Փորձություն. ուսանողները օնլայն դիպլոմային են պաշտպանում. գոհ են, թե՞ դժգոհ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

Կորոնավիրուսով պայմանավորված՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ուսումնական տարվա ավարտին որոշ փոփոխություններ կատարեց, համաձայն որոնց՝ բուհերում ավարտական պետական քննությունների անցկացման ձևն ընտրում է ուսումնական հաստատությունը՝ ակադեմիական ազատության և ինքնավարության շրջանակում:

Ըստ նախարարության որոշման՝ քննությունների կազմակերպման ընթացքում բուհերը պետք է պահպանեն համավարակի կանխարգելման ընդհանուր կանոնները և քննությունները կազմակերպեն առցանց գործիքների կիրառությամբ՝ գործընթացը ավարտելով մինչև հուլիսի 1-ը:

Այս որոշումը միանշանակ չընդունվեց։ Ավարտական աշխատանքներն օնլայն տարբերակով պաշտպանելուն դեմ ուսանողներից մեկը ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետից Աիդա Կիրակոսյանն էր։ Պատկերացումներն այլ էին, ավարտական աշխատանքի պաշտպանությունը, ըստ նրա, սիմվոլիկ արարողակարգ էր լինելու, սակայն կորոնավիրուսը 4 տարվա երազանքն անկատար թողեց։

Օրեր առաջ ավարտական աշխատանքը գերազանց ստացած Աիդան Factor.am-ի հետ զրույցում ծիծաղելով է հիշում նախկինում ունեցած անհանգստությունները։

«Ներկայանալու խնդիր կա․ այլ է, երբ ընդամենը գլուխդ է երևում, տեսարանը մութ է, այլայլված, ջղայնացած ես, և այլ պատկեր, երբ ամբողջ կեցվածքով ես ներկայանում, ժպտում ես, ավելի շատ ես վստահություն ներշնչում»,- նկատեց նա։

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով կրթական հաստատությունները, գրադարանները փակելն Աիդայի ու այլ ուսանողների  համար խնդիրներ է առաջացրել․ դիպլոմային աշխատանքն ավարտին դեռ չէին հասցրել, կարիք կար նախապաշտպանության և պաշտպանության ժամկետները հետաձգել։ Ուսանողներին ընդառաջել են։ Աիդան նշում է, որ այս ժամկետների հետաձգումը հույս տվեց, թե, հնարավոր է, ավարտական աշխատանքների պաշտպանության օնլայն տարբերակը չեղարկվի, բայց սխալվեցին։ Աիդան մտածում էր, որ հերթական խնդիրներից է, սա էլ կլուծեն։ Ցանկալիին հասնելու համար անգամ պատրաստ էին բողոքի ձայն բարձրացնել, բայց, ինչպես ինքն է ասում, մարտահրավերը նետված էր, իրենք էլ ընդունեցին։

«Եթե աշխատանքիդ տիրապետում ես ամբողջությամբ, օրեր շարունակ տանջվել ես, աշխատել, եզրակացություն կազմել, ուրեմն նույնիսկ օնլայն պաշտպանությունը, տեխնիկական խնդիրները, ընդդիմախոսի «կծող» դիտողությունները կամ հանձնաժողովի հարցերը չեն կարող քեզ խանգարել ներկայացնել աշխատանքդ»,- ասում է նա։

Տանը՝ խոհանոցում նստած, ընկերուհու ներկայությամբ, վստահ սեփական ուժերին, բայց մի քիչ էլ հուզված․ Աիդայի ավարտական աշխատանքի պաշտպանությունն այսպես է անցել։ Տեխնիկական խնդիրներ չեն առաջացել, միայն թե հուզմունքի պատճառով թվում էր, թե ինտերնետ կապն անջատվում է, դեկանը հանգստացրել է՝ ամեն ինչ կարգին է, շարունակի՛ր։

«Այնքան լարված էի, որ եթե հիմա էլ փորձեմ ինչ-որ բան վերհիշել, չեմ կարող։ Ինձ ասացին, որ միակը հարցը, որը հնչել է, այնքան լավ եմ պատասխանել, որ դրանից հետո ոչ մի բան չեն ունեցել ասելու»,- նշեց նա։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ֆինանսական ֆակուլտետի շրջանավարտ Սամվել Նիկոյանը մտահոգություններ չի ունեցել էլեկտրոնային տարբերակով ավարտական աշխատանքը պաշտպանելու հետ կապված, պարզապես տրամադրվել էր, որ ամբիոնից է ելույթ ունենալու ու   հանձնաժողովի դիմաց։

«Ամբիոնից ելույթ ունենալն ավելի պաշտոնական է, մեզ համար փորձ կլիներ ներկայանալու, լսարանին ներգրավելու համար, բացի այդ՝ հռետորաբանությունն ավելի լավ  կլիներ»,- նշեց նա։

Իրավիճակից ելնելով՝ Սամվելը ելույթը կրճատել է։ Ասում է՝ վատ չի ստացվել, հանձնաժողովը լսել է, հետո անցել են հարցերին։ Մոտ 15 րոպե է տևել, տեխնիկական լուրջ խնդիրներ չեն առաջացել։

«Հուզմունքն այդքան էլ շատ չէր, այնպես չէ, որ ուժերիս վրա շատ վստահ էի, բայց որ գրախոսությունը լավն էր, ինձ մի բան էր մնում, որ հետաքրքիր ներկայացնեմ, կարծում եմ՝ ստացվել է»,- ասաց Սամվելը՝ հավելելով, որ 20 բալային համակարգից  16 է ստացել։

Հարցին՝ գո՞հ էր գնահատականից, Սամվելն ընդգծեց, որ թե՛ ինքը, թե՛ ղեկավարն ավելին էին սպասում, շատ էր աշխատել։ «Բայց ես դժգոհ չեմ, չեմ էլ առարկել»,- նկատեց Սամվելը։

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ, «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանը նախ ընդգծում է, որ պատրաստված, իր նյութին գերազանց տիրապետող ուսանողին որևէ բան չի կարող խանգարել։ Իհարկե, էլեկտրոնային տարբերակով ավարտական աշխատանքի պաշտպանության ժամանակ որոշ ուսանողների մոտ տեխնիկական խնդիրներ առաջացել են, սակայն դա չի ազդել նրանց ներկայանալուն, պարզապես ժամանակ էր պահանջվում, որպեսզի տեխնիկական խնդիրները շտկվեին։

«Այստեղ հոգեբանական պահ կա, որովհետև եթե մարդու մոտ տեխնիկական խնդիր է առաջանում, ապա լարվածություն էլ կառաջանա, և այս առումով, գուցե, չկարողանա լիարժեք ներկայացնել։ Բայց երկու օր է՝ հետևում եմ ամբողջ գործընթացին, կարող եմ փաստել, որ նույնիսկ այն ուսանողները, որոնց մոտ տեխնիկական խնդիրներ առաջացան, կարողացան հավուր պատշաճի պաշտպանել ավարտական աշխատանքները ու հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանել»,- նշեց Աստղիկ Ավետիսյանը։

Ըստ նրա, երբ աշխատանքը ներկայացնում ես տնից, իհարկե, ավելի պաշտպանված ես, որովհետև քո տարածքն է, իսկ ամբիոնից ելույթ ունենալն ավելի պատասխանատու է, բայց դեմ առ դեմ շփումն ավելի հեշտ է։

Այն ուսանողները, որոնց մասնագիտությունն արվեստին մոտ է, էլեկտրոնային տարբերակով ավարտական աշխատանքը պաշտպանելուն, մեղմ ասած, համաձայն չեն։ Օրինակ՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Ռեժիսուրա» բաժնի մագիստրոս Նշանե Առաքելյանի համար փոքր-ինչ տարօրինակ է այդ որոշումը։ Պատրաստվում է պաշտպանել ռեժիսոր Արմեն Էլբակյանի «Լամանչեցի մարդը խամաճիկների թատրոնում» ներկայացումը։

«Քանի որ ներկայացման հեղինակը հանձնաժողովի կազմում է լինելու, ցանկալի կլիներ, որ անմիջապես իր հետ մտնեի երկխոսոթյան մեջ, ոչ թե հեռավար ձևով։ Ես  գիտեմ, թե ինչու է ինքը 2008թ․ բեմադրել այդ ներկայացումը, բայց ինձ հետաքրքիր է իր հետ նույն տեղում շփվել, հասկանալ, թե ինչու հենց այդ ժամանակ արեց, արդյո՞ք համարում է, որ այսօր էլ դա արդի է»,- նկատեց թեզին պատրաստվող Նշանեն։

Այնուամենայնիվ, Նշանեն կարծում է, որ լուրջ խնդիրներ չեն առաջանա իր ներկայանալու ժամանակ, թեմային լավ է պատրաստված, ամեն ինչ կանի, որպեսզի հավուր պատշաճի ներկայանա։

ՀՊՄՀ և Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի ավագ դասախոս Քրիստինե Պողոսյանը դժվարանում է խոսել խնդիրների մասին, որովհետև դեռ օնլայն տարբերակով ավարտական աշխատանքի պաշտպանությանը չի մասնակցել։  Ըստ նրա՝ սա փորձություն է թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների համար։

«Ինքս պետք է հասկանամ, թե ինչ կստացվի։ Եթե ասեմ՝ պատկերացումները շատ հստակ են, բնականաբար, այն ֆորմատով, որով աշխատել ենք, եղել է շփման միջոցը, ամեն ինչ տեսանելի էր, ինձ համար ըմբռնելի իրավիճակ է եղել։ Հիմա այդպես չի լինի, բայց մարդը միշտ պետք է հաղթահարի այն իրավիճակները, որում հայտնվում է, պետք է պատվով դուրս գալ այս իրավիճակից։ Օբյեկտիվորեն որևէ մեկս մեղք չունենք, որ այս իրավիճակում ենք հայտնվել, մարդիկ պետք է ավարտեն բուհը, մենք էլ պետք է նպաստենք, որ այդ պրոցեսը կանգ չառնի»,- նշում է Քրիստինե Պողոսյանը։

Ըստ նրա՝ խնդիրներից խուսափել, այնուամենայնիվ, չի լինի, բայց հուսահատվել էլ պետք չէ, ելքեր գտնել է պետք։ Պրակտիկ մասնագիտությունների ավարտական աշխատանքներում տեսական մասը շատ կլինի։ Հարցին՝ այդ դեպքում գնահատականների վրա ազդեցություն կլինի՞, տիկին Պողոսյանը շեշտեց, որ ուսանողներին նոր չեն ճանաչում, տարիներ շարունակ շփվել են, գիտեն նրանց ընդունակությունները և կառաջնորդվեն բոլոր գործոնները հաշվի առնելով։

«Այդ գնահատականը հենց այդ պահին չի ծնվում, գնահատականը վաստակում են ամբողջ ուսումնական պրոցեսի ընթացքում»,- ընդգծեց նա։

Քրիստինե Պողոսյանը հուսով է, որ ստիպված չեն լինի նոր ուսումնական տարին հեռավար կրթությամբ սկսել, չէ՞ որ «ռեժիսուրան օնլայն չի լինում»։

Ի դեպ,  համաձայն ԿԳՄՍ նախարարության որոշման, այս տարի դիմորդները բուհ ընդունվելու համար կհանձնեն մեկ քննություն, որը լինելու է ընտրված մասնագիտության համար նախատեսված քննություններից որևէ մեկը: Միասնական քննությունների ցանկը՝ ըստ մասնագիտությունների, արդեն հրապարակվել է:

Հաշվի առնելով փոփոխությունները՝ նախարարարությունը հայտագրվելու  հնարավորություն է տվել թե՛ արդեն հայտագրվածներին (ըստ ընթացակարգի՝ մինչև մարտի 15-ը դիմորդներն արդեն լրացրել են բուհերի ընդունելության հայտերը), թե՛ նախորդ տարիների շրջանավարտներին։ Հայտագրման գործընթացը կմեկնարկի մայիսի 25-ից և կգործի մինչև հունիսի 15-ը: Հայտագրումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով: Դիմորդները միաժամանակ կընտրեն քննական առարկան, բուհն ու մասնագիտությունը: Նախապես մի քանի քննության համար հայտագրված դիմորդներին կվերադարձվի քննությունների համար վճարած գումարը: Բուհերի ընդունելության միասնական քննությունները տեղի կունենան հուլիսի առաջին տասնօրյակում:

Արփինե Բաղդասարյան