Անձնագիր ձեռք բերելիս կամ փոխելիս անձի նույնականացման գործիքակազմը բարելավման կարիք ունի. ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր է հղել ՀՀ ոստիկանապետին

Լուրեր

16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
Բոլորը

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ն. Խ.-ն, հանդիսանալով ՀՀ քաղաքացի և լինելով ՌԴ-ում քննվող քրեական գործով հետախուզման մեջ, Վրաստանում աշխատանք փնտրելու, այնտեղից Գերմանիայի Դաշնություն մեկնելու նպատակով, օգտվելով քրոջը՝ 2013թ.-ից ՌԴ-ում մշտապես բնակվող, ՀՀ և ՌԴ քաղաքացի հանդիսացող Դ. Շ.-ին արտաքնապես նման լինելու հանգամանքից, 2021թ. նոյեմբերին ՀՀ ոստիկանության ԱՎՎ Մասիսի անձնագրային բաժանմունքում հանդես է եկել վերջինիս տվյալներով և ներկայացրել իրականությանը չհամապատասխանող՝ Դ. Շ.-ի անձնագրի կորստյան մասին դիմում: Դ. Շ.-ի փոխարեն նա նաև ներկայացրել է իր լուսանկարները՝ խնդրելով հաշվառել իր ընկերուհու՝ Լ. Ամարովային պատկանող՝ Արարատի մարզի Նորամարգ գյուղի համապատասխան հասցեում՝ որպես իր փաստացի բնակության վայր․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Այնուհետև, անձի փաստացի բնակության վայրը ստուգելու նպատակով 2021թ. նոյեմբերի 10-ին վերոհիշյալ հասցե այցելած համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչին Ն. Խ.-ն դարձյալ ներկայացել է որպես Դ.Շ. և ստորագրել վերջինիս տվյալներով կազմված համապատասխան արձանագրությունում։ Դրանից հետո, ոստիկանության ծառայողը կազմված արձանագրության հիման վրա նախապատրաստել և ՀՀ ոստիկանության ԱՎՎ Մասիսի անձնագրային բաժանմունք է ներկայացրել գրություն, որով հաստատվել է նշված հասցեն որպես Դ. Շ.-ի փաստացի բնակության վայր հանդիսանալու հանգամանքը։

Վերոհիշյալ գործողությունների արդյունքում 2021թ. դեկտեմբերի 1-ին Ն. Խ.-ն ստացել է իր լուսանկարով և ստորագրությամբ, սակայն Դ.Շ.-ի անձնական տվյալներով ՀՀ քաղաքացու կեղծ անձնագիր, որը ավելի ուշ «Բագրատաշեն սահմանային անցակետի աշխատակիցներին ներկայացնելով փորձել է ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը: Սակայն անցակետի աշխատակցի ստուգման արդյունքում անձնագրի կեղծ լինելու հանգամանքը բացահայտվել է և արգելվել է նրա ելքը ՀՀ-ից։

Ն. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով /3 դրվագ/ և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով, և 2022թ. ապրիլի 1-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Քրեական գործով հիմնավորվել է, որ Ն. Խ.-ն նախապես պարզել է, թե ոստիկանության որ տեսուչն է սպասարկում Նորամարգ համայնքը, զանգահարել է վերջինիս և, հանդիպելով նրան, հայտնել Նորամարգ համայնքի համապատասխան տանը հաշվառվելու իր ցանկությունը: Դրանից հետո տեսուչն այցելել է հիշյալ հասցե և կազմել արձանագրություն այն մասին, որ Ն.Խ.-ն բնակվում է այդ տանը:

Արձանագրության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բացի շահագրգիռ անձի կողմից հայտնած բանավոր տվյալներից, այն չի պարունակել անձի հայտնած տեղեկությունները հաստատող որևէ օբյեկտիվ փաստական տվյալ:

Համայնքային տեսուչը Նորամարգ համայնքի նշված տանը Ն. Խ.-ի փաստացի բնակվելու հանգամանքն ստուգելիս բավարարվել է բացառապես վերջինիս հայտարարությունով և որևէ այլ միջոց չի ձեռնարկել, ինչպես, օրինակ, սեփականատիրոջից իր տանը բնակվելու վերաբերյալ համաձայնություն ստանալը, հարևաններից ճշտող հարցումներ կատարելը, «ՍԷԿՏ» համակարգում ստուգում իրականացնելը և այլն: Այսինքն բավարար գործիքակազմ չկիրառելը և ձևական միջոցառումները նպաստել են հետագայում կեղծ անձնագրի պատրաստմանը և այն օգտագործելով պետական սահմանն ապօրինի հատելու փորձի կատարմանը:

Նշվածը եզակի դեպք չէ: Մասնավորապես, ԱԱԾ-ում քննվող մեկ այլ քրեական գործով հիմնավորվել է, որ անձը ՀՀ ՊՆ Արաբկիրի զինվորական կոմիսարիատում ներկայանալով դասընկերոջ տվյալներով, 2014թ. հուլիսին ձեռք է բերել վերջինիս ՀՀ զինված ուժերում ծառայած լինելու վերաբերյալ տեղեկանք, ապա անձնագիր ստանալու համար նրա անունից դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին: Դրանց հիման վրա Մ. Ա.-ն անձնագրավորվել է, ստացել իր լուսանկարով, սակայն Գ. Վ.-ի կենսորոշիչ տվյալներով լրացված ակնհայտ կեղծ նույնականացման քարտ, ստացել ՀՀ ԶՈՒ-ում ծառայած լինելու վերաբերյալ տեղեկանք, ապա նաև իր լուսանկարով, սակայն Գ. Վ.-ի կոնսորոշիչ տվյալներով լրացված ակնհայտ կեղծ կենսաչափական անձնագիրը, որով նա 2014-2016թթ. 7 անգամ հատել է ՀՀ պետական սահմանը: 2022թ. մարտի 3-ին այս քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Քրեական գործերի նյութերի վերլուծությունը վկայում է, որ անձնագիր ձեռք բերելու կամ որևէ հիմքով այն փոխանակելու պարագայում անձի նույնացման, հայտնած տվյալների իսկությունը ստուգելու չափորոշիչները լիարժեք կարգավորված չեն համապատասխան իրավական ակտերով: Այդ պատճառով շահագրգիռ անձանց հայտնած տվյալների ստուգումը շատ դեպքերում կրում է ձևական բնույթ՝ նպաստող պայման դառնալով հանցավոր գործունեության համար:

Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազ Ա. Դավթյանը միջնոդրագիր է հղել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին՝ անձնագիր ձեռք բերելու կամ որևէ հիմքով այն փոխանակելու պարագայում տվյալ անձի նույնացումն ապահովող արդյունավետ չափանիշներ և անհրաժեշտ գործիքակազմ սահմանելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելու, ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայություններում նմանատիպ դրսևորումները հետագայում բացառելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։