Վատնման եղանակով ավելի քան 38 մլն ՀՀ դրամ հափշտակելու մեջ մեղադրվող «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի և նրան օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ. Մ.-ն, զբաղեցնելով «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, 2019-2021թթ. ընթացքում վատնման եղանակով կատարել է ընդհանուր ավելի քան 38 մլն ՀՀ դրամի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Ըստ քրեական վարույթի նյութերի՝ 2019 թվականի նոյեմբերի 8-ին «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջև կնքվել է «Պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին» պայմանագիր, որով հիշյալ ՊՈԱԿ-ի շենքային պայմանների բարելավման՝ արհեստագործական մասնաշենքի շինարարական աշխատանքների կազմակերպման համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից նույն տարվա ընթացքում ՊՈԱԿ-ին փոխանցվել է 156.721.600 ՀՀ դրամ գումար:

Վերը նշված պայմանագրի շրջանակում Գ. Մ.-ն ՊՈԱԿ-ի անունից պայմանագրեր է կնքել 2020 թվականի հունվարին հայտարարված մրցույթներում հաղթող ճանաչված՝ տեխնիկական հսկողության ծառայություններ մատուցող ընկերության և շինարարական աշխատանքներ իրականացնող երկու ընկերությունների կոնսորցիումի հետ: Վերջինիս հետ կնքած պայմանագրի արժեքը կազմել է 135 մլն ՀՀ դրամ:

Այնուհետև հիշյալ ընկերությունների ղեկավարներ Դ. Խ.-ն, Ս. Մ.-ն, ինչպես նաև տեխնիկական հսկողություն իրականացնող Ա. Պ.-ն, նախնական համաձայնությամբ խեղաթյուրելով կապալառու կազմակերպության կողմից փաստացի կատարված շինարարական աշխատանքների իրական ծավալները և դրանցում ներառելով աշխատանքների կատարված լինելու մասին մտացածին ուռճացված տվյալներ, 2020 թվականի ընթացքում կազմել և ստորագրել են ընդհանուր 103.076.170 ՀՀ դրամ արժեքի շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ 6 կատարողական կեղծ ակտեր և ներկայացրել ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Մ.-ին, այնինչ կապալառու կազմակերպության կողմից փաստացի կատարվել են ընդամենը 58.802.909 ՀՀ դրամ արժեքի աշխատանքներ:

Բացի այդ, Գ. Մ.-ն էլ իր հերթին՝ Դ. Խ.-ի օժանդակությամբ, կատարողական ակտերի ամսաթվերին համապատասխան կազմել է կեղծ տեղեկություններ պարունակող 6 արձանագրություններ և ակտեր, իսկ մեկ դեպքով՝ առանց որևէ կատարողական ակտի, կազմել է 12.210.600 ՀՀ դրամի աշխատանքների կատարման վերաբերյալ հանձնման-ընդունման կեղծ արձանագրություն և ակտ:

Արդյունքում՝ փաստացի 58.802.909 ՀՀ դրամ արժեքի շինարարական աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման պայմաններում, Գ. Մ.-ն, հիշյալ ընկերությունների ներկայացուցիչների օժանդակությամբ, ՊՈԱԿ-ին հատկացված և ի պաշտոնե իրեն վստահված դրամական միջոցներից կապալառու կազմակերպությանը վճարել է 115.286.770 ՀՀ դրամ գումար /ներառյալ 19.214.461 ՀՀ դրամի չափով ԱԱՀ-ն/՝ կատարելով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ 37.269.399 ՀՀ դրամ գումարի վատնում:

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Գ. Մ.-ն 2019 թ.-ին ՊՈԱԿ-ում աշխատանքի է ընդունել Ս. Հ.-ին, սակայն վերջինս աշխատանքի չի հաճախել և աշխատանքային պարտականությունները չի կատարել: Տեղեկացված լինելով հիշյալ հանգամանքի մասին՝ Գ. Մ.-ն, վատնման եղանակով հափշտակություն կատարելու նպատակով, իր ստորագրությամբ հաստատել է Ս. Հ.-ի կողմից իբրև մշտապես աշխատանքի հաճախելու վերաբերյալ կեղծ տեղեկագրերն ու դրանք ներկայացրել վճարման: Հիշյալ փաստաթղթերի հիման վրա ՊՈԱԿ-ին հատկացված միջոցներից Ս. Հ.-ի անվամբ անհիմն ելքագրվել է ընդհանուր 803.161 ՀՀ դրամ գումար, որը Գ. Մ.-ն վատնման եղանակով հափշտակել է:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար՝

Գ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Դ. Խ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 46-445-րդ հոդվածի 1-ին մասով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով,
Ս. Մ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով,
Ա.Պ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 2-րդ մասով,
Ս. Հ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Պետությանը պատճառված վնասի մի մասը նախաքննության ընթացքում վերականգնվել է, իսկ մնացած վնասի հատուցումն ապահովելու նպատակով արգելանքներ են կիրառվել մեղադրյալներին պատկանող գույքի վրա:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: