Կոչ ենք անում իշխանություններին անհապաղ քաղաքական և իրավական գնահատական տալ անցյալի իրավախախտումներին և իրականացնել համակարգային փոփոխություններ. ՀԿ-ների հայտարարությունը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը,  Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը և Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով  կոչ են անում իշխանություններին անհապաղ քաղաքական և իրավական գնահատական տալ անցյալի իրավախախտումներին և իրականացնել համակարգային փոփոխություններ: Հայտարարությունը՝ ստորև.

«Քսան տարի շարունակ պետությունը բռնազավթած նախկին իշխանությունների ներկայացուցիչները և նրանց աջակիցները վերջին ամիսներին առավել մեծ ակտիվությամբ են համախմբում իրենց ուժերը և՛ ներքին, և՛ արտաքին բնագավառներում՝ միավորվելով լեգիտիմ, ժողովրդի կամքն արտահայտող ազատ և արդար ընտրությունների միջոցով ընտրված իշխանության դեմ։ Համակարգային  կոռուպցիայի, մարդու իրավունքների զանգվածային, շարունակական և կոպտագույն խախտումների, անպատժելիության մթնոլորտի օրգանական մաս կազմած նախկին և ներկա պաշտոնյաները լծված են հանրության մոտ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների անվանարկմանը, ժողովրդավարության գաղափարի արժեզրկմանը և պետության ինքնիշխանության խարխլմանը։

Չնայած քաղաքացիական հասարակության բազմաթիվ կոչերին, այս գործընթացին նպաստող հանգամանք է հանդիսանում գործող իշխանության կողմից հատվածական, կարճաժամկետ վտանգների չեզոքացմանն ուղղված քայլերը։ Արդյունքում, ավելի քան 70% լեգիտիմություն ունեցող իշխանությունը մոտ է իր վստահության քվեն շահած կարևորագույն պարտավորության չկատարմանը, այն է՝ քաղաքական և իրավական գնահատական տալ մինչև թավշյա հեղափոխությունը պետության բռնազավթումն   իրականացրած և օժանդակած ուժերին, ինչպես նաև  անցյալի իրավախախտումներին՝ անցումային արդարադատության մեխանիզմի և գործիքակազմի միջոցով։

Պետության բռնազավթման երկարաժամկետ հետևանքների, ազգային անվտանգությանը, տնտեսությանը, արտաքին քաղաքականությանը հասցված վնասների վերաբերյալ քաղաքական և իրավական գնահատականի բացակայության հետևանքով նախկին ռեժիմի ներկայացուցիչները ոչ միայն խուսափում են պատասխանատվությունից՝ սահմանադրական կարգի և պետության դեմ ուղղված հանցագործությունները կոծկելով և հարուցված քրեական գործերը ներկայացնելով որպես քաղաքական հետապնդումներ, այլ նաև թաքնվում են «ընդդիմության» անվան  տակ և համախմբվելով ցուցադրում են  իշխանության վերազավթման անթաքույց նկրտումներ։

Միաժամանակ, գործող իշխանության տարբեր թևերում և կառույցներում շարունակում են մնալ նախկին ռեժիմի աջակիցներ, և համակարգային բարեփոխումներին ուղղված քայլերի աններելի հետաձգումն այս ուժերին հնարավորություն է ընձեռում պետական կառավարման ներսից արժեզրկել, ջլատել ժողովրդավարական և իրավական պետության վերականգնմանն  ուղղված բոլոր ջանքերը։

Ի տարբերություն ուժերի այս համախմբման, Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժն իր ջանքերն ուղղում է  կարճաժամկետ քայլերի վրա, ամիսներ շարունակ հապաղելով արմատական լուծում տալ ժողովրդավարական և իրավական պետության վերականգնման համար այնպիսի հրատապ ու կենսական խնդիրներին, ինչպիսիք են Սահմանադրական դատարանի շուրջ և ողջ դատական համակարգում ստեղծված ճգնաժամը, ինչը կարող է վերաճել լրջագույն քաղաքական ճգնաժամի։ Սահմանադրական դատարանը բազմաթիվ օրինակներով ցույց է տվել, որ ի զորու է խոչընդոտել արդարադատության իրականացմանը՝ հակասահմանադրական ճանաչելով բոլոր այն իրավական ուղիները, որոնք վտանգ կսպառնան նախկին պաշտոնյաների անձնական կամ սեփականության անձեռնմխելիությանը, քրեաօլիգարխիկ համակարգի հեռացմանը քաղաքականությունից, և ուղղված կլինեն դատական համակարգի բարեփոխումներին։

Այսպիսով, հորդորում և կոչ ենք անում իշխանություններին ստանձնել նախաձեռնողականությունը անհապաղ քաղաքական և իրավական գնահատականներ տալու անցյալի իրավախախտումներին, և կարճաժամկետ քայլերից անցում կատարել դեպի ռազմավարական նպատակների իրականացում՝ որպես վերջնանպատակ սահմանելով արդարադատության իրականացումը, իշխանությունների իրական տարանջատման, դատական համակարգի անկախության և խորհրդարանական վերահսկողության պատշաճ մեխանիզմների հաստատմանը։

Չնայած գործող իշխանությունների անվճռականության հետևանքով առաջացած անհամաձայնություններին, այնուամենայնիվ ժողովրդավարությունն անվերապահ նպատակ համարող քաղաքացիական հասարակությունն իր բոլոր ջանքերն  ուղղելու է հեղափոխական գործընթացների շարունակականության ապահովմանը և հեղափոխության արժեքների վերջնական հաստատմանը»։

 

 

Հայտարարությունը բաց է միանալու համար։

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան