Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո երկրից գնացածները. ովքեր են թաքնվում իրավապահներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.06.2026 | 16:26
Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է
24.06.2026 | 16:18
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել
24.06.2026 | 16:06
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում
24.06.2026 | 15:55
ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
24.06.2026 | 15:44
Փաշինյանն ու Մոդին կարևորել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը
24.06.2026 | 15:31
Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնում քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
24.06.2026 | 15:19
Ֆրանսիայում Էբոլայով վարակման առաջին դեպքն է հաստատվել
24.06.2026 | 15:10
Ավագանու նիստում ծեծկռտուքի փաստով քրվարույթ է հարուցվել // Արցախի դրոշը կրկին հեռացվել է հրապարակից․ ԼՈՒՐԵՐ
24.06.2026 | 14:59
ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչը խոսել է «ՀՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ծրագրերի վտանգներից»
24.06.2026 | 14:48
Ղալիբաֆը Բաքվում հայտարարել է՝ Մերձավոր Արևելքի պատերազմի ավարտի գործարքը «ԱՄՆ պարտության հռչակագիրն» է
24.06.2026 | 14:40
Մարգարիտա Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
24.06.2026 | 14:31
Ֆրանսիայի Սենատում քննարկվել են ՀՀ-ում ԱԺ ընտրությունները, հետընտրական զարգացումներն ու միջազգային դիտորդների եզրակացությունները
24.06.2026 | 14:18
Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով
24.06.2026 | 14:05
Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»
24.06.2026 | 13:57
Ըստ ՔԿ-ի՝ հաստատվել է․ ձայնագրության մեջ այլ պետության պաշտոնյաների հետ խոսող անձը Չալաբյանն է․ մանրամասներ քրեական գործից
Բոլորը

«Պետության և ժողովրդի  դեմ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են քրեական պատասխանատվության, այս ճանապարհը օրինականության հաստատման ճանապարհ է, որն այլընտրանք չունի»,- այս մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Չնայած վարչապետի այս հավաստիացմանը, այնուամենայնիվ, հետհեղափոխական Հայաստանում եղան բազում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց հաջողվեց խուսափել պատասխանատվությունից։

Օրերս նրանց շարքը համալրեց նաև Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Նա որպես մեղադրյալ է ներգրավվել պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 230 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույքը հափշտակելու գործով։

Վերհիշենք, թե հետհեղափոխական Հայաստանում ովքեր և ինչի համար են հետախուզվում և ինչ նոր զարգացումներ կան այդ գործերով։

Հայաստանի կողմից հետախուզվողների մեծ մասը ապաստան գտավ դաշնակից Ռուսաստանում։ Ռուս իրավապահները նախ հրաժարվեցին հայկական կողմին արտահանձնել  2008 թվականի մարտի 1-ի արյունալի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգի տապալման փորձի համար մեղադրվող Միքայել Հարությունյանին, ապա ավելի ուշ նաև նրա նկատմամբ իրենց տարածքում հետախուզումը դադարեցրին։

Սակայն, նա միակը չէր, որը կարողացավ ռուս իրավապահների միջոցով խուսափել Հայաստան արտահանձնվելուց։ Դեռևս 2018 թվականի հոկտեմբերից հետախուզման մեջ է ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և  պաշտոնեական լիազորություններն անցնելով բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելու համար մեղադրվող Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը։

Այս տարվա մարտ ամսին նա ռուս իրավապահների կողմից ձերբակալվեց և մինչ հայ իրավապահներն ակնկալում էին, որ կկազմակերպվի նրա արտահանձնման գործընթացը, պարզվեց, որ Հարությունյանն ազատ է արձակվել։

Նրան կալանավորելու որոշումը մերժեց նաև Հայաստանի առաջին ատյանի դատարանը: Այնուամենայնիվ, ՀՔԾ-ն, կարծես թե, չի ցանկանում համակերպվել այս իրադրության հետ և շարունակում է Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզումը։

Ռուս իրավապահների գործելաոճը այսքանով չսահմանափակվեց, նրանք իրենց թևի տակ առան նաև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին։ Նախորդ տարվա ապրիլին պաշտոնական լիազորությունները անցնելու և հափշտակություն կազմակերպելու համար մեղադրվող Միհրան Պողոսյանին կալանավորելու որոշում կայացվեց։ Նա հետախուզման մեջ է։  ՌԴ-ից հրաժարվել են Պողոսյանին արտահանձնել հայկական կողմին։

«Հայաստան կվերադառնամ, երբ Ռուսաստանում կավարտեմ գործերս»,- հայտարարել էր հետախուզվող, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Նա որպես մեղադրյալ է ներգրավվել Մարտի 1-ի գործով միանգամից հինգ ծանր հոդվածներով։

Նախկին բարձրաստիճա պաշտոնյան դասավանդում է Մոսկվայի համալսարաններից մեկում և չնայած հայկական կողմից հետախուզվում է, ռուս իրավապահները նրան ո՛չ գտնում են, ո՛չ էլ արտահանձնելու հույս կա։ Նշենք, որ հետախուզվող Կոստանյանն այս օրերին ակտիվ հարցազրույցներ է տալիս լրատվամիջոցներին։

Խոշոր չափի՝ շուրջ 14 մլն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու համար հետախուզվում է նաև բնապահպանության նախկի նախարար, նախկին պատգամավոր Արամ Հարությունյանը։ Այս դեպքի մասին խոսելիս վարչապետն ասել էր, որ դա Երրորդ Հանրապետության ամենախոշոր կաշառքի դեպքն է։ Թե որ երկրում է Հարությունյանը թաքնվել՝ հայտնի չէ։

Դեռևս 2018-ից հետախուզվողների շարքում է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը։

Նա մեղադրվում է հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու համար։ Բացի այս, նա որպես մեղադրյալ է ներգրավվել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առիթով։

Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատից ևս մեկ հետախուզվող կա։ Նա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խնամի, Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայրն է՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանը։

Իրավապահներից թաքնվում է նաև ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի որդին՝ Արման Գրիգորյանը. մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի արժողությամբ գույքի յուրացման համար։

2019-ի նոյեմբերի 1-ից հետախուզվում է նաև ՀՀԿ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը՝ Անահիտ Ֆարմանյանը, որը զբաղեցնում էր Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտորի պաշտոնը։

Անահիտ Ֆարմանյանը որպես մեղադրյալ  ներգրավված  է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար։

Նոյեմբերի 20-ից հետախուզվում է նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։  ՀՀԿ կարկառուն ներկայացուցչին մեղադրանք է առաջադրվել միանգամից երեք հոդվածներով՝ մարզպետ եղած տարիներին անցել է պաշտոնեական լիազորությունները, օգտագործել պաշտոնեական դիրքն ու անձանց ապօրինի կարգադրություն տալու միջոցով դրդել է կատարել առանձնապես խոշոր չափերի վատնում ու պաշտոնեական կեղծիք։  Նրա որդին Factora.am-ին հայտնել էր, որ իրավապահները գիտեն, թե որտեղ է իր հայրը բուժվում։

Այս տարվա մարտ ամսից հետախուզում է հայտարարվել նաև գործարար, 7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու համար մեղադրվող Սամվել Մայրապետյանի նկատմամբ։

Նա ՄԻԵԴ-ի պարտավորեցմամբ լքել էր Հայաստանը, մեկնելով Գրեմանիա բուժման, սակայն երկու տարի է, ինչ չի վերադարձել հայրենիք, ինչն էլ իրավապահների համար առիթ հանդիսացել նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու համար։

Հետախուզվողներից երկուսն են հայտնաբերվել և մեկը արտահանձնվել Հայաստանին։

2019-ի դեկտեմբերին Հայաստանին արտահանձնվեց Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, որը հանդես էր գալիս ֆրանկլին Գոնսալես անվամբ։

Իսկ այս տարվա մարտ ամսին էլ հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր, Ալրաղացի Լյովիկ անունով հայտնի Լևոն Սարգսյանը կարտահանձնվի Հայաստանին: Սա թերևս եզակի բացառություն է, երբ նախկին պաշտոնյային Ռուսաստանը համաձայնվել է արտահանձնել։

 

 Լիլիթ Շաբոյան