Oպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 90-րդ թատերաշրջանը կմեկնարկի «Անուշ»-ով՝ Վանաձորից

Լուրեր

09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
Բոլորը

Այս տարի լրանում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 90-ամյակը: Հոբելյանական թատերաշրջանը կմեկնարկի Վանաձորից. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Այդ կապակցությամբ այսօր օպերային թատրոնի նկուղային հարկում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր Կարեն Դուրգարյանը և տնօրենի գլխավոր խորհրդական, գլխավոր պրոդյուսեր Շմավոն Գրիգորյանը:

Արա Խզմալյանը շնորհավորել է գործընկերներին թատրոնի 90-րդ հոբելյանական թատերաշրջանի բացման կապակցությամբ՝ նշելով, որ յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրի համար օպերայի և բալետի թատրոն ունենալը վկայություն է համաեվրոպական մշակութային իրողություններին հաղորդակից և այդ մեծ ընտանիքի անդամ լինելու մասին:

«Անձամբ ինձ համար իսկապես տոն է թատրոնի ղեկավարության այս իրադարձային քայլը: Նման կարևոր կառույցի հոբելյանական թատերաշրջանի բացումը մարզում վկայում է մշակութային կյանքի ապակենտրոնացման մասին: Եվ այս համատեքստում սա սոսկ հյուրախաղ չէ, այլ պետական քաղաքականության դրսևորում և ուղերձ հանրությանը: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ բնակության վայրից և սոցիալական կարգավիճակից, իրավունք ունի հարաբերակից լինելու մշակութային կյանքին»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Ըստ փոխնախարարի՝ սա պատմական իրադարձություն է մեր մշակութային կյանքում. ավելի քան 150 աշխատակից լինելու է Վանաձորում: Նա հույս է հայտնել, որ նախաձեռնությունը կլինի շարունակական:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 90-րդ հոբելյանական թատերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 2-ին Վանաձորում. Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում կներկայացվի Ա. Տիգրանյանի «Անուշ» օպերան: Ինչպես Կարեն Դուրգարյանն է ներկայացրել, օպերան Վանաձորում բեմադրելու միտքը ծնվել է պարզ զրույցից:

«Վստահ եմ՝ վանաձորցի հանդիսատեսը ուրախ կլինի տեսնել մեծ լոռեցու՝ համայն հայության Թումանյանի ստեղծագործությունը օպերային բեմադրությամբ»,- ասել է Դուրգարյանը՝ կարևորելով մարզային ծրագրերի իրականացումը: Նրա տեղեկացմամբ՝ նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են, և դեկորները շուտով կտեղափոխվեն Վանաձոր:

Մյուս ներկայացումը կկայանա սեպտեմբերի 3-ին Վանաձորի Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատում. կներկայացվի «Երեք սոպրանո» խորագրով համերգը:

Կարեն Դուրգարյանն իրազեկել է՝ հոբելյանական միջոցառումները նախատեսված են ոչ միայն Հայաստանում, այլև ՀՀ սահմաններից դուրս: Այս թատերաշրջանում լինելու են հայ կոմպոզիտորների պրեմիերաներ. հրավիրված ռեժիսորներն ու բալետմաստերները նոր ներկայացումներ կբեմադրեն:

Բանախոսներն անդրադարձել են նաև ասուլիսի անցկացման վայրին՝ թատրոնի նկուղին, որտեղ ընթանում էին շինաշխատանքներ:

Դուրգարյանի բնորոշմամբ՝ հոբելյանական տարին միայն ներկայացումը չէ, այլև կազմակերպման ընթացքը. «Թատրոնը պրոցես է, և ասուլիսն այստեղ կազմակերպեցինք, որ համոզվեք դրանում: Այս տարածքը կարող է դառնալ փորձասենյակ, նաև այնպիսի հարթակ, որտեղ երիտասարդ ստեղծագործողները կկարողանան իրենց միտքը ցույց տալ, ինքնադրսևորվել ամբողջապես»:

Ի լրումն՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ասել է՝ մշակութային իրադարձությունների այլընտրանքային հարթակների լրջագույն խնդիր կա: Ըստ նրա՝ շատ հաճախ արվեստագետների երևակայությունը կաշկանդվում է, որովհետև մեր ունեցած հարթակները դասական ձևաչափերի են, որոնք ակամա թելադրում են իրենց գեղարվեստականությունը՝ առանց փորձարարական այլ մոտեցումների:

«Մեծ հույս ունեմ, որ մոտ ժամանակներում այս միջավայրը՝ նկուղային այս հարթակը, կդառնա իսկապես մշակութային որոնումների և փորձարարության կենտրոն: Ամեն ինչ կանենք, որ այդպես լինի»,- ասել է Արա Խզմալյանը:

Ներկայացնելով օպերային թատրոնի ընթացիկ գործունեությունը՝ Դուրգարյանն իրազեկել է, որ ավարտման փուլում է թատրոնների ներկայացումների անձնագրերի ստեղծումը, հաշվառվում են դեկորները՝ որ ներկայացման համար են, հին են, նոր են և այլն:

«Մեր օրերում մշակույթի դերն ավելին է, քան կարելի է պատկերացնել. մշակույթը լույս է, որ պետք է հասնի սահմանամերձ համայնքներ: Ակնհայտ է, որ Չարենցի հոբելյանական համերգները Գյումրիում և Վանաձորում փոխել են քաղաքի մթնոլորտը,- իր գնահատականն է ներկայացրել փոխնախարարը,- եթե անգամ կառույցը ԿԳՄՍ նախարարության ենթակայության չէ, բովանդակության պատասխանատուն մենք ենք և ամեն ինչ պետք է անենք պրոֆեսիոնալ համագործակցությունն ապահովելու համար»:

Արա Խզմալյանը, կարևորելով մշակութային ապակենտրոնացման քաղաքականության շարունակականությունը, նշել է, որ հանդիպումներ է ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների հետ, և այս ուղղությամբ ձեռք են բերվել տարաբնույթ պայմանավորվածություններ: