Հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդիկ բախվում են խնդիրների կենսաթոշակն անկանխիկ ստանալու հարցում
Հասարակություն
24.02.2021 | 18:25Մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվում բողոքներ այն մասին, որ հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություններ ունեցող մարդիկ տևական ժամանակ զրկվում են կենսաթոշակից, քանի որ անկանխիկ եղանակով գումարի վճարումը շարունակելու համար չեն կարողանում տարեկան 1 անգամ բանկ այցելել։
Արձանագրվել են դեպքեր, երբ անկողնային վիճակում գտնվող կենսաթոշակառուի ազգականը ստիպված է եղել անկողնային կենսաթոշակառուին ավտոմեքենայով մոտեցնել բանկի մասնաշենքի մոտ, որպեսզի բանկի տեսախցիկը ֆիքսի ավտոմեքենայում պառկած կենսաթոշակառուին և հնարավոր լինի շարունակել նրան հասանելիք կենսաթոշակը վճարել անկանխիկ եղանակով։
Խնդիրն ունի տարիների պատմություն, իսկ օրենսդրական փոփոխություններն այդպես էլ այն չեն լուծել։
Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցներում ու հաղորդումներում արձանագրված է, որ տարեկան մեկ անգամ բանկ չներկայանալու դեպքում կենսաթոշակի մեխանիկական դադարեցումը վիճահարույց է։
Այս կանոնը շատ դժվարություններ է առաջացնում հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություններ ունեցող, այդ թվում՝ տարեց մարդկանց կյանքում: Բազմաթիվ բարձաձայնումներից հետո՝ 2020 թվականի մարտի 4-ին Ազգային ժողովն ընդունեց օրենքում փոփոխություն՝ անձամբ բանկ ներկայանալու պահանջի հարցում նախատեսելով բացառություններ:
Ամրագրվեց, որ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը բանկը կարող է հաստատել նաև առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու:
Նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակով պայմանավորված՝ նշված կարգավորմանը հաջորդեց ՀՀ պարետի ցուցումը, որով կենսաթոշակառուների (նպաստառուների) համար բանկ ներկայանալու ժամկետը երկարաձգվեց մինչև 2020 թվականի սեպտեմբեր ամիսը:
Սեպտեմբեր ամսին միայն Կառավարությունը սահմանեց, որ շահառուի Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց նրա բանկ ներկայանալու, եթե շահառուի` Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկը հաստատել է՝
1) բանկի աշխատակցի՝ Հայաստանի Հանրապետությունում շահառուի գտնվելու վայր այցելությամբ.
2) իր ներքին ընթացակարգերին համապատասխան՝ տեղեկատվատեխնիկական միջոցների կիրառմամբ (հաստատելով շահառուի՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը):
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունները և մշտադիտարկումը վկայում են, որ գործնականում բանկի աշխատակիցները չեն այցելում շահառուի գտնվելու վայր եւ ոչ բոլոր բանկերն են ներդրել կամ կիրառել տեղեկատվատեխնիկական միջոցներ։
Այսինքն, փոփոխությամբ նախատեսվել է բանկի հայեցողական մոտեցումը «կարող է» բառի ամրագրմամբ՝ որպես կենսաթոշակի իրավունքի իրացման պայման:
Այլ կերպ ասած, համոզվելու պարտավորությունն առ այն, թե արդյոք կենսաթոշակառուն Հայաստանում է, թողնվել է բանկի հայեցողությանը կամ կամքին․ բանկը կարող է իրականացնել, կարող է և չիրականացնել:
Արդյունքում, ստացվում է այնպես, որ բանկին վերապահվել է այնպիսի իրավասություն, որի իրականացումից կախված է հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություն ունեցող, այդ թվում՝ տարեց մարդու կենսաթոշակ ստանալը: Բայց, քանի որ այս իրավասությունը հայեցողական է, գործնականում այն պատշաճ չի իրացվում, ինչն էլ հանգեցնում է մարդու իրավունքների խախտումների:
Առհասարակ, հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց իրավունքները բնույթով զգայուն են, ու պետությունն է իր պոզիտիվ պարտավորությունների առավելագույն կիրառությամբ պետք է ապահովի նրանց իրավունքները:
Կոնկրետ խնդրի հետ կապված՝ ակնհայտ է, որ հայեցողական լիազորությունների ամրագրումը չի երաշխավորում մարդու իրավունքների պաշտպանությունը, քանի որ դրանք գործնականում իրացում չեն ստանում: Ընդ որում, այս խնդիրն ունի համակարգային բնույթ եւ առկա է նաև այլ ոլորտներում:
Հաշվի առնելով, որ կոնկրետ դեպքում խոսքը հաշմանդամություն կամ տեղաշարժման դժվարություն ունեցող մարդկանց մասին է, որոնք առանց այն էլ գտնվում են խոցելի վիճակում, պետությունն իր պոզիտիվ պարտավորությունները պետք է գործադրի այնպես, որ ամրագրի բանկի ուղիղ պարտավորությունը և բացառի որևէ հայեցողական մոտեցման հնարավորություն:
Ուստի, նկատի ունենալով, որ օրենքով կենսաթոշակների վճարման ծառայություն մատուցող կազմակերպությունների համար հստակ պահանջի առաջադրումը, պարտավորությունների պատշաճ կատարման ապահովումը վերապահված է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը, այն խնդրի լիարժեք լուծման նպատակով պետք է կատարի իրավական ակտերում փոփոխություններ կամ ապահովի օրենքից բխող իրավունքահեն միասնական պրակտիկա:
Այսպիսով, օրենքի դրույթների կյանքի կոչումն արդեն 6 ամիս է չի ապահովվում, ինչի արդյունքում մարդու իրավունքները մնում են խախտված։
Պետությունը պետք է հատկապես կենսաթոշակային հարցերով մարդկանց իրավունքների լիարժեք ապահովման նպատակով սահմանի հստակ կարգավորումներ՝ բացառելով ընտրողական մոտեցման որևէ հնարավորություն կամ մեկնաբանություն։
Ստացվում է, որ ռազմավարական տարբեր փաստաթղթերում տարիներ շարունակ ամրագրվում են մարդու իրավունքների պաշտպանության գաղափարներ, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության բացառման, հավասար հնարավորությունների ստեղծման, նրանց նկատմամբ հարգանքի ապահովման և այլն, բայց գործնականում չի ապահովվում պետության պատասխանատվությունը մարդու ու նրա կոնկրետ խնդիրների նկատմամբ, հարգանքը նրա կոնկրետ իրավունքի հանդեպ։