Անկախ մեզանից՝ վիճելի թեմա դարձավ, պետք է զգույշ լինենք․ լիբանանահայ գործիչը՝ Անկարայի հրահրած հակահայ մթնոլորտի մասին

Լուրեր

11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
11.12.2024 | 20:00
«Թեկուզ պոլի փետ, բայց մերը»․ Փաշինյանը փոխե՞լ է բարձր պաշտոններում կադրերի ընտրության սկզբունքը. Փա՞ստ, թե փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:55
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են համագործակցության հեռանկարները
11.12.2024 | 19:36
Թուրքական TRT-ի լրագրողները սիրիական Մանբիջում քրդերի կողմից ԱԹՍ-ի հարձակման են ենթարկվել
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Լիբանանի հայկական «Ազդակ» պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ

– Պարո՛ն Գանտահարյան, Լիբանանում կրկին բողոքի ակցիաներ են բռնկվել՝ տնտեսական և սոցիալական ճգնաժամի խորացման պատճառով։ Կրկին ցույցեր և անկարգություններ եղավ մայրաքաղաք Բեյրութում, իսկ առավել բուռն՝ Տրիպոլիում։ Ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում։

– Սպասելի էր, որ կորոնավիրուսի համաճարակի պայմաններում կյանքի բնականոն հուն վերադարձին զուգահեռ՝ վերսկսվելու են բողոքի ցույցերը, որոնք վերջին շրջանում քաղաքակիրթ ակցիաներից անցում էին կատարել դեպի վայրագություններ։ Սղաճը, սոցիալական խնդիրները, ծայրահեղ աղքատության ավելացումը, եկամուտներից զրկվելը, գործազրկությունը, լիբանանյան արժույթի արժեզրկումը, կառավարության ապաշնորհ վարչակառավարումը, կոռուպցիան․․․ այս բոլոր խնդիրները կուտակվեցին և պայթեցին։ Բայց պետք է փաստենք նաև, որ Լիբանանը հայտնվել է ֆինանսատնտեսական շրջափակման մեջ։ Լիբանանի տնտեսությունը ո՛չ հանքարդյունաբերություն ունի, ո՛չ լուրջ արդյունաբերություն։ Որոշ առումով այստեղ զբոսաշրջությունն է ակտիվ, բայց տնտեսության հիմնական մասը բանկային համակարգն է, որոնք իրենց ծառայությունների ընդհանուր բնույթով խթանում էին օտարերկրյա ներդրումները, իսկ այդ գումարները ներդրվում էին տարբեր ոլորտներում։ Սակայն հիմա, աշխարհում տիրող իրավիճակից ելնելով, օժանդակությունները սառեցվել են։ Ֆինանսատնտեսական այս պաշարումը նաև քաղաքական դրդապատճառներ ունի, երեք հիմնական հանգուցակետեր կան։ Առաջինը՝ իրանամետ «Հըզբալլահ» կուսակցության չեզոքացումն է պետական-քաղաքական կյանքից և զինաթափումը, ինչը նաև այս վերջին ցույցերին առաջին անգամ սկսել է հնչել որպես պահանջ։ Երկրորդ՝ լիբանանյան ծովային գազային ռեսուրսների, ծովային սահմանագծման, հետո արդեն այդ ռեսուրսների օգտագործման խնդիրն է։ Երրորդը՝ Լիբանանում ապրող պաղեստինցի փախստականների բնակեցումը Լիբանանում, այսինքն՝ Պաղեստին նրանց վերադարձի արգելքը։ Երեքն էլ կապված են Լիբանանի հարավային թշնամի հարևանի՝ Իսրայելի հետ։ Ուզում եմ ասել՝ մինչև այս խնդիրները հանգուցալուծում չստանան, ֆինանսատնտեսական այս շրջափակումը կշարունակվի, ինչն արդեն հանգեցրել է բանկային համակարգի կաթվածահարմանը, ինչն էլ իր հերթին աղետալի հետևանք է ունեցել հասարակության վրա։ Այսինքն՝ դեռևս կորոնավիրուսային ճգնաժամից առաջ էր Լիբանանը շատ սուր խնդիրների առաջ կանգնել։

– Երկրի կառավարությունն ի՞նչ է անում այս խնդիրները լուծելու ուղղությամբ։ Գործուն քայլեր տեսնո՞ւմ եք։

– Կառավարությունը փորձում է որոշակի լուծումներ գտնել, բայց հիմնական լուծումը, կարծում եմ, արտալիբանանյան կենտրոններից է կախված, որովհետև եթե օժանդակություններ չլինեն, շուկայում արտարժույթի որոշակի հոսք չլինի, հազիվ թե կառավարությունը կարողանա հանգուցալուծել խնդիրները։ Լիբանանը, ցավոք, հեռակառավարվող երկիր է, տարբեր գերտերություններ այստեղ ոչ միայն իրենց շահերն ունեն, այլև իրենց ազդեցության գոտիները։ Եվ այդ բոլորի շահերի բախումը կամ համընկնումը բացասական կամ դրական արդյունք են տալիս երկրում։

– Պարո՛ն Գանտահարյան, անդրադառնանք նաև լիբանանահայ լրագրող Նշան Տեր-Հարությունյանի հետ կապված միջադեպին և դրան հետևած իրադարձություններին։ Նախ պետք է խնդրեմ հակիրճ ներկայացնեք՝ ի՞նչ է տեղի ունեցել, որպեսզի հայաստանյան հանրությանն էլ հասկանալի լինի խնդրի էությունը։

– Հեռուստաալիքներից մեկի հաղորդումներից ժամանակ, որի հաղորդավարը ազգությամբ հայ է, երբ հյուրը վերլուծում էր Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, հատկապես՝ տարածաշրջանում, որոշակի քննադատական սլաքներով է հանդես եկել, որը քննադատական առումով համալրել է նաև Նշան Տեր-Հարությունյանը։ Հեռուստադիտողներից արձագանք է եղել, որոնցից մեկը ծաղրանքով, հեգնանքով, նաև ազգային պատկանելությունը քննադատող գրառմամբ արձագանքել է, որին Նշանը հակազդեց բավական սուր կերպով՝ էլ առավել քննադատելով Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ու Էրդողանի վարչակարգը։ Դրան հետևեց ֆեյսբուքյան օգտատերերից մեկի, ես կասեի, շատ գռեհիկ, հայհոյալից, սպառնալից տեսանյութը, որում, բացի հեռուստատեսության տնօրինությանն ուղղված քննադատությունից ու հայհոյանքից, նաև քննադատում էր և՛ հաղորդման հյուրին, և՛, առավելաբար, թիրախավորելով Նշանին։ Բայց սրանով նա չի սահմանափակվել և ամբողջ համայնքին է թիրախավորել՝ համայնքային և կրոնական շահարկումներ անելով, անգամ ներկայանալով «օսմանցիների ժառանգորդ», նշելով, որ իր «նախահայրերը ճիշտ են արել, որ հայերին ջարդել են, քանի որ հայերը նենգ ժողովուրդ են» և ատելություն սերմանող, հայատյաց այլ արտահայտություններ թույլ տալով։ Այս տեսանյութը շատ խռովեց ոչ միայն հայկական, այլև լիբանանյան շրջանակները, քանի որ նա հանդես էր գալիս լիբանանյան հասարակական կազմակերպության անունից և չէր թաքցնում, որ այդ կազմակերպությունը սպասարկում է Անկարայի շահերը։ Երկրորդ տեսանյութը հայտնվեց մի քանի օր հետո, որում նշվում էր, որ իրենք կանգ չեն առնելու և Թուրքիայի դեմ հնչեցված ցանկացած մեղադրանքի և քննադատության պատասխանելու են։ Բայց մինչ այդ, առաջին տեսանյութից հետո նաև բողոքի ցույցեր եղան հեռուստաընկերության շենքի դիմաց, հայտարարում էին, որ հայ հաղորդավարը պետք է պատասխան տա, ամենագռեհիկ հայհոյանքները հնչեցնում հայ համայնքի հասցեին։ Սա սադրանք էր։ Հայկական կուսակցությունների ներկայացուցիչները հայտարարություն հրապարակեցին՝ դատապարտելով տեղի ունեցածը, նշելով, որ իրավապահ մարմինները պետք է ընթացք տան այս ամենին, քանի որ նաև օրենքով է արգելված միջհամայնքային նման հռետորաբանությունը։ Այս առնչությամբ նաև Թուրքիայի դեսպանը Լիբանանի ԱԳ նախարարություն նոտա է ուղարկել, որ պետք է հեռուստատեսության տնօրինությունն ու հաղորդավարը պատասխան տան, քանի որ անարգել են Թուրքիայի վարչակազմին։

– Նշեցիք, որ տեսանյութի հեղինակը որպես «օսմանցիների ժառանգորդ» է ներկայացել։ Այսինքն՝ հիմնավո՞ր են հրապարակվող տեղեկությունները, որ այս ուժերի հետևում Անկարան է կանգնած։

– Անկարան այստեղ ազդեցության գոտիներ է ձևավորել, որոնք բարձրաձայնում են իրենց շահերը և հակազդում են Թուրքիային ուղղված քննադատություններին, ինչն ավելի վաղ չկար։ Սա, իհարկե, երկար ժամանակ նախապատրաստված գործողություն է։ Չմոռանանք, որ տարիներ առաջ, երբ Իսրայելի հետ պատերազմ էր, և միջազգային հանրությունը որոշեց խաղաղապահ ուժեր տեղակայել Լիբանանի հարավում՝ Իսրայելի հետ սահմանին, Թուրքիան առաջինն էր, որ ինքնառաջադրվեց։ Հետո ավելի հանդուգն ծրագրեր եղան՝ հիվանդանոցների կառուցում, դպրոցների վերանորոգում, հյուսիսային Լիբանանում ազգաբնակչության պաշտոնական հովանավորչության ստանձնում, աջակցություն, Թուրքիայի դեսպանի անվերջ այցեր, թուրքերենի դասընթացներ, ուսանողների համար հնարավորություն՝ Թուրքիայում բարձրագույն կրթություն ստանալու և այլն։

Շրջադարձային էր անցյալ դեկտեմբերին, երբ Լիբանանի նախագահը ուղերձով հանդես եկավ Լիբանանի 100-ամյակի միջոցառումների առիթով՝ իրերը կոչելով իրենց անուններով և բաց տեքստով ասելով, որ Օսմանյան կայսրությունը ջարդարարական քաղաքականություն է իրականացրել Լիբանանում, վայրագություններով, բռնություններով ուղեկցված, սովամահություն է ծրագրել լիբանանցի ժողովրդի դեմ և այլն։ Թուրքիան ամենաբարձր մակարդակով՝ նախագահի խորհրդականի միջոցով հայտարարություն տարածեց, Թուրքիայի դեսպանն այցելեց ԱԳ նախարարին, պահանջեց վերանայել այս հայտարարությունը։ Ուզում եմ ասել՝ հակազդեցությունները շատ սուր են և արագ են զարգանում։ Թուրքիան մի կողմից հենվում է Լիբանանում իր ձևավորած ազդեցության գոտիներին նպաստող նման հասարակական կազմակերպությունների վրա, որոնք գրանցվել են իբրև լիբանանյան ՀԿ-ներ, բայց, ըստ էության, Անկարայի շահերն են սպասարկում և չեն թաքցնում դա, նաև խնդիր ունի, կարծում եմ, տարածաշրջանային աշխարհաքաղաքական հնչեղության, որովհետև այստեղ կա նաև Իրանի հետ մրցակցություն, ինչպես նաև սուննի զանգվածի վրա հովանավորչություն անելու կամ ազդեցություն բանեցնելու առումով արաբական այլ պետությունների հետ մրցակցություն։ Այս բոլոր հանգամանքները պետք է նկատի ունենալ՝ նման բողոքի ակցիաների հետևում կանգնած ուժերի և պետական մակարդակով ուղղորդումների առումով։

– Պատգամավոր Հակոբ Բագրատունին այս խնդրի առնչությամբ դիմել էր երկրի պատասխանատու մարմինների ղեկավարներին։ Ներքին գործերի նախարարը խոստացել էր հետամուտ լինել, նաև պատժել մթնոլորտը հրահրած անձին։ Ի՞նչ արձագանք է եղել, նորություններ կա՞ն այս առումով։

– Մենք այստեղ զգույշ պետք է լինենք, որ այնպես չլինի, որ իսլամական շրջանակներն աջակցեն այդ անպատասխանատու հայտարարություններին և սուննի շրջանակները հակազդեն։ Սա իսլամ-քրիստոնյա՝ արդեն գոյություն ունեցող որոշակի բաժանարար գծերին չպետք է նպաստի, որովհետև դա նաև բխում է Թուրքիայի քարոզչական քաղաքականության շահերից։ Բայց դա դյուրին չէ։ Մենք պետք է փորձենք հարցը ներկայացնել ոչ թե միայն հայ համայնքի, այլ ընդհանրապես լիբանանյան հանրության շահերի տեսանկյունից՝ նշելով, որ սա հարված է երկրի միջհամայնքային համակեցությանը։

– Իսկ հիմա ի՞նչ իրավիճակ է այս հարցում։ Հակահայ մթնոլորտը հանդարտվե՞ց, թե՞ դեռ բացասական զարգացումների սպասել։

– Ցույցերը չեն շարունակվում, բայց տեղեկատվական գրոհ է դեռևս, արձագանքները շարունակվում են որոշակի առումով։ Արդեն նաև որոշ արաբական շրջանակներ են հակադարձում, այդ թվում՝ Եգիպտոսից և Սիրիայից։ Անկախ մեզանից՝ սա արդեն վիճելի թեմա է դարձել։ Դրա համար եմ ասում, որ պետք է աշխատենք մյուս համայնքների հետ, որպեսզի նման սադրանքներում չներքաշվեն և սա ընկալեն իբրև Լիբանանի ընդհանուր միասնականությանը, միջհամայնքային համակեցությանն ուղղված քայլ, և ոչ թե հայ համայնքին կամ քրիստոնյա-իսլամ համայնքներին։ Ինչ վերաբերում է Թուրքիային, հայկական գործոնին հակազդեցությունը, իհարկե, քաղաքականության մաս կազմում է, բայց, կարծում եմ, Անկարայի գործողությունների նպատակը շատ ավելի տարողունակ է՝ համաարաբական, տարածաշրջանային։

Թամարա Հակոբյան