Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների արձագանքը՝ արցախցի պատգամավորների կոչին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
23.05.2023 | 16:55Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց, որ «Ադրբեջանի 86 հազար 600 քառ. կմ-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, իսկ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջոցով։
Արցախի ԱԺ-ն երեկ հրատապ նիստ հրավիրեց, որում պատգամավորները դիմեցին Հայաստանի և Արցախի նախկին ու ներկա նախագահներին, որպեսզի վերջիններս դատապարտեն Փաշինյանի հայտարարությունը՝ միևնույն ժամանակ անընդունելի համարելով Արցախի ներառումն Ադրբեջանի կազմում։
Ներկայացնում ենք ՀՀ և ԱՀ նախկին ղեկավարների արձագանքները․
«Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների պահվածքն ու դիրքորոշումը՝ Արցախի ժողովրդի համար ճակատագրական հարցերում Ադրբեջանի ցանկություններին անվերապահ ենթարկվելու տրամաբանությամբ, անընդունելի են: Վերջին տարիների ընթացքում բազմաթիվ են եղել Արցախի պետականությունը կասկածի տակ դնելու ՀՀ իշխանությունների անհասկանալի քայլերը: Մեզ հասանելի խողովակներով փորձել ենք զգուշացնել նման վարքագծի կործանարար հետևանքների մասին: Ցավով ենք նշում, որ մեր զգուշացումները սթափեցնող ազդեցություն չեն ունեցել: Բազմաթիվ ձախողումների պատճառով այսօր կանգնել ենք տապալված բանակցությունների, աղետաբեր պատերազմի և հիմա էլ՝ հակառակորդի բոլոր պահանջներն ու քմահաճույքները կատարելու պարտադրանքի առջև:
Տևական ժամանակ մենք ձգտել ենք հավատարիմ մնալ հայկական երկու հանրապետությունների քաղաքական վերնախավերի մոտ ձևավորված այն ավանդույթին, որ իրար ներքին գործերին չմիաջամտելը համարվել է քաղաքական կոռեկտության դրսևորում:
Սակայն այն, ինչ հնչեցվել է Հայաստանի գործող վարչապետի կողմից, սասանել է հայկական պետականության հիմքերը, մասնավորապես, խախտելով համայն հայության իրավունքների պաշտպանը հանդիսանելու պարտավորությունը:
Մեր նախնիների դարավոր պայքարի և այդ հիմքի վրա ձևավորված արցախյան ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ վեր է խոյացել ազգային արժանապատվության նոր որակ, որը նսեմացնելու իրավունք ոչ ոք չունի՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից ու դիրքից:
Ոչ ոք բարոյական իրավունք չունի որոշելու մեր ու մեր զավակների ապագան: Արցախը չի ընդունել և չի ընդունելու այն մոտեցումները, որոնք այսօր ներկայացվել են ՀՀ վարչապետի կողմից և, ինչպես նախկինում է պայքարել, այնպես էլ հիմա բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու է իր հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքի համար:
Հավատում ենք, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այսօր համայն հայությունը կլինի Արցախի ժողովրդի կողքին»,- հայտարարել են Արցախի Հանրապետության երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։
«Նախագահներին ուղղված վերջնագրային պահանջները իմ մասով համարում եմ անտեղի և վիրավորական: Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում։ Դուք այդքան նաի՞վ եք։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար էր չտեսնել, որ վերջին երկու տարին Արցախի բացահայտ հանձնում է տեղի ունենում: Մենք դրա մասին խոսել ենք հանրային և բոլոր առիթներով: Արցախի ԱԺ-ն իր մեծամասնությամբ (բացառությամբ 4 պատգամավորի), իրենց առաջնորդներով որևէ կերպ չի արձագանքել մեր զգուշացումներին: Դուք սատարեցիք Հայաստանի իշխանություններին 2021 թվականի ընտրությունների ժամանակ: Դուք «չնկատեցիք» նախորդ տարվա ապրիլ-մայիսին Երևանում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերը: Ձեր հնազանդությամբ և Հայաստանի իշխանություններին գոհացնելու ձգտմամբ դուք թույլ տվեցիք, որ Արցախի ճակատագիրը որոշվի առանց ձեր մասնակցության: Այնպես որ, չհամարձակվեք պատասխանատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա: Եվ հաստատ՝ դուք չէ, որ կարող եք դատողություն անել իմ հայրենասիրության մակարդակի մասին: Իմ մոտեցումները չեն փոխվել՝ Հայրենիքի համար պետք է պայքարել, այլ ոչ թե պայքար ձևացնել»,- հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող կապիտուլյանտի՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու՝ արդեն ուղիղ և անսքող հայտարարությունից հետո ինձնից արձագանք պահանջելը պարզապես անհասկանալի է, եթե չասեմ՝ վիրավորական:
Մշտապես, այդ թվում՝ անցած հինգ տարիներին, բոլոր հնարավոր առիթներով ես հայտարարել եմ՝ Արցախը չի´ լինելու Ադրբեջանի կազմում: Ես և իմ գլխավորած քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, մեր բոլոր հայտարարություններում, ելույթներում, ուղերձներում անընդհատ շեշտել ու հայտարարել ենք մեր սկզբունքային մոտեցումներն Արցախի հարցում, կետ առ կետ շարադրել մեր դիրքորոշումները մեզ համար կենսական այդ հարցի, ինչպես նաև Հայաստանի կառավարիչների կործանարար քայլերի մասին: Դրանք որևէ փոփոխության ենթակա չեն: Բարձրաձայնել ենք, պայքարել ու շարունակում ենք պայքարել, որքան էլ մեզ զրպարտել են, վարկաբեկել, թիրախավորել՝ ականջալուր չլինելով մեր ահազանգերին ու նախազգուշացումներին:
Եթե ոմանք հիմա հանկարծ «անսպասելիությունից անակնկալի են եկել» և ինձնից նոր հայտարարություն են պահանջում, առնվազն տարակուսելի է:
Եղել և հաստատապես շարունակում եմ լինել Արցախի իմ քույրերի ու եղբայրների կողքին՝ հավատարիմ իմ մարտական ընկերների շիրիմների առջև տված երդմանս՝ կիսատ չթողնել համատեղ սկսած գործը:
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,
Խոսքերից զատ, այսօր, առավել քան երբևէ, կարևոր են քայլերը, գործերը և համախմբվածությունը՝ անկախ ամենատարբեր տարաձայնություններից ու ամբիցիաներից, որոնք ոչինչ են մեր ժողովրդի գլխին կախված արհավիրքի կողքին։
Արցախի խնդիրը, ինչպես և Հայաստանի պետականաշինության գործը ես համարել և համարում եմ իմ կյանքի առաքելությունը»,- հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակից այս պահի դրությամբ չեն արձագանքել վերոնշյալ կոչին։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հանդես կգա ուղերձով։
Մանրամասները՝ տեսանյութում։