Առանց գազ, էլեկտրաէներգիայի սահմանափակումներով․ Արցախի էներգետիկ ճգնաժամը վտանգում է Սարսանգի ջրամբարի ապագան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջի վրա անցակետի տեղադրումը, ի թիվս այլ խնդիրների, ավելի է սրել Արցախի Հանրապետության էներգետիկ անվտանգությանն ուղղված մարտահրավերը։ Արցախի՝ 4 ամսից ավելի շարունակվող շրջափակման պայմաններում` հունվարի 9-ից մինչ օրս, ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատված է Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը:

Պարբերական էին նաև գազի մատակարարման խափանումները, իսկ մարտի 21-ից Հայաստանից Արցախ եկող գազատարն արգելափակված է։ Էներգամատակարարումն Արցախում իրականացվում է բացառապես ներքին սուղ ռեսուրսների հաշվին։ Մասնավորապես, Սարսանգի ջրամբարի՝ նախատեսվածից շատ շահագործումը բնապահպանական ու էներգետիկ խնդիրներ է ստեղծել, որոնք խորանալու միտում ունեն՝ նշում են տեղի պաշտոնյաներն ու բնապահպանները։

Մարտակերտի շրջանում գտնվող Սարսանգի ջրամբարից սնուցվող «Սարսանգ ՀԷԿ»-ի շահագործումը, ըստ ՀԷԿ-ի պետ Գրիգոր Գրիգորյանի, երկու խնդիր է ստեղծել։ Նախ՝ Արցախում չեն կարողանում անհրաժեշտ հզորությամբ էլեկտրաէներգիա տրամադրել բնակչությանը, ինչպես նաև հնարավոր չէ գալիք տարվա համար էլեկտրաէներգիա կուտակել։ Այս պահին Սարսանգի ջրի մակարդակը 9 անգամ ցածր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, և պարզ չէ, թե որքան կբավականացնեն ռեսուրսները։

«Եթե Թարթառ գետի հոսքը ավելանա և կուտակումներ լինեն, ըստ դրա՝ ջրամաբարի ջրի մակարդակը կբարձրանա, բայց այս բոլոր կանխատեսումները կախված են նրանից, թե որքան էլեկտրաէներգիա կօգտագործվի»,- Factor.am-ի հետ զրույցում ասում  է Գրիգորյանը։

Եղանակի տաքացման, ինչպես նաև շրջափակման պատճառով մի շարք գործարանների, խոշոր ձեռնարկությունների աշխատանքների դադարեցմանը զուգահեռ՝ էլեկտրաէներգիայի ընդհանուր սպառումը նվազել է:

Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ էներգետիկ ճգնաժամին դիմակայելու համար էներգետիկ անվտանգության ծրագիր է մշակվելու, սակայն Գրիգոր Գրիգորյանը դեռևս ծանոթ չէ այդ ծրագրին։

«Թե այդ ծրագիրն ինչ խնդիր կլուծի կամ Սարսանգի ջրամբարն ինչ դեր կունենա այդ ծրագրում, չգիտեմ։ Էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուր կարող են հանդիսանալ արևային էլեկտրակայանները՝ պետական մակարդակով տեղադրվելով»,- նշում է նա։

Բնապահպան Նազելի Վարդանյանի գնահատմամբ՝ ջրամբարի շահագործման ներկա տեմպերը կարող են բնապահպանական, գյուղատնտեսական, էներգետիկ ճգնաժամ ստեղծել, անգամ կարող է խմելու ջրի խնդիր առաջանալ։

«Այս տարի, հավանաբար, երաշտ կլինի, որովհետև ձմռանը ձյունը շատ չի եղել»,- նշում է բնապահպանը՝ որպես այլընտրանք մատնանշելով արևային և քամու էներգիան։

1970-ականներին կառուցված Սարսանգի ջրամբարն ամենամեծն է ոչ միայն Արցախի տարածքում, այլև այն չափերով գերազանցում է Հայաստանի ամենամեծ՝ Ախուրյանի ջրամբարը: Արցախի էլեկտրաէներգիայի պահանջարկի 60 տոկոսն ապահովում է Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ը։ Ջրամբարն օգտագործվում է ոռոգման և էներգետիկ նպատակներով։

«Արդեն պատերազմից հետո մեծ մասամբ դաշտերը մեխանիկական եղանակով ենք ոռոգում՝ արտեզյան ջրհորների միջոցով, և այդ ջուրը մենք օգտագործում ենք կաթիլային համակարգի միջոցով, որպեսզի ջրի մեծ խնայողություն ունենանք»,- Factor.am-ի հետ զրույցում նշում է Արցախի ջրային կոմիտեի նախագահի պաշտոնկատար Արարատ Խաչատրյանը։

Էլեկտրականության մատակարարման խնդիրներն աննախադեպ ծանրաբեռնվածություն են ստեղծել նաև ոլորտի աշխատողների համար, որոնք մեխանիկական կառավարման պայմաններում երբեմն ստիպված են լինում լարված աշխատել 24 ժամ։

Ալիս Հարությունյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2023. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: