Քասախ համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու գործով մեղադրանք է առաջադրվել ևս ութ անձի

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում  Քասախ համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ՝ չարաշահումների կատարման մեխանիզմը, պետությանը և համայնքին պատճառված վնասի չափը, համայնքի ղեկավարին օժանդակած անձանց շրջանակը, որոնց գործողություններին տրվել են քրեաիրավական գնահատականներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, ձեռք բերված ապացույցների համակցությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարը, 1996 թվականից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական կեղծիքներ կատարելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, օտարել է փաստացի գերեզմանոցներով ծանրաբեռնված հողատարածքը, ինչպես նաև շահադիտական նպատակով, համայնքապետարանի աշխատակիցներից և ավագանու անդամներից բաղկացած աճուրդային հանձնաժողովի անդամների օժանդակությամբ պաշտոնեական կեղծիքներ կատարելով, առանձնապես խոշոր չափերով նյութական օգուտ ստանալու շահադիտական դրդումներից ելնելով, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վերցրել է փաստացի իր տիրապետման և տնօրինության տակ, ապա դրանք սահմանված մեկնարկային գնից թանկ վաճառել համայնքից հողամաս ձեռք բերելու նպատակով իրեն դիմած անձանց՝ հասարակության, պետության և համայնքի օրինական շահերին պատճառելով էական վնաս։

Այսպես՝ համայնքի ղեկավարը, գիտակցելով, որ հողատարածքում գերեզմանոցների առկայության պարագայում չի կարող հասնել իր համար ցանկալի արդյունքների, 2003թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում համայնքում գտնվող գերեզմանատներով ծանրաբեռնված 11,6 հա հողատարածքը վարձակալությամբ տրամադրելու և օտարելու նպատակով, անձամբ մասնակցելով այդ հողատարածքի վերաբերյալ ուրվագծային հատակագծի կազմմանը և հաստատմանը, գործարքի իրականացման համար հաստատել ու շրջանառության մեջ է դրել համապատասխան տեղեկանք, որտեղ որևէ տեղեկություն չի ամրագրել հողատարածքում գերեզմանատան առկայության կամ հողատարածքը գերեզմաններով ծանրաբեռնված լինելու մասին և այն ներկայացնելով որպես գյուղատնտեսական նշանակության 5-րդ կարգի արոտավայր՝ կազմել և շրջանառության մեջ է դրել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող կեղծ տեղեկանք և ուրվագծային հատակագիծ՝ այդ կերպ թաքցնելով նշված հողատարածքում գերեզմանոցների առկայության հանգամանքը, որից հետո կնքելով պայմանագիր՝ նշված հողատարածքը հանձնել է վարձակալության։

Այնուհետև, գիտակցելով, որ, ՀՀ հողային օրենսգրքի համաձայն, գերեզմանոցներով ծանրաբեռնված հողատարածքի օտարումը արգելվում է, քանի որ ըստ օրենքի պատմական և մշակութային հողեր են համարվում նաև զինվորական և քաղաքացիական գերեզմանոցներով զբաղեցված հողամասերը և, հետևաբար, արգելվում է պետական և համայնքային սեփականություն հանդիսացող նման հողամասերը քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելը, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հողատարածքը վարձակալած անձի հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, որով վարձակալությամբ տրված հիշյալ 11,6 հա մակերեսով ու փաստացի գերեզմանոցներով ծանրաբեռնված հողատարածքը 783 000 ՀՀ դրամով օտարել է վերջինիս և որպեսզի իր անօրինական ու հանցավոր գործունեությունն առավել դյուրին դարձնի, 2010թ. հունվարին կարգադրություն է ստորագրել՝

Կոտայքի մարզի Քասախ գյուղական համայնքի սեփականություն հանդիսացող գույքի օտարման հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, որի կազմում ընդգրկել է իրեն՝ որպես հանձնաժողովի նախագահ, ինչպես նաև՝ համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների և ավագանու անդամների:

Բացի այդ, առանձնապես խոշոր չափերի նյութական օգուտ ստանալու շահադիտական դրդումներից ելնելով, համայնքի ղեկավարը հանցավոր համաձայնություն է ձեռք բերել աճուրդային հանձնաժողովի անդամների հետ՝ վերջիններիս օժանդակությամբ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը փաստացի իր տիրապետման և տնօրինության տակ վերցնելու, ապա հողամաս ձեռք բերելու նպատակով իրեն դիմած անձանց սահմանված հողամասերը մեկնարկային գնից թանկ վաճառելու արդյունքում նյութական օգուտներ քաղելու շուրջ։

Մասնավորապես, 2012թ. փետրվարին տեղեկանալով Երևան քաղաքի բնակչի կողմից Քասախ համայնքում հողատարածք ձեռք բերելու մտադրության մասին՝ առաջարկել է 3.600.000 ՀՀ դրամով գնել համայնքային սեփականություն հանդիսացող 0.0801 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամաս՝ միաժամանակ գնորդից թաքցնելով տեղեկությունն այն մասին, որ նշված հողամասը համայնքի կողմից արդեն իսկ 1.993.048 ՀՀ դրամ մեկնարկային գնով դրված է աճուրդի։

Ստանալով գնորդի համաձայնությունը՝ համայնքի ղեկավարը, ՀՀ հողային օրենսգրքով սահմանված դրույթների ուժով հանդիսանալով աճուրդի կազմակերպիչ, աճուրդային հանձնաժողովի նախագահ, իր՝ որպես Քասախ համայնքի ղեկավարի և աճուրդային հանձնաժողովի նախագահի լիազորությունները համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հանցավոր համաձայնություն է ձեռք բերել աճուրդային հանձնաժողովի անդամների՝ Քասախի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետի, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար իր եղբորորդու, աշխատակազմի առաջատար մասնագետի, ավագանու անդամներից երեքի հետ՝ նշված հողատարածքն իբրև թե աճուրդի արդյունքներով իր համար ցանկալի անձին օտարելու և հետագայում նրա կողմից այդ հողատարածքը նշված քաղաքացուն օտարելու շուրջ, որի հիման վրա 2012թ. ապրիլին աճուրդային հանձնաժողովի արձանագրողին հանձնարարել է կազմել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդ-վաճառքով օտարելու վերաբերյալ ձևական, ըստ էության չկայացած աճուրդ-վաճառքի վերաբերյալ կեղծ արձանագրություն:

Պարզվել է նաև, որ ՀՀ հողային օրենսգրքով սահմանված՝ աճուրդին առնվազն երկու հայտերի առկայությունն ապահովելու նպատակով, համայնքի ղեկավարի հանձնարարությամբ, ներառվել են կեղծ տեղեկություններ՝ աճուրդ-վաճառքին իր ծանոթների  մասնակցության վերաբերյալ, կատարված քայլերի և իբրև թե 2.192.352 ՀՀ դրամ առավելագույն գին առաջարկելու պայմաններում Երևանի բնակչին հաղթող ճանաչելու վերաբերյալ: Ապա, համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականում չկայացած աճուրդի վերաբերյալ նշված հանձնաժողովի կողմից կազմվել է իրավաբանական նշանակություն ունեցող, իրադարձություններ հավաստող, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, հողամասերն աճուրդով վաճառելու մասին  կեղծ արձանագրություն, որը ստորագրվել և շրջանառության մեջ է դրվել է աճուրդի կազմակերպիչ և աճուրդավար համայնքի ղեկավարի և հանձնաժողովի անդամների կողմից:

Համայնքի ղեկավարը, հիմք ընդունելով իբրև թե կայացած աճուրդի արդյունքները, 2012թ. ապրիլին կայացրել է որոշում՝ իբրև թե աճուրդում հաղթող ճանաչված անձի հետ առուծախի պայմանագիր կնքելու մասին, որից հետո Քասախ համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձանց միջև  կնքվել է հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ օրեր անց նշված հողամասը լիազորագրի հիման վրա հանդես եկող անձի կողմից, 3.600.000 ՀՀ դրամ գումարով, օտարվել է Երևան քաղաքի բնակչին:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ համայնքի ղեկավարը 2012թ. նոյեմբերին 0.0800 հա և  0.0799 հա մակերեսներով բնակելի կառուցապատման հողամասերը պաշտոնեական դիրքի չարաշահմամբ փաստացի իր տիրապետման և տնօրինության տակ վերցնելու, հետագայում սահմանված մեկնարկային գնից թանկ վաճառելու արդյունքում նյութական օգուտ ստանալու շահադիտական դրդումներից ելնելով, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն անցկացվելիք աճուրդների մասին հրապարակային ծանուցումների «www.azdarar.am» պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն չի ներկայացրել՝ բնակելի կառուցապատման նշված հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու վերաբերյալ՝ այդ կերպ զրկելով հնարավոր այլ շահառուներին աճուրդներին մասնակցելու իրավունքից։

Այնուհետև, համայնքի ղեկավարը, իր գործողություններին օրինական տեսք տալու, աճուրդի կայացման պատրանք ստեղծելու նպատակով, աճուրդային հանձնաժողովի անդամների օժանդակությամբ, 2012թ. դեկտեմբերին հանձնաժողովի անդամին հանձնարարել է կազմել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն իբրև թե աճուրդ-վաճառքով օտարելու վերաբերյալ ձևական, ըստ էության չկայացած աճուրդ-վաճառքի վերաբերյալ արձանագրություն, և ՀՀ հողային օրենսգրքով սահմանված աճուրդի՝ առնվազն երկու հայտերի առկայությունն ապահովելու նպատակով հանձնարարել է աճուրդի արձանագրությունում ներառել կեղծ տեղեկություններ՝ աճուրդ-վաճառքին

Քասախ համայնքի բնակիչներ, իր մտերիմների մասնակցության, կատարված քայլերի և, համապատասխանաբար, 2.090.088 և 2.087.476 ՀՀ դրամ առավելագույն գին առաջարկած մասնակցին հաղթող ճանաչելու վերաբերյալ, որից հետո կազմված արձանագրությունը ստորագրվել և շրջանառության մեջ է դրվել աճուրդի կազմակերպիչ և աճուրդավարի՝ Քասախ համայնքի ղեկավարի, հանձնաժողովի անդամների և իբրև գնորդ հանդես եկած անձի կողմից, որից հետո համայնքի ղեկավարը, հիմք ընդունելով իբրև թե կայացած աճուրդի արդյունքները, 2012թ. դեկտեմբերին կայացրել  է որոշումներ՝ աճուրդում հաղթող ճանաչված անձի հետ առուծախի պայմանագրեր կնքելու մասին, և համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձի և իբրև թե գնորդի միջև  կնքվել են հողամասերի առուվաճառքի պայմանագրեր։ Արդյունքում՝ հողամասերը փաստացի իր տիրապետման և տնօրինության տակ վերցնելուց հետո՝ արդեն 2015թ. փետրվարին հողամասերից մեկն օտարել է 2.700.000 ՀՀ դրամով, իսկ մյուսը՝ նույն թվականի օգոստոսին՝ 12.000 ԱՄՆ դոլար գումարով:
Այսպիսով, համայնքի ղեկավարի կողմից  պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելու, պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելու, իսկ աճուրդային հանձնաժողովի անդամների  կողմից այդ արարքներին օժանդակելու հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է ընդհանուր՝ 5 669 924 ՀՀ դրամի էական վնաս:

Բացի այդ, Քասախ համայնքի ղեկավարը, առանձնապես խոշոր չափերի գույքային օգուտ ստանալու շահադիտական դրդումներից ելնելով, աճուրդային հանձնաժողովի անդամների օժանդակությամբ, շահադիտական նպատակով, պաշտոնեական կեղծիքներ կատարելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը սահմանված մեկնարկային գնից թանկ վաճառելու, արդյունքում առանձնապես խոշոր չափերի գույքային օգուտ ստանալու դիտավորությամբ, 2012թ. ամռանը պայմանավորվածություն է ձեռք բերել՝ Քասախ համայնքի մի շարք հողամասեր 1քմ-ի մակերեսը 15 ԱՄՆ դոլարով վաճառելու շուրջ, իսկ աշխատակազմի առաջին կարգի մասնագետի միջոցով Քասախ համայնքի բնակչի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի 1քմ-ի մակերեսը 4524-4900 ՀՀ դրամով վաճառելու վերաբերյալ։

Իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով Քասախ համայնքի ղեկավարը «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն անցկացվելիք աճուրդների մասին հրապարակային ծանուցումների «www.azdarar.am» պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն չի ներկայացրել՝ համայնքային սեփականություն հանդիսացող թվով 14 հողամասերը՝ ընդհանուր 10402քմ մակերեսով, աճուրդ-վաճառքով օտարելու վերաբերյալ` այդ կերպ զրկելով հնարավոր այլ շահառուներին աճուրդներին մասնակցելու իրավունքից։

Իր գործողություններն օրինականացնելու և աճուրդի կայացման պատրանք ստեղծելու նպատակով աճուրդային հանձնաժողովի անդամների՝ աշխատակազմի առաջին կարգի մասնագետի, համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար իր եղբորորդու, աշխատակազմի առաջատար մասնագետի, ավագանու 3 անդամների, համայնքապետարանի գլխավոր մասնագետի (գլխավոր հաշվապահ) օժանդակությամբ, 2012թ. հուլիս-օգոստոս ամիսներին, առանց փաստացի աճուրդներ իրականացնելու, կազմել է համայնքային սեփականություն հանդիսացող նշված մակերեսով հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու վերաբերյալ ձևական, ըստ էության չկայացած աճուրդ-վաճառքի վերաբերյալ կեղծ արձանագրություն, որում ՀՀ հողային օրենսգրքով սահմանված աճուրդի՝ առնվազն երկու հայտերի առկայությունն ապահովելու նպատակով կեղծ տեղեկություններ է ներառել՝ աճուրդների անցկացման, աճուրդ-վաճառքին յոթ անձի  մասնակցության և կատարված քայլերի վերաբերյալ: Կազմված կեղծ արձանագրությունը, շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ստորագրվել և շրջանառության մեջ է դրվել աճուրդի կազմակերպիչ և աճուրդավարի, արձանագրողի, հանձնաժողովի մյուս անդամների կողմից, ապա համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականում չկայացած աճուրդների վերաբերյալ հանձնաժողովի կողմից կազմվել են իրավաբանական նշանակություն ունեցող, իրադարձություններ հավաստող, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող, հողամասն աճուրդով վաճառելու մասին կեղծ արձանագրություններ, որոնք ստորագրվել են աճուրդի կազմակերպիչ և աճուրդավարի, արձանագրողի և օրեր անց, իբրև գնորդներ ներկայացված անձանց կողմից։

Համայնքի ղեկավարը, հիմք ընդունելով իբրև թե կայացած աճուրդի արդյունքները, 2012թ. օգոստոսին կայացրել է որոշումներ՝ աճուրդում հաղթող ճանաչված անձի հետ առուծախի պայմանագիր կնքելու մասին, որից հետո Քասախի համայնքապետարանի՝ ի դեմս համայնքի ղեկավարի կողմից լիազորված անձի և գնորդի միջև 2012թ. օգոստոսին կնքվել են համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր 10402 քմ մակերեսով հողատարածքները վաճառելու վերաբերյալ պայմանագրեր։

Գործարքն ավարտելուց հետո համայնքի ղեկավարը, նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով գնորդներից մեկի հետ՝ հողամասերի 1 քմ 15 ԱՄՆ դոլարով վաճառելու վերաբերյալ, վերջինիցս պահանջել և ստացել է ընդհանուր  63 558 820,5 ՀՀ դրամ, մինչդեռ՝ դրանց օտարման վերաբերյալ փաստաթղթերում մեկ քառակուսի մետրի արժեքը նշվել է մոտ 2860 ՀՀ դրամ, ընդհանուր՝ 29.764. 592 ՀՀ դրամ, իսկ մյուս գնորդի հետ նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով հողամասերի 1քմ 4524-4900 ՀՀ դրամ վաճառելու վերաբերյալ, պահանջել և համայնքապետարանի գլխավոր մասնագետի (գլխավոր հաշվապահ) միջոցով ստացել է 3 900 000 ՀՀ դրամ, մինչդեռ դրանց օտարման վերաբերյալ փաստաթղթերում մեկ քառակուսի մետրի արժեքը նշվել է 2860 ՀՀ դրամ, ընդհանուր՝ 2 289 144 ՀՀ դրամ։
Այսպիսով, համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելու, պաշտոնեական կեղծ փաստաթղթեր կազմելու, իսկ աճուրդային հանձնաժողովի անդամների կողմից այդ արարքներին օժանդակելու հետևանքով համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառվել է՝ ընդհանուր 35.405.084,5 ՀՀ դրամի էական վնաս:

Ավելին, համայնքի ղեկավարը, պարտավոր լինելով կանխարգելել և կասեցնել ինքնակամ կառույցի հետագա շինարարությունը, օրենքով սահմանված կարգով ապահովել դրա հետևանքների վերացումը, դիտավորությամբ չի կատարել իր պարտականությունները, ինքնակամ կառույց իրականացրած անձանց նկատմամբ դիտավորությամբ չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցները, իսկ արդեն կիրառվածը կրել է ձևական բնույթ։

Մասնավորապես, Կոտայքի մարզի Քասախ համայնքի բնակիչը 1993թ. Քասախ համայնքում կառուցված շինությունը, որի դիմացի հատվածում եղել է 17քմ մակերեսով ապօրինի շինություն, վերջնական ավարտին չհասցնելով՝ 2012թ. առուվաճառքի պայմանագրով վաճառել է նույն համայնքի մեկ այլ բնակչի։ Վերջինիս որդին, ով փաստացի տիրապետել է նշված գույքը, 2015թ. բանավոր դիմել է Քասախ համայնքի ղեկավարին՝ ապօրինի կառուցված հիշյալ 17քմ տարածքի շինարարությունը շարունակելու և ավարտին հասցնելու համար, ինչին համայնքի ղեկավարը տվել է բանավոր համաձայնություն: Մինչդեռ համայնքի ղեկավարը, քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառում իրականացնելով ինքնակամ շինարարությունը կանխարգելելու, կասեցնելու և դրանց հետևանքները վերացնելու պարտադիր լիազորություն, դիտավորությամբ չի կատարել իր պարտականություննեը, չի իրականացրել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված իր լիազորությունները, որի արդյունքում էլ բնակիչը 2015թ. վերջնական ավարտին է հասցրել ապօրինի շինարարությունը։ Իսկ 2020թ., երբ տեղեկացել է, որ վերը նշված փաստով քննվում է քրեական գործ, համայնքի ղեկավարը փորձել է շրջանցել նախկինում իր կատարած անօրինականությունը և կայացրել է վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում, որը կրել է ձևական բնույթ։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ համայնքի ավագանու անդամներից երկուսին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), ևս մեկին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, համայնքապետարանի գլխավոր հաշվապահին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, գլխավոր մասնագետին՝ 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, աշխատակազմի քարտուղարին և երկու առաջատար մասնագետներին ՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):

Ավելի վաղ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 3152-րդ հոդվածով Քասախ համայնքի ղեկավարին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և լրացվել է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը, վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա, դատարանի կողմից ևս 2 ամսով երկարացվել է։
Նախաքննությունը շարունակվում է: