«Ես հրաժարական կտամ միայն այս շինծու գործը կարճելուց և ներողություններ ստանալուց հետո»․ Արմեն Դարբինյան

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է,որ ՀՀ Գլխավոր դատախազությունը պատրաստվում է իր դեմ քրեական գործ հարուցել։ Դարբինյանի պնդմամբ՝ իր դեմ պատրաստվող մեղադրանքները բացարձակ անհիմն են՝ ռուսական կողմի ճնշման արդյունք։ Ֆեյսբուքյան գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Ռուսաստանյան որոշ շրջանակներ, ինչպես երևում է, չեն կարող ներել ինձ ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ իմ դրսևորած ազգային արժանապատիվ կեցվածքը։ Հիշեցնեմ. պատերազմի և ազգային աղետալի կորուստների ամենաթեժ հատվածում ես հրապարակայնորեն հակադրվեցի Դմիտրի Մեդվեդևին և Դմիտրի Պեսկովին` ակնարկելով, որ Հայաստանը և հայ ժողովուրդը ակնկալում է Ռուսաստանից դաշնակցային գործելակերպ, այլ ոչ միայն միջնորդի գործառույթ։ Հնարավոր է, որ այդ հրապարակումները չափից շատ էմոցիոնալ էին և չէին հաշվի առել աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները։ Բայց դրանք անկեղծ էին և հիմնված հայ֊ռուսական եղբայրական հարաբերությունների նկատմամբ անկոտրում հավատի և դրանց անառարկելիության վրա։ Ինձ չի ներվել նաև Մարգարիտա Սիմոնյանին ուղղված իմ բաց նամակը, որտեղ ես նրանից հարգանք պահանջեցի հայ ժողովրդի քաղաքական ընտրության նկատմամբ։

Եվ ահա այս շրջանակները, որոնք ակնհայտ գործում են թե’ Ռուսաստանի և թե’ հայ֊ռուսական համագործակցության շահերի դեմ, արդեն մոտ երկու տարի է ինչ ջանք չեն խնայում վարկաբեկելու համար և’ իմ, և Հայ֊Ռուսական համալսարանի բարի համբավը և հեղինակությունը։ Պիտի հավելեմ, որ թե’ նախկին և թե’ ներկա Հայաստանյան իշխանությունների շարքերում կան ուժեր և գործիչներ, որոնք հաճույքով զուգերքում էին նույն ուղղությամբ։ Մասնավորապես, դրանց ջանքերով, դեռևս Սերժ Սարգսյանի նախագահության օրոք հանրային շրջանառության թեմա դարձավ բացարձակ անհեթեթ, իրականության հետ որևէ աղերս չունեցող բարբաջանքը` մեր համալսարանի իբրև թե «արևմտամետության» մասին։

Համալսարանին, որը սերվել և սերվում է հայ և ռուս լավագույն կրթական ավանդույթներով, հսկայական դրական ներազդեցություն է գործել մեր կրթական համակարգում, հանդիսանալով ակադեմիական ազատության բացառիկ օրինակ և բարձրացնելով մասնավորապես ռուսական կրթության հեղինակությունը մեր երկրում, սկսեցին մեղադրել «ոչ բավարար ռուսականության» մեջ։

Ցավով պիտի նշեմ, որ նշված շրջանակներին հաջողվեց թյուրիմացության մեջ գցել ՌԴ արտգործնախարար Լավրովին (վերջինիս` ՀՀ խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման մանրամասների վերաբերյալ նյութերը լայնորեն տարածվեցին մեր լրատվական դաշտում)։ Համալսարանի և իմ նկատմամբ մեկ տարի առաջ իրականացված ԱԱԾ ձախողված գրոհը նույն այս շարքից էր։ Եվ ահա` նոր գրոհ. ինձ հասած տեղեկություններով ՌԴ գլխավոր դատախազության դիմումի համաձայն Հայաստանյան գործընկերները կամ արդեն հարուցել են, կամ շուտով կհարուցեն բացարձակ անհիմն քրեական գործ` իբրև թե համալսարանի կողմից տենդերային ինչ֊ինչ պայմանների կամ կարգավորումների խախտման մասին։ Ըստ որում իրավիճակին առավել սարսափ հաղորդելու նպատակով որոշում է կայացվել քննությունը հանձնել հակակոռուպցիոն մարմնին։ Էս «խելոքները» չեն հասկանում, որ կրակի հետ են խաղում. Աշխարհի բոլոր դատախազություններն էլ որ միավորվեն, չեն կարողանալու կոռուպցիա կարել ոչ իմ, ոչ էլ համալսարանի վրա, և դրա մասին գիտեն բոլորը, նաև` կվկայեն համալսարանի արդեն բազմահազար շրջանավարտներն ու յուրաքանչյուր համալսարանական։

«Գործը» ամբողջությամ պատվիրված և հնարածին է։ Սրանց նպատակը մեկն է. ամեն գնով հասնել իմ հրաժարականին կամ պաշտոնանկությանը։ Իմ նպատակն էլ է մեկը. բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել համալսարանի և անձամբ իմ բարի անունը և հեղինակությունը։

Ես իհարկե հրաժարական կտամ, քանզի համալսարանի հիմնադիրների որոշ այժմյան ներկայացուցիչների նման անհեռատես և վնասակար պահվածքի պարագայում անհնար է ապահովել համալսարանի հետագա հաղթական ընթացքը, իսկ մենք լավագունն ենք` թե’ երկրում, թե’ տարածաշրջանում (ադրբեջանցիների հետ, օրինակ, մեր մրցակցությունը ավարտել ենք տոտալ հաղթանակով` Բաքվի պետական համալսարանը միջազգային վարկանիշավորմամբ մեզնից ետ թողնելով երկու հարյուր կետով)։ Սրանք դեռ պիտի շաաատ խնդրեն ու ապաշխարհեն, որ ես մնամ։

Սակայն ես հրաժարական կտամ միայն այս շինծու գործը կարճելուց և ներողություններ ստանալուց հետո։ Իսկ հրաժարականից անդին կբազմապատկեմ ջանքերս` մեր պետության սուվերենությունը պաշտպանելու և հայ ժողովրդի զգետնված արժանապատվությունը վերականգնելու ուղղությամբ։

Աստված Առաջ»։

Factor.am-ը Արմեն Դարբինյանի ահազանգի առնչությամբ փորձեց մեկնաբանություն ստանալ Գլխավոր դատախազությունից և Հակակոռուպցիոն կոմիտեից, սակայն մինչ այս պահը որևէ տեղեկություն ստանալ չի հաջողվել։ Մեզ չհաջողվեց նաև Արմեն Դարբինյանից հավելյալ մեկնաբանություններ ստանալ․ Հայ-ռուսական սլավոնական համալսարանի մամուլի քարտուղար Հենրիխ Մարգարյանը հայտնեց, որ Դարբինյանն իր ասելիքն ամբողջությամբ ներկայացրել է գրառման մեջ, ուստի՝ հավելյալ մեկնաբանություն տալ չի ցանկանում։

Ռոզա Վարդանյան