ՀՀ-ին ավելի շատ լծակներ են պետք ՌԴ-ի և Ադրբեջանի նկատմամբ, իսկ այդ հարցում միայն արտաքին խաղացողները կարող են օգնել․ Շտեֆան Մեյսթեր

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Factor.am–ը զրուցել է Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի Միջազգային կարգի և ժողովրդավարության ծրագրի ղեկավար Շտեֆան Մեյսթերի հետ

-Պարո՛ն Մեյսթեր, Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմից մեկ տարի անց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպեցին Նյու Յորքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Ըստ հանդիպման մասին հայտարարության՝ համանախագահներն առաջարկել են իրավիճակի լիցքաթափմանն ուղղված հատուկ միջոցառումներ և դրանց հաջորդող քայլեր: Ձեր կարծիքով՝ ի՞նչ կարող է փոխել այժմ Մինսկի խումբը ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում։ Տեսնո՞ւմ եք Մինսկի խմբի աշխատանքի վերածննդի հնարավորություն։

 -Կարծում եմ, որ անցյալ տարվա հրադադարի համաձայնագրից դուրս բազմակողմ բանակցային ձևաչափի անհրաժեշտություն կա: Շատ առանցքային հարցեր դեռ որոշված ​​չեն, և Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունները չեն հանգեցնում այդ առանցքային հարցերի լուծմանը: Խոսքս Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հարցերի և տարանցիկ ուղիների, ինչպես նաև ռազմագերիների ապագայի մասին է:

Կար գաղափար՝ Վրաստանը ներգրավելու հակամարտության կարգավորման բանակցություններում, բայց ես կարծում եմ, որ պետք են չեզոք միջազգային դերակատարներ, որոնք կարող են հարթակ ապահովել անկողմնակալ բանակցությունների համար, և ԵԱՀԿ-ն այստեղ հենց այդ առանցքային կառույցն է: Հիմնական խնդիրն այն է, որ կա աշխարհաքաղաքական նոր իրողություն և Արևմուտքի՝ իրական ներգրավման պատրաստակամության բացակայություն: Բայց ես կարող եմ պատկերացնել, որ հակամարտության կողմերը և, հատուկ հանգամանքներում՝ նաև Ռուսաստանը, կարող են շահագրգռված լինել բանակցությունները բազմակողմ ձևաչափի մեջ դնելու, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խումբն է, գուցե՝ այլ «համաստեղությունում»:

–Մենք տեսնում ենք Թուրքիայի և Ռուսաստանի ակտիվ ներգրավվածությունը հետպատերազմյան գործընթացներում: Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս են այս երկրներն այստեղ կիսելու իրենց շահերը, ո՞րն է նրանց հիմնական նպատակը։

-Թուրքիան ցանկանում է ավելի մեծ դեր խաղալ Հարավային Կովկասում, որը կարևոր տարանցիկ տարածաշրջան է, ինչպես նաև այստեղ կարող է իր հիմնական դաշնակցին՝ Ադրբեջանին աջակցել։ Թուրքիան նաև օգտագործում է իր ներկայությունը տարածաշրջանում՝ մարտահրավեր նետելու Ռուսաստանին և բարելավելու իր գործարքը Մոսկվայի հետ կարևոր այլ հարցերում, ինչպիսիք են Սիրիան, Լիբիան, քրդերի ապագան, ինչպես նաև Սևծովյան տարածաշրջանում կուտակված ռուս զինվորականները:

Ռուսաստանը ցանկանում է մնալ տարածաշրջանի անվտանգության ամենակարևոր դերակատարը, նա շահագրգռված չէ թուրքական ավելի ուժեղ ներկայությամբ և փորձում է Ադրբեջանին, որպես տարածաշրջանի առանցքային երկիր, իր և Եվրասիական տնտեսական միության նման կառույցների ազդեցության գոտի մտցնել, որտեղ ինքը գլխավոր դերակատարն է։

–Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ չկա Ղարաբաղ անունով տարածք, չկա Ղարաբաղյան հակամարտություն: Այս հռետորաբանության առկայության պարագայում կա՞ն հնարավորություններ հակամարտության համապարփակ կարգավորման համար: Ի՞նչը կստիպի կողմերին երկխոսության գնալ։

-Հռետորաբանությունը և կողմերի տարբեր պատկերացումները, թե ինչպես կարելի է լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, հիմնական խոչընդոտներն են հակամարտության ցանկացած կարգավորման համար: Դա ցույց է տալիս, որ հրադադարի համաձայնությունը չունի հիմնական հարցերի պատասխանները, և այս պահին երկու կողմերն էլ տարբեր մեկնաբանություններ ունեն համաձայնության որոշ տարրերի և Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ:

Կարծում եմ, որ շատ դժվար, բայց կարևոր քայլ կլիներ՝ ստեղծել բազմակողմ ձևաչափ կամ օգտագործել Մինսկի խումբը՝ հակամարտության կարգավորման տարբերակները քննարկելու և առավելապաշտական հռետորաբանությունից դուրս գալու համար՝ փոխզիջման լեզվով: Անհրաժեշտ է մերձեցում՝ հակամարտության կարգավորմանը նպաստող հիմնական հարցերի վերաբերյալ ընդհանուր սահմանումներ ունենալու համար: Բայց մենք իսկապես շատ հեռու ենք դրանից:

–ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանին Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ մենք պատրաստվում ենք հասնել մեր երկրի և տարածաշրջանի բաց, խաղաղ զարգացման նպատակին: Ձեր կարծիքով՝ ընկալելի՞ են, արդյոք, Հայաստանի «ուղերձները» միջազգային հանրության համար: Հայաստանի ցանկությունը ողջունելուց զատ՝ աշխարհը պատրա՞ստ է սատարելու «խաղաղության» գաղափարը։

-ԵՄ-ում թեմայի վերաբերյալ քննարկումներն ավելանում են, Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ դա քննարկելը ևս կարևոր է, քանի որ հակամարտության լուծումն ավելի շատ միջազգային ներգրավման կարիք ունի, և մենք պետք է ամրապնդենք բազմակողմ ինստիտուտները: Այս պահին շատ հռետորաբանություն և ոչ այնքան բովանդակություն կա, բայց ես նաև տեսնում եմ, որ ԱՄՆ-ը Ջո Բայդենի օրոք, ինչպես նաև ԵՄ որոշ անդամ երկրներ, ինչպես, օրինակ, Գերմանիան, ավելի ու ավելի են քննարկում հակամարտության վիճակը և դրանում իրենց հնարավոր ներգրավվածությունը: Մենք տեսնում ենք նաև փակուղի հակամարտության կարգավորման հարցում և, ի վերջո, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է շահագրգռված լինեն գործընթացում ներգրավել արտաքին խաղացողներին, որոնք հակամարտության մեջ որևէ դերակատարություն չունեն և նպատակ չունեն հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի գերակայությանը հաղթելու, ինչը անձնական շահ է:

Հայաստանին ավելի շատ լծակներ են պետք Ռուսաստանի և Ադրբեջանի նկատմամբ, իսկ այդ հարցում միայն արտաքին խաղացողները կարող են օգնել։ Բաքուն շահագրգռված չէ տարածաշրջանում չափազանց մեծ ու երբեք չվերջացող ռուսական ներկայությամբ: Սա հնարավորություն է այլ դերակատարների և բազմաբևեռ կառույցների համար:

Հռիփսիմե Հովհաննիսյան