Ադրբեջանի ԱԳՆ-ն Արարատ Միրզոյանին մեղադրել է «հակաադրբեջանական արշավի ու ագրեսիվ հռետորաբանության մեջ»

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտոնական Բաքուն արձագանքելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին՝ մեղադրել է «հակաադրբեջանական արշավի մեջ»։

«Հայկական կողմից իրականացվող հակաադրբեջանական արշավը, միջազգային տարբեր հարթակներում և պարտավորությունների վերաբերյալ խոստումներից խուսափելը, ներառյալ խաղաղ գործընթացի շուրջ բանակցությունները և միջազգային միջնորդների ջանքերը զրոյացնող հռետորաբանությունը ապացուցում են, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության մեջ»,-ասվում է հայտարարությունում։

Բաքուն  ՀՀ ԱԳ նախարարին մեղադրում է ագրեսիվ հռետորաբանության մեջ ու միջազգային  հանրությունից գնահատական պահանջում։

«Հատկապես կարևոր է միջազգային հանրության կողմից համապատասխան գնահատականը Հայաստանի արտգործնախարարի ագրեսիվ հռետորաբանությանը, որը  հայազգի բնակիչներին վերաինտեգրելու Ադրբեջանի ջանքերին աջակցելու փոխարեն ներկայացրել է իր սադրիչ և անտրամաբանական ցանկությունների ցանկն այս ուղղությամբ»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև,որ «Արցախի հայերը չեն կարող գերակա իրավունքներ ունենալ ադրբեջանցի բնակչության նկատմամբ»։

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակելէր Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Արարատ Միրզոյանի մեկնաբանությունները, որոնք ներկայացնում ենք ստորև․

« Հարց. «Երևանում հասկանում են, որ Ղարաբաղի հայերին անհրաժեշտ է համոզել հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ». ինչպե՞ս կարձագանքեք ՌԴ ԱԳ նախարարի այս հայտարարությանը, արդյո՞ք Երևանը շարունակում է պնդել, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար միջազգային մեխանիզմ լինի, թե առանց դրա հանդիպման մասին էր խոսում Ռուսաստանի արտգործնախարարը։

Պատասխան. Տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու համատեքստում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտության վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել։ Բազմիցս ենք ընդգծել, որ այդ հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով, իսկ այդ երկխոսության արդյունավետությունը կարող է երաշխավորվել միայն միջազգային ներգրավածության և գործուն մեխանիզմի միջոցով։

Հարց. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Մոսկվայում կայացած եռակողմ բանակցություններից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքից հասկացվում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների թեման բանակցությունների ընթացքում կապվել է Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության թեմային։ Ինչպե՞ս է պաշտոնական Երևանը մեկնաբանում այս հայտարարությունը։

Պատասխան. Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման խնդիրը մշտապես եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության անկյունաքարը, և հուլիսի 25-ին Մոսկվայում ու մինչ այդ այլ մայրաքաղաքներում Ադրբեջանի հետ տեղի ունեցած բանակցությունների ժամանակ հայկական կողմը բարձրացրել է և շարունակում է բարձրացնել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման հարցը։

Այն, ըստ էության, արձանագրված է նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որտեղ առանձնահատուկ կերպով նշված են թե՛ Լեռնային Ղարաբաղ, թե՛ Լեռնային Ղարաբաղի տարածք, թե՛ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գիծ հասկացությունները: Նույն եռակողմ հայտարարության յոթերորդ կետը սահմանում է նաև փախստականների վերադարձ Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ, ինչը մինչ օրս չի իրականացվել Ադրբեջանի կողմից։ Խոսքն այստեղ վերաբերում է, այդ թվում՝ Հադրութի, Շուշիի, Մարտակերտի, Ասկերանի, Շահումյանի, Գետաշենի շրջաններին:

Իհարկե, հայկական կողմն արձանագրում է նաև դեռևս 1988-1991թթ Ադրբեջանի տարբեր բնակավայրերից, մասնավորապես Բաքվից, Կիրովաբադից, Սումգայիթից և այլ վայրերից, մինչ այդ նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից բռնի տեղահանված հայերի իրավունքները, նրանց կողմից բարձրաձայնվող խնդիրները։

Այնուամենայնիվ, Լեռնային Ղարանաղի հայերի՝ տեղի բնիկ ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման խնդիրն իր խորքային բովանդակությամբ ամբողջապես տարբերվող և որևէ զուգահեռ չունեցող հիմնահարց է։ Այն որևէ կերպ չի կարող փոխկապակցվածություն ունենալ այլ, այդ թվում և՝ Հայաստանի Հանրապետությունում «բնակվող քաղաքացիների» (ՌԴ արտգործխնախարարի բառերով)՝ միջազգային պարտավորություններով նախատեսված և ՀՀ կողմից լիարժեքորեն ապահովվող իրավունքների թեմայի հետ։ Ըստ այդմ, մոսկովյան վերջին եռակողմ հանդիպման ընթացքում այս տրամաբանությունից դուրս քննարկում և առավել ևս համաձայնություն չի եղել:

Հարց. Ադրբեջանական կողմը, հղում անելով հուլիսի 15-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը հաջորդած Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, պնդում է, որ համաձայնություն է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխումն ապահովելու շուրջ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները։

Պատասխան. Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը դեռևս 2020թ. նոյմեբրի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորվածություն են ձեռք բերել Լաչինի միջանցքի վերաբերյալ, և այդ համաձայնության տակ առկա է նշյալ երեք երկրների ղեկավարների ստորագրությունները։

Մենք վերահաստատում ենք մեր սկզբունքային դիրքորոշումը, որ Լաչինի միջանցքի անօրինական արգելափակումը պետք է վերացվի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը պետք է վերականգնվի։ Հայաստանի Հանրապետությունն իրավասություն չունի և չի կարող քննարկել Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր։

Հատկանշական է, որ միջազգային գործընկերներն իրենց հանրային հայտարարություններում ևս ընդգծել են, որ Լաչինի միջանցքի արգելափակման վերացումն այլընտրանք չունի և որ այլ ճանապարհներին զանազան անդրադարձերը չեն կարող դիտվել որպես այլընտրանք Լաչինի միջանցքի արգելափակման վերացմանը, որն Ադրբեջանի ուղղակի պարտավորությունն է:

Այս առումով ավելորդ չէ կրկին հիշեցնել ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավաբական պարտադիր ուժ ունեցող որոշումների մասին, որոնք աներկբայորեն վերահաստատում են մեր նշյալ դիրքորոշումը»։