեփոխումների շնորհիվ է, որ Հայաստանի պետական կառույցները և պետականությունը այնպիսի դիմակայունություն ցույց տվեցին, որը հաճելիորեն և տհաճորեն զարմացրել է շատերին: Նայած՝ ում, ինչպես:

Ինչ խոսք, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների երկարաժամկետ կարիքների հասցեագրումը մեր օրակարգում է և մենք պետք է լուծումներ գտնենք, այդ թվում՝ միջազգային մեր գործընկերների աջակցությամբ: Բայց այստեղ էլ ուզում եմ ասել. մտածողությունը, թե մեր միջազգային գործընկերները պետք է գան և մեր փոխարեն լուծեն ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների բնակարանային կարիքները, ինքնիշխան ու պետականակենտրոն չեն: Մե՛նք պետք է անենք հիմնական աշխատանքը և մենք ինչքան շատ աշխատանք անենք, այնքան շատ միջազգային աջակցություն կստանանք: Իսկ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների երկարաժամկետ բնակարանային կարիքների հասցեագրման մեր ծրագրերի մասին ավելի մանրամասն կզեկուցի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Բայց նաև այս համատեքստում կրկին ուզում եմ ընդգծել և շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող մարդկանց, ՀՀ քաղաքացիներին և քաղաքացի չհանդիսացող անձանց: Նրանք Իրական Հայաստանի հայեցակարգի ամենաուժեղ հենասյունն են և/կամ աջակիցը, ինքնիշխանության և պետականության գաղափարի առաջնային սնողներն ու նպաստողները: Նաև ուրախությունս պիտի հայտնեմ այն փաստի առիթով, որ այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 13 հազար 400 մարդ արդեն իսկ աշխատանք է գտել Հայաստանի Հանրապետությունում և ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին ուզում եմ խնդրել քայլ առ քայլ ներգրվել և ներգրավվել Հայաստանի տնտեսության ու պետականության հզորացման գործին:

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Հարգելի պատգամավորներ,
Կառավարության հարգելի անդամներ,
Հարգելի ներկաներ,
Սիրելի ժողովուրդ,

Հատուկ անդրադարձ եմ ուզում կատարել Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններին, որոնք ակնհայտորեն իրենց լավագույն ժամանակները չեն ապրում, բայց որոնց կարևորությունը մեր պետականության, ինքնիշխանության, անվտանգության, տնտեսության համար դժվար է գերագնահատել: Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգային տարբեր հարցերի մասին վերջին տարիներին հաճախ եմ խոսել: Այսօր ուզում եմ ընդգծել, որ մենք իսկապես Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չենք արել, չկա մի տեղ, որտեղ մեր գործընկերները մեզ կարող են մեղադրել մեր պարտավորությունները չկատարելու մեջ: Հակառակ դեպքերը, ցավոք, բազմաթիվ են: Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ մենք չենք ուզում վիճել Ռուսաստանի Դաշնության հետ, ոչ միայն այն պատճառով, որ մենք դրա հնարավորությունը և ուժը չունենք, այլև այն պատճառով, որ մենք գնահատում ենք այն ահռելի դրականը, որ եղել է և կա մեր հարաբերությունների մեջ:

Բայց նաև կարևոր է հասկանալ, թե ինչ և ինչու է տեղի ունենում մեր հարաբերություններում, խորքային և հայեցակարգային իմաստով: Իմ գնահատմամբ, տեղի է ունենում նույնը՝ Պատմական Հայաստան-Ռուսաստանի Դաշնություն հարաբերություններից անցում է կատարվում Իրական Հայաստան-Ռուսաստանի Դաշնություն հարաբերությունների: Դա երբեմն նույնքան ցավոտ է, որքան ցավոտ է մեր ներքին տրանսֆորմացիան Պատմական Հայաստանից Իրական Հայաստան: Բայց դա տեղի է ունենում, և պետք է ամեն ինչ անել այս տրանսֆորմացիան պոզիտիվ պատմություններով հագեցնելու համար և մենք Ռուսաստանի Դաշնության հետ նման աշխատանքի պատրաստ ենք: 2018 թվականի մայիսին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ առաջին հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունը եղել է հետևյալը, որ հարաբերությունները հենվելու են միմյանց ինքնիշխանության, պետականության, շահերի և հետաքրքրությունների հարգման վրա: Եվ ես պատրաստ եմ այսպիսի երկխոսության:

Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Հարգելի պատգամավորներ,
Կառավարության հարգելի անդամներ,
Հարգելի ներկաներ,
Սիրելի ժողովուրդ,

2023 թվականին, ինչպես 2020, 2021, 2022 թվականներին մենք քայլել ենք շատ նուրբ և փխրուն եզրով, ունենալով մեր պետականության և անկախության կորստյան երբեմն չգիտակցված, բայց շատ շոշափելի և առարկայական ռիսկը: Բայց ուզում եմ կրկին ընդգծել իմ համոզմունքը, որ մենք այսօր մեր այս սիրելի ու հարազատ պետականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը չէինք ունենա, եթե նախ ինտուիտիվ, ապա ավելի ու ավելի գիտակցված մեր բոլոր գործողությունները չկառուցեինք Իրական Հայաստանի հայեցակարգի վրա: Ճանապարհի շատ կարևոր մասը հաղթահարված է, բայց բոլոր ռիսկերն այսօր էլ առկա են ամենայն սրությամբ: Որքան էլ տարօրինակ հնչի, վերջին տարիների մեր գործելակերպը չպետք է փոխվի և մենք պետք է մեր բոլոր քաղաքականությունները, որոշումները, քայլերը համապատասխանեցնենք Իրական Հայաստանի հայեցակարգի հետ: Ինչը չի համապատասխանում այդ հայեցակարգին՝ պետք է վերանայվի, վերագնահատվի, սա մեր պետության շահերից բխող հրամայական է:

2018 թվականին, երբ ստանձնում էինք Հայաստանի կառավարումը, ինձ համար կարևոր էր ձևակերպել մեր առանցքային և ռազմավարական առաքելությունը: Եվ այդ առաքելությունը ձևակերպված էր այսպես. փոխել Հայաստանի ճակատագրի պատմական ցիկլը, որը բնորոշվում է հետևյալ կերպ. պետականության ձեռքբերում՝ կայսրությունների փլուզման գործընթացում, և պետականության կորուստ՝ կայսրությունների վերականգնման փուլում:

Սա Պատմական Հայաստանի ճակատագրի առնվազն 5 անգամ կրկնված շրջափուլ է, և այս ճակատագիրն է, որ պետք է փոխենք և իմ համոզմամբ՝ դա է մեր պատմական առաքելությունը: Եվ այսօր իմ ամենակարևոր ուղերձը հետևյալն է, որ փոփոխությունը, կրկին, նախ մեր մտքում պետք է տեղի ունենա: Որովհետև, եթե ինքներս չփոխվենք՝ Պատմական Հայաստանի պատմական ճակատագիրը չենք կարող փոխել: Իսկ մենք պիտի կատարենք այդ առաքելությունը և այդ առաքելությունը անցումն է Պատմական Հայաստանից Իրական Հայաստան: Եվ դա տեղի է ունենում հենց այսօր, հենց հիմա:

Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: Շնորհակալություն»: