ՀՀ Սահմանադրական դատարանը չի պաշտպանում տեղեկատվություն ստանալու իրավունքը․ ՀՔԱՎ

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2021 թ. հունվարի 18-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարին՝ խնդրելով տրամադրել ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերում կին աշխատակիցների ընդհանուր թվի մասին տեղեկություններ․ տեղեկացնում են ՀՔԱՎ-ից։

«Պաշտպանության նախարարությունը մերժել էր տեղեկատվության տրամադրումը՝ պատճառաբանելով, որ այն հանդիսանում է պետական և ծառայողական գաղտնիք՝ հղում անելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի, «Հայաստանի Հանրապետության պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 13.03.1998 թ. N 173 որոշմամբ հաստատված ցանկի «Ռազմական բնագավառի տեղեկությունները» մասի 3-րդ, 4-րդ, 8-րդ կետերի և «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկը հաստատելու մասին» ՀՀ պաշտպանության նախարարի 09.07.2015 թ. N 9-Ն հրամանով հաստատված ցանկի 23-րդ կետին և 10-րդ մասերին։ Պաշտպանության նախարարության կողմից տեղեկատվություն տրամադրելու մերժումը Կազմակերպությունը բողոքարկել էր դատական կարգով, նախ՝ ՀՀ վարչական դատարան, այնուհետև՝ ՀՀ վերաքննիչ վարչական և վճռաբեկ դատարաններ։ Կազմակերպությունը հիմնավորել էր, որ պահանջվող տեղեկությունն իր բնույթով չի հանդիսանում ժողովրդավարական պետության անվտանգության նկատառումներով պաշտպանության ենթակա պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկություն, տեղեկատվության տրամադրումը վնաս չի պատճառում պետական անվտանգությանը և տեղեկատվության տրամադրման մերժումը Պաշտպանության նախարարության կողմից ոչ իրավաչափ է, քանի որ տեղեկատվության տրամադրման սահմանափակումը չի բխում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հայեցակարգից, այն է՝ «տեղեկատվություն տնօրինողը, (…), մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա՝ պարունակում է պետական, բանկային, առևտրային գաղտնիք կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն»։

Տեղեկատվություն ստանալու պահանջի իրավաչափ լինելու հանգամանքը, ի թիվս ներպետական իրավական կարգավորումների (ՀՀ Սահմանադրության 3-րդ, 42-րդ, 52-րդ հոդվածներ, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված, ՀՀ Սահմանադրական դատարանի 06.03.2012 թ. թիվ ՍԴՈ1010 և այլ որոշումներ), Կազմակերպությունը հիմնավորել էր նաև պետության ստանձնած միջազգային պարտավորություններով երաշխավորված տեղեկատվություն ստանալու իրավունքն ամրագրող մի շարք միջազգային իրավական փաստաթղթերով (Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի 19-րդ, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 10-րդ, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային համաձայնագրի 19-րդ հոդվածներ, «Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին» կոնվենցիա և այլ փաստաթղթեր), «Ազգային անվտանգության և տեղեկատվության իրավունքի միջազգային սկզբունքներ»-ով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով։ Կազմակերպությունը դատարանների ուշադրությունն էր հրավիրել հատկապես այն հանգամանքին, որ քաղաքացիական վերահսկողությունից դուրս է մնում հանրային իշխանության մարմինների մի կարևոր ոլորտ, ինչն անհամատեղելի է իրավական և ժողովրդավարական հասարակությունում գործող հիմնարար սկզբունքների հետ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ տեղեկություններ փնտրելու և ստանալու ազատությունը, այսինքն հանրային տեղեկատվության մատչելիությունը ժողովրդավարության և հանրության առջև պատասխանատու պետական կառավարման թափանցիկության էական նախապայմաններից է. հասարակական կարծիքի միջոցով իրականացվող ժողովրդավարական վերահսկողությունը խթանում է պետական իշխանության գործողությունների թափանցիկությունը և նպաստում պետական մարմինների ու պաշտոնատար անձանց հաշվետու գործունեությանը:

Վարչական դատարանի 30 հունիսի 2021 թ. վճռով Կազմակերպության հայցը մերժվել էր։ Վարչական դատարանը գտել էր, որ Կազմակերպության կողմից պահանջվող տեղեկությունը «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դասվում է ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին և համարվում է գաղտնի տեղեկություն, «Հետևաբար ՀՀ պաշտպանության նախարարությունը իրավաչափորեն մերժել է հայցվորին տրամադրել պահանջվող տեղեկությունը»։

Վարչական դատարանի վճիռը Կազմակերպությունը բողոքարկել էր Վերաքննիչ վարչական դատարան։ Քննելով վերաքննիչ բողոքը, Վերաքննիչ դառարանն արձանագրել էր, որ Կազմակերպության կողմից պահանջվող տեղեկատվությունը պարունակում է ՀՀ և Արցախի զինված ուժերում իգական սեռի աշխատակիցների ընդհանուր թվակազմի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու պահանջ, որպիսի տեղեկատվության տրամադրումը ենթադրում է պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվության գաղտնազերծում, ինչը բավարար է տեղեկատվություն տնօրինողի կողմից հայցվող տեղեկության տրամադրումը մերժելու համար։ Վերաքննիչ դատարանը 30 հունիսի 2022 թ. որոշում էր կայացրել Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժելու մասին։

Կազմակերպությունը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացրել էր վճռաբեկ բողոք։ Որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք, ի թիվս մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումը, Կազմակերպությունը հիմնավորել էր, որ այս գործով Վարչական և Վերաքննիչ դատարանների կիրառած նյութական իրավունքի նորմերի, այն է՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի և 8-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի, 9-րդ հոդվածի 1-ին մասի և 12-րդ հոդվածի 3-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։ Մասնավորապես, ՀՀ-ն վավերացնելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան, ըստ էության, ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պարտադիր իրավազորությունը։ Բացի այդ, ՀՀ-ն միացել է տեղեկատվության ազատության իրավունքն արտացոլող հիմական միջազգային իրավական փաստաթղթերին, սակայն ինչպես այս գործի, այնպես էլ նախկինում քննված նմանատիպ գործերի ուսումնասիրությունը վկայում է, որ տեղեկատվության տնօրինողներն ու վարչական գործերը քննող դատարանները սահմանափակվում են բացառապես ներպետական օրենսդրական կարգավորումներով, տեղեկատվություն ստանալու հիմնարար իրավունքն ամրագրող միջազգային փաստաթղթերն ու Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը ստորադասելով ներպետական իրավական նորմերին։ Կազմակերպությունը նշել էր, որ Վարչական և Վերաքննիչ դատարանների պատճառաբանությունները հակասում են նաև ՀՀ Սահմանադրական դատարանի 06.03.2012 թ. ՍԴՈ1010 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին, հետևաբար գործի փաստերի նկատմամբ Վարչական և Վերաքննիչ դատարանների կիրառած նյութական իրավունքի նորմերի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր՝ հաշվի առնելով մի կողմից ՀՀ-ի ստանձնած միջազգային իրավական պարտավորությունները, մյուս կողմից՝ տեղեկատվությունը տնօրինողի կողմից տեղեկատվության տրամադրումը մերժելու հիմքերը և այդ հիմքերն իրավաչափ գնահատելու՝ գործը քննող դատարանի պատճառաբանությունները՝ առանց կիրառելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, ՀՀ-ի կողմից ստանձնած տեղեկատվության ազատության իրավունքն ամրագրող կոնվենցիաներով երաշխավորված սկզբունքները։

Քննելով Կազմակերպության վճռաբեկ բողոքը, Վճռաբեկ դատարանը 10.11.2022 թ. որոշել էր մերժել բողոքը վարույթը ընդունելը՝ պատճառաբանելով, որ վերը նշված իրավանորմերի զարգացնելու անհրաժեշտությունը բացակայում է և Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման մասին Կազմակերպության փաստարկները հերքվում են Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով։

2023 թվականի ապրիլի 10-ին Կազմակերպությունն անհատական դիմում ներկայացրեց ՀՀ Սահմանադրական դատարան հետևյալ խնդրանքով. «ՀՀ Սահմանադրության 3-րդ, 42-րդ, 51-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի դ) կետը և 12-րդ հոդվածի 3-րդ մասը»: Ներկայացված դիմումով Կազմակերպությունն արձանագրել էր, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները հակասում են Սահմանադրության 3-րդ, 42-րդ, 51-րդ և 79-րդ հոդվածներին այնքանով, որքանով անհամաչափ և անորոշ ձևակերպումներով սահմանափակում են իրավական և ժողովրդավարական պետության հիմնարար սկզբունքներից մեկը հանդիսացող տեղեկատվության ազատության իրավունքը. օրենքի վիճարկվող իրավանորմերի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների վերլուծությունը ցույց է տալիս, որ պետական և ծառայողական գաղտնիք համարվող տեղեկությունները պետք է առնվազն վերաբերեն Հայաստանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառներին, և պետք է առկա լինի դրանց տարածմամբ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը վնաս հասցնելու հավանականություն։ Այսինքն, անձանց կողմից հայցվող տեղեկատվության տրամադրումը կարող է սահմանափակվել բացառապես նշված դեպքերում։

Տվյալ դեպքում Կազմակերպությունը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը տրամադրելու ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերում կին աշխատակիցների ընդհանուր թիվը, ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ թե կին զինծառայողների ընդհանուր թվին, այլ կին աշխատակիցներին ընդհանրապես։ Կազմակերպությունը հարց էր բարձրացրել, թե նշված տեղեկատվության տրամադրումը ինչպես է վնասելու Հայաստանի Հանրապետության՝ որպես ժողովրդավարական պետության անվտանգությանը։ Կազմակերպության գնահատմամբ ընդհանրապես նման ռիսկ առկա չէ, իսկ մերժման պատճառը համարում ենք տեղեկատվություն ստանալու իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակում։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եռաստիճան թեստի համատեքստում («սահմանված է օրենքով», «հետապնդում է իրավաչափ նպատակ», «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում») հստակ է, որ տեղեկատվության հայեցողական և ոչ իրավաչափ սահմանափակումը «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի վիճարկվող իրավանորմերով սահմանված կարգավորումների իրավաչափության տիրույթում է, քանի որ տեղեկատվության տնօրինողը, առանց գնահատելու հայցվող տեղեկատվության տրամադրման ոչ իրավաչափ սահմանափակման հարցը, տեղեկատվությունը չտրամադրելու համար բավարար է համարում միայն հղում կատարել օրենքի նշված նորմերին։ Նույն վարքագիծը, ըստ էության, դրսևորում են նաև բոլոր դատական ատյանները։ Մասնավորապես, վճիռների, որոշումների ուսումնասիրությունը վկայում է, որ դատարանները սահմանափակվում են միայն օրենքի վիճարկվող և այլ դրույթները, ՄԻԵԴ նախադեպային իրավունքը մեջբերելով, առանց գնահատելու դրանք գործի փաստական հանգամանքների համատեքստում, չգնահատելով նաև ինչպես հայցվող տեղեկատվության անհիմն սահմանափակման, այնպես էլ տեղեկատվության ազատության վերաբերյալ միջագային և ներպետական իրավական ակտերով սահմանված կարգավորումները և դրանց պահանջները։

ՀՀ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումով Կազմակերպությունն արձանագրել էր, որ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասը հակասում է նաև իրավական պետության հիմքում ընկած կարևորագույն սկզբունքներից իրավական որոշակիության սկզբունքին՝ վիճարկվող կարգավորումը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված այն պահանջներին, որոնք անհրաժեշտ են նշված կարգավորումները որպես որոշակի բնութագրելու համար։ Մասնավորապես, վիճարկվող իրավանորմով տրված այն սահմանումը, որ «Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասում են պետական այն մարմինները, որոնց պաշտոնատար անձինք օժտված են տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելու լիազորություններով» իր բնույթով բավական լայն սահմանում է, հստակ, կանխատեսելի և մատչելի չէ, այսինքն՝ չի բավարարում որակական այն հատկանիշներին, որոնք անհրաժեշտ են իրավական որոշակիության սկզբունքի պահպանման համար, մասնավորապես, դրանով պետական մարմինների պաշտոնատար անձանց տրվում է հայեցողության լայն շրջանակ, նախ, այս կամ այն տեղեկությունը որպես պետական կամ ծառայողական գաղտնիք սահմանելու՝ առանց որևէ կոնկրետ հիմնավորում նշելու պահանջի, այնուհետև, հղում անելով իրավանորմին, մերժելու տրամադրել այն տեղեկատվությունը, որոնք հայցում է տեղեկատվություն ստացողը։

Բացի այդ, Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում Կազմակերպությունը հիմնավորել էր, որ վիճարկվող իրավանորմերով սահմանված կարգավորումները հակասում են նաև «Ազգային անվտանգության և տեղեկատվության իրավունքի միջազգային սկզբունքներ»-ին (այսուհետ՝ «Սկզբունքներ»), որի հիմքում ընկած են միջազգային և ազգային օրենքները, չափանիշները, լավագույն փորձը և փորձագետների եզրակացությունները։ Համաձայն «Սկզբունքներ»-ի՝ տեղեկատվություն չտրամադրելու դեպքում պետական մարմինը ոչ միայն պետք է նշի այն իրավական հիմքը, որից ելնելով վերջինս մերժում է տեղեկատվության տրամադրումը, այլ նաև պարտավոր է ներկայացնել մերժման հստակ պատճառները, բավարար և հիմնավոր տեղեկություններ՝ տեղեկատվության հրապարակման արգելքի վերաբերյալ, չհրապարակվող տեղեկատվության նկարագրությունը:

16 մայիսի 2023 թ. ՀՀ Սահմանադրական դատարանը թիվ ՍԴԱՈ-45 աշխատակարգային որոշմամբ մերժել է Կազմակերպության դիմումի վերաբերյալ գործի քննությունը։ ՀՀ Սահմանադրական դատարանը զարմանալիորեն գտել է, որ անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման, քանի որ դիմումն ակնհայտ անհիմն է։ Ըստ Սահմանադրական դատարանի՝ «Սահմանադրության 42-րդ հոդվածով երաշխավորված ազատությունը, ինչպես նաև 51-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը բացարձակ չեն և կարող են սահմանափակվել միայն օրենքով: ՀՀ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հենց նման սահմանափակում է նախատեսված նաև «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով: Մասնավորապես՝ նշված օրենքի 9-րդ հոդվածով սահմանված են պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասելուն ենթակա տեղեկությունները, որոնց թվում է նաև տվյալ հոդվածի 1-ին մասի վիճարկվող դ) կետով սահմանված տեղեկությունը: Ուստի՝ նման տեղեկատվության հասանելիության (տրամադրման) սահմանափակումը սահմանված է օրենքով, և այս պարագայում դրա անհրաժեշտությունը բխում է հանրային շահի գերակայությունից: Այս առումով կարևոր է ընդգծել, որ ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հասանելիության սահմանափակման նպատակը ազգային (պետական) անվտանգության պաշտպանությունն է»: Անդրադառնալով վիճարկվող մյուս իրավանորմի՝ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի՝ իրավական որոշակիության սկզբունքին հակասելու Կազմակերպության պնդմանը, ՀՀ Սահմանադրական դատարանը գտել է, որ վիճարկվող իրավադրույթի կիրառման կապակցությամբ գործնականում իրավական վեճ առաջանալու դեպքում ՀՀ դատարաններն իրավասու են լրացնել այդ նորմերը դատական մեկնաբանություններով։ Ամփոփելով, Սահմանադրական դատարանը գտել է, որ դիմումի շրջանակներում Կազմակերպությունը բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել Սահմանադրության 42 և 51-րդ հոդվածներով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի կամ ազատության ենթադրյալ խախտման փաստը և ակնհայտ անհիմն է համարել Կազմակերպության կողմից ներկայացված դիմումը։

Հարկ ենք համարում արձանագրել, որ Կազմակերպությունը համաձայն չէ Սահմանադրական դատարանի որոշման մեջ նշված փաստարկներին և վերը նշված հիմնավորումներով շարունակելու է անհրաժեշտ ջանքերը գործադրել տեղեկատվության ազատության իրավունքը սահմանափակող նորմերի, տեղեկատվությունը տնօրինողների նշված գործելակերպը հաղթահարելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։