Մնացականյանը սքողում է այն իրականությունը, որ շարունակում են բանակցել մի փաստաթղթի շուրջ, որը տարածքային կորուստներ է ենթադրում. քաղաքագետ

Լուրեր

12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ

– ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին  խոսել է ղարաբաղյան հակամարտության լուծման մասին՝ պնդելով, որ բանակցային սեղանին փուլային տարբերակ նախատեսող փաստաթուղթ է: Նա մեջբերել է Մադրիդյան սկզբունքներն ու դրան հետևած Կազանի փաստաթուղթը: Նախ՝ ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

– Միանգամից ասեմ, որ Լավրովը ճիշտ է խոսում և արտացոլում է այն, ինչ իրականում կա: Ասեմ նաև, որ համոզված եմ՝ Զոհրաբ Մնացականյանն իր հերթին ոլոր-մոլոր ստում է՝ իրականում լիովին հաստատելով այն, ինչ ասում է Լավրովը: Իսկ Լավորովն այդ ամենը պատահականորեն չի ասում: Դժվար չէ կռահել,  քանի որ Երևանը, սեփական ժողովրդից գաղտնի, իսկ իրականում՝ նրան երկու տարի խաբելով, շարունակում է բանակցել նախկին ռեժիմի բանակցած պարտվողական սկզբունքների շուրջ, բայց գործնական առումով ռիսկ չի անում գնալ դավաճանական ծրագրի իրագործման: Եվ այս բացահայտմամբ նրան ստիպում են հստակ ընտրություն կատարել՝ կա՛մ հրաժարվել բլեֆ անելուց և բանակցելուց մի բանի շուրջ, որ չեն կարողանալու ժողովրդի թույլտվությունը ստանալ և իրականացնել, կա՛մ ուղղակի բախվելով դժվարությունների և ճնշումների՝ կատարել այն դրույթները, որոնց շուրջ բանակցում են արդեն երկու տարի: Սա խայտառակություն է, և եթե հայ ժողովուրդն աչքեր ունի տեսնելու, ականջներ՝ լսելու և միտք՝ հասկանալու, պետք է հստակ գիտակցի, թե ովքեր են այսօր ղեկին և թե ինչպիսի աղետ կարող է տեղի ունենալ իր հետ։

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի իշխանության ղեկը ստանձնելուց հետո պարբերաբար կրկնում էր, որ բոլոր հարցերում, Արցախի հակամարտության կարգավորման հարցում՝ մասնավորապես, բաց ու թափանցիկ է լինելու ժողովրդի առջև: Հիմա էլ իշխանական շրջանակները պնդում են, որ այդպես է, բանակցային սեղանին փաստաթուղթ չկա:

– Փաշինյանի բազմաթիվ ստերի շարքում սա ամենավտանգավորն է ազգային առումով: Ակնհայտ է արդեն, և Լավրովը վկայեց, որ ո՛չ բաց են եղել, ո՛չ թափանցիկ: Ինչ վերաբերում է սեղանին փաստաթուղթ լինել-չլինելուն, ապա ասեմ, թե Երևանում դա հերքելով ինչպիսի ավելի մեծ սուտ են ասում: Դա բառացի, տառացի պսևդոհերքումների ոլորտից է, մասնագետ-ստախոսների սիրելի սկզբունքը քաղաքականության մեջ: Բառերի ճիշտ դասավորմամբ արտահայտել մի իմաստ, որ բառացի կարող է և ճիշտ է, բայց փաստացի՝ ճիշտ հակառակն է ու հնարավորություն է տալիս ճշմարտությունը, տառացի բնութագրման շնորհիվ, թաքցնել: Այո՛, թերևս սեղանին չկա «փաստաթուղթ», այսինքն՝ հստակ թղթի վրա գրված և լազերային տպիչով տպված մի գրավոր փաստաթուղթ: Բայց եթե բանակցում են Կազանյան սկզբունքների և Կազանյան փաստաթղթի դրույթների շուրջ, դա նույնն է, ինչ սեղանին ունենալ այդպիսի փաստաթուղթ: Եվ Մնացականյանը հենց այդ հանգամանքին է հղում անում ու սքողում այն իրականությունը, որ գաղտնի բանակցել են ու շարունակում են բանակցել մի փաստաթղթի շուրջ, որ Հայաստանի տարածքային կորուստներ է ենթադրում և որի արդյունքում Հայաստանի դիվանագիտական ու ռազմական պարտությունն անխուսափելի է լինելու:

– Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս պետք է լուրին արձագանքեր պաշտոնական Երևանը Լավրովի հայտարարությանը, Դուք ինչպիսի՞ պատասխանի ակնկալիք ունեիք:

– Ես, բացի ստից, այլ արձագանք չէի էլ կարող ակնկալել այս իշխանություններից: Բա հո չէի՞ն ազնվորեն ասելու, որ բանակցում են մի խայտառակ փաստաթղթի դրույթների շուրջ: Ի դեպ՝ այս առումով ասեմ, որ այս վարչախմբի գաղափարական հոգևոր հայր Լևոն Տեր-Պետրոսյանը շատ ու շատ ավելի ազնիվ էր իր դավանած դավաճանական գաղափարները բացահայտ ներկայացնելու և պաշտպանելու հարցում: Այսօրվա խմբակը նույն գաղափարներն է դավանում, բայց վարպետորեն խաբում է ժողովրդին՝ ներկայանալով իբրև ազգասեր և պետականամետ գաղափարների կրողներ: Հիմա, երբ ՌԴ ԱԳ նախարարը մերկացնում է իրենց էությունը, դիմում են լղոզված արդարացումների: Եթե նկատել եք՝ Մնացականյանը բացառիկ տաղանդ ունի վախվորած առոգանությամբ բառակույտեր շաղ տալու, որոնք շատ դիվանագիտորեն են հնչում և պրոֆեսիոնալ, բայց ոչինչ, ուղղակի ոչինչ չեն նշանակում և ոչ մի իմաստ չեն հաղորդում: Իսկ պաշտոնական Երևանը պարտավոր էր լինել ազնիվ սեփական ժողովրդի հետ և անկեղծորեն ասել, որ բանակցում է Կազանյան սկզբունքների շուրջ, ոչ թե ասեր՝ «սեղանին փաստաթուղթ չկա»: Չկա, բայց վաղը կվերաշարադրեն թղթին և հաջորդ հանդիպմանը կդնեն սեղանին այն, ինչի շուրջ, սկսած վերելակից, բանակցում են ու այդ բանակցություններին ամեն կեղծ ձևակերպում և բնորոշում փակցնում՝ հանդիպում, խորհրդակցություն, մտքերի փոխանակում, շփում, փոխադարձ սիրո համբույր և այլն:

– Լավրովը խոսել է նաև Հայաստանին ու Բելառուսին մատակարարվող գազի գնի մասին՝ նշելով, որ պայմանագրային պարտավորությունները պետք է կատարվեն և դրանք կապ չունեն էներգակիրների համաշխարհային շուկայում գների անկման հետ: Փաստորեն, գազի գնի փոփոխություն չենք կարող սպասել, ըստ էության: Այս հարցում Մոսկվայի նման քաղաքականությունն ինչպե՞ս եք գնահատում:

– Մոսկվան ճնշում է բանեցնում Երևանի վրա: Եվ այո՛, այդպիսի իշխանության այդպիսի վարքագիծ ունեցող Երևանի հետ տրամաբանական է, որ հենց այդպես էլ պետք է վարվեն և վարվում են:

– Ներկայում ԱՄՆ-ում եք և, բնականաբար, ավելի տեղեկացված եք երկրի իրադրությունից: Ի՞նչ իրավիճակ է կորոնավիրուսի հետ կապված՝ սահմանափակումները, երկրի, քաղաքացիների  վրա դրանց ազդեցությունը:

– Քաղաքական առումով այդ դաշտում քաոս է: Երկրի նախագահը մեկ ասուլիսի ընթացքում երեք՝ միմյանց հակասող հայտարարություններ է անում, և դա տեղի է ունենում ամեն օր՝ արդեն գրեթե երկու ամիս շարունակ: Նահանգապետերից յուրաքանչյուրն ըստ իր հայեցողության է գործում, իսկ դաշնային առողջապահական ամենակարևոր ղեկավարներն ու բժիշկները կոչ են անում երկրում սահմանափակումները պահպանել մինչ մյուս տարի: Սպիտակ տունը, մյուս կողմից, լինելով կորպորատիվ հսկայական ճնշման տակ՝ ըստ էության, անտեսում է քաղաքացիների շահերը և շարժվում կորպորատիվ շահերի համաձայն: Բնակչության ճնշող մեծամասնությունը, սակայն, անգամ պաշտոնական վիճակագրությամբ, դեմ է երկրի բացմանը, թեև այստեղ նույնպես՝ ինչպես Հայաստանում, իշխանությունը ֆինանսական համընդհանուր և պարբերական աջակցություն քաղաքացիների ամբողջական շերտին չի ցուցաբերում:

– Կորոնավիրուսի համաճարակը հնարավո՞ր է՝ ազդի նոյեմբերին նախանշված նախագահական ընտրությունների վրա: ԱՄՆ-ն վարակակիրների ու մահվան ցուցանիշներով, այսպես ասենք, առաջին շարքերում է:

–  Մասնագետներն ասում են, որ այո: Ընդ որում՝ այսօր ԱՄՆ կառավարության առողջապահության գլխավոր պատասխանատուն հայտարարեց, որ աշնանը իրավիճակը կարող է դարձյալ շատ վատանալ: Չնայած դրան՝ նախագահը վստահորեն պնդելու է, որ ազատ ընտրություններ լինեն: Թեև քննարկվում է նաև փոստով քվեարկելու տարբերակը, որին, գոնե այս պահին, իր կարծիքները օրական մի քանի անգամ փոխող նախագահը մեծապես դեմ է:

– Վերջերս ԱՄՆ-ն չեղարկեց Արցախին տրամադրվող օժանդակությունը: Ամերիկյան ներքաղաքական շրջանակներն ինչպե՞ս են մեկնաբանում սա:

– Ոչ մի կերպ: Արցախն ու Հայաստանը այս վարչակազմին ընդհանրապես չեն հետաքրքրում: Եվ ինչո՞ւ հետաքրքրեն: Ի՞նչ է արել երևանյան նոր վարչախումբը, որ հետաքրքրի: Վարչապետի շուրթերով հպարտացել է, որ ինքն առաջինն է, որ ամենաշատն ու ամենուժեղն է քննադատել ԱՄՆ-ին: Եվ հետո ԱՄՆ-ում Հայաստանն ավանդաբար դիտարկում են որպես Ռուսաստանի կցորդ: Բայց Փաշինյանի հակաամերիկյան հայտարարություններից հետո Պետքարտուղարությունում ակնհայտորեն քննարկվել են բացեիբաց հակաամերիկյան հայտարարություններ և քայլեր անող վարչախմբին անգամ այդ չափով չաջակցելու հնարավորությունը: Դրան գումարեք այն հանգամանքը, որ Թրամփի վարչակազմը մեծապես ամերիկակենտրոն է, այսինքն՝ առավելագույնս կտրում է ամենատարբեր միջազգային ծրագրերի և կազմակերպությունների ֆինանսավորումը, և պատկերը կամբողջանա: Եթե Հայաստանում իմաստուն իշխանություն լիներ, ամեն բան այսօր այլ կերպ կլիներ: Թե՛ ԱՄՆ-ի, և թե՛ Ռուսաստանի հետ հարաբերությունները կլինեին շատ ավելի բարձր մակարդակի վրա, շատ ավելի արժանապատիվ ու բարեկամական հարաբերությունների հարթությունում: Ցավոք, երկու ճակատներում էլ ճիշտ հակառակ արդյունքն ու պատկերն ունենք:

Թամարա Հակոբյան