Ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունից անցել է 7 տարի, գործը դեռ դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
Բոլորը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությունից անցել է գրեթե 7 տարի, դատարանը գործը սկսել է քննել 6 տարի առաջ։ Չնայածը գործի քննությունը մոտենում է ավարտին՝ պաշտպանական կողմը դատաքննությունը վերսկսելու միջնորդություն է ներկայացրել։

19-ամյա Հայկազ Բարսեղյանը սպանվել է 2015 թվականի հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը։ Նրա մարմինն առավոտյան հայտնաբերվել է ֆիզհրապարակի պտտաձողից կախված: Սպանության համար քննություն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները Հայկազին սպանել են, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան տարել ու կախել են պտտաձողից: Ամբաստանյալները չեն ընդունում մեղադրանքը։

Հայկազի հոր՝ Արկադի Բարսեղյանի համոզմամբ՝ դատական նիստերը հետաձգվում են ոչ հիմնավոր պատճառներով․ «Դատավարության ընթացքից հիմնական դժգոհությունն այն է, որ անհիմն պատճառներով ամեն անգամ դավատարությունը հետաձգվում է»։

«Դատական մի նիստ լինում է, հետո 4 ամիս դատական նիստեր չեն լինում։ Ընդամենը մնացել է ամբաստյալներից մեկի ճառը, հիմա էլ՝ ամբաստանյալներից մեկն է հիվանդ։ Դե չորս հոգի են, մյուս անգամ էլ էն մեկը կհիվանդանա, և էս տարին էդպես կգլորվի ու դատական նիստերից մենք չենք վերջանա։ Ես դատարանին չեմ մեղադրում, ուղղակի դատավորն էլ պետք է խիստ լինի, քանի որ կան փաստաբաններ, որոնց պատճառով չեն լինում դատական նիստերը։ Հիմնականում Արա Զաքարյանը չի ներկայանում, նիստերն իր պատճառով հետաձգվում են»,- դժգոհում է Բարսեղյանը։

Factor TV-ն փորձել է մեկնաբանություն ստանալ ամբաստանյալներ Վաչե Սահակյանի և Գնել Թևոսյանի պաշտպան, փաստաբան Արա Զաքարյանից, սակայն նա անարձագանք է թողել զանգերն ու հաղորդագրությունները։

Սպանվածի հայրը՝ Արկադի Բարսեղյանը դատարանից ցմահ ազատազրկման որոշում է ակնկալում, մինչդեռ դատախազությունը ամբաստանյալներից երկուսի համար պահանջել է 20, մյուս երկուսի համար՝ 18 տարի ժամկետով ազատազրկում։

«Ինձ, ճիշտն ասած, դուր չեկավ դատախազների այն վարկածը, որ երկուսին 18 տարի, երկուսին՝ 20 տարի տան։ Պատճառաբանությունն էլի շատ սխալ էր, որ երիտասարդ են եղել, 18 տարեկան են եղել, դրա համար էլ մտածում ենք, որ այդ տարիքում կատարած հանցագործությունը շատ չդատապարտեն։ Ես էլ ուզում եմ հարցնել՝ էդ 18 տարեկան չէի՞ն մեր էրեխեքը թե՛ քառօրյա պատերազմին, թե՛ 44-օրյա պատերազմին։ Եթե 18 են, բայց կարելի է ուղարկել թշնամու բերան, զոհել, որ մինչև հիմա մարմիններ կան, որ չեն գտնվել։ Իսկ որ պիտի հանցագործների դատապարտեն, մենք մտածում ենք, վայ՝ 18 տարեկան են, երիտասարդ են եղել, երբ այդ դեպքը կատարվել է։ Սխալ է, շատ սխալ որոշում է»,- նշում է նա։

Բարսեղյանի ներկայացուցիչ, փաստաբան Անի Թորոսյանն ընդգծում է՝ դատարանում ծանրակշիռ ապացույցներով փաստարկվել է ամբաստանյալների մեղավորությունը, և հորդորում զգայական տեսանկյունից դիտարկումներ անելիս հարգել տուժող կողմի զգացմունքները նույնպես։

«Եթե զուտ զգայական կողմից մոտենանք առ այն, որ տեսականորեն ընդունենք՝ նոր էր լրացել տղաների 18 տարեկանը, ինչո՞ւ հակառակ կողմից չենք նայում: Ինչո՞ւ չենք նայում այն կողմից, որ Հայկազ Բարսեղյանը նույն տարիքին էր, ինչ իրենք։ Եվ ինչո՞ւ հաշվի չենք առնում այն հանգամանքը, թե ինչ եղանակով է կատարվել սպանությունը, ինչ առանձին դաժանությամբ է կատարվել սպանությունը։ Եվ չմոռանանք, որ ունենք Քրեական օրենսգրքում սահմանված նորմեր, որոնցով առանձին դաժանությամբ կատարած սպանությունը ծանրացնող հանգամանք է»,- հիշեցնում է փաստաբանը։

Ըստ Թորոսյանի՝ դատական գործի ձգձգումների համար իրավական միջոցներ գրեթե չեն մնացել։

«Ես հույս ունեմ, որ գոնե կարճ ժամկետում կավարտենք գործի քննությունը, որովհետև ամենահնարավոր ու անհնարին միջնորդություններն արդեն իսկ արվել են դատարանում։ Ես չեմ պատկերացնում, թե դատական նիստերը հետաձգելու նպատակով ինչ այլ միջնորդություն կարելի է մտածել։ Եվ այդ առումով ես, այո՛, լիահույս եմ, որ կարճ ժամկետում կավարտենք»,- ասաց փաստաբանը։

Ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանը համաձայն է, որ գործը քննությունը երկար է տևել, սակայն, նրա գնահատմամբ, դա պայմանավորված է գործի աննախադեպ թերի, մակերեսային ու միակողմանի, ոչ օբյեկտիվ նախաքննությամբ։

«Պաշտպանության կողմի բարձրացրած բոլոր հարցերը, ի պաշտպանություն իրենց պաշտպանյալների բերված բոլոր փաստարկները բավարար չափով և սպառիչ կերպով իրենց պատասխանները չեն ստացել։ Դատաքննության ընթացքում փորձ է արվել ու արվում նախաքննական մարմնի կողմից թույլ տրված բացթողումները ինչ-որ կերպ լրացնելու և գործով ճշմտարտությունն ու իրականությունը բացահայտելու նպատակով»,- ասում է փաստաբանը։

Դատաքննությունը ներկայում դատական վիճաբանությունների փուլում է, առաջիկայում նախատեսված է Նադիրյանի պաշտպանյալ Վաչե Սահակյանի պաշտպանական ճառը։ Ըստ փաստաբանի՝ իրենք հիմնավորել են, որ իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրանքն ընդամենը նախաքննական մարմնի ենթադրությունն է․ «Հուսով ենք, որ դատարանը, ի տարբերություն նախաքննական մարմնի, ներկայացված բոլոր փաստարկները և հիմնավորումները հաշվի կառնի, ձեռք բերված ապացույցների համակողմանի գնահատման արդյունքում կկայացնի ճիշտ դատավճիռ, այն է՝ իմ պաշտպանյալին կարդարացնի և այդ կերպ կվերականգնվի արդարությունը»։

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի ղեկավար Նինա Կարապետյանցի դիտարկմամբ՝ Հայկազ Բարսեղյանի դատական գործի երկարաձգումը դատարանի և արդարադատության համակարգի պատրաստակամության բացակայության մասին է վկայում։ Իսկ բանակում սպանության դեպքերի բացահայտման ու պատժման բացակայությունը նպաստում է դրանց կրկնվելուն։

«Սա ուղիղ, վատ իմաստով տրամաբանական շարունակությունն է այն դեպքերի, որոնք եղել են և չեն բացահայտվել։ Կանխարգելման միակ միջոցը մեղավորներին գտնելն ու պատժելն է»,- ասում է իրավապաշտպանը։

Ըստ Կարապետյանցի՝ դատարանը պետք է ամեն օր դատական նիստեր նշանակեր, բացակայող դատախազների ու ամբաստանյալների փաստաբանների նկատմամբ սանկցիաներ կիրառեր և արագ ավարտեր գործի քննությունը։

«Սա վատագույն տարբերակն է, որ մենք կարող ենք ունենալ, և սա հուշում է որոշ մարդկանց, որոնք հակում ունեն ինչ-որ բռնության, սպանության, ինքնահաստատվելու, որ իրենք կարող են կատարել սպանություն և մնալ անպատիժ, եթե իրենց թիկունքում կանգնած են բարձրաստիճան պարոնայք տարբեր ժամանակների։ Եվ զարմանալի է, որ հեղափոխությունից հետո խոսվում էր նման գործերի բացահայտման մասին, մենք հեղափոխությունից հետո ունենք 4 տարի և նման գործերը չեն բացահայտվել, և վստահ էլ չեմ, որ կբացահայտվեն»,- ասում է իրավապաշտպանը։

Նման դեպքերից խուսափելու համար Նինա Կարապետյանցը կարևորում է զինվորին, սպային արժևորելը և որպես ռեսուրս չդիտարկելը․ «Լուծումը իրական սպայական կազմ նախապատրաստելն է։ Մարդուն՝ զինվորին, որպես ռեսուրս չդիտարկելն է, ինչպես կդիտարկեն՝ փամփուշտի ռեսուրս ունենք, տանկի ռեսուրս ունենք։ Մարդը ռեսուրս չի։ Ինչպես ասվում է Սահմանադրությամբ՝ մարդը բարձրագույն արժեք է։ Երբ կգնահատենք սպային, զինվորին՝ որպես մարդու, այդ ժամանակ կունենանք դրական արդյունք»։

Առանձնակի դաժանությամբ սպանություն, 4 ամբաստանյալ, դատական գործի քննություն վեց տարի շարունակ, ցմահ ազատազրկումը որպես պատիժ պահանջող սպանվածի ծնողներ․ 19-ամյա Հայկազ Բարսեղյանի գործի քննության ավարտը վերջապես մոտ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Իգիթյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2021. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: