Գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնը 2021թ. կանցկացվի Հայաստանում․ նախաձեռնությունը նախագահ Արմեն Սարգսյանինն է

Լուրեր

12.12.2024 | 17:32
18-ամյա հնդիկ Դոմարաջուն՝ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն
12.12.2024 | 17:29
Գյուղվարկ վերցնեմ, «Նիվա» վերցնեմ, գցեմ ձորը, կառավարությո՛ւն, արի՛ տես` ինչ ես անում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:17
26 միլիոն դրամ՝ Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ գործուղման համար
12.12.2024 | 17:08
«Նոա»-ի և ԱՊՕԷԼ-ի երկրպագուներն այցելել են Ծիծեռնակաբերդ
12.12.2024 | 17:00
Հաստատվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը
12.12.2024 | 16:58
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Անկարայի կողմից աջակցվող ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում
12.12.2024 | 16:46
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ընկերություններն ավելացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան․ այն ուղղվում է ՌԴ․ The Insider
12.12.2024 | 16:38
 Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը վերաբերող հարցեր
12.12.2024 | 16:34
Չեմ բացառում․ Գևորգ Պապոյանը` Հակոբ Ասլանյանի կողմից հնարավոր արտահոսքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:28
Մեծ Բրիտանիայում նոր հակադրոնային լազեր են փորձարկել
12.12.2024 | 16:16
Եթե Ամուլսարի ղեկավարների և բանկերի բանակցությունները հաջող ընթանան, բանկերը ֆինանսավորում կտան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:07
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խոսել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակից և դժգոհել ՀՀ սպառազինումից
12.12.2024 | 15:55
Մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում, չուներ վարորդական իրավունք․ ՆԳՆ
12.12.2024 | 15:47
Պենտագոնը հայտարարել է, որ Սիրիայում քրդական ուժերի հետ համագործակցությունը շարունակվում է
12.12.2024 | 15:32
ԼՂ-ից բռնի տեղահանված ՄԿՈւ հաստատությունների սովորողներն ուսման վարձի փոխհատուցում կստանան
Բոլորը

Գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ (Stars and Music) փառատոնը 2021 թվականին անցկացվելու է Հայաստանում՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հովանու ներքո: Այն նվիրված կլինի դեպի Մարս՝ Կարմիր Մոլորակ խորհրդային MARS 3-ի ու NASA-ի MARINER 9-ի առաքելությունների 50-ամյակին:

Այս մասին պաշտոնապես հայտարարվել է այսօր՝ փառատոնին վերաբերող առցանց հանդիպման ժամանակ, որին Երևանից մասնակցել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Իսպանիայից՝ STARMUS փառատոնի համահիմնադիր, տնօրեն և խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը, ԱՄՆ-ից՝ STARMUS փառատոնի խորհրդի անդամ, ամերիկացի աստղագետ Ջիլ Տարտերը, STARMUS փառատոնի խորհրդի անդամ, Astronomy ամսագրի գլխավոր խմբագիր Դեվիդ Այքերը, Շվեյցարիայից՝ STARMUS փառատոնի խորհրդական, աստղագետ Միշել Մայորը:

STARMUS փառատոնի համահիմնադիր, տնօրեն և խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը, բացելով հանդիպումը, հայտարարել է, որ STARMUS 6-րդ փառատոնը Հայաստանում նախատեսվում է անցկացնել 2021 թ. սեպտեմբերի 6-11-ը:

Նախագահ Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով փառատոնի խորհրդին՝ այն Հայաստանում անցկացնելու որոշման համար, մասնավորապես ասել է. «Դուք կարող եք միանգամայն վստահ լինել, որ այդ փառատոնը լինելու է հրաշալի, հատուկ, և բոլորդ մեզ հետ հպարտանալու եք, որ փառատոնն այս անգամ անցկացվեց Հայաստանում:

Սա շատ կարևոր միջազգային փառատոն է: Ես հնարավորություն ունեցա մասնակցելու նախորդ փառատոնին, որն անցկացվեց Շվեյցարիայում: Տպավորիչ էր, որ փառատոնին մասնակցում էին հազարավոր այցելուներ ամբողջ աշխարհից: Հետաքրքիր էր գաղափարը, որը միավորման մասին էր՝ գիտության, տեխնոլոգիաների և մշակույթի միավորման մասին,-ասել է Հանրապետության նախագահը: -Հաջորդ փառատոնն ինչ-որ առումով պետք է տարբերվի: Եթե երաժշտություն, ապա ես կցանկանայի ներգրավել ոչ միայն ռոքը, այլև այսօրվա՝ ժամանակակից երաժշտությունը, նաև դասականը, եթե գիտություն է, ապա՝ գիտության տարբեր ոլորտները: Շատ ուրախ կլինենք, եթե Հայաստան այցելեն մի շարք Նոբելյան մրցանակակիրներ, որոնք այդ մեկ շաբաթվա ընթացքում իրենց դասախոսություններով ոչ միայն նոր մտքեր ու գաղափարներ կհաղորդեն այցելուներին, այլ նաև կոգևորեն մեր գիտնականներին և Հայաստան այցելած գիտնականներին, ինչպես նաև մեր երիտասարդությանը»:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ փառատոնի մյուս նպատակը կրթությունն է, երիտասարդներին դեպի գիտություն, նոր տեխնոլոգիաների ոլորտ, դեպի ապագա ուղղորդելը: «Ապագան նաև այն երազանքն է, որ Հայաստանը կարող է մասնակից լինել ամենամեծ միջազգային ծրագրերի՝ ընդհուպ Մարս թռչելուն միաժամանակ, գիտակցելով, որ մեր երկրի ապագա հաջողությունը սերտորեն կապված է լինելու նորագույն տեխնոլոգիաների հետ,-նշել է նախագահը: -Ես կուզենայի, որ հայաստանյան STARMUS-ն ինչ-որ ձևով կապված լիներ 21-րդ դարի ամենակարևոր հարցի՝ արհեստական բանականության հետ»:

Հանրապետության նախագահը փառատոնի անցկացումը կարևոր է համարել մեր երկրի համար: «Հայաստանի համար փառատոնը շատ կարևոր է լինելու,-ասել է նա, -մանավանդ կորոնավիրուսից հետո, որովհետև բոլոր երկրներում կան որոշակի ոլորտներ, որոնք տուժել են: Առաջինը, իհարկե, զբոսաշրջությունն է, դրա հետ կապված հյուրանոցային բիզնեսը, սպասարկումը, ռեստորանները, սրճարանները: Ես հույս ունեմ, որ մեկ տարի հետո Երևանը և Հայաստանը նորից լցված կլինեն զբոսաշրջիկներով, որոնք կգան Հայաստան՝ մասնակցելու փառատոնին, նաև ինչ-որ ձևով աջակցելու այդ ոլորտներին»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ փառատոնը Հայաստանում հյուրընկալելու առաջարկություն է արել դեռ մեկ տարի առաջ. «Երբ մեկ տարի առաջ Ցյուրիխում STARMUS փառատոնի ժամանակ ես առաջարկեցի հաջորդ փառատոնն անցկացնել Հայաստանում, սրահի մի մասը շատ մեծ խանդավառությամբ ընդունեց: Բայց կար նաև մի մաս, որը, ճիշտն ասած, դեռ չգիտեր՝ Հայաստանը որտեղ է: Սակայն ես հույս ունեի, որ փառատոնն անպայման գալու է Հայաստան, և այդ օրվանից իմ արտերկրյա բոլոր գործընկերներին, նաև մեր սփյուռքահայ գործընկերներին պատմել եմ սրա մասին: Ես վստահ եմ՝ երբ մյուս տարի Հայաստանը մեկ շաբաթով կդառնա տեխնոլոգիաների, ժամանակակից գիտության, երաժշտության ու արվեստի միջազգային կենտրոն, արձագանքը լինելու է շատ դրական: Ես վստահ եմ, որ հազարավոր այցելուների մեջ մի մեծ մաս են կազմելու նաև մեր հայրենակիցները: Նրանց արձագանքները եղել են շատ դրական, և ես շարունակելու եմ աջակցել, որպեսզի հենց այդպես էլ լինի»:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նույնպես ողջունել է փառատոնը Հայաստանում անցկացնելու որոշումը: «Հաշվի առնելով STARMUS 6-րդ փառատոնի կարևորությունը` նախատեսում ենք առանձնահատուկ և նշանավոր համաժողովների ու գիտաժողովների շարք, ինչպես նաև բազմաբնույթ, տպավորիչ և անմոռանալի միջոցառումներ, որոնք կմիավորեն գիտությունն ու արվեստը և հանրությանը նոր լույսով կներկայացնեն հոգևոր ու մտավոր արժեքները,-ասել է նախարարը։ -Միջոցառումն իր յուրահատկությամբ հնարավորություն կընձեռի խթանելու գիտության և արվեստի զարգացումը Հայաստանում և ստեղծելու հեռանկար, որը կդիտարկի արվեստը և գիտությունը ոչ թե որպես առանձին հասկացություններ կամ հակադրություններ, այլ որպես առանձնահատուկ կերպով փոխկապակցված և միահյուսված միասնություն:

Կցանկանայի շնորհակալություն հայտնել «STARMUS UNIVERSE 2007 SL» կազմակերպությանը՝ ի դեմս հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանի, և մեր բոլոր գործընկերներին, ովքեր իրենց ավանդն ունեն այս գաղափարի մեկնարկի գործում»:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն իր խոսքում ասել է, որ գիտությունը և գիտությամբ զբաղվելը ոչ միայն Հայաստանում, այլ ողջ աշխարհում ոչ այնքան մոդայիկ է, մինչդեռ փառատոնը, միավորելով ռոք երաժշտությունը, գիտությանը և հատկապես աստղաֆիզիկան, շատ ավելի հրապուրիչ է դարձնում գիտությամբ զբաղվելը հատկապես երիտասարդների համար. «Դա առաջին հերթին նշանակում է լինել առաջնորդ, լինել ավանգարդ և լինել նորարար, և այս առումով մենք պետք է արձանագրենք, որ աշխարհը առաջ տանող ուժերը նորարարական ուժերն են»: Նշելով, որ տիեզերական տեխնոլոգիաները բարձր տեխնոլոգիական ուղղությունների շարքում ողջ աշխարհում ամենաարագընթաց զարգացող ճյուղերից են, նախարարն ասել է, որ այս ճյուղը Հայաստանում նույնպես առաջնահերթ են համարում և հեռանկարային զարգացման ծրագրեր մատնանշում: «Հայաստանը հնարավորությունների երկիր է ոչ միայն այն պատճառով, որ տվել է այնպիսի գիտնականներ ինչպիսիք են՝ Կեմուրջյանը` որպես առաջին մարսագնացի նախագծող, Համբարձումյանը, Շիրակացին, այնպիսի երաժիշտներ ինչպիսիք են՝ Խաչատրյանը, Կոմիտասը, այլ նաև այն համար, որ այսօր Հայաստանի կառավարությունը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը համարում է առաջնահերթ ոլորտ, և գիտությունը անմասն չէ տեխնոլոգիաներից»:

Նախարարը երիտասարդներին կոչ է արել մտածել, թե ինչ են անելու 2021 թվականի սեպտեմբերին կամ մինչ սեպտեմբերը, որպեսզի առավելագույն արդյունք քաղեն այս մեծ իրադարձությունից, որն իր հնարավորություններով գալիս է Հայաստան:

Փառատոնի խորհրդի անդամ Ջիլ Տարտերը նշել է, որ անհամբերությամբ է սպասում փառատոնի անցկացմանը Հայաստանում. «Ինձ համար, որպես անձ, ով փորձում է երկրագնդից անդին կյանք հայտնաբերել, այդ վայրն ու տարեթիվը ունեն հատուկ նշանակություն, քանի որ ուղիղ 50 տարի առաջ սեպտեմբերին Բյուրականի աստղադիտարանում տեղի է ունեցել ԱՄՆ-ԽՍՀՄ առաջին համատեղ համաժողովը՝ կապված այլմոլորակային բանականության ուսումնասիրությունների հետ: Այդ ժամանակ ես մագիստրատուրայի ուսանող էի և չկարողացա մասնակցել այդ համաժողովին: Սակայն լիահույս եմ, որ այս անգամ կկարողանամ գալ և ինքս ճանաչել աստղադիտարանը, որտեղ պատմական իրադարձություն է տեղի ունեցել,-ասել է ամերիկացի աստղագետը: -Ես հույս ունեմ՝ կկարողանանք շատ գիտնականների, երիտասարդների, քաղաքացիների ներգրավել արտամոլորակային քաղաքակրթությունների հետազոտման աշխատանքների գաղափարի շուրջ և փոխել աշխարհը, որպեսզի մարդիկ իրենց ընկալեն որպես այսմոլորակայիններ»:

STARMUS փառատոնի խորհրդական Միշել Մայորը նույնպես իր գոհունակությունն է հայտնել փառատոնը Հայաստանում անցկացնելու առիթով: «Շատ ուրախ եմ ու կրկին երազում եմ Հայաստան գալու մասին,- ասել է շվեյցարացի աստղագետը: -Հայաստանը շատ գեղեցիկ երկիր է, և ֆանտաստիկ է, որ հաջորդ փառատոնն այս երկրում է անցկացվելու: Այս փառատոնը յուրահատուկ միջոցառում է: Հայաստանում ճանապարհորդել եմ: Այն հին մշակույթի, վանքերի, եկեղեցիների երկիր է՝ ավելի քան հազարավոր տարիների պատմություն ունեցող գեղեցիկ լանդշաֆտով: Ես շատ գեղեցիկ վայրեր եմ այցելել Հայաստանում, սակայն շատ կուզեի տեսնել Տաթևը: Եթե մասնակցելու եք փառատոնին, ապա բաց չթողնեք Տաթև այցելելու հնարավորությունը»:

Փառատոնի խորհրդի անդամ Դեվիդ Այքերը նշել է, որ փառատոնը Հայաստանում անցկացնելու բազմաթիվ պատճառներ կան: «Շատ ուրախ եմ, որ կհամագործակցենք, մեր ոլորտի խանդավառ մասնագետներին կբերենք Հայաստան,-ասել է Astronomy ամսագրի գլխավոր խմբագիրը: -Աստղագիտության մեջ կարևորագույն դարաշրջան է՝ ոսկեդար. զարգացումները սրընթաց են տեղի ունենում: Լիահույս ենք, որ փառատոնը մեծաթիվ մասնակիցներ կունենա»:

Ամփոփելով առցանց հանդիպումը՝ STARMUS փառատոնի համահիմնադիր, տնօրեն և խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը շատ կարևոր է համարել STARMUS-ը Հայաստանում անցկացնելը: «Ինձ համար շատ կարևոր էր STARMUS-ը Հայաստան բերել,-ասել է նա: -Իմ կյանքում ոգեշնչման ժամանակաշրջանը Հայաստանում է եղել: Երբեք չէի մտածել, որ ինչ-որ ժամանակ STARMUS -ը կարող է Հայաստանում տեղի ունենալ, մինչև եղավ նախագահ Սարգսյանի՝ Ցյուրիխ այցելությունը և նրա հրավերը: Կորոնավիրուսի հետ կապված՝ գիտության արժեքը, կարևորությունը անհամեմատ ավելի մեծ են դարձել, քան առաջ: Մենք տեսնում ենք, որ բոլորի հույսը կապված է գիտության հետ, թե գիտական ինչպիսի լուծումներ կլինեն: Մարսի, կորոնավիրուսի, տիեզերագիտության միջև տարբերությունը մեծ չէ, քանի որ բոլոր դեպքերում մենք խոսում ենք գիտության մասին: Գիտությունն առանց ոգեշնչման, կրթության չի լինում: Հիմա մենք ապրում ենք ուրիշ աշխարհում, որտեղ ինձ միշտ թվացել է, որ ոգեշնչումը պետք շատ կարևոր բաղադրիչ լինի: Երիտասարդներին պետք է անընդհատ ոգեշնչել, հետաքրքրություն առաջացնել նրանց մեջ, որովհետև միայն զուտ կրթություն տալով շատ դժվար է ցանկալի արդյունքների հասնել»:

Նա տեղեկացրել է, որ Հայաստանում փառատոնը հետաքրքիր ծրագիր է ունենալու՝ կապված Մարսի և գիտության տարբեր բնագավառների հետ: «Այս տարի երեք տիեզերագնացներ կուղարկվեն Մարս, որոնք այնտեղ կհասնեն հաջորդ տարվա գարնանը: Մենք STARMUS-ին կունենանք բոլորովին նոր նյութեր, և Մարսի հետազոտությունների մասին ամենաթարմ նյութերը կլինեն հենց փառատոնի ժամանակ,-նշել է Գարիկ Իսրայելյանը: -Շատ հետաքրքիր փառատոն ենք ունենալու: Շուտով սկսելու ենք ծրագրի վրա աշխատել, որը ամենահետաքրքիրն է լինելու և, ինչպես նախագահը նշեց, պետք է անենք ամենալավ STARMUS-ը բոլոր վերջին մեծ STARMUS-ների մեջ: Շատ ուրախ եմ, որ Հայաստանի կառավարությունը միացավ այս նախաձեռնությանը, և բոլորը ոգեշնչվեցին այս գաղափարով»: