Մենք մեր գործընկերներին ասում ենք՝ ավելի լավ կլինի, որ հիմա զսպեն Ռուսաստանի ախորժակը․ Օլեքսանդր Բոժկո

Լուրեր

29.06.2026 | 12:45
ԲՀԿ-ի համար պետք է կիրառելի լիներ ոչ թե 4 տոկոսի շեմը, այլ 8 կամ 10 տոկոսի շեմը. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Դոնեցկը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի մասը մնացել են առանց էլեկտրականության
29.06.2026 | 12:25
Ինձ վիրավորողների շահերն եմ պաշտպանում. Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:19
Թուրքիայի նախագահականն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
29.06.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // Ավինյանը դժգոհ է ասֆալտապատման որակից․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 12:03
Նորագյուղում գույքի փոխհատուցման չափը փոխվել է․ սեփականատերն իրավունք ունի ինքն ընտրել գնահատողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:55
Հովակիմյանին էլ ՔՊ-ի հետ են շփոթում. Վարդևանյանը` իրեն «Հայաստան»-ի ներկայացուցչի հետ շփոթելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:47
Վնաս կա․ Պուտինը՝ Ուկրաինայի հարձակումների, բենզինի դեֆիցիտի, Անքորիջի համաձայնությունների մասին
29.06.2026 | 11:39
Քննարկվել է կրիտիկական հանքանյութերի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը
29.06.2026 | 11:27
Պատ, դուռ, պատուհան չպիտի լինի, հենց բոլորը տեղափոխվեցին վթարային շենքը միանգամից պիտի քանդվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:15
Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 11:11
Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:06
ԱՄՆ-ն ու Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները
29.06.2026 | 11:03
ՍԴ-ն քննում է քաղաքական ուժերի դիմումները ընտրություններն անվավեր ճանաչելու վերաբերյալ. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 10:53
Կիևյանում ահռելի գործ է արվում, եթե վերջում ասֆալտի հարց ունեցանք, գումար չենք տալու. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արևմուտքը չի ընդունում Ռուսաստանի քաղաքականությունը, պարզապես նրա հետ վարվում է՝ ինչպես երեխայի, որի ձեռքին զենք կա և կարող է հանկարծ ինչ-որ վատ բան անել։ Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան, հայագետ, թարգմանիչ Օլեքսանդր Բոժկոն՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ամփոփիչ ասուլիսին և Ուկրաինայի վերաբերյալ արած հայտարարություններին։

«Աշխարհի համար Ռուսաստանը, գուցե, չարաճճի երեխա է, բայց մենք հասկանում ենք՝ ինչ նպատակներ նա ունի, որոնք կարող են ահռելի մարտահրավեր դառնալ, հատկապես՝ հետխորհրդային երկրների համար։ Իբրև թե իրենք չգիտեն, որ արդեն 8-րդ տարին է՝ Ռուսաստանը պատերազմում է Ուկրաինայի դեմ, զավթել է մեր երկրի մի մասը՝ Դոնբասը և Ղրիմը, որը, իբրև թե, օրինականացրել է որպես ռուսական տարածք՝ չնայած նրան, որ ամբողջ աշխարհն այդ զավթումը չի ճանաչում և դասում է դրանք օկուպացված տարածքների շարքին»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա ամփոփչ ասուլիսում պարզաբանել էր, թե ինչից կախված կլինեն Մոսկվայի գործողություններն Ուկրաինայում։

«Ռուսաստանի գործողությունները կախված կլինեն երկրի անվտանգության երաշխիքներից այսօր և պատմական հեռանկարում, այլ ոչ թե այդ երաշխիքների շուրջ բանակցությունների առաջընթացից»,- ասել էր Պուտինը՝ պատասխանելով Ռուսաստանի անվտանգության երաշխիքների և այլ պետությունների, այդ թվում՝ Ուկրաինայի վրա «հարձակվելու կամ չհարձակվելու» երաշխիքների մասին հարցին։

Օլեքսանդր Բոժկոյի խոսքով՝ պարզ է, թե Պուտինն իր նպատակներն ունի․ ցանկանում է վաղ թե ուշ վերադառնալ անցյալ, տվյալ դեպքում՝ ստեղծել Սովետական Միության նման մի բան, որտեղ գլխավոր դերը Ռուսաստանինն է։

«Բացի այդ, նա ցանկանում է որպես առաջնային խաղացող հանդես գալ համաշխարհային քաղաքականության մեջ և անընդհատ ասում է, որ տեսեք՝ մենք միջուկային զենք ունենք, ուրեմն կարող ենք թելադրել մեր կամքը, և բոլորը պետք է համաձայնվեն մեր տեսակետի հետ»,- ասաց նա։

Ըստ Բոժկոյի՝ Ուկրաինայում և՛ իշխանությունները, և՛ հասարակությունը հանգիստ են վերաբերվում Ռուսաստանից հնչող հայտարարություններին։ Իհարկե՝ պատերազմ չեն ցանկանում, բայց գիտակցում են, որ ամեն ինչ կարելի է սպասել այդ երկրից, որը հաշվի չի նստում աշխարհում գոյություն ունեցող համակարգի հետ և թելադրում է նոր բաժանարար, այսպես կոչված, «կարմիր գծեր»՝ վերջնագրի լեզվով խոսելով բոլորի հետ։

Դիվանագետի խոսքով՝ չպետք է նաև գերագնահատել Արևմուտքին, որն ունի իր ռեալպոլիտիկը, այսինքն՝ ղեկավարվում է միայն սեփական նեղ շահերով․ պատմությունն է ցույց տվել, որ «վճռական պահին նրանք կարող են, օրինակ, Չեխոսլովակիան հանձնել Հիտլերին»։

«Ցավոք, այդպես է լինում․ նրանք կարող են այլ երկրի հաշվին այլ ուժի հետ հասնել փոխզիջման, և հարկավոր է միշտ հիշել դրա մասին։ Իհարկե՝ շատ լավ է, որ Արևմուտքը մեզ աջակցում է, օգնում է զենքով և ֆինանսապես, բայց, ամեն դեպքում, զգուշանում ենք, որ հանկարծ այնպես չլինի, որ Եվրոպան կամ ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ իրենց խնդիրները լուծեն մեր հաշվին։ Դրա համար մենք մեզ վրա ենք դրել մեր հույսը։ Ուկրաինան ինքը պետք է իր ինքնապաշտպանությամբ զբաղվի»,- ասաց նա։

Օլեքսանդր Բոժկոյի խոսքով՝ իր ցանկությունն է, որ Արևմուտքը, ֆինանսական և զենքի տեսքով աջակցությունից բացի, գործի դնի իր ճնշման գործիքները Ռուսաստանի վրա։

«Պետք է Ռուսաստանին հիշեցնել, որ համաշխարհային կանոններ, պայմանագրեր կան, որոնց տակ ստորագրել է նաև ինքը։ Եվ պետք է հետևել համաշխարհային խաղի կանոններին»,- ասաց նա։

Եթե իրավիճակը լարվի, Ռուսաստանը պատերազմ սկսի, ըստ Բոժկոյի, ուկրաինացին զենք կվերցնի։

«Մենք չենք վախենում պատերազմից։ Իհարկե՝ չենք ցանկանում պատերազմ, գիտենք, որ այն չարիք է, ավելի լավ է, որ չլինի։ Սակայն պետք է հասկանալ նաև, որ Ռուսաստանը վտանգ է ամբողջ աշխարհի համար․ եթե հարձակվի Ուկրաինայի վրա, ապա Երրորդ համաշխարհային պատերազմ կարող է լինել։ Դրա համար, երբ մենք խոսում ենք մեր գործընկերների հետ, ասում ենք, որ չեք կարողանա փակվել ձեր հարմարավետ աշխարհում, ուզեք, թե չուզեք, ստիպված եք լինելու ներքաշվել, եթե ոչ մասնակցելու, ապա հակամարտության լուծմանը, և պատերազմի դեպքում ավելի շատ գումար և ռեսուրս եք ծախսելու։ Դրա համար ավելի լավ կլինի, որ հիմա զսպեն Ռուսաստանի ախորժակը»,- ասաց նա։

Հռիփսիմե Հովհաննիսյան