ՀՀ փոխվարչապետը մասնակցել է ԱՄՆ անկախության տարեդարձին նվիրված տոնակատարությանը

Լուրեր

20.04.2024 | 15:05
Հանրապետության մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
20.04.2024 | 14:37
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսին
20.04.2024 | 14:08
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
20.04.2024 | 13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
20.04.2024 | 13:33
Փաշինյանը մանրամասներ հայտնեց Ադրբեջանի հետ բանակցությունից․ ՀՀ-ն կբարձրացնի Արծվաշենի հարցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 13:22
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
20.04.2024 | 13:15
«Սա հիանալի է»․ Փաշինյանը ստուգել է Մեդովկայի դպրոցի վերանորոգումը․ աշխատանքից ազատվածներ չկան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 12:55
Կիրանցի մի խումբ բնակիչներ և ընդդիմադիր գործիչներ փակել են ճանապարհը՝ դժգոհելով սահմանազատման հարցով ՀՀ-Ադրբեջան հայտարարությունից
20.04.2024 | 12:50
Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
20.04.2024 | 12:41
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2024 | 11:48
Նավթի գները նվազել են
20.04.2024 | 11:30
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպք
20.04.2024 | 11:16
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել շարունակել սահմանազատումը և լուծել երկկողմ խնդիրները
20.04.2024 | 10:57
Մենք ողջունում ենք Ալմա Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինքեն
20.04.2024 | 10:17
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է
Բոլորը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի 30-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը մասնակցել է ԱՄՆ անկախության 246-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությանը։

Ինչպես հայտնում են փոխվարչապետի գրասենյակից, դեսպանատան ծովահետևակայինների կողմից անցկացվող դրոշի հանդիսավոր արարողությունից հետո հնչել են Հայաստանի և ԱՄՆ-ի ազգային օրհներգերը՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի կատարմամբ։

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի ողջույնի և շնորհավորանքի խոսքին հաջորդել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ելույթը, որում, մասնավորապես, նշել է․

«Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,

Ձերդ գերազանցություն տիկի՛ն դեսպան,

Օրենսդիր, դատական և գործադիր իշխանությունների հարգելի գործընկերներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ջերմորեն շնորհավորում և բարեմաղթանքներս եմ հղում Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության 246-րդ տարեդարձի կապակցությամբ:

Օգտվելով առիթից՝ թույլ տվեք նաև շնորհավորել հայ և ամերիկացի ժողովուրդներին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։

Հայաստանի անկախությունից ի վեր ԱՄՆ կառավարությունը շարունակական աջակցություն է ցուցաբերել մեր երկրին՝ մշտապես հավատարիմ լինելով հայ ժողովրդի առավել բարեկեցիկ, տնտեսապես ավելի կայուն, կոռուպցիայից զուրկ, օրենքի գերակայության վրա հիմնված ժողովրդավարական երկրում ապրելու ձգտմանը, ինչի համար իմ անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում ԱՄՆ կառավարությանը։

Մեր երկու երկրների միջև սերտ համագործակցության մասին է վկայում այն, որ թավշյա հեղափոխությունից հետո հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը որակապես նոր փուլ մտավ, և երկկողմ միջկառավարական խորհրդակցությունները տնտեսական շրջանակներից վերաճեցին ռազմավարական երկխոսության։ Ես ուրախ եմ, որ այսօր ունենք հագեցած օրակարգ, որն արդեն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ՝ սկսած իրավական բարեփոխումներից և կոռուպցիայի կանխարգելումից մինչև էներգետիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ։

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ 2022 թվականի գարնանը վերսկսվեցին Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության ամենամյա նիստերը և մայիսի 2-ին Հայաստանի Արտաքին գործերի նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի կողմից Վաշինգտոնում տրվեց ամփոփիչ նիստի մեկնարկը։ 2022 թվականի ռազմավարական երկխոսության ձեռքբերումներից պետք է համարել «Քաղաքացիական միջուկային համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը, որը ստորագրեցին երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները։ Այս ոլորտում համագործակցության խորացումը, վստահ եմ, նոր հնարավորություններ կբացի Հայաստանի առջև։

Ձերդ գերազանցություն տիկի՛ն դեսպան,

Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Ամերիկայի Միացյալ Նահանգների ջանքերն՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Հուսանք, որ այս ջանքերը կլինեն շարունակական, և կհասնենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մեր նպատակին՝ չանտեսելով այսօր Արցախում ապրող մեր հայրենակիցների իրավունքները:

Խորին երախտագիտությունս եմ հայտնում նաև Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ վարչակազմի դիրքորոշման համար։ Նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը անփոխարինելի քայլ էր ողջ աշխարհում հայ ժողովրդի կողմից մղվող դարավոր պայքարի արդարացիության և ցեղասպանությունը ժխտողներին կոշտ պատասխան տալու համար: Այս տարվա ապրիլի 24-ին դիրքորոշման վերահաստատումը ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ մարդու իրավունքների և համամարդկային արժեքների գերակայությանը:

Ուզում եմ անդրադառնալ նաև այսօր հայկական խոշորագույն համայնքներից մեկին՝ ամերիկահայությանը, ազգությամբ հայ ԱՄՆ քաղաքացիներին, որոնք, լինելով տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, իրենց ծառայությունն են մատուցում ԱՄՆ-ին: Նրանք նաև երրորդ հանրապետության հիմնադրման առաջին օրվանից և արդեն 3 տասնամյակից ավելի կանգնած են Հայաստանի կողքին՝ իրենց անմիջական աջակցությունը ցուցաբերելով երկրի տարբեր ոլորտների զարգացմանը: Հայ համայնքը յուրօրինակ կամուրջ է, որ կապում է երկու երկրները, նպաստում հարաբերությունների ամրապնդմանը և ընդհանուր արժեքների վրա խարսխված գործընկերության մակարդակի բարձրացմանը:

Ձերդ գերազանցություն տիկին դեսպան,

Տիկնայք և պարոնայք,

Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ և Ամերիկայի ժողովրդին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության 246-րդ տարեդարձի կապակցությամբ։

Կեցցե հայ-ամերիկյան բարեկամությունը:

Շնորհավո՛ր Անկախության օրը»։