Դատարան դիմելու համար պետտուրքի դրույքաչափերի մինչև 10 անգամ բարձրացումն անընդունելի է․ ՄԻՊ

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրահարույց է համարում դատարան ներկայացվող դիմումների համար պետական տուրքի դրույքաչափերի 2-ից մինչև 10 անգամ ավելացումը: Այն կարող է բացասական ազդեցություններ ունենալ դատական պաշտպանության սահմանափակ իրավունքների վրա և հանգեցնել դատարանի մատչելիության չհիմնավորված սահմանափակման։ Դա իր հերթին կարող է խոչընդոտներ ստեղծել մարդկանց խախտված իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու հարցում. հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

Խոսքը վերաբերում է ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է բարձրացնել դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) և դատական նիստի համակարգչային ձայնագրման կրկնօրինակ տալու համար նախատեսված պետական տուրքերի դրույքաչափերը։

Մասնավորապես, պետական տուրքի նվազագույն շեմը 1500 դրամից դառնալու է 6000 դրամ, ոչ դրամական պահանջներով հայցադիմումների համար նախատեսված 4000 դրամ պետական տուրքը՝ 20.000 դրամ, ոչ դրամական պահանջի գործերով վերաքննիչ բողոքների համար նախատեսված պետական տուրքը 10.000 դրամից՝ 30.000 դրամ, վճռաբեկ բողոքների դեպքում՝ 20.000 դրամից 40.000 դրամ, իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմումների համար նախատեսված 500.000 դրամ պետական տուրքը՝ 1.000.000 դրամ, իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումների համար ներկայիս 2.000 դրամը՝ 20.000 դրամ և այլն։ Վերացվում են պետական տուրքի գծով առկա որոշ արտոնություններ:

Բացի այդ, պետական տուրքի գործող դրույքաչափերը մի քանի անգամ բարձրացնելու հիմնավորումներն առնվազն տարակուսանք են առաջացնում այն առումով, որ տպավորություն է ստեղծում, թե դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ծախսերը հնարավոր է ծածկել միայն պետական տուրքերից ստացվող միջոցների հաշվին։ Մինչդեռ, յուրաքանչյուր տարի «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքներով ՀՀ դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակի համար գումար է հատկացվում ՀՀ դատական դեպարտամենտին:

Այսինքն, արդարադատության իրականացման այդ գործընթացի շահառուն ողջ հասարակությունն է, ուստի առնվազն արդարացված չէ դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ծախսերի վճարման ողջ բեռը միայն դատավարության մասնակիցների վրա դնելը՝ հատկապես նկատի ունենալով, որ այդպիսով սահմանափակվելու է դատարանի մատչելիության իրավունքը:

Որպես պետական տուրքի դրույքաչափերը բարձրացելու հիմնավորում՝ Նախագծում, ի թիվս այլնի, նշվել է նվազագույն աշխատավարձի ցուցանիշը, որը 2003 թվականի դրությամբ կազմել է 13.000 ՀՀ դրամ, իսկ 2020 թվականին՝ 68.000 ՀՀ դրամ՝ աճելով 5.2 անգամ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2003 թվականից մինչև 2020 թվականն ընկած ժամանակահատվածում նվազագույն աշխատավարձի աճին զուգահեռ աճել են նաև սպառողական ապրանքների, ծառայությունների և այլնի գները, ինչը նշանակում է, որ միայն նվազագույն կամ միջին ամսական աշխատավարձի ցուցանիշները և նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը բավարար չեն պետական տուրքի դրույքաչափերի բարձրացումը հիմնավորելու համար:

Նախագծի հիմնավորումներում նշվում է, թե նախորդ երկու տարիներին արդարադատության իրականացման ծախսերը գերազանցել են դատարանների կողմից հավաքագրված պետական տուրքի գումարները մինչև 4 և ավելի անգամ: Մինչդեռ, 2018 թվականին ընդունված և ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով արդարադատության իրականացման ծախսերն էապես նվազեցնող կառուցակարգեր են ներդրվել: Օրինակ, դատական ծանուցագրերը, հերթական դատական նիստերի ժամանակի և վայրի մասին կողմերը ծանուցվում են ոչ թե թղթային եղանակով, այլ էլեկտրոնային փոստի միջոցով և այլն։ Ուստի ակնհայտ է, որ գործող իրավակարգավորումների պայմաններում զգալիորեն հեշտացվել է դատական ծանուցման կարգը, ինչը միաժամանակ ենթադրում է դատական ծանուցագրերի համար նախատեսված ծախսերի նվազում:

Մեկ այլ փոփոխությամբ վերացվում են նաև պետական տուրքի գծով առկա որոշ արտոնություններ, ինչի արդյունքում ստացվում է, որ ֆիզիկական անձինք և ոչ առևտրային կազմակերպությունները պետական տուրքի վճարումից չեն ազատվում վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով, գործը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը բեկանելու, հայցերի ապահովման կամ ապահովման մի տեսակը մեկ այլ տեսակով փոխարինելու վերաբերյալ հայցերով և այլն:

Խնդրահարույց է, որ նշված արտոնությունները (բացառությամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքների դեպքի) վերացնելու անհրաժեշտության վերաբերյալ որևէ հիմնավորում և անդրադարձ չկա Նախագծի հիմնավորումներում: Այս պրակտիկայի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ նախագծային ցանկացած լրացում կամ փոփոխություն պետք է ունենա պատշաճ հիմնավորում, երբ խոսքն առավել ևս վերաբերում է անձի իրավունքներին միջամտություն ենթադրող, վիճակն այլ կերպ վատթարացնող կարգավորումներին: Ուստի պետք է բացառել այն իրավիճակները, երբ օրենսդրական գործող կարգավորումներում որևէ նորմ փոփոխվում, լրացվում կամ առավել ևս վերացվում է՝ առանց դրա որևէ հիմնավորման կամ անհրաժեշտության փաստարկման:

Պաշտպանի գնահատմամբ՝ Նախագծի այն լուծումները, որոնց ուժով ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք զրկվելու են պետական տուրքի գծով առկա արտոնություններից:

Պաշտպանն առաջարկել է Նախագծով նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը վերանայել և նվազեցնել, ինչպես նաև պահպանել տուրքի վճարման գծով առկա արտոնությունները: