Factor TV-ի բացառիկ հարցազրույցը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
14.12.2024 | 13:14
Զինված ուժերում իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իմ ամենօրյա ուշադրության ներքո են. ՄԻՊ
14.12.2024 | 12:52
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Factor TV-ի բացառիկ հարցազրույցը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ

Պարո՛ն Գլխավոր քարտուղար, շնորհակալություն այս բացառիկ հնարավորության համար։ Հարավային Կովկաս Ձեր այցը ավարտում եք Հայաստանում։ Ի՞նչ օրակարգով էիք ժամանել և ի՞նչ արդյունքներով եք հեռանում։ Արդյո՞ք մեր ռեգիոնը մտնում է ՆԱՏՕ-ի ընդլայնման ծրագրերում։

Յենս Ստոլտենբերգ – Ես առաջին հերթին Հարավային Կովկաս այցելեցի, որովհետև այս տարածաշրջանը շատ կարևոր է անվտանգության և խաղաղության տեսանկյունից, իհարկե, առաջնահերթորեն՝ այստեղ ապրող ժողովուրդների համար։ Բայց այն չափազանց կարևոր է նաև Եվրոպայի համար, ամբո՛ղջ Եվրոպայի համար։ Խաղաղությունն ու կայունությունը նպաստում են ավելի մեծ ներդրումներին, ավելի լուրջ տնտեսական աճին, բարգավաճմանը, և իհարկե՝ երաշխավորում են կայուն հարևանություն ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար։ Իսկ երբ մեր հարևանները խաղաղ են, մենք էլ ավելի անվտանգ ենք։ Հետևաբար, Հարավկովկասյան երկրները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, բոլորն իրենց տարբեր ձևերով, շատ կարևոր գործընկերներ են ՆԱՏՕ-ի համար։ Մենք էլ մեծապես գնահատում ենք այս շփման հնարավորությունը։

-Պարոն Ալիևը Ձեզ հետ զրույցում խաղաղությունից էր խոսում, սակայն ԼՂ-ի կլանումից և 120.000 Արցախցիների բռնի տեղահանումից հետո անգամ Ադրբեջանը սպառնում է լայնածավալ պատերազմով, եթե Երևանը չզիջի ռուսական հսկողությամբ «Զանգեզուրի միջանցք», անկլավներ։ Ինչպե՞ս եք դուք տեսնում խաղաղության ճարտարապետությունը մեր տարածաշրջանում, անվտանգային ի՞նչ հակակշիռների ու զսպումների առկայության պարագայում է հնարավոր տևական և կայուն խաղաղությունը։

Յենս Ստոլտենբերգ – Նախևառաջ, կարծում եմ խաղաղությունը չափազանց կարևոր է։ Հարատև խաղաղության համաձայնագիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև չափազանց կարևոր է՝ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, և՛ ավելի լայն տարածաշրջանի համար։ Եվրոպայի համար, ընդհանուր առմամբ, սա ազգային անվտանգության հարց է։ Ես վստահ եմ, որ դուք հիմա ավելի մոտ եք խաղաղության համաձայնագրին, քան երբևէ։ Բայց կան խնդիրներ, խոչընդոտներ, որոնք անհրաժեշտ է հաղթահարել, հարցեր, որ անհրաժեշտ է լուծել։ ՆԱՏՕ-ն միջնորդ չէ, հետևաբար, ես չեմ կարող առաջարկություններ դնել բանակցությունների սեղանին, բայց շատ ուշադրությամբ վերլուծել եմ այն ամենը, ինչ լսել եմ Հայաստանից և Ադրբեջանից։ 

Հասկանում եմ, որ դեռ տարբերություններ կան, բայց նաև հնարավորություն կա համաձայնության հասնել՝ հաշվի առնելով այն սկզբունքները, որոնք արդեն համաձայնեցվել են։ Սա ընդգրկում է նաև լիարժեք հարգանքը տարածքային ամբողջականության նկատմամբ՝ հաշվի առնելով այն սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն ենք ձեռք բերել։ Մասնավորապես, երբ սկսվել էին այս քննարկումները և բանակցությունները նաև Պրահայում, իհարկե՝ նաև հաշվի առնելով ՆԱՏՕ-ի այնպիսի գործընկերներին, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ն։ Այսինքն, ՆԱՏՕ-ն իր դաշնակիցներով ներգրավված է այս գործընթացում, խաղաղ համաձայնագրի բանակցման շրջանակում, ինչը կնպաստի և Հայաստանին, և Ադրբեջանին։

 -Ներկայումս Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ըստ ամենայնի՝ առաջիկայում դուրս կգա այդ կազմակերպությունից։ ՀՀ իշխանությունը նաև հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու մտադրության մասին։ Այս լույսի ներքո ի՞նչ կարող է ՀՀ-ին առաջարկել ՆԱՏՕ-ն, ՀՀ հետ համագործակցությունը մինչև ո՞ւր կարող է խորանալ՝ հաշվի առնելով, որ մի  կողմից՝ Հայաստանում կա ռուսական ռազմաբազա, մյուս կողմից՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի գործոնը, որն ամեն կերպ աջակցել և աջակցում է Ադրբեջանի ագրեսիվ նկրտումներին։ 

Յենս Ստոլտենբերգ – Հայաստանը ՆԱՏՕ-ի երկարաժամկետ գործընկերն է։ Գործընկերային ենթակառուցվածքը համաձայնեցված է դեռ 1994 թվականից՝ 30 տարի առաջ։ Իմ այցելությունը տարածաշրջան և մասնավորապես՝ Հայաստան, ևս մեկ անգամ փաստում է ՆԱՏՕ-ի հանձնառությունը՝ խորացնելու մեր գործընկերությունը։ Մենք մեծապես գնահատում ենք այն, ինչ Հայաստանն արել է ՆԱՏՕ-ի առաքելությունների և գործողությունների շրջանակում։ Հայկական ուժերը միշտ ՆԱՏՕ-ի առաքելություններին մասնակցելիս տպավորել են ինձ։ Բայց միաժամանակ, մենք աջակցում ենք պաշտպանության և անվտանգության ենթակառուցվածքի ամրապնդմանը, ժողովրդավարական վերահսկողության իրականացմանը։ 

Նաև՝ մեծապես գնահատում ենք ՆԱՏՕ-ի հիմնարար արժեքներին, այսինքն՝ ժողովրդավարությանը և իրավունքի գերակայությանը Հայաստանի հանձնառությունը։ ՆԱՏՕ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին՝ այս արժեքների ամրապնդման գործընթացում։ ՆԱՏՕ-ի համար չափազանց կարևոր է, որ ցանկացած երկիր, այդ թվում՝ Հայաստանը, իրավունք ունենա իր ճանապարհն ընտրելու։ Հետևաբար, Հայաստանը պետք է որոշի՝ ցանկանում է լինել ՀԱՊԿ-ի անդամ, թե՝ ոչ։ Այնպես, ինչպես Եվրամիության ցանկացած երկիր որոշում է՝ ՆԱՏՕ-ին անդամակցել, թե՝ ոչ։ Մենք հարգում ենք ինքնիշխան, ժողովրդավարական ընտրությունը՝ ժողովրդավարական անկախ երկրների կողմից կայացված։ Ինչ մնում է Եվրամիությանն անդամակցությանը, Հայաստանը պետք է որոշի՝ ցանկանո՞ւմ է անդամակցել, թե՝ ոչ։ Հայաստանը պետք է որոշի՝ ցանկանո՞ւմ է արդյոք ռազմական, անվտանգային նախաձեռնության կամ կազմակերպության մաս լինել։ ՆԱՏՕ-ն հարգում է Հայաստանի որոշումը։ Եվ իհարկե, մենք դիմում ենք նաև Ռուսաստանին, որ հարգի Հայաստանի ցանկացած ինքնիշխան  որոշում, և իհարկե՝ ցանկացած այլ երկրի կողմից կայացված։

-ՆԱՏՕ-ն կարո՞ղ է մասնակցել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի բարեփոխումներին։ Եվ ՆԱՏՕ-ն հնարավոր համարո՞ւմ է դաշինքին Հայաստանի անդամակցությունը՝ դաշինքի ստանդարտներին համապատասխանելու դեպքում։        

Յենս Ստոլտենբերգ – Այսինքն, հարցն այն է՝ Հայաստանին կընդունենք որպես անդամ, թե՝ ո՞չ։ Հայաստանը պետք է որոշի։  Մենք շատ երկրների հետ ենք աշխատել Եվրոպայում, որոնք ՆԱՏՕ-ի սերտ գործընկերներն են, բայց անդամ չեն։ Ֆինլանդիան և Շվեդիան տասնամյակներով ասել են, որ չեն ցանկանում անդամակցել։ Մենք ասել ենք՝ չե՞ք ցանկանում, խնդիր չէ, դա ձեր որոշումն է։ Բայց հետո Ֆինլանդիան և Շվեդիան փոխեցին իրենց միտքը, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո։ Մենք էլ ասացինք՝ շատ լավ, դիրքորոշումը փոխվել է, որոշել եք անդամակցել ՆԱՏՕ-ին։ Նստեցինք բանակցությունների սեղանին, բանակցեցինք պայմանները, հրավիրեցինք և Շվեդիան և Ֆինլանդիան արդեն ՆԱՏՕ-ի անդամներ են։ 

Հետևաբար, ՆԱՏՕ-ի դուռը բաց է։ Մենք դա փաստել ենք, ցուցադրել ենք վերջին տարիների ընթացքում՝ Մոնտենեգրոյում, Հյուսիսային Մակեդոնիայում, Ֆինլանդիայում, Շվեդիայում։ Բայց պարտադրե՞լ, երբե՛ք։ Դա ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություն է և որոշում է։ Քանի դեռ Հայաստանը չի դիմում  անցամակցության, ինչի շուրջ ձեր որոշումը մենք մեծապես հարգում ենք, մենք պատրաստ ենք ավելի շատ անելու որպես գործընկեր, դեռ՝ ոչ որպես դաշնակից։ Վստահ ենք, որ ՆԱՏՕ-ն էլ մեծապես կկարողանա ամրապնդել ձեր  պաշտպանական կառույցները։ Սկսած ականազերծումից մինչև պաշտպանական այլ ուղղություններ համագործակցել ենք Հայաստանի հետ լայնորեն։ Կշարունակենք այդ համագործակցությունը, կփորձենք հասկանալ, թե է՛լ ի՞նչ կարող ենք անել Հայաստանի հետ։       

-Ռեգիոնալ հարցերը շատ կարևոր են, սակայն դրանք զգալիորեն կախված են   Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմի ելքից։ Կա մտավախություն, որ Ուկրաինային հաղթելով՝ Ռուսաստանը անկախությունից կզրկի նաև Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային և Պուտինը կվերականգնի ԽՍՀՄ-ն։ ՆԱՏՕ-ն տեսնո՞ւմ է այսպիսի վտանգ, ինչպես եք տեսնում նման սցենարի կանխարգելումը։ 

Յենս Ստոլտենբերգ – Անկասկած, նախագահ Պուտինը ցանկանում է աշխարհում այնպիսի կարգ ձևավորել, որտեղ Ռուսաստանը կվերահսկի իր հարևաններին, և մենք տեսել ենք այդ փորձը Վրաստանում, ուր աջակցել են անջատողականներին Աբխազիայում և Հարավային Օսեթիայում։ Տեսել ենք նաև Մոլդովայում այսպիսի փորձ, երբ Ռուսաստանն առանց Քիշնևի համաձայնության իր զորքերը պահում է այդ երկրին պատկանող Մերձդնեստրի տարածքում։ Եվ իհարկե, այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում։ Այդ պատերազմը 2022 թվականից չի սկսվել, այդ պատերազմը սկսվել է 2014 թվականից, երբ Ռուսաստանը բռնակցել է Ղրիմը և Արևելյան Դոնբասի տարածքներ վերցրել իր հսկողության տակ։ Իսկ հետո Ռուսաստանը թույլ է տվել միջազգային իրավունքի էլ ավելի կոպիտ խախտումներ։

Այսինքն՝ Ռուսաստանը ցանկանում է բիրտ ուժ գործադրել և շարունակում է գործադրել՝ փորձելով մուտք գործել երկրներ՝ նրանց ճանաչված սահմանները ապօրինաբար հատելով, ինչը տեսանք Ուկրաինայում։ Իհարկե, Ուկրաինա ներխուժումը միջազգային իրավունքի և փաստաթղթերի կոպիտ խախտում է, որոնք Ռուսաստանը ստորագրել է։ Խոսքը, մասնավորապես, Բուդապեշտի հուշագրի մասին է, որով Ռուսաստանը ճանաչել է Ուկրաինան՝ իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով, այդ թվում՝ Դոնբասը և Ղրիմը։ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա նաև Ալմա Աթիի հռչակագրի խախտում է։ Այսինքն, կասկած չկա, որ Ռուսաստանն օգտագործում է բիրտ ուժը՝ փորձելով հարևաններին վերահսկել։ Սա ողբերգություն է ուկրաինացիների համար, այդ պատճառով էլ նրանց օգնում ենք։ Եթե Պուտինը հաղթի Ուկրաինայում, ապա դա վստահաբար վտանգավոր է բոլորիս համար։ Սա ևս մեկ անգամ կարող է փաստել, որ բիրտ ուժ գործադրելը ճիշտ է, ինչի դեմ ենք մենք և բնականաբար՝ օգնում ենք Ուկրաինային, որպեսզի Պուտինը չհաղթի, այլ Ուկրաինան հաղթի՝ որպես անկախ պետություն։              

-Դուք կարո՞ղ եք երաշխավորել, որ Ուկրաինան կստանա անհրաժեշտ աջակցություն՝ իր սուվերենությունը և անկախությունը պաշտպանելու համար։ Այսօր ՆԱՏՕ-ն խուսափում է ուղիղ առճակատումից Ռուսաստանի Դաշնության հետ։ Սակայն ինքներդ նշեցիք, որ ըստ էության, վտանգ է սպառնում նաև հարևան պետություններին։ Չե՞ք միջամտի որպես ռազմական կառույց անգամ այն դեպքում, եթե ՌԴ-ն գրավի Կիևը, վստանգ սպառնա նաև իր հարևանների նկատմամբ։     

Յենս Ստոլտենբերգ – ՆԱՏՕ-ն երկու առաջադրանք ունի, երբ խոսքը Ուկրաինայի մասին է՝ աջակցել Ուկրաինային։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները աննախադեպ աջակցություն են տրամադրել Ուկրաինային, երբ նախագահ Պուտինը ներխուժել է Ուկրաինա՝ 2022 թվականին։ Նա վստահ էր, որ կկարողանա վերահսկողություն ապահովել Ուկրաինայի ամբողջ տարածքի նկատմամբ շատ կարճ ժամանակահատվածում, ինչը տեղի չունեցավ՝ նախ, ուկրաինական զինված ուժերի և ժողովրդի խիզախության շնորհիվ, բայց նաև՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների աջակցության շնորհիվ, որ տրամադրվել էր Ուկրաինային։ 

Մենք էլ կշարունակենք աջակցել Ուկրաինային։ Միաժամանակ, Ուկրաինան ՆԱՏՕ-ի դաշնակից երկիր չէ, հետևաբար, անվտանգային նույն երաշխիքները, որ ասենք՝ Լեհաստանին են տրված, Բալթյան պետություններին են տրված, Ուկրաինային չեն վերաբերվում։ Մենք աջակցում ենք Ուկրաինային, բայց Ուկրաինա զորքեր ուղարկելու պլաններ չունենք։ Մեր առաջադրանքն է՝ աջակցել, և թույլ չտալ, որ պատերազմը վերածվի ավելի խոշոր պատերազմի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև։ 

Հենց այդ պատճառով էլ մենք մեր ռազմական ներկայությունն ավելացնում ենք արևելյան հատվածում՝ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրներում։  Իհարկե, երաշխավորում ենք ՆԱՏՕ-ի դաշնակիցների անվտանգությունը։

 Որպես այդպիսին, 75 տարի կարողանում ենք դա ապահովել այն պահից, երբ ՆԱՏՕ-ն ստեղծվել է, և աջակցում ենք Ուկրաինային, որպեսզի վերջինս պաշտպանվի և կարողանա վերականգնել անկախությունը։