Խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է նախևառաջ խաղաղ գործընթաց, որը դադարել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո. ՀՀ ԱԳՆ

Լուրեր

30.06.2026 | 19:14
36 ժամ ջուր չի լինի Երևանի մի շարք հասցեներում
30.06.2026 | 19:00
Չի բացառվում Սամվել Կարապետյանի հետ գործակցությունը․ նրա ուժի մեջ տեսնում ենք թուրքական էքսպանսիան զսպելու առաքելություն․ Ժիրայր Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 18:44
Թուրքիան գնահատում է SAMP-T և Patriot համակարգերի ձեռքբերման հնարավորությունը՝ իր հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու համար
30.06.2026 | 18:30
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ու տարածաշրջանային խաղաղության հարցեր
30.06.2026 | 18:21
Մեծ Բրիտանիան պաշտպանության ծախսերը տարեկան կհասցնի մինչև 80 միլիարդ ֆունտի
30.06.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլանի մասին // Այսուհետ ՌԴ մուտքը՝ RuID հավելվածով․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 18:02
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
30.06.2026 | 17:53
Իրանը հայտարարում է, որ Կատարում բանակցությունները կվերաբերվեն ԱՄՆ-ի հետ գործարքին և սառեցված ակտիվներին
30.06.2026 | 17:45
Ի՞նչ գիտեք` մարդկանց չենք գեներացնում փողոց դուրս գալու համար. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:35
ՍԴ-ն փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով․ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 17:28
ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու միակ պայմանը վարչապետ դառնա՞լն է. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:19
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
30.06.2026 | 17:12
Շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյանը` գաղտնալսման մեջ իր անունը շրջանառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:00
Թուրքիայի հետ F35-ի գործարքը կախված է ռուսական C-400-ները երրորդ երկրին վաճառելու որոշումից․ Euractiv
30.06.2026 | 16:52
Զելենսկին հայտնել է Մոսկվայի մարզում տիեզերական կապի կենտրոնին նոր հարվածի մասին
Բոլորը

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին

Ադրբեջանի նախագահը «Նոր հայացք դեպի Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն հետկոնֆլիկտային շրջանում» համաժողովին ունեցած իր ելույթում նշել է, որ Հայաստանին առաջարկվել է ստորագրել խաղաղության պայմանագիր, սակայն դեռ հայկական կողմից որևէ արձագանք չի եղել: Այս համատեքստում և ընդհանրապես առաջիկայում սպասվո՞ւմ են հանդիպումներ ադրբեջանական կողմի հետ։

Նման հանդիպում նախատեսված չէ: Ավելին, Ադրբեջանի ղեկավարության հայատյաց դիրքորոշումը և վարքագիծը, մեղմ ասած, հիմք չեն տալիս՝ Ադրբեջանի իշխանություններից կառուցողականություն ակնկալելու Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակում լուծումներ փնտրելու համար: Ասածիս վառ վկայությունն է ապրիլի 12-ին Բաքվում տեղի ունեցած՝ Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացմանը Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարությունները և ինքնին՝ ցուցադրության կազմակերպումը՝ դիակապտության տարրեր պարունակող տեսարաններով և զոհված հայ զինվորների հիշատակի նկատմամբ անարգանքի դրսևորումներով:

Այս ամենը, ինչպես նաև ռազմագերիների հարցի շահարկումը Ադրբեջանի կողմից, գալիս է ապացուցելու, թե որքան հեռու է կանգնած Ադրբեջանի ղեկավարությունը հետպատերազմյան իրավիճակի, տարածաշրջանային խաղաղության և հաշտեցման վերաբերյալ իր իսկ դեկլարատիվ հայտարարություններից։

Ադրբեջանի նախագահը շարունակում է հանդես գալ հակասական, իրարամերժ հայտարարություններով. մի կողմից՝ սեփական լսարանին հրամցնում են հակամարտության լուծված լինելու թեզը, մյուս կողմից՝ միջազգային լսարանի համար կազմակերպված միջոցառմանը խոսում խաղաղության համաձայնագրի ստորագրման և ԼՂ հակամարտության որոշ հարցերի լուծված չլինելու մասին:

Պարզապես մեկ պարզ դիտարկում անենք այս առնչությամբ, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է նախևառաջ խաղաղ գործընթաց, որը դադարել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հետո:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույն համաժողովի ժամանակ հերթական անգամ խեղաթյուրել է պատմական փաստերը, գործել միջազգային հանրությանն ու իր լսարանին մոլորության մեջ դնելու իր կողմից չարչրկված գործելաոճով: Նա հայտարարել է, թե Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողն է, արտահայտել նկրտումները Երևանի և Սևանի նկատմամբ: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ալիևի այս հայտարարությունները:

 Զավեշտալի է, երբ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ իր բնօրրանում տարածքային պահանջներ է ներկայացնում մի երկրի ղեկավար, որի անվանումն անգամ Հարավային Կովկասի տարածքում ունի միայն մեկդարյա պատմություն թե՛ քաղաքական և թե՛ անգամ աշխարհագրական առումներով: Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանում վերջին հարյուր տարում ընթացել և ընթանում է նոր ինքնության ձևավորման գործընթաց, սակայն հարկ ենք համարում վերստին ընդգծել, որ պատմությունն Ադրբեջանի ուժեղ կողմը չէ:

Նմանօրինակ սադրիչ հայտարարությունները խաթարում են տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար:

Կանադան որոշում է կայացրել «Բայրաքթար» անօդաչուների կիրառման մասին: Ինչպես հայտնել է Կանադայի Հայ Դատի գրասենյակը, Կանադան խնդրել է Հայաստանին՝ տրամադրել ցանկացած տեղեկատվություն, որը հնարավորություն կտա ապացուցել կանադական տեխնոլոգիաների կիրառումը «Բայրաքթար» անօդաչուներում, սակայն Հայաստանի իշխանությունները չեն տրամադրել որևէ տեղեկատվություն` այդպիսով հետաքննության ընթացքում չօժանդակելով կանադական իշխանություններին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը:

 Թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից Արցախի և Արցախի ժողովրդի դեմ կիրառված զինատեսակների վերաբերյալ Պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ համապարփակ տեղեկատվություն է տրամադրվել մեր բոլոր գործընկերներին: Այդ տեղեկատվությունը, այդ թվում՝ համապատասխան զեկույցների տեսքով, տրամադրվել է պատերազմի առաջին իսկ օրերից: Զեկույցները նվիրված են եղել ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածությանը և վերջինիս կողմից ահաբեկիչների տեղափոխմանը, Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների կիրառմանը և այլն:

Այս հարցով առավել պատկերավոր լինելու համար պարզապես մեկ իրավիճակ նկարագրեմ. Բայրաքթար անօդաչու սարքերի մասեր արտադրող երկրներում մեր դեսպանություններին, այդ թվում՝ Կանադայում ՀՀ դեսպանությանը, դեռ պատերազմի օրերին հանձնարարականներ տրվեցին՝ դիմելու դեսպանընկալ երկրներին դադարեցնելու Բայրաքթարներում կիրառվող մասերի մատակարարումը Թուրքիային: Ձեռնարկված քայլերի արդյունքում, Կանադայում գլխադասային «Բոմբարդիր» ընկերությունը, անտեսելով իր բիզնես պարտավորությունները, որոշում կայացրեց դադարեցնելու իր ավստրիական դուստր «Ռոտաքս» ընկերության կողմից արտադրվող շարժիչների վաճառքը իտալական մատակարարող ընկերության կողմից Թուրքիային:

Վստահեցնում եմ, որ նույն աշխատանքը իրականացվել է նաև «Վեսքամ»-ի ուղղությամբ. անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ դեսպանություններ այն ստանալուն պես: Վերոնշյալ աշխատանքն իրականացվել է նաև կանադական ուղղությամբ, թեև կանադական կողմը պաշտոնապես նման տեղեկատվություն չի հայցել: Հավելեմ, որ խոսքը ոչ թե մամուլում հրապարակված տեղեկատվության և հայտարարությունների մասին է, այլ փաստական ապացույցների, որոնք բացառապես ծառայողական կիրառման համար են: Այս առնչությամբ այլ մանրամասներ չեմ կարող տրամադրել:

Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ռազմագերիների փոխանցման հարցը լուծված և փակ է, իր պարտավորություններին համապատասխան՝ Ադրբեջանը բոլոր ռազմագերիներին հանձնել է Հայաստանին: Այս ամենին, սակայն, մեր կողմից պաշտոնական որևէ արձագանք չեղավ: Ի՞նչ ռազմավարություն ունենք մենք այս հարցում:

Այս հարցի առնչությամբ ԱԳՆ-ն տարբեր մակարդակներով արդեն բազմիցս ներկայացրել է իր դիրքորոշումը: Ցանկանում եմ հավելել, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան բացահայտ արհամարհանք 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած սեփական հանձնառությունների և իր միջազգային պարտավորությունների հանդեպ: Ադրբեջանի իշխանությունների նման ապակառուցողական դիրքորոշումն ու գործելաոճը նաև վտանգում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության լիակատար իրականացումը:

Մենք բազմիցս ենք նշել, որ համաձայն  միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիաների և հրադադարի մասին եռակողմ հայտարարության՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիայի ընթացքում և դրանից հետո գերեվարված բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք պետք է Ադրբեջանի կողմից հայրենադարձվեն՝ առանց որևէ նախապայմանի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի հիման վրա:

Այս հարցում մենք ակնկալում ենք միջազգային հանրության, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային մասնագիտացված կառույցների գործուն աջակցությունը՝  ապահովելու ադրբեջանական կողմում պատանդառության մեջ պահվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ և անվտանգ վերադարձը:

Ապրիլի 13-ին եղել է ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների հայտարարությունը, որում հատուկ նշվել է վերոնշյալ հարցը: Ինչպես գիտեք այս հարցում իրենց դիրքորոշումն են արտահայտել միջազգային մեր բազմաթիվ գործընկերներ առ այն, որ ռազմագերիները պետք է անհապաղ հայրենադարձվեն: