Հայաստանը չի անցնի ամբողջական և խիստ սահմանափակումների. ՀՀ ԱՆ
Հանրության շրջանում շահարկվող լուրերը՝ թե կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված երկիրը կրկին անցնելու է ամբողջական և խիստ սահմանափակումների, չի համապատասխանում իրականությանը: Այս պահին նման հարց չի քննարկվում, հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:
Առողջապահության նախարարությունը հետևում է համաճարակաբանական իրավիճակի ընթացքին: Հաշվի առնելով համավարակի ցուցանիշների ամենօրյա աճը՝ կրկին հորդորում ենք չթուլացնել զգոնությունը և հետևել հակահամաճարակաբանական կանոններին՝ կրել դիմակ, հաճախ լվանալ ձեռքերը, պահել սոցիալական հեռավորություն: