Արցախը հայտարարում եմ աղետի գոտի՝ ակնկալելով միջազգային հրատապ արձագանք․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
13.12.2024 | 20:00
Մի հանցագործ էլ Նիկոլ Փաշինյանն է, որ ՔՊ ժողովում քննարկման է դրել Աղազարյանի անձնական կյանքը, անբարո քայլ է․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:44
Արաբական երկրների և Թուրքիայի ԱԳ նախարարները կհավաքվեն Հորդանանում՝ քննարկելու Սիրիայում ճգնաժամը
13.12.2024 | 19:30
«Օրերով ջուր չի լինում», «Լույսը տանում են, մրսում ենք»․ հարցում՝ հանրային ծառայությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:15
Ինչպես է ոչնչացվում «ԳՈՒՄ»-ի շուկայից առգրավված միսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 19:00
Օղակը սեղմվում է Իրանի շուրջ․ ՀՀ-ի համար սարսափելի հետևանքներ կարող է ունենալ սա․ Սուրեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 18:50
Ուկրաինայի ինը էներգաբլոկներից հինգը կրճատել է հզորությունը ռուսական հարվածներից հետո. ՄԱԳԱՏԷ
13.12.2024 | 18:41
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ
13.12.2024 | 18:30
Կրասնոդարում դպրոցականների վրա դանակով հարձակված ՀՀ քաղաքացի դեռահասի ծնողները կվտարվեն ՌԴ-ից
13.12.2024 | 18:14
Պեսկովը՝ Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպման մասին, ՈՒԵՖԱ-ն 37,500 եվրոյով տուգանել է ՀՖՖ-ին․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 18:12
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
13.12.2024 | 18:05
Սիրիայում ԱՄՆ-ի քուրդ դաշնակիցները դադարեցնում են ԻԼԻՊ-ի դեմ գործողությունները՝ Թուրքիայի կողմից աջակցվող խմբերի սպառնալիքների պատճառով
13.12.2024 | 17:52
«Վրացական երազանքն» անջատել է նախագահի նստավայրի ջեռուցումը․ Խազարաձե
13.12.2024 | 17:40
Փոխզիջումային լուծումներ են պետք․ Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շրջափակման հետևանքով մենք այսօր գտնվում ենք հումանիտար աղետի պայմաններում, որը դրսևորվում է կյանքի բոլոր ոլորտներում՝ սննդից մինչև առողջապահություն, գյուղատնտեսությունից մինչև կրթություն: Արդեն արձանագրվում են շրջափակման ուղղակի ու անուղղակի հետևանքով մարդկային մահեր՝ նորածին երեխաներից մինչև տարեց քրոնիկ հիվանդներ: Այս մասին ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ասուլիսի բացման խոսքում։

«Ես ծանոթագրական խոսքս կբաժանեմ երեք հիմնական մասի՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) շրջափակում, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտություն և միջազգային հանրությունից ակնկալիքներ:

225-օրյա շրջափակում ու 40-օրյա պաշարում

Արդեն ներկայացվել է Արցախի շրջափակման նախապատմությունն ու համատեքստը: Հստակ է, որ Ադրբեջանը, միջազգային անպատժելիության պայմաններում, շարունակաբար խստացնում է Արցախի ժողովրդի դեմ իրականացվող բռնաճնշումները՝ էթնիկ զտման անթաքույց նպատակով և էթնիկ ատելության ու խտրականության քաղաքականության հիմքով:
Այս ընթացքում, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդունել են իրավական և քաղաքական պարտադիր ուժ ունեցող վճիռներ Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների և բեռների անխափան, երկկողմանի տեղաշարժի ապահովման վերաբերյալ: Բացի այդ, Եվրախորհրդարանը, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը, տարբեր պետությունների օրենսդիր և գործադիր իշխանությունները, հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հստակ պահանջներ և կոչեր են ուղղել Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել Արցախի շրջափակումը և զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիիրառման սպառնալիքներից: Այնուամենայնիվ, Ադրբեջանը ոչ միայն անտեսել է դատարանների որոշումներն ու միջազգային հանրության պահանջները, այլև՝ գնալով ընդլայնել և խորացրել է շրջափակումն ու ռազմական սպառնալիքները:
1. Շրջափակման նպատակները. Արցախի շրջափակման միջոցով Ադրբեջանը հետապնդում է մի շարք նպատակներ, այդ թվում՝
• Երկարաժամկետ. Ձերբազատվել Արցախի ժողովրդից՝ իրականացնելով Արցախի ամբողջական էթնիկ զտում և ուժի միջոցով փակելով հակամարտության էջը.
• Միջնաժամկետ. Բռնի կերպով հպատակեցնել Արցախի ժողովրդին, կազմաքանդել Արցախի Հանրապետությունը և դրա դիմադրողականության համակարգերը, Արցախի բնակչությանը մղել արտագաղթի, փլուզել Արցախի տնտեսությունը, ձեռք բերել լրացուցիչ ճնշման միջոց Հայաստանի վրա, մասնավորապես, Ադրբեջանի ու Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով արտատարածքային ճանապարհ ձեռք բերելու նպատակով.
• Կարճաժամկետ. Արցախի ժողովրդին ենթարկել հոգեբանական ահաբեկչության, մշտական վերահսկողություն սահմանել Արցախի մուտքի և ելքի հանդեպ, ստեղծել անտանելի պայմաններ Արցախում ապրելու համար, փորձարկել և հատել հայկական կողմերի կարմիր գծերը, հեղինակազրկել անվտանգության և կայունության միջազգային և տարածաշրջանային երաշխիքները.

2. Շրջափակման ձևերը.
• Մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժի արգելաափակում:
• Ենթակառուցվածքների, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի, գազի, ջրամատակարարման և կապի խաթարում։
• Անվտանգային շրջափակում՝ հաճախակի հարձակումներ ու սադրանքներ, տարածքների ինտենսիվ ռազմականացում, կրակոցներ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց ուղղությամբ:
• Հոգեբանական շրջափակում՝ ագրեսիվ հռետորաբանություն, ուժի և ուժի սպառնալիքի կիրառում, անորոշության և վախի մնթնոլորտի ստեղծում:
• Տեղեկատվական շրջափակում՝ ապատեղեկատվության և կեղծ լուրերի տարածում, միջազգային փաստահավաք առաքելությունների, լրագրողների, հումանիտար կազմակերպությունների մուտքի արգելափակում:

3. Շրջափակման հետևանքները. շրջափակման հետևանքով մենք այսօր գտնվում ենք հումանիտար աղետի պայմաններում, որը դրսևորվում է կյանքի բոլոր ոլորտներում՝ սննդից մինչև առողջապահություն, գյուղատնտեսությունից մինչև կրթություն: Արդեն արձանագրվում են շրջափակման ուղղակի ու անուղղակի հետևանքով մարդկային մահեր՝ նորածին երեխաներից մինչև տարեց քրոնիկ հիվանդներ:

• Սննդի մեծ սղություն կա, քանի որ շրջափակումից առաջ Արցախում օգտագործվող սննդի մոտ 90%-ը ներկրվում էր Հայաստանից: 40 օր է ոչ մի կիլոգրամ սնունդ չի մտել Արցախ, իսկ տեղական սահմանափակ արտադրանքը և դրա մատակարարումը մեծապես տուժել են վառելիքի ու այլ անհրաժեշտ նյութերի բացակայությունից:
• Վառելիքի ու այլ անհրաժեշտ նյութերի ու պարագաների գրեթե բացակայության պատճառով չեն կատարվել գյուղատնտեսական աշխատանքների 80%-ը, նույնիսկ հացահատիկի բերքահավաքը կազմակերպվել է խիստ մասնակի ծավալով, դադարել են նույնիսկ շրջափակման ընթացքում մասնակիորեն գործող տնտեսական ձեռնարկությունները, գրեթե ամբողջությամբ դադարել է հանրային տրանսպորտը, խիստ դժվարությամբ են աշխատում առողջապահական ու այլ առաջին անհրաժեշտության ծառայությունները:
• Առողջապահական համակարգում տարբեր դեղատեսակներ սպառվել են, մնացած մասը՝ հասնում են ծայրահեղ սահմանաչափի՝ ռիսկի տակ դնելով մարդկանց կյանքն ու առողջությունը, կրկնապատկվել են չծնված ու նորածին երեխաների մահվան ու բարդյություններով ծնվելու դեպքերը, հղիների շրջանում սակավարյունությունը հասել է 90%-ի, դադարել են բոլոր պլանային հետազոտություններն ու վիրահատությունները, հարյուրավոր բուժառուներ չեն կարողանում մեկնել Հայաստան ու արտասահման՝ բուժման նպատակով, էլեկտրամատակարարման ամենօրյա խափանումների ու անհրաժեշտ սպասարկման բացակայության պատճառով շարքից դուրս են գալիս բժշկական կարևոր սարքավորումները:
• Ջեռուցման ու սննդի խնդիրների պատճառով տարբեր ժամանակահատվածներում լրիվությամբ կամ մասնակի փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները, հոգեբանական ահաբեկչության ու թերսնման պատճառով մեծապես տուժել է երեխաների ընկալունակությունն ու առաջադիմությունը, հարյուրավոր ուսանողներ չեն կարողանում մեկնել Հայաստան և արտասահման՝ կրթության շարունակման նպատակով:
• Արդեն 196 օր է, ինչ Ադրբեջանը խափանում է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, ինչի հետևանքով ամեն օր առնվազն վեց ժամով հովհարային անջատումներ են տեղի ունենում, իսկ տնտեսական բազմաթիվ ձեռնարկություններ դադարել են գործելուց: Իսկ գազամատակարարումը ամբողջությամբ դադարեցված է արդեն 158 օր շարունակ՝ հանգեցնելով բազմաթիվ սոցիալ-տնտեսական հետևանքների:
• Մասնավոր հատվածում Փակվել են բոլոր արտադրամասերը, գրեթե ամբողջությամբ փակվել են բոլոր ծառայություններ մատուցող ընկերությունները, մասնավոր հատվածում աշխատողների ավելի քան 80%-ը դարձել է գործազուրկ, որը ավելի քան 15,000 մարդ է, դադարել են 3,700 բնակարանների կառուցման աշխատանքները, որոնք նախատեսված էին 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների համար, տնտեսության ուղիղ վնասը կազմել է շուրջ 430 միլիոն դոլար, որը նախատեսված տարեկան ՀՆԱ-ի շուրջ 50%-ն է:
4. Շրջափակման գնահատականները.
Ադրբեջանը միտումնավոր կերպով ստեղծում է Արցախի ժողովրդի համար կյանքի այնպիսի պայմաններ, որոնք ուղղված են Արցախի ժողովրդի լրիվ կամ մասնակի ոչնչացմանը։ Միջազգային իրավունքը որակում է նման քաղաքականությունը որպես ցեղասպանություն և պարտավորեցնում միջազգային հանրության բոլոր պետություններին քայլեր ձեռնարկել՝ կանխարգելելու ցեղասպանության հանցագործությունը։
Ադրբեջանի պնդումները, թե Արցախի հարցը հանդիսանում է իր ներքին գործ, հիշեցնում է Նացիստական Գերմանիայի ղեկավարության արդարացումները Նյուրնբերգյան դատավարության ժամանակ, երբ զանգվածային սպանությունները նույնպես որակվում էին որպես ներքին գործ։ Քաղաքակիրթ միջազգային հանրությունը չընդունեց նման արդարացումները և մերժեց ներքին գործերի պատրվակով մարդու իրավունքների զանգվածային խախտումներ իրականացնելու իրավունքի գոյությունը։
Միջազգային հանրության կողմից վճռական գործողությունների ուշացումը օր օրի մոտեցնում է անդառնալիության կետը։

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտություն
Հակամարտությունը չի կարող համարվել լուծված, քանի դեռ չեն լուծվել դրա հիմքում ընկած քաղաքական հիմնախնդիրները, այն է՝ Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների, ներառյալ ինքնորոշման իրավունքի ճանաչման ու պաշտպանության հետ կապված խնդիրները:
Միևնույն ժամանակ անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։ Արցախի Հանրապետությունը միշտ բաց է եղել Ադրբեջանի հետ բանակցությունների համար՝ հասնելու հակամարտության հավասարակշռված, արդար և արժանապատիվ կարգավորման: Ելնում ենք նրանից, որ բանակցությունները պետք է անցկացվեն համապատասխան մանդատով օժտված, համաձայնեցված միջազգային ձևաչափի շրջանակներում: Դա թույլ կտա ապահովել միջազգային հանրության գործուն մասնակցությունը բանակցային գործընթացին և դրա լեգիտիմությունը:
Բանակցությունները պետք է հիմնված լինեն երկու կողմերի՝ տարաձայնությունները բարեխղճորեն կարգավորելու անկեղծ ցանկության վրա: Դա չպետք է ցուցադրական բնույթ կրի՝ կողմերից մեկի կամքը մյուսին պարտադրելու նպատակով:
Բանակցային գործընթացի շրջանակներում միջազգային հանրությունը պետք է երաշխավորի, որ ուժ կամ ուժի սպառնալիք չի կիրառվի: Անհարժեշտ են նաև միջազգային երաշխիքների գործուն մեխանիզմներ, որոնք կապահովեն կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը:
Ծայրաստիճան կարևոր է, որ կողմերը զերծ մնան միակողմանի պարտադրանքի միջոցների կիրառումից, ներառյալ՝ քաղաքական, ռազմական և ցանկացած այլ ճնշման միջոցները: Բանակցությունների նպատակը պետք է լինի ոչ թե վերջնագրերի օրինականացումը կամ պարտադրումը, այլ համագործակցության մթնոլորտի ձևավորումը:
Մարդկանց տառապաքներն առևտրի առարկա դարձնելն անթույլատրելի է: Արցախի տրանսպորտային և էներգետիկ շրջափակումը, որի նպատակը նրա ժողովրդին առավելագույնս զրկանքների ենթարկելն է, պետք է անհապաղ և անվերապահորեն դադարեցվի՝ համաձայն Միջազգային դատարանների որոշումներին և արդարության սկզբունքների:
Շրջափակման դադարեցումը և մարդկանց տառապանքների թեթևացումը անհրաժեշտ նվազագույն նախադրյալներ կստեղծեն բանակցությունները սկսելու համար և առավել բարենպաստ պայմաններ կձևավորեն բովանդակալից քննարկումների համար:
Բանակցային գործընթացի հիմքում պետք է բացառապես լինեն միջազգային իրավունքի նորմերն ու համընդհանուր արժեքները, ինչպիսիք են՝ արդարությունը, արժանապատվությունը և իրավահավասարությունը: Ցանկացած արհեստական սահմաններ, որոնք կարող են կանխորոշել բանակցությունների արդյունքը, պետք է բացառվեն:
Կարևոր է ընդգծել, որ խաղաղ գործընթացի առանցքային հարցերից մեկը եղել և շարունակում է մնալ Արցախի կարգավիճակի հարցը, որը, միջազգային իրավունքի տեսանկյունից, շարունակում է մնալ չլուծված: Մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ցեղասպանության կանխարգելման անհրաժեշտությունը անառարկելի հիմք են ապահովում արտաքին ինքնորոշման ապահովման ու ճանաչման համար՝ «անջատում հանուն փրկության» կոնցեպտի հիման վրա: Այդ սկզբունքն իր կարևոր տեղն է ունեցել 1991 թվականին, երբ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջանի խորհուրդները հռչակել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ միջազգային իրավունքի և ԽՍՀՄ օրենսդրության հիման վրա:

Միջազգային հանրությունից ակնկալիքները
Հաշվի առնելով առկա ծանրագույն վիճակը և ահագնացող սպառնալիքները մեր ժողովրդի ֆիզիկական գոյության դեմ՝ այսօր Արցախը հայտարարում եմ աղետի գոտի՝ ակնկալելով միջազգային հրատապ արձագանք և անվտանգային, քաղաքական ու հումանիտար աջակցություն միջազգային հանրությունից՝ կոլեկտիվ և անհատական կերպով: Արցախն այժմ աշխարհում միակ տարածքն է, որը գտնվում է լիակատար մեկուսացման ու պաշարման մեջ՝ առանց որևէ հումանիտար օգնության ու միջազգային ներկայության: Եթե նույնիսկ աղետի գոտի հայտարարելու պայմաններում միջազգային հրատապ աջակցություն չլինի, ապա Արցախը կարելի է հանգիստ կերպով համարել որպես համակենտրոնացման ճամբար՝ իր բոլոր հետևանքներով հանդերձ:
Նամակներ եմ հղել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահներին, որոնք նաև հանդիսանում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, ինչպես նաև ՄԱԿ-ի գործակալություններին, մանրամասն նկարագրել Արցախում տիրող հումանիտար իրավիճակը և պահանջելով իրականացնել գործում քայլեր իրավիճակին համարժեք արձագանքնելու համար։
Հասունացել է միակողմանի քայլեր ձեռնարկելու պահը՝ որպես զանգվածային հանցագործությունը կանխարգելելու վերջին միջոց։ Իհարկե, առաջին հերթին 2020թ. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերից ու հատկապես Ռուսաստանից ունենք պահանջներ՝ կատարելու անվտանգության երաշխավորի պարտավորությունները, իսկ հատկապես Հայաստանից էլ պահանջում ենք, որ զերծ մնա Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ հայտարարությունից ու գործողությունից՝ հարգելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
Պահանջում ենք ՄԱԿ-ի Անվտագության խորհրդից իր մանդատի և պարտավորությունների շրջանակում վճռական քայլեր ձեռնարկել՝ կանխարգելելու Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությունը և ապահովել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Լաչինի միջանցքի բացման որոշումների կատարումը:
Այս կապակցությամբ, հրատապ եմ համարում Միավորված ազգերի կազմակերպության, նրա ողջ համակարգի և գործակալությունների ներգրավվածությունը, որոնք հատուկ լիազորված են գործել հումանիտար ճգնաժամերի իրավիճակներում։
Պահանջում եմ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարից դրսևորել բարոյական և քաղաքական պատասխանատվություն և առաջնորդություն՝ միջազգային հանրությանը զգուշացնելու Արցախի ժողովրդի ծանր վիճակի մասին։ Պահանջում եմ պարոն Գուտերեշից առանց հապաղելու և առանց վարանելու գործի դնել ՄԱԿ-ի համակարգը այս ճգնաժամը լուծելու համար: Ես պատրաստ եմ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, պարոն Գոտերեշին անձամբ ներկայացնել Արցախում տիրող հումանիտար իրավիճակը առցանց ձևաչափով։
Պահանջում եմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով, ինչպես նաև քաղաքական և խաղաղաշինության հարցերով տեղակալներից գործել հիմա։ Բարձրաձայնել Արցախում ճգնաժամի մասին և պահանջել միջազգային հանրության կողմից անհապաղ ջանքերի գործադրումը՝ Արցախում ՄԱԿ-ի մուտքի մանդատ տալու և ներկայության համար:
Պահանջում եմ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեններից, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենից հետևել իրենց մանդատին ու պարտականություններին՝ պահանջել իրենց ներկայությունն Արցախում՝ ը Արցախի ժողովրդին տեղում հրատապ ու նաև շարունակական օգնություն ցուցաբերելու նպատակով:
Ներգրավված դերակատարներից պահանջում ենք դադարեցնել աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի հանցավոր օրակարգին, ինչը միայն խորացնում է անմեղ մարդկանց տառապանքները և կոչ ենք անում կոնկրետ քայլերի իրականացում՝ երաշխավորելու բարենպաստ միջավայր Արցախի ժողովրդի կայուն անվտանգության և հակամարտության խաղաղ ու արդարացի կարգավորման համար:
Այսօր ցեղասպանությունների և այլ զանգվածային հանցագործությունների կանխարգելումը միջազգային հանրության կողմից ստանձնած պարտավորություն է։ Անընդունելի է, որ ցեղասպանության կանխարգելման պարտավորությունը արտահայտվի միայն կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելու պատրաստակամությամբ։ Միջազգային հանրությունը և առաջին հերթին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որին անդամակցում են նաև ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահ երկրները, և որը պատասխանատու է միջազգային խաղաղության և անվտանգության համար, այդ թվում զանգվածային հանցագործությունների կանխարգելման համար, տիրապետում է թե մանդատով, թե անհրաժեշտ գործիքակազմով, թե պարտավորությամբ՝ կասեցնելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը։
Վերջիվերջո, Ադրբեջանի միջազգային անպատժելիությունը պետք է մեկ օր կասեցվի, այլապես այն ծնելու է նորանոր դաժանագույն հանցագործություններ, որոնց շեմին ենք գտնվում այժմ»,- նշված է ԱՀ նախագահի մամուլի հաղորդագրության մեջ: