Սփյուռքի մեծամասնությունն ուրախ է Հայաստանում կատարվածով, բայց ավելի արագ փոփոխություններ են ակնկալում. Զարեհ Սինանյան

Լուրեր

15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ

-Պարոն Սինանյան, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ճանապարհին նախորդ տարվա ամենակարևոր ձեռքբերումը ո՞րն եք համարում, ի՞նչ աշխատանք կատարվեց։

-Երևի ամենատեսանելի արդյունքը Միացյալ Նահանգների սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումն էր։ Եվ դա տեղի ունեցավ մեր ամերիկահայ համայնքի շնորհիվ, մանավանդ ուզում եմ մատնանշել Հայ Դատի հանձնախմբի և Հայկական համագումարի երկար, տասնամյակների աշխատանքը։ Իսկ մեր ձեռքբերումների ոչ տեսանելի կողմը, այսինքն՝ աշխատանք, որը նպաստում է Ցեղասպանության վերջնական ճանաչմանն ու ընդունմանը Թուրքիայի կողմից, դա մեր պետության ավելի ամրապնդվելու և ավելի կայացած դառնալու գործընթացն է, այդ ձեռքբերումը, որը շարունակական բնույթ է կրում և կշարունակվի հաջորդ տարիների ընթացքում։

-Ի՞նչ եք կարծում՝ իսկապես այդ ճանապարհին ենք, որպեսզի ավելի հզոր, զարգացած երկիր ունենանք։

-Չեմ կասկածում։ Համենայնդեպս, եթե համեմատական կարգով մենք նայենք, թե ուր էինք 2017 թվականին և ուր ենք այսօր՝ մենք, իհարկե, շատ մեծ առաջխաղացում ունենք։ Համենայնդեպս, մեր վեկտորը, մեր ուղղությունը ճիշտ է։

-Պարոն Սինանյան, ամեն դեպքում թե՛ որոշ արվեստագետներ, թե՛ քաղաքական շրջանակներ ասում են, որ դեռևս ինքնիշխան երկիր չունենք և այս պարագայում դժվար է խոսել հզոր պետություն ունենալու մասին։ Ինչպե՞ս կարձագանքեք։

-Իհարկե, ես համամիտ եմ, որ այս պահին դեռ շատ վաղ է խոսել հզոր պետություն ունենալու մասին։ Հաշվի առնենք, որ մոտ 3 տասնամյակ մեր ենթակառուցվածքները հանձնվել են այլ պետությունների կառավարմանը, որի հետևանքները մենք այսօր տեսնում ենք։ Մենք մեր ինքնիշխանության մեջ նահանջներ ենք ունեցել 1994 թվականի զինադադարից հետո։ Եվ կարծել, որ մեկ, երկու տարում մենք միանգամից պետք է շատերի կողմից որպես ֆոր պոստ ընկալվող պետության կարգավիճակից վերածվեինք հզոր և միանշանակ ինքնիշխան պետության, միամտություն կլիներ։

-Այժմ կան պետություններ, որոնք հրապարակավ իրենց աջակցությունն են հայտնում մեր երկրին՝ Ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում։ Օրինակ այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ այսօր Ֆրանսիան առավել քան երբևէ հանձնառու է պաշտպանելու զոհերի հիշատակը։ Նման հայտարարությունները որքանո՞վ կարող են օգնել։

-Գիտեք, այլ պետությունների աջակցությունն այդ հարցում անսահմանափակ չէ։ Շատերը, որոնք արդեն ընդունել են Ցեղասպանության փաստը, նրանց կրթական համակարգերում է ընդգրկված Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը, նրանց համար, ովքեր ամեն տարի սգում ու ցավակցում են մեզ, այդ պետություններն այդ ուղղությամբ ավել բան չունեն անելու։ Նրանք ավելի շատ կարող են աջակցել Հայաստանում օրենքի և ժողովրդավարական արժեքների հաստատմանը և ամրապնդմանը։ Դրանով կարող են աջակցել մի ժողովրդի, որը ենթարկվել է Ցեղասպանության և որն, անկախ այդ ամենից, շարունակում է գոյատևել, ունի իր պետությունը և հետամուտ է լինում իր իրավունքների իրացմանը։

-Ասացիք, որ մոտ 30 տարի մեր երկրի ենթակառուցվածքները հանձնվել են այլ երկրների կառավարմանը։ Իսկ հիմա ո՞ր ուղղությամբ է գնում մեր պետությունը, նպատակակետը ո՞րն է։

-Մեր նպատակակետն է ունենալ մի պետություն, որտեղ հայ մարդն ուզում է ապրել, իր ընտանիքն ունենալ, երեխաներին մեծացնել, որտեղ իր մշակույթով, լեզվով, արժեհամակարգով պաշտպանված է իրեն զգում։ Ահա թե որն է մեր գերնպատակը։ Մենք ուզում ենք լինել հայ, Հայաստանում, և կարողանալ պահպանել մեր մշակութային ժառանգությունը։ Իսկ հայ մարդը կարող է մնալ միայն Հայաստանում։ Այսինքն, սփյուռքում բնակվելը միայն ժամանակի հարց է։ Որքան հզոր և ուժեղ լինի մեր պետությունը՝ այնքան ուժեղ կլինի սփյուռքը և այնքան երկար այն կհարատևի և ճիշտ հակառակը։

-Ի՞նչ եք կարծում՝ սփյուռքի մեծամասնությանը գոհացնո՞ւմ են Հայաստանում կատարված փոփոխությունները և իրենք այժմ երկրին աջակցելու ցանկություն ունե՞ն։

-Ես, միանշանակ, համոզված եմ, որ սփյուռքի մեծամասնությունն ուրախ է Հայաստանում կատարված փոփոխությունների փաստով։ Շատերն ավելի շատ փոփոխություններ են ակնկալում և ավելի արագ, որը գովելի է նույնիսկ և հասկանալի։ Բայց, իհարկե, մենք ունենք իրողություններ, որոնք հնարավոր չեն դարձնում շարժվել այն արագությամբ, որով ինքներս կցանկանայինք շարժվել։ Բայց կրկնում եմ՝ ուղղությունը, որ մենք բռնել ենք՝ ճիշտ է, և մեծամասնությունը դա տեսնում և գնահատում է։

-Հաճախ կարծիք է հնչում, որ հասարակությունն էլ պատրաստ չէ հասնել երկրի համար կարևոր փուլերի։ Դուք ի՞նչ տեսակետ ունեք։

-Դե մի օրվա ընթացքում դա չի լինելու։ Հայ հասարակությունը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի, որպեսզի դառնա այն հասարակությունը, որի մասին բոլորս երազում ենք։ Եթե մեր հայրենակիցները գտնում են, որ հասարակությունը դեռ այն չի, ինչ որ պետք է լինի, մենք հրավիրում ենք, որ իրենք էլ գան, միանան, այդ հասարակության մաս դառնան և մեզ աջակցեն, որպեսզի միասին հասնենք այն մակարդակին, որը բոլորիս համար ցանկալի է։ Եվ գալն ու մեզ միանալն էլ պայմանական եմ ասում. այսօր, փառք Աստծո, այս ինտերնետային դարաշրջանում կարելի է հեռվից շատ բան անել հայրենիքի համար։ Խոսքը միայն ֆինանսական աջակցության մասին չէ. մենք ավելի շատ ունենք մասնագիտական օգնության կարիք, ներդրումների անհրաժեշտություն։ Եվ համոզված եմ, որ ժամանակի հետ նման օգնությունը շատ ավելի մեծ կլինի։

Մերի Մարտիրոսյան