Գործատուն իրավունք կունենա աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու, աշխատանքի չթույլատրելու, չվճարելու՝ հակահամաճարակային կանոններով նախատեսված թղթեր չներկայացնելու համար

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը հանրային քննարկման է ներկայացրել Աշխատանքային օրենսգրքում և «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծ, որով սահմանվում են աշխատողին աշխատանքի չթույլատրելու, գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը լուծելու, հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի չթույլատրելու և լիազորությունների դադարեցման կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմքերն այն դեպքերի համար, երբ աշխատանքի ներկայանալիս աշխատողի կողմից չի ներկայացվում բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված՝ աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը։

Նախատեսվում է․

Աշխատանքային օրենսգրքի 108-րդ հոդվածը, որով սահմանված են աշխատանքի չթույլատրելու դեպքերը, ավելացնել նոր՝ 1․1 մասով, ըստ որի՝

Աշխատանքի ներկայանալիս բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված՝ վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով նախատեսված` աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը աշխատողի կողմից չներկայացնելու դեպքում գործատուն աշխատողին չի թույլատրում գտնվելու աշխատավայրում, կատարելու իր աշխատանքային պարտականությունները և չի վճարում աշխատավարձ մինչև սույն մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը:

Լրացում կկատարվի նաև 113-րդ հոդվածում, որով նախատեսվում է աշխատանքային պայմանագրի լուծումը՝ գործատուի նախաձեռնությամբ։ Նոր կետի համաձայն, գործատուն իր նախաձեռնությամբ կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը՝ վերոնշյալ դեպքում աշխատանքի չթույլատրվելու հետևանքով ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր աշխատողի՝ իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում:

Աշխատողի պարտականությունները, որը սահմանվածէ 216-րդ հոդվածով, կլրացվի, ըստ որի․

«Աշխատողը պարտավոր է բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները, պահպանել կազմակերպության ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, կատարել աշխատանքի սահմանված նորմաները, պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման պահանջները, վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները, բարեխղճորեն վերաբերվել գործատուի և այլ աշխատողների գույքին, ինչպես նաև մարդկանց կյանքին ու առողջությանը, գործատուի գույքի պաշտպանությանն սպառնացող վտանգի ծագման մասին անմիջապես տեղեկացնել գործատուին։

«Հանրային ծառայության մասին» օրենքում ևս լրացումներ կկատարվեն։ Օրենքը կլրացվի նոր՝ 16.1-ին հոդվածով․

Հանրային պաշտոն զբաղեցնող անձին կամ հանրային ծառայողին աշխատանքի (ծառայության) չթույլատրելու, պաշտոնից կամ ծառայությունից ազատելու (լիազորությունները կամ ծառայությունը դադարեցնելու) առանձնահատուկ հիմքերը

Աշխատանքի (ծառայության) ներկայանալիս բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրությամբ սահմանված՝ վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային անվտանգության կանոններով նախատեսված` աշխատանքի ներկայանալու անհրաժեշտ պայման հանդիսացող փաստաթղթերը հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի կողմից չներկայացնելու դեպքում նրան չի թույլատրվում գտնվելու աշխատավայրում, կատարելու իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունները և չի տրամադրվում վարձատրություն՝ մինչև սույն մասով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելը:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում իր աշխատանքային (ծառայողական) պարտականությունների կատարումը չթույլատրվելու հետևանքով ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 օր աշխատանքային (ծառայողական) պարտականությունները չկատարելը հանրային պաշտոն զբաղեցնող անձին պաշտոնից ազատելու կամ հանրային ծառայողի լիազորությունները դադարեցնելու (ծառայությունից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու) հիմք է: Սույն մասով նախատեսված հիմքի ի հայտ գալու դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունվում է համապատասխանաբար հանրային պաշտոն զբաղեցնող անձին պաշտոնից ազատելու կամ հանրային ծառայողի լիազորությունները դադարեցնելու (ծառայությունից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու) մասին համապատասխան իրավական ակտ, եթե պաշտոնից կամ ծառայությունից ազատելու (լիազորությունները կամ ծառայությունը դադարեցնելու) այլ ժամկետ սահմանված չէ օրենսդրությամբ:
Սույն հոդվածի կարգավորումները չեն տարածվում Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա։»։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ ամբողջ աշխարհում շարունակում է պահպանվել կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ստեղծված արտակարգ իրավիճակը: Նման իրավիճակի պահպանման պայմաններում, աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, նկատվում է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու դեպքերի, ինչպես նաև այդ հիվանդության հետևանքով մահվան դեպքերի թվերի աճ:

Այսպես, օգոստոսի վիճակագրական պատկերը հետևյալն է.

1) առաջին շաբաթվա ընթացքում (01-07.08.2021թ.) կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը կազմել է 1,818 դեպք՝ կատարված 43,897 թեստավորումներից (4.14%), իսկ մահվան դեպքերի թիվը՝ 31.

2) երկրորդ շաբաթվա ընթացքում (08-14.08.2021թ.) կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը կազմել է 2,401 դեպք՝ կատարված 40,281 թեստավորումներից (5.96%), իսկ մահվան դեպքերի թիվը՝ 45.

3) երրորդ շաբաթվա ընթացքում (15-21.08.2021թ.) կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը կազմել է 3,076 դեպք՝ կատարված 46,082 թեստավորումներից (6.67%), իսկ մահվան դեպքերի թիվը՝ 57.

4) չորրորդ շաբաթվա կեսի դրությամբ (22-29.08.2021թ.) կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը կազմել է 3,702 դեպք՝ կատարված 42,890 թեստավորումներից (8.63%), իսկ մահվան դեպքերի թիվը՝ 71: