Իրանին զենքի մատակարարման էմբարգոյի՝ ԱՄՆ-ի պահանջն ու Թեհրանի հնարավոր արձագանքը. փորձագետները՝ այն շրջանցելու հավանականության մասին

Լուրեր

12.12.2024 | 13:33
Բացվել է «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» հայ-ֆրանսիական միջազգային ցուցահանդեսը
12.12.2024 | 13:33
Ռանչպարի սահմանային հատվածում փշալար կա վնասված, ոտնահետքեր են հայտնաբերվել
12.12.2024 | 13:24
Կադիրովը պնդում է, որ Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Չեչնիայի ՆԳՆ հատուկ գնդի զորանոցի վրա
12.12.2024 | 13:15
Մոսկվայում ընթանում է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը․ ՀՀ-ն ներկայացնում է Մհեր Գրիգորյանը
12.12.2024 | 13:13
Հեսա Նոր տարի է գալիս, կսկսեն ասել՝ 7 օրվա բուդը կերանք, մտածում էինք էս տարի չենք թունավորվի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:04
Թբիլիսիում ցուցարարներին պետական հատվածի աշխատողներ են միացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:01
Շիրակի մարզպետն ազատվեց աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:53
Կառավարության սրահների լույսերը վառած են, միացնող-անջատողն ասում ա՝ պետական փող ա, էլի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:42
Պաշտպանը հրապարակեց ԱԱԾ պետի տեղակալի և Ռուբեն Վարդազարյանի միջև խոսակցությունների բովանդակությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:39
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 12:34
Ջրագիծ, մանկապարտեզ է կառուցվում, էդ գյուղի տների արժեքն աճում է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:26
Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆ
12.12.2024 | 12:25
ՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար ավելի շատ գումար չի ծախսում, քան ծախսում է պետբյուջեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:14
Ալիևի օգնականը հայտարարել է, թե «սահմանին ԵՄ առաքելությունը պետք է ավարտվի»
12.12.2024 | 12:10
Կառավարական կեցավայրի տները երբեք չեն տաքանում, քիչ ա մնում՝ Իջևանից վառարան ուզենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանական միջուկային գործարքից հրաժարվելուց հետո Վաշինգտոնը հիմա էլ փորձում է ամեն ինչ անել՝ Թեհրանին զենքի մատակարարման արգելքի ժամկետը երկարաձգելու համար: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կրկին հայտարարել է, որ Վաշինգտոնը գործի է դնելու դիվանագիտական բոլոր հնարավորությունները՝ ՄԱԿ-ի զենքի էմբարգոն երկարաձգելու համար:

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի հիմնադիր, 1992-93թթ. Իրանում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արա Պապյանի կարծիքով՝ Էմբարգոն երկարաձգելու ձգտումը պետք է դիտարկել ԱՄՆ-ի՝ միջինարևելյան մեծ քաղաքականության տեսանկյունից:

«Ներկայում ԱՄՆ-ն, ըստ էության, երկու դաշնակից ունի, առաջին հայացքից՝ իրարամերժ դաշնակիցներ՝ Սաուդյան Արաբիան և Իսրայելը, որոնց միջոցով իր շահերն առաջ է մղում: Ակնհայտ է, որ երկուսն էլ շահերի բախում, մինչև իսկ թշամություն ունի Իրանի հանդեպ: Հետևաբար՝ այս դաշնակիցների շահերի տեսանկյունից է ԱՄՆ-ն քայլեր կատարում: Իսկ քայլերի նպատակը հնարավորինս Իրանին ավելի խոցելի դարձնելն է: Սա պետք է դիտարկել ԱՄՆ-ի շահերի, բայց՝ միջնորդավորված շահերի տեսանկյունից»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց Արա Պապյանը:

Ավելի վաղ էլ Պոմպեոն ասել էր, թե հնարավոր ամեն ինչ անելու են, որ Իրանը չկարողանա զենք գնել, մասնավորապես, Ռուսաստանից և Չինաստանից: Սակայն, ըստ Պապյանի, միանգամայն հավանական է, որ Մոսկվան և Պեկինը կարող են շրջանցել էմբարգոն՝ զենք մատակարարելով Իրանին:

«Այստեղ կա և՛ Չինաստանի, և՛ Ռուսաստանի շահը, որոնք շահագրգռված են Իրանի՝ գոնե չտկարացման, էլ չեմ ասում՝ հզորացման հարցում: Մասնավորապես, Սիրիայում ՌԴ-ն այսօր խնդիրներ ունի Թուրքիայի հետ, ինչպես նաև ԱՄՆ-ի շահերն առաջ մղող խմբավորումների հետ, հետևաբար՝ Իրանի դերակատարությունն ու աջակցությունը Իրան-Իրաք-Սիրիա գծի վրա անհրաժեշտ է: Նույնը վերաբերում է Չինաստանին. Պեկինը ևս ունի իր շահերը՝ սկսած զուտ աշխարհաքաղաքական շահերից՝ հակակշիռ թյուրքական աշխարհին: Այստեղ էլ Իրանը դեր ունի՝ Միջին Ասիան փակելու թյուրքական ազդեցությունից չինական հնարավոր՝ ավելի ընդլայնման համար»,- կարծում է նա:

Սրա հետևանքով Վաշինգտոն-Մոսկվա և Վաշինգտոն-Պեկին հարաբերություններում սրացումներ հնարավոր են, սակայն, ըստ Արա Պապյանի, դա չի հուզում ԱՄՆ-ին: Ավելին, դա հենց Վաշինգտոնի շահերից է բխում:

«ԱՄՆ-ն հիմա տեսնում է, որ Ռուսաստանը դեպի անկում է գնում, իսկ դա բացահայտ է՝ կապված նավթի գների անկման և կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հետ, Իրանը նույնպես նավթից կախված երկիր է և այդ խնդիրներն ունենալու է: Իսկ ԱՄՆ-ի տնտեսությունը, իհարկե, տուժում է, բայց շատ ավելի լավ վիճակում է: Մյուս կողմից՝ չպետք է մոռանանք, որ ԱՄՆ-ն այսօր երկու հակառակորդ ունի. մեկը՝ ռազմական առումով, դա ՌԴ-ն է՝ միակ երկիրը, որը բավարար քանակությամբ հրթիռներ և միջուկային զենք ունի՝ ԱՄՆ-ին վնաս հասցնելու համար, մյուսը Չինաստանը՝ տնտեսական առումով, որը, եթե այսպես շարունակի զարգանալ, կդառնա լուրջ մրցակից ԱՄՆ-ին»,- պարզաբանում է մեր զրուցակիցը:

Իսկ կորոնավիրուսը, նրա համոզմամբ, շատ հարմար առիթ է՝ Չինաստանին խեղճացնելու համար: Իսկ այն քաղաքականությունը, որն Իրանի նկատմամբ ԱՄՆ-ն մշտապես կիրառել է, ուղղված է ավելի շատ ոչ թե Իրանի, այլ Չինաստանի դեմ: «Սահմանափակելով Իրանի կողմից նավթի արտահանումը, որը չինական շուկայի 22-25 տոկոսն է կազմում, իսկ դա լուրջ թիվ է, հասկանալի է, որ Չինաստանի տնտեսությանը մեծ վնաս է հասցվում: Այս տեսանկյունից հասկանալի է, որ Վաշիգնտոնն ամեն ինչ անելու է, որպեսզի և՛ Չինաստանը, և՛ ՌԴ-ն՝ որպես երկու հիմնական մրցակիցներ, թուլանան»,- համոզված է Արա Պապյանը:

Իրանագետ Վարդան Ոսկանյանն էլ առաջարկում է այս գործընթացը դիտարկել Իրանի հանդեպ ԱՄՆ-ի ընդհանուր քաղաքականության տրամաբանության համատեքստում. այն է՝ հնարավորինս մեկուսացնել և թուլացնել Իրանին, ինչպես նաև պատժամիջոցների միջոցով Իրանի ներսում ի հայտ բերել որոշակի բողոքի տրամադրություններ, որոնք կարող են հանգեցնել Իսլամական հանրապետության տապալման:

«Եվ ցանկացած գործողություն, այդ թվում՝ կապված այս էմբարգոյի խնդրի հետ, տեղավորվում է այս տրամաբանության շրջանակում: Այլ խնդիր է, թե որքանով է նշված քաղաքականությունն արդյունավետ: Ես կարծում եմ՝ այն արդյունավետ գնահատել չի կարելի՝ հաշվի առնելով մի կարևոր հանգամանք. իրանցիները, ունենալով նաև տնտեսական դժվարություններ, այդուհանդերձ, Մերձավոր Արևելքում, կարծես, որևէ դիրք չեն զիջել մի քանի տարի շարունակ Թրամփի վարած քաղաքականության հետևանքով»,- նշում է նա:

Վարդան Ոսկանյանն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ նախագահը զենքի մատակարարման արգելքի և իրանական միջուկային գործարքի հարցում որոշակի հակասություններ ունի հենց իր երկրի ներսում, հատկապես՝ դեմոկրատների շրջանում. «Գաղտնիք չէ, որ նրանք մեծ խանդավառությամբ չեն ընդունում Թրամփի այս գործողությունները՝ համարելով, որ Օբամայի վարչակարգի կարևորագույն ձեռքբերումն է Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքումը: Իսկ ներկա վարչակարգի կողմից այն, ըստ էության, ջուրն են լցվել կամ ԱՄՆ-ի համար զրոյացվել են դրա արդյունքները»:

Անդրադառնալով Ռուսաստանի և Չինաստանի կողմից զենքի էմբարգոն շրջանցելու հնարավորությանը՝ իրանագետը նշեց, որ զենքի մատակարարումների հարցում իրենց շահերն ունեն ինչպես Թեհրանը, այնպես էլ Մոսկվան ու Պեկինը. Իրանը՝ իր սպառազինությունն արդիականացնելու առումով, մյուս երկուսը՝ իրենց արտադրած զինատեսակները վաճառելու տեսանկյունից:

«Կարծում եմ՝ թե Մոսկվան, թե՛ Պեկինը և թե՛ Թեհրանը կձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները՝ իրենց համար ձեռնտու, և ոչ թե Թրամփի նախանշած ուղիով ընթանալո համար: Չգիտեմ՝ չշրջանցեն էմբարգոն, թե ոչ, բայց միանշանակ կարող եմ պնդել, որ ռազմատեխնիկական և ռազմատնտեսական լուրջ համագործակցությունն Իրանի հետ այս երկու պետությունները կշարունակեն»,- նշեց Ոսկանյանը:

Խոսելով Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայտարարության մասին, որ զենքի մատակարարման արգելքի ժամկետի երկարաձգման և ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի դեպքում Թեհրանից  կոշտ արձագանք պետք է սպասել, Վարդան Ոսկանյանն ասաց՝ խոսքն այս դեպքում բացառապես քաղաքական տիրույթի մասին է:

«Կտեսնենք նաև որոշակի գործողություններ մերձավորարևելյան այն տարածաշրջաններում, որտեղ բախվում են իրանական և ամերիկյան շահերը: Մասնավորապես՝ խոսքը Սիրիայի, Իրաքի, Աֆղանստանի մասին է: Բայց արձագանքի տեսանելի հատվածը կլինի քաղաքական տիրույթում»,- նշեց նա:

Արա Պապյանը ևս կոշտ արձագանքի հարցում Թեհրանի հնարավորությունները խիստ սահմանափակ է համարում՝ և՛ ռազմական, և՛ տնտեսական առումով:

«Ես կարծում եմ՝ միակ գործողությունը, որ կարող է լինել՝ դարձյալ ածանցյալ, կինի ԱՄՆ-ի դաշնակիցների դեմ, մասնավորապես՝ Իսրայելի և Սաուդյան Արաբիայի: Եվ հետաքրքիր է, որ այս երկու թշնամի երկրները մերձեցել են հենց Իրանի դեմ: Այսինքն՝ Իրանը կարող է որոշակի գործողություններ ակտիվացնել, մասնավորապես, Իսրայելի դեմ, բայց դարձյալ, մեծ հաշվով, դա խիստ վտանգավոր չի լինի»,- եզրափակեց Արա Պապյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, թե Իրանին զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարման հատուկ ռեժիմի հնգամյա ժամկետը մոտենում է ավարտին, և այդ որոշումից շեղում լինել չի կարող: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն էլ իր հերթին նշել էր, որ Վաշինգտոնն ամեն ինչ կանի՝ զենքի մատակարարման էմբարգոն երկարաձգելու և թույլ չտալու համար, որ Թեհրանը զենք գնի Ռուսաստանից կամ Չինաստանից:

Թամարա Հակոբյան