Անցակետ Լաչինի միջանցքում. Մոսկվայի զգուշացումը Երևանին և Բաքվին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանն ավելի քան չորս ամիս Լաչինի միջանցքը փակ պահելուց հետո երեկ այնտեղ հսկիչ անցակետ տեղադրեց։ Օրվա երկրորդ կեսին Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց՝ ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։

Ադրբեջանի իշխանությունը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, արդեն պաշտոնապես արգելափակել է Լաչինի միջանցքը։ Այս քայլը չի կարելի անգամ Ադրբեջանի հերթական սադրանք համարել․ այն իրապես եռակողմ հայտարարության հիմնարար դրույթներից մեկի աղաղակող խախտում է։ Տեղի ունեցածին երեկ այսպես արձագանքեց Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը։

Պաշտոնական Երևանի պնդմամբ՝ Բաքուն հետևողական շարունակում է Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականությունը։

«Հայաստանը, որպես նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրող կողմ, անընդունելի է համարում և խստորեն դատապարտում է Ադրբեջանի՝ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու այս քայլը։ Այն, ինչպես նաև Ադրբեջանի կողմից մինչ այդ իրականացված նմանօրինակ գործողությունները՝ զուգորդված չդադարող հայատյաց ու սպառնալից հռետորաբանությամբ, միտված են տապալելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման փաստաթղթի շուրջ բանակցությունները: Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը՝ ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած իր պարտավորությունը՝ վերացնելով միջանցքի ապօրինի արգելափակումը և ապահովելով ադրբեջանական ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքի ողջ անվտանգության գոտուց»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։

Ըստ եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքը մնում է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո, իսկ Ադրբեջանը երաշխավորում է միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը։ Այն, որ Բաքվի գործողությունները եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է, պնդում են նաև Արցախի ԱԳ նախարարությունից։ Անցակետ տեղադրելու մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը, ըստ պաշտոնական Ստեփանակերտի, վկայում է Բաքվի՝ տվյալ փաստաթղթով ստանձնած պարտավորություններից հրաժարվելու մտադրության մասին։

«Այս համատեքստում ակնկալում ենք ինչպես լայն միջազգային հանրության, այնպես էլ  եռակողմ հայտարարության կողմերի և, առաջին հերթին, հայտարարության իրականացման երաշխավոր հանդիսացող Ռուսաստանի Դաշնության միանշանակ և համարժեք արձագանքն ու գործուն քայլերը՝ ադրբեջանական անցակետի տեղադրումը թույլ չտալու, Լաչինի միջանցքը բացելու, Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների իրականացումն ու Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»,- նշվում է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ:

Այսօր օրվա երկրորդ կեսին արդեն Լաչինի միջանցքում անցակետի տեղադրմանը հետևեց Մոսկվայի պաշտոնական արձագանքը։ Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարեց, թե «լրջորեն մտահոգված է ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, հայ-ադրբեջանական շփման գծում, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև երկխոսության շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ»։

«Ցանկացած միակողմանի քայլի անթույլատրելիությունը, որ խախտում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիմնարար դրույթները՝ լինի դա Լաչինի միջանցքի կենսագործունեության ռեժիմի չհամաձայնեցված փոփոխության, թե խաղաղ օրակարգին չհամապատասխանող նպատակներով դրա օգտագործման փորձ»,- նշվում է ռուսական գերատեսչության հայտարարությունում։

Ու թեև հայկական կողմը ռազմավարական դաշնակցից կոնկրետ քայլեր է ակնկալում Լաչինի միջանցքի ապաշրջափակման, նաև ադրբեջանական անցակետի տեղադրումը թույլ չտալու ուղղությամբ, Ռուսաստանը պայմանավորվածությունները կատարելու կոչ է անում թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին։

«Մենք գտնում ենք, որ առաջացած շատ խնդիրներ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնությունների հիմնական ուղիների հիման վրա բանակցային գործընթացում առաջընթացի բացակայության հետևանք են, ներառյալ՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, խաղաղության պայմանագրի չափորոշիչների համաձայնեցումը։ Հույս ունենք, որ Բաքվում և Երևանում քաղաքական կամք կդրսևորեն և կկարողանան առաջիկայում հաղթահարել այդ բացասական դինամիկան»,- ասվում է հայտարարությունում։

Եվ չնածայ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ չկա որևէ հստակ խոսք այն մասին, թե ինչ են անելու Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ, այդուհանդերձ, Մոսկվան պնդում է, թե պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել իրեն մտերիմ Ադրբեջանին և Հայաստանին՝ ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ «գետնի վրա»՝ ռուս խաղաղապահների հրամանատարության մասնակցությամբ։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Լաչինում անցակետ տեղադրելու՝ Բաքվի քայլրին նախորդել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի այցը տարածաշրջան։ Օլսոն նախ ժամանեց Երևան, հետո մեկնեց Բաքու։

Հայկական կողմը, բացի հայտարարությունից, պետք է նաև գործի, կարծում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

Եվ մինչ Ռուսաստանը զգուշացնում է «արտաքին արևմտյան խաղացողներին և նրանց օրակարգով աշխատող տեղական ռուսատյաց տարրերին՝ զերծ մնալ իրավիճակը սրելու փորձերից, այդ թվում՝ Ռուսաստանին սևացնող արշավի միջոցով», ԱՄՆ-ն և Ֆրանսիան դիմել են Ադրբեջանին՝ կոչ անելով վերականգնել Լաչինի միջանցքի ազատ տեղաշարժը՝ պնդելով, որ անցակետի տեղադրումը հակասում է հրադադարի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին և վնասում է բանակցային գործընթացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան