Երուսաղեմի Հայոց պատրիարքը վարձակալության է տվել հայկական թաղամասի հողերը․ տեղի հայերը վրդովված են

Լուրեր

08.10.2026 | 11:11
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

BBC-ի ռուսական ծառայությունն անդրադարձել է Երուսաղեմում հայոց եկեղեցուն պատկանող հողերի խնդրին։ Լրատվականը գրում է, որ հայերն այստեղ եկել են դեռևս 4-րդ դարում, երբ առաջինը քրիստոնեությունը ճանաչել են որպես պետական կրոն։

Հայոց եկեղեցին մասնաբաժին ունի Երուսաղեմի պատմական վայրերում, որոնք առավել հարգված են քրիստոնյաների կողմից, իսկ Հին քաղաքի պարիսպների ներսում՝ հարավ-արևմտյան մասում, կա մի ամբողջ հայկական թաղամաս, որն ունի մոտ 2 հազար բնակիչ։

Լրատվամիջոցը նշում է, որ Երուսաղեմի հայ համայնքի անդորրը խախտել են անշարժ գույքի գործարքի մասին հաղորդումները՝ կնքված եկեղեցու ղեկավարության կողմից։

«Սա նման է գլուխկոտրուկի»,- ասել է հասարակական ակտիվիստ Հակոբ Ջերնազյանը՝ նշելով, որ փորձում են հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։

Օրերս տեղեկություն էր տարածվել, որ Հին քաղաքում Հայկական թաղամասի մեկ քառորդը 99 տարով վարձակալության է տրվել հրեական ծագումով ավստրալացի առեղծվածային մի գործարարի՝ էլիտար շինարարության համար։ Մասնավորապես, փոխանցված տարածքում գտնվում է մեծ ավտոկայանատեղի՝ Հին քաղաքի չկառուցված վայրերից մեկը: Շատ հայեր հույս ունեին, որ այդ վայրը կարող է օգտագործվել համայնքի երիտասարդների համար մատչելի բնակարանների կառուցման նպատակով։

Կառուցապատման ծրագիրը, որը Հակոբը և համայնքի մյուս անդամները տեսել են միայն ոչ պաշտոնապես, ներառում է օսմանյան ոճով շենքի կառուցում, որտեղ նախատեսվում են բնակարաններ հինգ հայ ընտանիքների համար, ինչպես նաև ռեստորան, խանութներ և ճեմարան: Շատերը մտավախություն ունեն, որ դա կարող է երկարաժամկետ հեռանկարում թաղամասը դարձնել ավելի քիչ բնակելի:

«Սա պատմական հող է, որը մեզ է պատկանել 700 տարի։ Մեկ ստորագրության պատճառով դրա կորուստը կազդի մեր մշակույթի և բնականոն կյանքի վրա։ Դա կփոխի ստատուս քվոն, Երուսաղեմի ամբողջ խճանկարը»,-ասել է Հակոբը։

Զատկի տոնակատարությունից հետո Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը խոստովանել է, որ ստորագրել է հողի վարձակալության պայմանագիրը, սակայն ասել, որ իր ենթակայի՝ տեղի եկեղեցու քահանայի խաբեության զոհն է դարձել։ Արդյունքում քահանան պաշտոնանկ է արվել և խայտառակ կերպով վտարվել հայկական թաղամասից, որտեղից նրան հանել են իսրայելական ոստիկանության պաշտպանության և «դավաճան» բացականչությունների ներքո։

Բազմաթիվ հայեր այժմ ամեն շաբաթ դուրս են գալիս բողոքի ցույցի, ձեռք ձեռքի բռնած և պատրիարքի պատուհանի տակ ազգային երգեր երգելով՝ պահանջելով չեղարկել գործարքը։

Վերջին շրջանում արմատական ​​հուդայականների կողմից Երուսաղեմում քրիստոնյաների վրա հաճախակի հարձակումների ֆոնին որոշ հայեր կարծում են, որ գործարքի արդյունքում Երուսաղեմի բոլոր քրիստոնյաները կտուժեն։

«Քաղաքի կերպարը, նրա բնույթը շատ է փոխվում»,- ասել է Հին քաղաքի բնակիչ Արդան:

Նրա խոսքով՝ վերջին քաղաքական որոշումների կապակցությամբ Իսրայելում կրոնական ազգայնականներն արդեն ուրախացել են։

Երուսաղեմից վտարված քահանա Բարետ Երեցյանը գաղթել է ԱՄՆ, որտեղ հարցազրույց է տվել տեղի լրագրողներին։ Նա կտրականապես հերքում է, որ կառուցապատողը (որոշ փաստաթղթերում նշվում է որպես Դենի Ռոթման, իսկ որոշներում՝ Դանիել Ռուբինշտեյն) առաջնորդվում է գաղափարական դրդապատճառներով։

Սակայն պաղեստինյան քրիտոնեական առաջնորդները նշում են, որ այդ գործարքը ցանկացած պարագայում քաղաքական հետևանքներ կունենա։

«Դա խաթարում է Երուսաղեմի պատկանելության հարցը քաղաքական ճանապարհով լուծելու հնարավորությունը։ Միջազգային իրավունքի համաձայն՝ հենց օկուպացված հողում են բանակցություններ տարվում, դա միայն ամրապնդում է անօրինական հրեա վերաբնակիչների դիրքերը պաղեստինյան Արևելյան Երուսաղեմում»,- ասել է Սուրբ հողի ազգային քրիստոնեական կոալիցիայի ղեկավար Դիմիտրի Դիլիանին։

Իսրայելի ԱԳՆ-ն էլ հայտնել է, որ տեղյակ է Հայոց պատրիարքի գործարքի մասին, սակայն հրաժարվել է մեկնաբանություններ տալ՝ հարցի քաղաքական զգայունության պատճառով:

Էմմա Չոբանյան