Արցախի գյուղական համայնքներում բնակվելու համար տեղահանվածներից արդեն 1500 դիմում է ստացվել։ Այս մասին Դիլիջանում անցկացված «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության  «Գործընկերություն՝ հանուն Արցախի» խորագրով  համաժողովի ընթացքում տեղեկացրեց Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիրլյանը՝ նշելով որ Արցախում ներկայում առաջնահերթը բնակարանային  ապահովման խնդիրն է, և գոյություն ունեցող բնակֆոնդը գրեթե  ամբողջությամբ հագեցած է։

Անդրադառնալով  Արցախի և Հայաստանի կառավարությունների կողմից համատեղ իրագործված ֆինանսական ուղիղ աջակցության ծրագրերին Մանե Թանդիլյանը համոզմունք հայտնեց, որ Արցախում տնտեսության վերականգնման հնարավորություն կտա նաև  ներկայում գործող՝ 68 հազար դրամի չափով 4-ամսյա աջակցության ծրագիրը։

«Այս պահին էլ գործում է 68 հազար դրամի ծրագիրը, որով 4 ամիս  շարունակ արցախցիները՝ բացառությամբ 18-63 տարեկան տղամարդիկ, անհատապես ստանալու են այդ աջակցությունը։ Սա հնարավորություն է տալու օգտվելու այդ 4-ամսյա ժամանակահատվածից, որպեսզի հետպատերազմյան Արցախում տնտեսությունը նույնպես վերականգնվի, որովհետև պետք է արձանագրել, որ ճգնաժամային ու վառվող  խնդիրների լուծումն, ըստ էության, տրված է՝ 300 հազար դրամի, 250 հազար և 68 հազար դրամ՝ գումարած 15 հազար դրամի չափով ֆինանսական ուղիղ աջակցությունների ծրագրերի  միջոցով։ Մարդիկ կարողացան որոշակի գումարի տիրապետել և իրենց հրատապ հիմնական խնդիրները լուծեցին»,- մանրամասնեց Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարը։