Փաշինյանը լավ կարդաց Ադրբեջան-ՌԴ խաղը․ Ալիևն ուզում է ՀԱՊԿ-ի դիտորդ լինել, Պուտինը համաձայնվել է․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
14.10.2022 | 21:32Այսօր Հայաստան ժամանեցին Եվրամիության քաղաքացիական առաքելության առաջին դիտորդները։ Սա հնարավոր է դարձել ԵՄ-ին ՀՀ-ի դիմումի և ԵՄ 27 պետության արագ արձագանքի և համաձայնության շնորհիվ։ Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը գրել է․ «Առաքելության տեղակայման նպատակն է լինելու վերահսկել իրավիճակը և աջակցել տեղում Հայաստան-Ադրբեջան սահմանային իրավիճակի կայունացմանը»։
Արդյո՞ք սա կզսպի Ադրբեջանի ռազմական նոր սադրանքները։ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ այդ առաքելությունը չի բացառի, բայց կզսպի Ադրբեջանի ագրեսիաները։
«Որովհետև պարզ է, որ ԵՄ-ի ներկայացուցիչները որոշակի ազդեցություն կունենան Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների վրա։ Մնում է միայն հուսալ, որ այս երկու ամիսները համեմատաբար հանգիստ կանցնեն և հնարավոր կլինի այդ առաքելության ժամկետի երկարաձգման հարցը դնել։ Դա Հայաստանի համար շատ կարևոր է, որովհետև, ցավոք, ՀՀ-ի սահմաններն այդքան ամուր չեն, որպեսզի մենք հույսը դնենք միայն մեր ռազմական ուժի վրա, ստիպված ենք հույս դնել միջազգային զսպման բոլոր մեխանիզմների վրա, հաշվի առնել որպես անվտանգության երաշխիք»,- ասաց նա։
Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը չհամաձայնվեց իր տարածքում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայմանը, որպեսզի իր առաջ տեղ թողնի նոր ագրեսիաների՞։ Ըստ Նավասարդյանի՝ ձեռնտու է Բաքվին, որ իրավիճակը լինի հնարավորինս վերահսկելի․ «Որպեսզի ցանկացած պահի, երբ անհրաժեշտ լինի, ճնշում գործադրի բանակցային գործընթացի վրա, կարողանա իր ագրեսիվ գործողություններով ՀՀ-ին մղել դեպի ճնշումներ, որպեսզի չհետապնդի իր պետական և ազգային շահերը»։
Այլ բացատրություն էլ կա։ Բորիս Նավասարդյանի խոսքով՝ Ադրբեջանի՝ ոչ համակրանքով վերաբերմունքն այս նախաձեռնությանը որոշ չափով պայմանավորված է այն հանգամանքով, որ Բաքուն փորձում է օգտագործել այդ առիթը՝ ՌԴ-ին սիրաշահելու համար և ցույց տալու, որ գտնում է՝ ՌԴ-ից բացի՝ այստեղ ուրիշ խաղացող չպիտի լինի։
Այսօր Աստանայում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը կայացավ, որի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին կոշտ քննադատեց Բաքվին, և ՀԱՊԿ-ին ու ԱՊՀ-ին ուղղված հարցեր հնչեցրեց․ «Արդյո՞ք ՀԱՊԿ-ը ճանաչում է 1991թ. հաստատված ԱՊՀ երկրների պետական սահմանները՝ որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր։ Սա կարևոր հարց է, քանի որ խոսքը ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու և, թույլ տվեք ասել, հենց կազմակերպության ֆունկցիոնալության մասին է։ Եթե հիմնվենք մեկնաբանությունների վրա, ըստ որոնց՝ ԱՊՀ երկրների միջև սահմաններ գոյություն չունեն, քանի որ այդ սահմանները սահմանազատված չեն, դա նշանակում է, որ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին որոշված չէ, այսինքն՝ այն գոյություն չունի։ Իսկ դա լղոզում է ՀԱՊԿ-ի ֆունկցիոնալությունը։ Շատ կարևոր է նաև հստակ պատասխան տալ հետևյալ հարցին՝ արդյո՞ք ԱՊՀ անդամ երկրները ճանաչում են միմյանց միջև 1991թ. հաստատված սահմանները որպես ԱՊՀ հիմնարար փաստաթղթեր։ Այս հարցի դրական պատասխանը շատ կարևոր է ԱՊՀ տարածքում կայունության և անվտանգության համար»։
Այս հարցադրումով ի՞նչ նպատակ էր հետապնդում Նիկոլ Փաշինյանը։ Երևանի մամուլի ակումբի նախագահը նշում է․ «Ես կարծում եմ՝ դա խնդրի հռետորական մակարդակն է, ավելի խորքային հարցեր կան այստեղ, որովհետև զուտ տրամաբանությամբ պարզ է՝ կա՛մ ճանաչում են 1991 թվականի պայմանագիրը, կա՛մ չեն ճանաչում։ Եթե չեն ճանաչում, ուրեմն՝ չի ճանաչում նաև ՀԱՊԿ-ն, որովհետև, ի վերջո, ԱՊՀ համաձայնագիրը ստորագրած երկրներն են ՀԱՊԿ-ի անդամ։ Ես ավելի լուրջ կդիտարկեի այստեղ խնդիրը։ ՌԴ-ն շահագրգռված է, որպեսզի այն կառույցները, որոնք հենց ՌԴ-ի ղեկավարության կամ առաջնորդության ներքո են գտնվում, հնարավորինս ընդլայնվեն։ Այսինքն՝ լինեն երկրներ այնտեղ, որոնք ՀԱՊԿ անդամ չեն, բայց ԱՊՀ անդամ են։ Դրանով ՌԴ-ն փորձում է ավելի մերձեցնել իր հարաբերություններն Ադրբեջանի հետ, որովհետև հիմնական շահագրգիռ կողմն Ադրբեջանն է, որպեսզի տեղյակ լինի ՀԱՊԿ-ում ամեն կատարվելիքի մասին, և չունենա որևէ պարտավորություն այդ կառույցի նկատմամբ։ ՌԴ-ն ցանկանում է ընդլայնել ձևաչափը՝ կարևորելով բարելավելումը հարաբերության Բաքվի հետ։ Նա փորձում է Բաքվի այդ հետաքրքրությունը բավարարել։ Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ղեկավարներն այդ խաղը շատ լավ կարդում են, բայց որպես փաստարկ՝ բերում են այլ բաներ, որոնք տվյալ պահին ավելի հնչեղ էին»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան