Հայոց Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Ալ Ահրամ» թերթին

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արաբական աշխարհի ամենահեղինակավոր «Ալ Ահրամ» թերթը (Եգիպտոս) իր հունիսի 25-ի համարում զետեղել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը՝ «Հայոց Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. Օսմանցիները իրականացրեցին պատմության մեջ ամենազարհուրելի Ցեղասպանությունը» վերնագրով:

«Ալ Ահրամը» հիմնվել է 1875թ. և լույս է տեսնում օրական 1 մլն տպաքանակով:

Հարցազրույցի նախաբանում թերթը գրում է.

Եգիպտոսի և Հայաստանի պաշտոնական հարաբերություններն աչքի են ընկնում լավ և ամուր հատկանիշներով, որոնք սկիզբ են առել 1991 թ. Եգիպտոսի կողմից Հայաստանի անկախության ճանաչումից հետո: Այնուհետև, 1992թ. երկու երկրների միջև ստորագրվել է դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պայմանագիր: 1992թ. սեպտեմբերին Կահիրեում սկսել է գործել ՀՀ դեսպանությունը, իսկ 1993թ. մայիսին Երևանում բացվել է Եգիպտոսի դեսպանությունը:

Երկու երկրների քաղաքական հարաբերությունները խարսխված են փոխադարձ հարգանքի վրա: Հայաստանը բարձր է գնահատում Եգիպտոսի չեզոք դիրքորոշումը Արցախյան հակամարտության վերաբերյալ, ինչպես նաև արժևորում է կոտորածներից մազապուրծ հայերին ընդունելու ու նրանց եգիպտական հասարակության մեջ ինտեգրելու Եգիպտոսի պատմական դիրքորոշումը: 2013թ., երբ Եգիպտոսի նախագահի պաշտոնն ստանձնեց Ն. Գ. Նախագահ ալ-Սիսին եգիպտա-հայկական հարաբերությունները մեծ թափ ստացան: Միջկառավարական հանձնաժողովը ջանքեր է գործադրում երկու երկրների միջև տնտեսական տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման, ինչպես նաև մշակութային փոխանակման նպատակով միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:

Ստորև ներկայացնում ենք բացառիկ հարցազրույց Ն. Գ. ՀՀ նախագահ դոկտոր Արմեն Սարգսյանի հետ, որտեղ նա անդրադառնում է 1915 թ. հայ ժողովրդի կոտորածներին առնչվող պատմական հիմնահարցերին եւ այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականությանը: Անցած տարի, Մյունխենի Անվտանգության գագաթնաժողովում, այդ հարցին անդրադարձել է նաև նախագահ Սիսին, ընդգծելով, որ 100 տարի առաջ Եգիպտոսը հյուրընկալեց ջարդերի ենթարկված հայերին, «ուր նրանք գտան անվտանգություն, խաղաղություն ու կայունություն»:

Երևան, բացառիկ «Ալ Ահրամ»-ի համար:

-Պարոն նախագահ, ամեն տարի ապրիլի 24-ին հայ ժողովուրդը աշխարհով մեկ նշում է 1915թ. Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակը, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում զոհ գնացին երիտթուրքական կառավարության կազմակերպած՝ հայ բնակչության տեղահանությունների, զանգվածային ջարդերի, բռնությունների, սովի և հիվանդությունների հետևանքով: Ի՞նչ կասեք այդ մասին:

Ավելի քան մեկ դար է անցել 1915-1923 թթ. մարդկության և քաղաքակրթության դեմ գործված այդ հանցագործությունից, սակայն այդ ոճրի հետևանքները մինչ օրս իրենց զգացնել են տալիս և կաշկանդում Հայաստանի բնականոն զարգացումը:

Իրականում հայերի զանգվածային կոտորածներն Օսմանյան Թուրքիայում սկսվել են 1894-96թթ. սուլթան Աբդուլ-Համիդ 2-րդի օրոք, որոնց զոհ գնացին 300 հազ. հայ: Ժամանակի խոշոր տերությունները, համաշխարհային մամուլը և նշանավոր անհատները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուիլյամ Գլադսթոնը, ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսը, գրող Անատոլ Ֆրանսը, գերմանացի միսիոներ Յոհաննես Լեփսիուսը և ուրիշներ, թեև իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին այդ արարքի դեմ, և պահանջեցին խոստացված բարեփոխումներն իրականացնել Արևմտյան Հայաստանում, որոնցով պետք է ապահովվեին հայերի տարրական քաղաքացիական իրավունքների հարգումը, կյանքի և գույքի անձեռմխելությունը, սակայն չկարողացան կանգնեցնել սուլթան Աբդուլ-Համիդին:

Անտանտի երկրները, Վատիկանն ու Թուրքիայում հավատարմագրված դիվանագետները, որոնց մեջ՝ հատկապես ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն, նույնպես կարողացան հետ պահել երիտթուրքերին, որոնք կատարելագործեցին հայերի ոչնչացման մեխանիզմը՝ հասցնելով այն պետականորեն ծրագրված և իրականացված Ցեղասպանության: Օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորությունից՝ երիտթուրքական կառավարությունը 1915-16թթ. գործի դրեց Թուրքիայիում հայերին իսպառ վերացնելու ծրագիրը՝ ձեռնարկելով աննախադեպ ծավալի և աներևակայելի դաժանության տեղահանություններ, բռնություններ և սպանություններ: (Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ դրանք բնորոշեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Հետագայում, 1944 թվականին, Ռաֆայել Լեմկինը հենց 1915թ. հայերի ոչնչացումը հիմք ընդունեց, երբ միջազգային իրավունքում ներդրեց «ցեղասպանություն» տերմինը):

Առաջին աշխարհամարտի ավարտից հետո իր նախորդների գործը շարունակեց Թուրքիայի նոր առաջնորդ Մուստաֆա Քեմալը՝ Կիլիկիայում և Արևմտյան Հայաստանում վերացնելով հայության վերջին մնացորդները և սանձազերծելով պատերազմ երիտասարդ Հայաստանի Հանրապետության դեմ:

Ինչո՞ւ և ինչպե՞ս կատարվեց դա: Չէ՞ որ օսմանահպատակ հայերը դարեր շարունակ օրինապաշտորեն ծառայել են այդ երկրին և նպաստել նրա զարգացմանը: Ինչո՞վ էին նրանք խանգարում թուրքերին:

Հարցն էլ այդ է: Թե ինչպե՞ս. Ցեղասպանության ակտի և այն մեխանիզմների մասին, որոնցով դա իրականացվել է, ականատեսները՝ դիվանագետներ, զինվորականներ, ռազմական բժիշկներ, միսիոներներ, քաղաքական գործիչներ, միջազգային մամուլ և այլն, անհերքելի վկայություններ են թողել: Հետագայում ակադեմիական շրջանակները, պատմաբանները և ցեղասպանագետները, հենվելով արխիվային փաստաթղթերի վրա, դա մանրամասն նկարագրել և հաստատել են: Աշխարհը քաջատեղյակ է դրան:

Կուզենայի կենտրոնանալ Ցեղասպանության պատճառների և հետևանքների վրա: Առանձնացնեմ պատճառներից մի քանիսը:

Առաջինը քաղաքական էր: 1878թ. Սան Ստեֆանոյի և Բեռլինի կոնֆերանսներում բարձրացված «Հայկական հարցն» իր տրամաբանական ավարտին պետք է հասցվեր պատմական Հայաստանի տարածքների վրա հայոց ինքնավարության հաստատմամբ, հիմք դնելով Հայաստանի հետագա անկախությանը, ինչն օսմանահպատակ մյուս ազգերի դեպքում Բալկանյան պատերազմից և Առաջին համաշխարհայինից հետո տեղի էր ունեցել կայսրության եվրոպական և միջինարևելյան հատվածներում:

Հենց դրան էր դեմ սուլթանական, այնուհետև՝ հանրապետական Թուրքիան, որովհետև Հայաստանի անկախության դեպքում կայսրության մարմնից պոկվում էր ստրատեգիական գերկարևորություն ներկայացնող հատվածը, որը թուրքերի ճանապարհը փակում էր դեպի Կովկաս և միջինասիական երկրներ:

Ի դեպ, այդպիսի տարածքների վրա հայերի նման ակտիվ ու ձեռներեց մի ազգի կողմից ինքնուրույն պետություն ստեղծելու հեռանկարի նկատմամբ հետաքրքրությունը կորցրեցին նաև ժամանակի գերտերությունները, այլապես նրանք 1923թ. Լոզանում չէին հրաժարվի 1920թ. օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող բաժնից, որով հայկական գերիշխանություն էր հաստատվում Օսմանյան Թուրքիայի հայկական նահանգների վրա՝ դեպի Սև ծով ելքով:

Հայաստանի և հայ ժողովրդի շահերն անտեսվեցին նաև 1921թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերով, որոնցով հայերին հատկացվեց չնչին տարածք: Հայաստանը մասնատվեց՝ Կարսի և Արդահանի նահանգները զիջվեցին քեմալականներին: Մյուս կողմից՝ Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը կամայականորեն հանձնվեցին Խորհրդային Ադրբեջանի վարչական տնօրինությանը, որով տևական վեճի և կոնֆլիկտի օջախ էր ստեղծվում մեր տարածաշրջանում, որի ականատեսն ենք այսօր:

Ցեղասպանության մյուս պատճառը գաղափարախոսական էր: Թուրքական նորածիլ ազգայնամոլությունը ցանկանում էր բազմազգ և բազմամշակույթ վիթխարի կայսրությունը վերածել միադավան և մոնոլիտ թուրքական պետության՝ աչքի առաջ ունենալով իր քաղաքական առաջխաղացումը դեպի Կովկասի և Միջին Ասիայի ընդարձակ և հարուստ տարածքները: Այդ ճանապարհի գլխավոր խոչընդոտները դարձյալ հայերն էին, որ ապրում էին այդ երկու տարածքների միջև, ինչպես նաև Փոքր Ասիան բնակեցնող հույներն ու այլ քրիստոնյաներ:

Ուստի կայսրության գերակտիվ երկու տարրերի՝ հույների և հայերի էթնիկական զտումն այլընտրանք չուներ թուրք ազգայնամոլների համար: Այն երկու ժողովուրդների, որոնք կերտողն ու ժառանգորդն են բյուզանդական քաղաքակրթության, որոնք Օսմանյան կայսրության զարգացմանն ու ծաղկմանը նվիրել էին իրենց տաղանդն ու եռանդը:

-Այնուհանդերձ, խոսվում է, թե հայերը բավարար ռեսուրսներ չունեին ինքնուրույն պետություն ստեղծելու համար, ինչպես, ասենք, անկախություն ձեռք բերած՝ կայսրության այլ ժողովուրդները:

Բոլորովին էլ այդպես չէ, և ամենից լավ դա գիտեին թուրքերը, և ոչ միայն նրանք:

Դեռևս 17-18-րդ դարերից հայերն ունեին ինքնավարության հաստատման, ընդհուպ մինչև պետականության վերականգնման ծրագիր և սահմանադրություն: Այդ ժամանակներից սկսած ակտիվորեն գործում էին քաղաքական խմբակներ, որոնք 19-րդ դարի երկրորդ կեսին վերածվեցին քաղաքական կուսակցությունների: Դեռևս 16-րդ դարի սկզբներից ստեղծվել էին տպարաններ, գրահրատարակչություն, 18-րդ դարում՝ ազգային մամուլ, որտեղ ծավալվում էին լայն քննարկումներ Հայաստանի և հայ ժողովրդի քաղաքական ճակատագրի և ապագայի վերաբերյալ: Ռուսաստանում և Եվրոպայում պատրաստվում էին տարբեր ոլորտների ուսյալ կադրեր:

Տնտեսության և առևտրի մեջ հայերը շատ ակտիվ և ազդեցիկ էին ոչ միայն Օսմանյան և Ռուսական կայսրությունների տարածքների վրա, որտեղ գտնվում էր նրանց պատմական հայրենիքը, այլև Արևմուտքից Արևելք, Հյուսիսից Հարավ ահռելի տարածքների, ուր նրանք իրենց ձեռներեցության շնորհիվ դարձել էին անշրջանցելի գործոն և մեծապես նպաստում էին համաշխարհային առևտրին ու Արևելք-Արևմուտք առևտրատնտեսական կապերի զարգացմանը:

Հարավ-արևելյան Ասիայում բանկային համակարգի հիմնադիրներ Սարգիս ընտանիքը, Ռուսաստանում Լազարյան տոհմը, Միջին Արևելքում և Եվրոպայում նավթային մագնատ Գյուլբենկյանները և Եսայանները, Կովկասում Ալեքսանդր Մանթաշովը և ուրիշներ ժամանակի գործարար աշխարհի հայտնի դեմքեր էին: Նրանց ձեռքին էր կուտակվել վիթխարի կապիտալ: Այդ կապիտալը ֆինանսավորում էր հայկական ուսումնական հաստատությունների լայն ցանցը, հոգևոր-մշակութային կենտրոնները, հիվանդանոցներ, երիտասարդական և մարզական հաստատություններ:

Հայերը, որպես պետականության ավանդույթներ ունեցող հին ժողովուրդ, ունեին արդյունավետ ինքնակառավարման մարմիններ, ոչ միայն այս երկու կայսրություններում, այլ նաև Արևելքից Արևմուտք իրենց բնակության երկրներում: Նրանցից շատերը զինվորական, դիվանագիտական և վարչական բարձրագույն պաշտոններ էին զբաղեցնում տարբեր երկրներում:

Ապագա երկրի ներքին և արտաքին անդորրը պահպանելու համար հայերն ունեին նաև բալկանյան և կովկասյան մարտերում թրծված հմուտ սպայակազմ, զորահրամանատարներ, գեներալներ, շարքային զինվորներ և կամավորական գնդեր, որոնք հետագայում՝ 1-ին և 2-րդ աշխարհամարտերի ընթացքում ցուցաբերեցին իրենց ռազմական հմտությունները:

Առկա էր նաև բավարար մարդկային ռեսուրս. ժողովրդագրական առումով հայերը Օսմանյան կայսրությունում և Կովկասում զգալի թիվ էին կազմում և համեմատելի էին մյուս ժողովուրդների հետ, որոնցից ոմանց նույնիսկ գերազանցում էին:Այսինքն, Առաջին համաշխարհային պատերազմից առաջ հայերն ունեին բոլոր նախադրյալները ինքնուրույն պետություն ձևավորելու համար:Դրա վառ ապացույցն այն է, որ 1915-1923թթ. ցեղասպանությունից հետո հայերը կարողացան ոտքի կանգնել և պատմական հայրենիքի մի կտորի վրա կառուցել ժամանակակից զարգացած երկիր: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հայ զինվորները, գեներալներն ու մարշալներն իրենց անունը փառքով պսակեցին ֆաշիզմի դեմ պայքարի բոլոր ճակատներում: Մեր ժամանակներում նրանց թոռներն անձնուրացորեն պաշտպանում են Արցախի ազատ և անկախ ապրելու իրավունքը:

Այսօր Հայաստանն Արցախի և հայկական կազմակերպված ու ազդեցիկ Սփյուռքի հետ միասնություն է կազմում՝ այն հայերի ժառանգները, որոնք 100 տարի առաջ կանգնած էին վերացման եզրին:

-Պարոն Նախագահ, արդեն ավելի քան մեկ դար է անցել Ցեղասպանությունից, և ինչքան էլ կորուստները ծանր լինեն, ոմանք ասում են, որ դա անցյալ է, և պետք է նայել ապագային:

Մեր հայացքն ուղղված է դեպի ապագան, մենք երազում ենք ապագայի մասին, ծրագրում այդ ապագան, ամեն օր աշխատում ապագա կառուցելու վրա: Բայց հիշենք, որ ապագան երեկվա և այսօրվա շարունակությունն է:

Մենք շատ հաճախ խոսում ենք մարդկային և նյութական վիթխարի կորուստների մասին: Եվ դա ճիշտ է: 1.5 մլն մարդկային կորուստն էապես ազդեց հայ ժողովրդի հետագա վերարտադրման վրա. նորմալ պայմաններում այսօր պետք է լինեինք ոչ թե 10-12 մլն, այլ առնվազն դրա կրկնակին:

Մեկ այլ կարևոր կորուստ, ինչին ձգտում էին իրարահաջորդ թուրք կառավարությունները, հայկական տարրի իսպառ վերացումն էր պատմական հայկական տարածքներից: Այսօր այդ տարածքների վրա այլևս չկան համախումբ ապրող հայեր: Եվ եթե չկան մարդիկ, չկան ուրեմն նրանց լեզուն, սովորույթները, ապրելակերպը, մշակույթը, խոհանոցը, տունուտեղը, որոնցով ձևավորվում է ազգային միջավայրը, կազմվում հասարակություն ու ժողովուրդ:

Այսինքն, հայերը Ցեղասպանության հետևանքով զրկվել են իրենց պապենական հողի վրա ապրելու և իրենց կյանքն ու սեփական ապագան տնօրինելու իրավունքից: Եվ նկատի առեք, հայերը նոր ձևավորվող էթնիկական խումբ չէին, այլ՝ աշխարհի հին պետականություն և քաղաքակրթություն ունեցող ժողովուրդ: Ցեղասպանությանը հաջորդած տասնամյակներում Թուրքիայում հետևողականորեն ոչնչացվել են հայերի և հայկական քաղաքակրթության հետքերը:

Եվ եթե այսօր մենք արդարացիորեն դատապարտում ենք աշխարհի տարբեր կողմերում ծայրահեղականների կողմից առանձին պատմական հուշարձանների ավերումը, ապա որքա՜ն խստությամբ պետք է դատապարտենք և ժամանակին դատապարտած լինեինք, առնվազն հազարամյակների պատմություն ունեցող մի ողջ ժողովրդի նյութական և մշակութային հուշարձանների ոչնչացումը: Հիմա պատկերացրեք աշխարհով մեկ սփռված փրկված հայերի վիճակը, որոնցից շատերը տասնամյակներ շարունակ, նույնիսկ մինչև անցյալ դարի 40-50-ական թվականները մնացին անհայրենիք՝ ապատրիդ:

Ի դեպ, Առաջին աշխարհամարտի ընթացքում թեև հայերը դաշնակից բանակների կազմում, պատվով և անձնազոհությամբ կռվեցին բոլոր ճակատներում՝ Վերդենից սկսած մինչև Պաղեստին, Բրեստից սկսած մինչև Տրապիզոն ու Կովկաս, պատերազմի ավարտից հետո չստացան իրենց երազած հայրենիքը:

Այսօր հայերի գրեթե երեք-քառորդն ապրում է տարբեր երկրներում, ամենաբազմազան սովորույթների, հասարակական կարգերի և դավանանքների պայմաններում: Ամենուր հայերը մեծ ջանքեր են գործադրում իրենց ինքնությունը պահպանելու և իրենց իրավունքների մասին խոսելու համար, որից նրանք զրկվել են Ցեղասպանության հետևանքով:

-Որո՞նք են, ըստ Ձեզ, Ցեղասպանության դասերը, և ի՞նչ անելիք ունի մարդկությունը:

Ցավալի է գիտակցել, որ մարդկությունը դասեր չքաղեց Հայոց ցեղասպանությունից, այն մոռացվեց, երկար ժամանակ մնաց չճանաչված ու չդատապարտված, ինչը կարող էր կանխել մարդկության պատմության ընթացքում հետագա նման ոճրագործությունները: Եվ մարդկությունը դրանից հետո նորից ականատես եղավ այլ ցեղասպանությունների:

Իմ խորին համոզմամբ, Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն հայերիս համար է, այլ առաջին հերթին այն համամարդկային անանց արժեքների նկատմամբ մոտեցման հարց է, այդ չարիքը կանխարգելելու հարց: Հենց այս գիտակցությամբ է առաջնորդվում Հայաստանը՝ իր քաղաքականության առաջնահերթություններից մեկը սահմանելով ցեղասպանությունների կանխարգելումը և այս ուղղությամբ ակտիվորեն քայլեր ձեռնարկելով ազգային և միջազգային մակարդակներով: Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը ավանդականորեն ընդունում է ցեղասպանությունների կանխարգելման բանաձևեր, իսկ 2015թ. ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից դարձյալ Հայաստանի նախաձեռնությամբ ընդունվեց դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և ցեղասպանության հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու մասին բանաձևը:

Ուստի Ցեղասպանության ճանաչման հարցը, որ հայերը բարձրացնում են միջազգային հանրության և Թուրքիայի առջև, խիստ այժմեական է: Այն մի քանի բաղադրիչ ունի. hիշողության պարտք, նման ոճրի կանխարգելում ևկրկնության բացառում, հետևանքների վերացում:

Կես դար լռությունից հետո 1960-70-ական թվականներին աշխարհն սկսեց կրկին խոսել Հայոց ցեղասպանության մասին. 1965թ. Ուրուգվայն առաջինը ճանաչեց այն: Այսօր աշխարհի բազմաթիվ պետություններ ու միջազգային կազմակերպություններ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, այդ թվում՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Գերմանիան, Իտալիան, Շվեյցարիան, Վատիկանն, արաբական աշխարհում՝ Լիբանանը, Սիրիան: Նրանց թիվը գնալով ավելանում է:

Այսօր միջազգային հանրությունը բացարձակ մեծամասնությամբ չի կասկածում Ցեղասպանության եղելության մեջ: Միաժամանակ, անընդունելի է, երբ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դիտարկվում է Անկարայի հետ տնտեսական կամ քաղաքական այսրոպեական շահերի տեսանկյունից:

Այդ դեպքում մենք չենք կարող մի կողմից հայտարարել մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության, հակասեմականության, Հայոց ցեղասպանության ժխտողականության և այլ համամարդկային չարիքների դեմ համատեղ արդյունավետ պայքարի մասին, և մյուս կողմից այդ հարցերի շուրջ «դիվանագիտություն բանեցնել»:

Համոզված եմ, որ գլխավորապես հենց այդ սկզբունքներով են առաջնորդվել նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրները և միջազգային կազմակերպությունները, որի համար մենք երախտապարտ ենք նրանց: Երախտապարտ ենք այն երկրներին, որոնք Ցեղասպանությունից հետո իրենց դռները բացել և ապաստան են տվել այդ արհավիրքից փրկվածներին: Երախտապարտ ենք միսիոներներին, ռազմական բժիշկներին ու բուժքույրերին, դիվանագետներին, որբախնամ կազմակերպություններին, դժբախտության մեջ մեր եղբայրներին՝ հույներին, ասորիներին, հրեաներին ու եզդիներին, ինչպես նաև թուրք, քուրդ և արաբ այն ընտանիքներին ու անհատներին, որոնք հաճախ իրենց կյանքն ու ապահովությունը վտանգելով ջարդի դաժան այդ օրերին օգնության ձեռք մեկնեցին ու փրկեցին շատերին:

Այլ հարց է Թուրքիայի իրարահաջորդ կառավարությունների դիրքորոշումը՝ խուսափել Ցեղասպանության ճանաչումից և պետական մակարդակով առաջ տանել ժխտողականության քաղաքականությունը:

Այսօր միջազգային հանրությունը, քաղաքական և հասարակական գործիչներ, որոնց մեջ՝ նաև բազմաթիվ թուրք մտավորականներ և հանրային գործիչներ հարց են բարձրացնում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, հուսալով, որ Թուրքիայի իշխանությունները կառերեսվեն սեփական պատմության ողբերգական էջերի հետ և կշրջեն դրանք: Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի: Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից և դրա հետևանքների վերացումը անվտանգության երաշխիք են Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև տարածաշրջանի համար:

Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը և չենք կարող հաշտվել դրա հետևանքների հետ: Մենք չենք կարող անտեսել զոհերի և վերապրածների տառապանքները և նրանց սերունդների համար պետք է ապահովենք անվտանգ ու արժանապատիվ ապագա: