Սեդրակ Առուստամյանը պահանջել է սնանկ ճանաչել Գագիկ Խաչատրյանի որդիներին․ դատարանը մերժել է

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

«Մուլտի Գրուպ կոնցեռն» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը պահանջում է սնանկ ճանաչել Գագիկ Խաչատրյանի որդիրներին՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյաններին։ Գուրգեն Խաչատրյանի վերաբերյալ դիմումը մերժվել է, և Վճռաբեկ դատարանի դատական ակտը մտել է ուժի մեջ, իսկ Արտյոմ Խաչատրյանին սնանկ ճանաչելու գործով դեռևս վերջնական դատական ակտ չի կայացվել։ Գուրգեն Խաչատրյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատական ակտում մանրամասներ են ներկայացված սնանկության վերաբերյալ դիմումի և դրա ընթացքի մասին։

Այսպես՝ 2021 թվականի ապրիլի 7-ին Սեդրակ Առուստամյանը դիմում է ներկայացրել Սնանկության դատարան Գուրգեն Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին։ Առուստամյանը դիմումով հայտնել է, որ 2009 թվականի հուլիսի 9-ին իր և Գուրգեն ու Արտյոմ Խաչատրյանների միջև կնքվել է փոխառության պայմանագիր։ Փոխատուն՝ Սեդրակ Առուստամյանը փոխառուների՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների սեփականությանն է հանձնել  7.000.000 ԱՄՆ դոլար, փոխառության գումարը, որն, ըստ պայմանագրի, պետք է վերադարձվեր մինչև 2010 թվականի հուլիսի 30-ը։ 2010 թվականի հուլիսի 29-ին Առուստամյանի և Խաչատրյան եղբայրների միջև կնքված համաձայնագրով փոխառության գումարի վերադարձման ժամկետը փոփոխվել է և սահմանվել է մինչև 2015 թվականի հուլիսի 30-ը, իսկ  2015 թվականի հուլիսի 28-ին 2-րդ համաձայնագրով փոխառության գումարի վերադարձման ժամկետը փոփոխվել է և սահմանվել է մինչև 2019 թվականի հուլիսի 30-ը:

2011 թվականի ապրիլի 30-ին Սեդրակ Առուստամյանի,Գուրգեն Խաչատրյանի ու Արտյոմ Խաչատրյանի միջև կնքվել է փոխառության ևս մեկ պայմանագիր․ Առուստամյանը Խաչատրյաններին փոխառությամբ 10.000.000 ԱՄՆ դոլար գումար է տվել, որը պետք է վերադարձվեր մինչև 2016 թվականի ապրիլի 30-ը։ 2016 թվականի ապրիլի 20-ին Առուստամյանի և Խաչատրյանների միջև կնքված համաձայնագրով փոխառության գումարի վերադարձման ժամկետը փոփոխվել է և սահմանվել է մինչև 2019 թվականի ապրիլի 30-ը:

2011 թվականի հուլիսի 10-ին Սեդրակ Առուստամյանի և  Խաչատրյանների միջև  կնքվել է ևս մեկ փոխառության պայմանագիր, այս անգամ՝ 13.400.000 ԱՄՆ դոլարի չափով, և գումարը վերադարձնելու ժամկետ է սահմանավել  2016 թվականի հուլիսի 10-ը,  բայց այս ժամկետը ևս երկարացվել է  մինչև 2019 թվականի հուլիսի 10-ը:

Փոխառության պայմանագրերով նախատեսված՝ փոխառության գումարների վերադարձման ժամկետները, փաստացի, լրացել են համապատասխանաբար՝ 2019 թվականի հուլիսի 30-ին, 2019 թվականի ապրիլի 30-ին և 2019 թվականի հուլիսի 10-ին, սակայն Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններն, ըստ Առուստամյանի դիմումի, չեն կատարել գրավոր գործարքներով՝ փոխառությունների պայմանագրերով նախատեսված իրենց պարտավորությունները։

2021 թվականի փետրվարի 1-ին Առուստամյանը փոստային առաքմամբ ծանուցում է ուղարկել պարտապան Գուրգեն Խաչատրյանին և Արտյոմ Խաչատրյանին, որով առաջարկվել է  ծանուցումն ստանալուց 10-օրյա ժամկետում վերադարձնել փոխառությունների գումարները և վճարել հաշվարկված տոկոսները ՝ 41.000.000 ԱՄՆ դոլար, սակայն փոստային առաքանիները վերադարձվել են:

Դատարան ներկայացրած դիմումով, վկայակոչելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը,  Սեդրակ Առուստամյանը նշել է, որ տվյալ դեպքում պարտապանի վճարային պարտավորությունները գերազանցում են հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկի չափը, վճարային պարտավորությունների կետանցն ավելի է 90 օրից, վճարային պարտավորություններն անվիճելի են, քանի որ պահանջը հիմնված է գրավոր գործարքների՝ փոխառության պայմանագրերի վրա։ Առուստամյանը նշել է, որ  պարտապան Գուրգեն Խաչատրյանի ընդհանուր պարտքը կազմում է 21.122.000 ԱՄՆ դոլար՝ 15.200.000 ԱՄՆ դոլար՝ փոխառության գումար + 5.922.000 ԱՄՆ դոլար՝ փոխառության պայմանագրի տոկոսներ: Վերոգրյալի հիման վրա Առուստամյանը խնդրել է Գուրգեն Խաչատրյանին ճանաչել սնանկ:

Գուրգեն  Խաչատրյանի ներկայացուցիչը դատարան ներկայացրած առարկություններով նշել է, որ Գուրգեն Խաչատրյանին սնանկ ճանաչելու դիմումը կարող է բավարարվել միայն այն դեպքում, երբ հաստատված համարվի, որ Գուրգեն Խաչատրյանը Սեդրակ Առուստամյանի նկատմամբ փոխառության հիման վրա ունի 2 մլն դրամը գերազանցող անվիճելի վճարային պարտավորություն, այդ պարտավորությունը կետանցվել է 90 կամ ավելի օրով: Ներկայացուցիչը նշել է նաև, որ հաշվի առնելով Գուրգեն Խաչատրյանի կողմից սնանկության դիմումի դեմ ներկայացրած առարկությունը, անհրաժեշտ է պարզել՝  արդյո՞ք ենթադրյալ պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և արդյո՞ք Գուրգեն Խաչատրյանը չունի բավարար հիմքեր՝ առարկելու դրա դեմ:

Խաչատրյանի  ներկայացուցիչը հայտնել է, որ Գուրգեն Խաչատրյանը  չի ընդունում, որ Սեդրակ Առուստամյանի նկատմամբ ունի որևէ դրամական պարտավորություն, իսկ դիմումատուն իր դիմումին կից չի ներկայացրել որևէ վերաբերելի կամ թույլատրելի ապացույց, օրինակ՝ փոխառության պայմանագիր, ստացական, որով կարող է հաստատվել վճարային պարտավորության և դրա կետանցի առկայությունը, ինչպես նաև իր ենթադրյալ պահանջի՝ գրավոր գործարքի վրա հիմնված լինելը:

Ըստ Խաչատրյանի ներկայացուցչի՝  միմիայն համապատասխան ապացույցների ներկայացման պարագայում հնարավոր կլինի քննարկել սնանկության հարցը՝ հնարավորություն տալով պարտապանին ներկայացնելու անհրաժեշտ հակափաստարկներ և դրանք հիմնավորող համապատասխան ապացույցներ։

Դատարանը, քննության առնելով Սեդրակ Առուստամյանի դիմումը, այն մերժել է նշել է, որ  օրենսդիրը գրավոր ապացույցների ներկայացման համար սահմանել է որոշակի պահանջ, համաձայն որի՝ դրանք  պետք է ներկայացվեն բնօրինակով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ պատշաճ վավերացված պատճենի տեսքով, մինչդեռ այս  գործով ներկայացված ապացույցների հետազոտման արդյունքում պարզ է  դարձել, որ դիմումատուի կողմից սնանկության դիմումի հիմքում դրված փաստերը հիմնավորող «Փոխառության պայմանագիր» վերտառությամբ թվով երեք փաստաթղթերը ներկայացվել են պատճենի տեսքով, որոնք առարկվել են պարտապանի կողմից: Նման  պայմաններում դատարանը գտել է, որ  նշված փաստաթղթերը  չեն կարող գնահատվել որպես պատշաճ ապացույց, հետևաբար և հիմնավորել դիմումատուի կողմից սնանկության դիմումի հիմքում դրված փաստերը:

Դատարանը նշել է, որ սնանկության վարույթի առանձնահատկությամբ պայմանավորված՝ կարևոր է ոչ թե վճարային պարտավորության առկայությունը, այլ անվիճելի վճարային պարտավորության առկայությունը, այսինքն ցանկացած պարագայում դիմումատուն, ի թիվս այլ փաստերի, պետք է հիմնավորվի նաև վճարային պարտավորության անվիճելի լինելու հանգամանքը, իսկ ներկայացված «Փոխառության պայմանագիր» վերտառությամբ թվով երեք փաստաթղթերը՝ պատճենի տեսքով, չհանդիսանալով պատշաճ ապացույց, չեն կարող հաստատել անվիճելի վճարային պարտավորության առկայությունը,  պարտապանը բավարար հիմքեր ունի առարկելու պահանջի դեմ, հետևաբար՝ դիմումը ենթակա է մերժման:

Այս վճռի դեմ Առուստամյանը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, որը  12.11.2021 թվականի որոշմամբ Սեդրակ Առուստամյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն, բեկանել է ՀՀ սնանկության դատարանի 24.06.2021 թվականի վճիռը և գործն ուղարկել է ամբողջ ծավալով նոր քննության գործում առկա բոլոր ապացույցները ՀՀ սնանկության դատարանի կողմից լրիվ և բազմակողմանի հետազոտված չլինելու և վճռում դրանց որևէ կերպ գնահատական տրված չլինելու պատճառաբանությամբ: Գուրգեն Խաչատրյանն այս որոշման դեմ բողոք է ներկայացրել, որը ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 12.01.2022 թվականի որոշմամբ  վարույթ չի ընդունվել։

Առաջին ատյանի  դատարանում գործի նոր քննության ժամանակ 2022 թվականի մարտի 10-ին կայացած դատական նիստի ընթացքում պարտապան Գուրգեն Խաչատրյանի ներկայացուցիչները դատարան են ներկայացրել Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների հայցադիմումն ընդդեմ Սեդրակ Առուստամյանի՝ 09.07.2009 թվականին, 10.07.2011 թվականին և 30.04.2011 թվականին կնքված փոխառության պայմանագրերի գործողությունը պարտավորությունները կատարված լինելու հիմքով դադարած համարելու պահանջի մասին՝ մուտքագրված Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում 10.03.2022 թվականին, ինչպես նաև  հայցադիմումին կցված փաստաթղթերը՝  «Հաստատում Փոխառության Գումարի Վերադարձման Վերաբերյալ» և «Դրամական միջոցների ստացման ակտ» վերտառությամբ։

Գործի քննության արդյունքում դատարանը 2022 թվականի մարտի 24-ի վճռով Սեդրակ Առուստամյանի  դիմումը բավարարել է և Գուրգեն Խաչատրյանին սնանկ է ճանաչել։ Դատական ակտի պատճառաբանություններում դատարանը նշել է, որ Գուրգեն Խաչատրյանի ներկայացուցչի կողմից չի ներկայացվել ապացույց այն մասին, որ Գուրգեն Խաչատրյանի կողմից դատարան ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ, որը կհիմնավորեր դատարանում կողմերի միջև նյութաիրավական վեճի առկայությունը։

Անդրադառնալով պարտապան Գուրգեն Խաչատրյանի ներկայացուցչի կողմից 10.03.2022 թվականի դատական նիստին ներկայացված «Դրամական միջոցների ստացման ակտ» և «Հաստատում փոխառության գումարի վերադարձման վերաբերյալ» վերտառությամբ փաստաթղթերի պատճեններին՝ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործի նոր քննության ժամանակ գործին մասնակցող անձը կարող է ներկայացնել նոր ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ, եթե  հիմնավորում է, որ ներկայացված նոր ապացույցն առաջին ատյանի դատարանում գործի նախորդ քննության ժամանակ չի ներկայացվել իր կամքից անկախ պատճառներով կամ երբ դատարանն ապացուցման պարտականությունը բաշխելիս այդ անձի վրա դրել է այնպիսի փաստ ապացուցելու պարտականություն, որը գործի նախորդ քննության ժամանակ նրա վրա չէր դրվել:

Տվյալ դեպքում դատարանն արձանագրել է, որ Գուրգեն Խաչատրյանի ներկայացուցչի կողմից չեն ներկայացվել հիմնավորումներ այն մասին, որ ներկայացված նոր ապացույցներն առաջին ատյանի դատարանում գործի նախորդ քննության ժամանակ չեն ներկայացվել իր կամքից անկախ պատճառներով, ուստի՝ վերջինիս կողմից ներկայացված «Դրամական միջոցների ստացման ակտ» և «Հաստատում փոխառության գումարի վերադարձման վերաբերյալ» վերտառությամբ փաստաթղթերի պատճենները այս գործով համարվում են ոչ թույլատրելի, և դատարանը  չի անդրադարձել դրանց բովանդակությանը։

Գուրգեն Խաչատրյանը դատարանի 24.03.2022 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, որին կցել է թիվ ԵԴ/10572/02/22 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Արտյոմ Խաչատրյանի և Գուրգեն Խաչատրյանի ընդդեմ Սեդրակ Առուստամյանի՝ պարտավորությունների կատարման հիմքով փոխառության պայմանագրերի գործողությունը դադարած համարելու պահանջի մասին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 25.03.2022 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշման պատճենը։

Վերաքննիչ դատարանը 19.07.2022 թվականի որոշմամբ մերժել է Գուրգեն Խաչատրյանի վերաքննիչ բողոքը և դատարանի 24.03.2022 թվականի վճիռը թողել է անփոփոխ։ Վերաքննիչ դատարանը նշել է, որ  գործի նախորդ քննության ժամանակ պարտապանը զրկված չի եղել նույն այդ ապացույցները ներկայացնելու հնարավորությունից, նաև՝ որ այդ ապացույցները չներկայացնելը պայմանավորված է եղել միմիայն պարտապանի՝ իր դատավարական իրավունքների իրականացման հայեցողական դիրքորոշմամբ և իր կամքից անկախ դրանք ներկայացնելու անհնարինություն առկա չի եղել:

Դատարանը նաև դիրքորոշում է հայտնել, որ միայն  հայցադիմում ներկայացնելը չի կարող վկայել նյութաիրավական վեճի և պահանջի դեմ առարկելու բավարար հիմքերի առկայության մասին, քանի դեռ հայցադիմումը դատարանի վարույթ չի ընդունվել, իսկ դատական իշխանության պաշտոնական կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ առաջին ատյանի դատարանի գործով վճռի հրապարակման օրվա դրությամբ՝ Արտյոմ Խաչատրյանի և Գուրգեն Խաչատրյանի հայցադիմումը վարույթ ընդունված չի եղել, հետևաբար՝ նույնիսկ դատարանի կողմից իրեն հասանելի աղբյուրներով ստուգելու դեպքում չէր կարող հաստատվել այլ վարույթի շրջանակներում նյութաիրավական վեճի քննության փաստը։

Դատարանը նշել է, որ թեև վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին առաջին ատյանի դատարանի 25.03.2022թ. որոշումը՝  վերաքննիչ դատարանն այն ընդունելու իրավունք չունի, քանի որ առաջին ատյանի  դատարանում գործի քննության ժամանակ այն գոյություն չի ունեցել․ գործով առաջին ատյանի դատարանի վճիռը կայացվել է ավելի վաղ՝ 24.03.2022-ին։

Վերաքննիչ դատարանի այս վճռի դեմ Գուրգեն Խաչատրյանը վճռաբեկ բողոք է  ներկայացրել։ Բողոքի քննության արդյունքում դատարանը հանգել է հետևության, որ «Հաստատում Փոխառության Գումարի Վերադարձման Վերաբերյալ» և «Դրամական միջոցների ստացման ակտ» վերտառությամբ փաստաթղթերը որպես վիճելիության հիմք չընդունելը հանգեցրել է Դատարանի կողմից գործի սխալ լուծման։ 

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանը որոշել է Գուրգեն Խաչատրյանի Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.07.2022 թվականի որոշումը և փոփոխել՝ Սեդրակ Առուստամյանի դիմումը Գուրգեն Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, մերժել, Սեդրակ Առուստամյանից հօգուտ Գուրգեն Խաչատրյանի բռնագանձել 50.000 ՀՀ դրամ, իսկ հօգուտ սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Մարտին Մանուչարյանի՝ 1.428.000 ՀՀ դրամ: 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գոռ Հակոբյանը,  համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, հատուկ կարծիք է հայտնել։

Հատկանշական է այն հանգամանքը, որ մինչև այս վեճի առկայությունը՝ 2020 թվականին, ՊԵԿ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, որում նշվում է, որ Սեդրակ Առուստամյանը Գագիկ Խաչատրյանին որդիների միջոցով կաշառք է տվել՝  Առուստամյանի ղեկավարած կազմակերպությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու, վարչական մարմինների միջամտությունից նշված ընկերությունների տնտեսական գործունեությունը հնարավորինս զերծ պահելու, պետական մարմինների վերահսկողական գործառույթները մեղմելու և համապատասխան հիմքերի առկայության դեպքում առավել բարենպաստ վարչական ակտեր կայացնելու համար։ Քրեական գործով Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ գումարի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար Խաչատրյանի որդիների և Սեդրակ Առուստամյանի  միջև կնքվել են փոխառության պայմանագրեր՝ համապատասխանաբար 7 մլն և 13 մլն 400 հազար ԱՄՆ դոլարի վերաբերյալ, մինչդեռ Առուստամյանին որևէ գումար տարիներ շարունակ չի վերադարձվել։  Այսինքն՝ քրեական գործում նշված փոխառության գումարնեից երկուսի չափը համապատասխանում է վերը նշված քաղաքացիական գործով փոխառության գումարի չափին։

 

Արաքս Մամուլյան