Կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք կամ պատրաստ եք ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն․ Փաշինյանը՝ Ալիևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 17:49
Թուրքիայի F-16-ները պարեկություն կիրականացնեն Բալթիկ ծովի օդային տարածքում
27.07.2026 | 17:38
Ինչ է Ադրբեջանից բերվել Հայաստան և որքան․ Ալիևի պնդումները և ՊԵԿ-ի թվերը
27.07.2026 | 17:30
Տադեյ Պոչագարը՝ «Տուր դե Ֆրանսի» 5-ակի չեմպիոն
27.07.2026 | 17:22
Մորեխների դեմ պայքար՝ օդից․ Արարատի բնակիչներին զգուշացնում են հեռացնել մեղվաընտանիքները
27.07.2026 | 17:11
Ադրբեջանը թուրքական նոր HÜRKUŞ-2 ինքնաթիռներ կգնի
27.07.2026 | 17:03
Նեյմարը դուբլ է գրանցել ԱԱ-2026-ից հետո առաջին խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 16:52
Զելենսկին պնդում է, թե ՌԴ-ն պատրաստվում է Հյուսիսային Կորեայից լրացուցիչ 30,000 զինվորականի ներգրավել
27.07.2026 | 16:45
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սեբաստիայի փողոցում
27.07.2026 | 16:33
Իրանը Ֆրանսիայի դեսպանին ԱԳՆ է կանչել՝ երկրի ներքին գործերին «միջամտելու» համար
27.07.2026 | 16:22
Անդրեա Պիրլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը ռուսական ընկերության հետ համագործակցության պատճառով
27.07.2026 | 16:12
Ով է առաջինը, ով է նահանջել․ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակը
27.07.2026 | 15:58
Լիտվան ցանկանում է երկրում ելույթ ունեցող ռուս արտիստներին պարտավորեցնել՝ հակապատերազմական հռչակագիր ստորագրեն
27.07.2026 | 15:49
ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակումն» Ուդմուրտիայում․ Զելենսկին հայտնել է սահմանից 1300 կմ հեռավորության նավթային օբյեկտներին հարվածի մասին
27.07.2026 | 15:40
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը․ ԿԳՄՍՆ
27.07.2026 | 15:31
Մ-17 ԱԱ. Երկու հայ ըմբիշներ կիսաեզրափակիչ են դուրս եկել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին հանդես է եկել ելույթով։

Ստորև ներկայացվում է Հայաստանի վարչապետի ելույթից մի հատված․

«Տիկնայք և պարոնայք,

Ադրբեջանը փորձում է ներկայանալ որպես մեր տարածաշրջանում խաղաղության, Հայաստանի հետ խաղաղության ձգտող երկիր։ Կողքից լսելով, թե ինչ է ասում Ադրբեջանը, դուք կարող եք նույնիսկ տպավորվել նրա նվիրվածությամբ խաղաղության ջանքերին: Եվ նման տպավորություն ստեղծելու համար Ադրբեջանն օգտագործում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի, սահմանների սահմանազատման, տարածաշրջանային հաղորդակցության բացման օրակարգի թեմաները։

Ինչո՞ւ մենք այս ուղղություններով շոշափելի առաջընթաց չունենք։ Պատճառը շատ պարզ է։ Ադրբեջանն այդ բոլոր թեմաներն օգտագործում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար։ Օրինակ՝ խաղաղության պայմանագրի կարևորագույն կետերից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային ամբողջականության երկկողմ ճանաչումն է։ Մենք արդեն հայտարարել ենք, որ պատրաստ ենք դա անել, բայց Ադրբեջանը մինչ այժմ դա չի արել։ Հակառակը, Ադրբեջանը հրապարակավ բարձրաձայնում է, որ Հայաստանի ողջ հարավն ու արևելքը, նույնիսկ մայրաքաղաք Երևանն ադրբեջանական հող է։ Մյուս կողմից, Ադրբեջանն օկուպացիայի տակ է պահում Հայաստանի շոշափելի տարածքները, և, ինչպես ասացի, Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է շատ բարձր։

Այս կապակցությամբ ես պաշտոնական և հրապարակային հարց եմ ուղղում Ադրբեջանի նախագահին. կարո՞ղ եք ցույց տալ Հայաստանի քարտեզը, որը ճանաչում եք կամ պատրաստ եք ճանաչել որպես Հայաստանի Հանրապետություն։ Ինչո՞ւ եմ սա հարցնում: Որովհետև կարող է պարզվել, որ պաշտոնական Ադրբեջանի տեսակետով Հայաստանի տարածքի միայն կեսը կամ ավելի քիչն է Հայաստանի Հանրապետությունը։ Եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ոչ թե տեսականորեն, այլ կոնկրետ, ես նկատի ունեմ մեր միջազգայնորեն ճանաչված 29800 քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջականությունը, կնշանակի, որ մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հակառակ դեպքում մենք կունենանք ֆիկտիվ խաղաղության պայմանագիր, և դրանից հետո Ադրբեջանը կօգտագործի սահմանների սահմանազատման գործընթացը նոր տարածքային պահանջների և օկուպացիայի համար։

Ինչպես գիտեք, մայիսին ստեղծվել է սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության երկկողմ հանձնաժողով, և տեղի է ունեցել հանձնաժողովի երկու նիստ։ Մինչ հանձնաժողովի ստեղծումը, անցյալ տարի Ադրբեջանն օկուպացրել էր Հայաստանի ավելի քան 40 քառակուսի կիլոմետր տարածք։ Դրանից հետո, Ադրբեջանի արդարացումներից մեկն այն էր, որ Հայաստանը, ըստ նրանց, հրաժարվում է սահմանազատման հանձնաժողով ստեղծելուց։ Մենք, իհարկե, չէինք հրաժարվել դրանից, այլ միայն պնդել էինք, որ միաժամանակ սահմանների անվտանգության մեխանիզմ ստեղծվի։

Ի վերջո, մեր միջազգային գործընկերների խնդրանքով, որոնք պնդում էին, որ սահմանային հանձնաժողովի աշխատանքն ինքնին վստահելի գործոն է լինելու սահմանների անվտանգության համար, պայմանավորվեցինք սկսել աշխատանքները։ Եվ հիմա, երբ ձևավորվել և աշխատում է սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովը, Ադրբեջանը նախաձեռնեց ագրեսիայի նոր փուլ։ Իսկ այդ միջազգային գործընկերներից ոմանք լռում են։ Բայց հիմա ինչո՞վ է բացատրվում Ադրբեջանի ագրեսիան։ Գիտեք, եթե ինչ-որ մեկի մոտ ագրեսիվության ավելցուկ կա, պատճառը միշտ կգտնվի։ Ինչպես ասվում է ֆիլմում, միշտ հնարավոր է պատճառ գտնել։ Օրինակ՝ ինչո՞ւ են սպանել արքայազն Համլետին։ Ո՞վ է սպանել, ինչպե՞ս, երբ և ինչո՞ւ, կարևոր չէ. իրականությունն այն է, որ Ադրբեջանը փորձում է և շարունակելու է օգտագործել սահմանազատման գործընթացը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների համար։

Նման մեկ այլ թեմա տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության կապերի բացումն է։ Ադրբեջանը փորձում է այս քննարկման մեջ Հայաստանին ներկայացնել որպես ապակառուցողական կողմ։ Իրականությունն այն է, որ Հայաստանը պատրաստ է մեր ազգային օրենսդրության շրջանակներում իր ճանապարհները բացել Ադրբեջանի համար։ Ավելին, օրերս հրապարակվեց կառավարության որոշման նախագիծը, որը ենթադրում է երեք անցակետ բացել Ադրբեջանի հետ սահմանին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածի իրականացման համար։ Ըստ այդ նախագծի՝ Ադրբեջանի քաղաքացիները և բեռնափոխադրողներն իրավունք կունենան օգտվելու Հայաստանի գործող ճանապարհներից՝ Ադրբեջանից Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն երթևեկելու համար։ Հայաստանի իշխանությունն ուներ քաղաքական կամք՝ միակողմանի ընդունելու այդ որոշումը։ Բայց ադրբեջանցի պաշտոնյաները մեզ ասում են, որ իրենք այդ երթուղիների կարիքը չունեն։ Ի՞նչ են նրանք ուզում։ Նրանք ցանկանում են, որպեսզի նոր երթուղի կառուցվի։ Դա նույնպես ընդունելի է Հայաստանի համար, սակայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածի համաձայն՝ նոր երթուղի կարող է կառուցվել կողմերի համաձայնությամբ։ Հայաստանը պատրաստ է կառուցել այնպիսի երթուղի, որը կգործի Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն և ինքնիշխան վերահսկողության ներքո։

Այդ դեպքում ո՞րն է ադրբեջանական պնդումների իմաստը։ Ադրբեջանն ակնարկում է, որ Հայաստանը պետք է արտատարածքային միջանցք տրամադրի, և դա, ըստ իրենց, բխում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածից։ Եռակողմ հայտարարությունը հրապարակային փաստաթուղթ է, և 9-րդ հոդվածում ոչինչ չկա միջանցքի, արտատարածքայնության և այլնի մասին։ Ուրեմն ո՞րն է Ադրբեջանի նպատակը։ Ստեղծել նոր ճգնաժամ՝ որպես Հայաստանի դեմ նոր ագրեսիայի և նոր տարածքային պահանջի պատրվակ։

Մենք Ադրբեջանի հետ փոխանակվել ենք կոմունիկացիաների բացման թեմայով առաջարկների փաթեթներով, և եթե Ադրբեջանը ընդունի, որ այդ երթուղիները պետք է գործեն ազգային օրենսդրության համաձայն, մենք կարող ենք այս հարցով շատ արագ որոշման հանգել։

Ի դեպ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները ենթադրում են, որ ոչ միայն Հայաստանը պետք է ճանապարհներ տրամադրի Ադրբեջանին, այլև նաև Ադրբեջանը պետք է ճանապարհներ տրամադրի Հայաստանին։ Եվ մենք դեռ ոչինչ չենք ստացել։

Ինչ վերաբերում է միջանցքային ձևակերպմանը, ապա շատ կաևոր է նշել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է միայն մեկ միջանցքի մասին, և դա Լաչինի միջանցքն է Լեռնային Ղարաբաղի համար»։