Ձերբակալվել է 4 անձ, այդ թվում` ՀՀ ոստիկանության նախկին և ներկա պաշտոնյաներ. ՀՔԾ

Լուրեր

17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
17.09.2026 | 18:18
Քեշ փողով, կովով ու հավով ընտրակաշառք են բաժանել, էլ ի՞նչ պիտի անեին, որ ընտրապայքարից դուրս մնային․ Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 18:14
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է․ քննությունն ավարտվել է
17.09.2026 | 18:10
ՄԻԵԴ-ի ՀՀ-ի դեմ որոշում է կայացրել // ԿԸՀ նախագահը հայտնել է հունիսի 7-ին կիբեռհարձակման մասին․ ԼՈՒՐԵՐ
17.09.2026 | 18:00
«Ոտքով ԱԺ էի գալիս, միրգ վաճառող ձյաձ Գառնիկն ասեց՝ փոխանցեմ, որ ձեր ճակատին դաջված ա ընտրակեղծարար»․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:59
175 հայց՝ 1,7 մլրդ դոլարի ընդհանուր հայցագնով․ Վարդապետյանը ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման Հայաստանի փորձը
17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` 2018-2019թթ-ին «Ուկռինվեստ» ՍՊ ընկերության տնօրենը, ինչպես նաև ընկերության հետ փոխկապակցված այլ անձինք, խմբով՝ նախնական համաձայնությամբ, կազմակերպել և կատարել են խարդախություն՝ խաբեության եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով` 255.824.768 ՀՀ դրամ, ինչպես նաև կազմել և օգտագործել են կեղծ փաստաթղթեր:

«Մասնավորապես, ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` 2017թ.-ին նախատեսվել է Երևան քաղաքում ճանապարհային գծանշման, ճանապարհային նշանների տեղադրման և լուսաազդանշանների պահպանման աշխատանքները 2018թ.-ից իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված մրցութային ընթացակարգով ընտրված կազմակերպության միջոցով, իսկ այդ աշխատանքները նախկինում իրականացրած «Լուսանշան» ՊՈԱԿ-ը, որի կառավարման լիազորությունները վերապահված են եղել ՀՀ ոստիկանությանը, լուծարել:  ՊՈԱԿ-ի տնօրեն Էդուարդ Հարությունյանը և նրա ազգականը` ՀՀ ոստիկանության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը, տեղեկանալով այդ մասին, հիմնադրել են նոր ընկերություն` «Ուկռինվեստ» ՍՊԸ-ն, դրա միջոցով հիշյալ գնման գործընթացներին մասնակցելու համար:

Գնման գործընթացի պլանավորման շրջանակներում ճանապարհային գծանշման և համապատասխան այլ աշխատանքների վերաբերյալ տեխնիկական բնութագրերի կազմումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության համապատասխան ստորաբաժանման պետ Կոնստանտին Կոստանյանին, սակայն վերջինս, չունենալով գնման գործընթացներում անհրաժեշտ մասնագիտական կարողություններ, միևնույն ժամանակ տեղեկացված լինելով Էդուարդ և Գևորգ Հարությունյանների կողմից ընկերություն հիմնադրելու և դրա միջոցով հիշյալ գնման գործընթացներին մասնակցելու մտադրության մասին, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, տեխնիկական բնութագրերը կազմելու համար դիմել է նրանց: Վերջիններիս գիտությամբ տեխնիկական հիշյալ բնութագրերը կազմել է «Լուսանշան» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Հակոբ Ստեփանյանը: Ընդ որում, գնման տեխնիկական բնութագրերը բարդացվել են` այլ մասնակիցների համար մրցակցության սահմանափակումներ առաջացնելու և հայտարարված մրցույթներին միայն «Ուկռինվեստ» ՍՊԸ-ի մասնակցությունն ապահովելու համար: Արդյունքում` ՀՀ ոստիկանության կողմից հայտարարված մրցույթում առաջին տեղ զբաղեցնող մասնակից է ճանաչվել նվազագույն գներ առաջարկած «Ուկռինվեստ» ՍՊԸ-ն:

Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալ Արա Կոթողյանը, ով հանդիսացել է նաև ճանապարհային գծանշումների վերը նշված աշխատանքների գնման ընթացակարգերը գնահատող հանձնաժողովի նախագահը, «Ուկռինվեստ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված պայմանագրերը գնահատել է բավարար և չի արձանագրել առկա անհամապատասխանություն­ները` չնայած դրանց` օրենսդրության պահանջների խախտմամբ կազմված լինելու հանգամանքին: Արդյունքում գնահատող հանձնաժողովն ընտրված մասնակից է ճանաչել «Ուկռինվեստ» ՍՊԸ-ին և որոշել վերջինիս հետ կնքել 1.589.864.000 ՀՀ դրամ արժողությամբ երեք պայմանագիր, որոնցով նախատեսված ծառայությունները, սակայն, ընկերության կողմից կատարվել են տեխնիկական բնութագրերով նախատեսված որակական, քանակական և ծավալային պայմաններից էական շեղումներով:

Մասնավորապես, ճանապարհային գծանշման աշխատանքները տեխնիկական բնութագրերով  նախատեսված գերմանական BERGER ֆիրմայի կամ համարժեք ներկանյութերի փոխարեն կատարվել են անհայտ ձեռնարկատիրոջ կողմից արտադրված և համապատասխան տեխ­­նի­կական պահանջներին չհամապատասխանող անորակ ներկանյութերով, գծանշումներն էլ նախատեսվածից ավելի քան 135 հազ. քմ-ով պակաս են կատարվել, սակայն դրանք խաբեությամբ ցույց են տրվել իբրև կատարված աշխատանքներ, և դրանց համար պետությունից «Ուկռինվեստ» ընկերությանը ավել է վճարվել ավելի քան 228 մլն ՀՀ դրամ:

Չի կատարվել նաև ճանապարհային նշանների մետաղական կանգնակների պատրաստման և տեղադրման աշխատանքների մի մասը, մի մասն էլ կատարվել է տեխնիկական բնութագրերի պահանջների խախտմամբ: Այսպես, միայն 2018թ.-ին 212 մետաղական կանգնակներից 111-ը փաստացի չի պատրաստվել և չի տեղադրվել, տեղադրվածներն էլ իրենց որակական չափանիշներով չեն համապատասխանել տեխնիկական բնութագրերով սահմանված պահանջներին: Ընդհանուր առմամբ` ճանապարհային նշանների տեղադրման ծառայությունների համար պայմանագրով նախատեսված միջոցներից հափշտակվել է ավելի քան 5 մլն ՀՀ դրամ:

Մեկ այլ պայմանագրով էլ նախատեսված 249 լուսացուցային օբյեկտներից 16-ը ընդհանրապես չի սպասարկվել, մինչդեռ ընկերության կողմից նշված օբյեկտներն ընդգրկվել են 2018-2019թթ-ին կազմված հանձնման-ընդունման արձանագրություններում և ցույց տրվել իբրև սպասարկման և համապատասխան այլ  ծառայություններ մատուցված օբյեկտներ, որի համար «Ուկռինվեստ» ՍՊԸ–ի բանկային հաշվին փոխանցվել է ավել է փոխանցվել ավելի քան 22 մլն ՀՀ դրամ գումար:

«ՃՈ» ծառայության պաշտոնատար անձ Կ. Կոստանյանը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները,  առանց հսկողություն իրականացնելու, ընդունել է ոչ պատշաճ կատարված և ընդհանրապես չկատարված վերը նշված աշխատանքները, ստորագրել դրանց վերաբերյալ կազմված և վճարման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով, 195-րդ և 308-րդ հոդվածների 2-րդ մասերով նախատեսված` վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով Հ. Ստեփանյանը, Է. Հարությունյանը, Գ. Հարությունյանը և Կ. Կոստանյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել են, իսկ Ա. Կոթողյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման  միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: