Եկել է Միքայել Մինասյանի հերթը. պատգամավորն ակնարկում է, թե ինչ գույք է ձեռք բերել Սերժ Սարգսյանի փեսան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
23.04.2020 | 22:24Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից երկու տարի անց երեկ հայտնի դարձավ, որ մեղադրանք է առաջադրվել նախկին իշխանության առանցքային դեմքերից մեկին՝ Միքայել Մինասյանին: Սերժ Սարգսյանի փեսային Պետական եկամուտների կոմիտեն մեղադրում է 2017-2018 թվականների ընթացքում մեծածավալ գույք ձեռք բերելու համար, որը գերազանցում է Մինասյանի օրինական եկամուտները: Բացի այդ, ըստ ՊԵԿ-ի՝ Սուրբ Աթոռում նախկին դեսպանը թաքցրել ու չի հայտարարագրել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքի մասին տվյալներ, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույք:
Ուշագրավ է, որ Միքայել Մինասյանին առաջադրված մեղադրանքին նախորդել էր Նիկոլ Փաշինյանի՝ «աներ-փեսա օպերացիայի» մասին հայտարարությունը, որը առաջիկա 10 տարվա համար շատերին պետք է ապահովեր աշխատանքով, եկամուտով, անելիքով և հեռանկարով, բայց փլուզվել է։ «Այս խմբում ներգրավված են բազմաթիվ երիտասարդ, գիտելիքներ ունեցող քաղաքացիներ, որոնք հիասթափվածների հաջորդ խումբն են»,- ասաց նա :
Միքայել Մինասյանի պաշտպանական թիմից Ամրամ Մակինյանը կարծում է, որ առաջադրած մեղադրանքն անհիմն է, քանի որ Մինասյանն իր օրինական ծագում ունեցող գույքի վաճառքից ստացած օրինական եկամուտները փոխանցել է բանկային մի հաշվից մյուսին, ինչը վարույթն իրականացվող մարմնի կողմից դիտարկվել է որպես փողերի լվացում։ Բացի այդ, մի կազմակերպության աշխատակիցը, որին հանձնարարված է եղել կազմել և հանձնել Մինասյանի հայտարարագրերը, տեխնիկական վրիպակի հետևանքով մեկ գույքի վաճառքից ստացված եկամուտներն ավել գումարով է հայտարարագրել։ Սա էլ, ըստ փաստաբանի, դիտարկվել է որպես ապօրինի հարստացում. «Մեզ համար այս մեղադրանքը զավեշտի ժանրից է՝ այս մեղադրանքը, ընդհանրապես կապ չունի քրեական իրավունքի և քրեական դատավարության հետ»:
Ինքը՝ Միքայել Մինասյանը, իրեն առաջադրված մեղադրանքը համարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վաղեմի երազանքը, որն արդեն իրագործվել է: Մինասյանը երեկ իր էջում գրել էր, որ Փաշինյանը իրականացրեց իր երկուսուկես տարվա երազանքը, հարուցվեց քրեական գործ, որտեղ ինքը մեղադրյալի կարգավիճակ ունի: Միքայել Մինասյանն իր դեմ հարուցված քրգործը որակել է անհեթեթություն:
Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը չի կիսում այն տեսակետը, որ Սերժ Սարգսյանի փեսային մեղադրանք առաջադրելը Փաշինյանի եզազանքն էր. «Երկրի քաղաքական ղեկավարությունը ոչ մի անձնական հարց չունի Միքայել Մինասյանի հետ և այս շրջանում չի առաջացել: Այս գործը, որքանով, որ ես տեղյակ եմ, վաղուց արդեն քննվել է տարբեր մարմինների կողմից և հիմա է արդեն գործի քննությունն ավարտվել ու որոշումը կայացվել է իրավապահ մարմինների կողմից»:
Իսկ ահա հանրապետական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը իրավապահների այս գործողություններում քաղաքական պատվեր է տեսնում: Կարծում է, որ իշխանությունները սոցիալական խնդիրներից շեղելու համար հնչեղ քրեական գործեր են հարուցում. «Երկու տարվա ընթացքում նախկին իշխանությունների նկատմամբ հորինովի մեղադրանքներ են առաջադրվում: Ականատես ենք լինում, որ առաջադրված մեղադրանքները պայթում են: Նիկոլ Փաշինյանը մեկ հեռախոսազանգով մեղադրանքներ է պարտադրում: Այս համատեքստում եմ դիտում նաև Մինասյանին առաջադրված մեղադրանքը»:
Այնուհանդերձ, նախկինում ընդդիմությունը, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, իր հայտարարություններում նշել է, որ Մինասյանը բազմաթիվ բիզնեսներ ունի: Սկսած լրատվամիջոցներով, գովազդի շուկայով և վերջացրած «Սպայկա» ընկերությունում մասնաբաժին ունենալով: ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը կարծում է, որ տարիներ շարունակ Մինասյանի մասին կեղծ տեղեկություն է տարածվել. «Եկեք այդ հարցերը Ձեզ հետ չքննարկեմ: Տարիներ շարունակ շատ բան է ասվել: Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ կարմիր գծերը պետք չեն, Բաղրամյան 26 ճամպրուկներով փողեր են տարել, Սաշիկը 50-50 է արել: Նա տարիներ շարունակ սուտ է խոսել»:
Միքայել Մինասյանը Սերժ Սարգսյանի փեսան լինելով հանդերձ նրա իշխանության օրոք պետական պաշտոններ է զբաղեցրել: Նա աներոջ վարչապետության տարիներին եղել է նրա ավագ օգնականը, իսկ նախագահության տարիներին նախ` նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնն է զբաղեցրել, ապա նշանակվել է մի քանի երկրում դեսպան: Պաշտոնական առաջընթացներին զուգահեռ Մինասյանը նաև բավականին կարողություն է ձեռք բերել:
Մասնավորապես, նրա պաշտոնը դադարեցնելու պահին ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ Մինասյանը հայտարարագրել է 2 բնակարան, 2 առանձնատուն, 2 ավտոտնակ և 1 այգետնակ, 2 ավտոմեքենա’ «PORSCHE 911 CARRERA» և «RANGE ROVER Supercharged 5.0» մակնիշների: Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ Մինասյանն ունեցել է 2 մլրդ 500 մլն դրամի չափով հանձնած փոխառություններ: Նա հայտարարագրել է 8 մլն դրամը գերազանցող 63 թանկարժեք գույք, 57 գեղանկար, 1 գեղանկարների հավաքածու, 2 արձանիկ և 3 քանդակ:
Factor TV-ին Մարգարիտ Եսայանից հետաքրքրվեց՝ արդյոք հնարավոր էր դեսպանի աշխատավարձով նման կարողություն ձեռք բերել. «Դուք էլ նայեք, թե Նիկոլ Փաշինյանը լրագրողի աշխատավարձով ինչ հարստություն է դիզել»:
Իշխանության ներկայացուցիչ Հրաչյա Հակոբյանը վստահ է, որ Միքայել Մինասյանը կանգնելու է արդարադատության առաջ և, ըստ պատգամավորի, պատասխան է տալու կատարած հանցանքների համար: Հակոբյանը նշում է՝ Սերժ Սարգսյանի փեսան կամ կվերադառնա, կամ նրան կարտահանձնեն: Իսկ դիտարկմանը, թե ինչու իշխանափոխությունից հետո այսքան ուշացավ Մինասյանին պատասխանատվության ենթարկելու գործընթացը, Հակոբյանը մեկնաբանեց. «Չեմ կարող ասել ուշացած էր, թե՝ ոչ: Միգուցե նաև ուշացած էր, բայց օբյեկտիվ պատճառներով, քանի որ իրավապահ մարմինները, կարծում եմ, բավականին շատ գործ ունեին անելու: Բոլորին է հայտնի, թե ինչ ճանապարհներով են իրենց միլիոնները ձեռք բերել և իրավապահների համար բավականին դժվար է եղել ինչ-որ բան բացահայտելը»:
Հրաչյա Հակոբյանն անդրադառնալով հարցին, թե ինչ անօրինական ձեռք բերված գույքի մասին է խոսքը, չբացառեց, որ այն կարող է լինել 2010-ին Պաշտպանության նախարարությունից օտարված «ՁորաՀԷԿ» հիդրոէլեկտրակայանը։ Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն հայտնել է, որ այն օտարվել է 3,6 միլիարդով, սակայն իրական արժեքը եղել է 8 միլիարդ:
«Կա գույք, որը բավականին աղմկահարույց է և ստրատեգիական նշանակություն է ունեցել: Երևի «Ձորահեկի» մասին է, ես այդքան տեղեկություն չունեմ այդ մասին»,- ասաց նա:
Այժմ հանրության համար հետաքրքիր է, թե ինչ ավարտ է ունենալու Միքայել Մինասյանի քրգործը: Արդյոք այն կարժանանա՞ հանրային հնչեղության մյուս քրգործերի ճակատագրին, որոնք հեղափոխությունից երկու տարի անց դեռ անորոշ են, թե՞ կտրվեն բոլոր հարցերի պատասխանները՝ ժամանակը ցույց կտա:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նարեկ Կիրակոսյան