Որտե՞ղ է հարյուր հազարավոր դոլարների կանեփը. ՔԿ-ից ասում են՝ ոչնչացրել են, արտադրողը շոկի մեջ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 19:44
ՌԴ-ին հարյուրավոր միլիոններ ենք փոխանցել, երեք միավոր զենք են տվել․ Գագիկ Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:30
Արդարադատության «ճիրաններում». սպանության գործը 8 տարի անց քննվում է զրոյից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:27
Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է Հաքան Ֆիդանի՝ Դամասկոսում գտնվելու մասին լուրերը
12.12.2024 | 19:14
Փաշինյանը իդեալական է առավել քան, թերություն չունի․ ՔՊ պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:00
ՔՊ-ն անբարոյական մթնոլորտ է ստեղծել․ Փաշինյանը չունի իրավունք՝ մարդու անձնական կյանքը հրապարակել, քննարկել․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:53
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
12.12.2024 | 18:49
Կրեմլի պնդմամբ՝ Կիևը հրաժարվել է «սուրբծննդյան զինադադարից»
12.12.2024 | 18:41
ԱԱԾ-ն տվյալներ է ստացել ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ
12.12.2024 | 18:32
Կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը
12.12.2024 | 18:21
Ղրղզստանում որոշել են փոխել երկրի օրհներգը, քանի որ դրա հնչյուններից անգամ «թռչուններն են վախեցել»
12.12.2024 | 18:10
Խնդիրը ջեռուցման համակարգի անարդյունավետ աշխատանքն է․ Մեսրոպյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:09
Time-ը Դոնալդ Թրամփին «տարվա մարդ» է ճանաչել
12.12.2024 | 18:00
Հայ-թուրքական սահմանին փշալարը վնասել են, Insider-ը՝ ՀՀ զենքի մատակարարման ավելացման մասին․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 17:52
Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Գոմք բնակավայրերում բնակելի տուն կառուցելու նպատակով կտրամադրվի 21 մլն դրամ աջակցություն
12.12.2024 | 17:40
Սիրիական բանտում 7 ամիս պահված ԱՄՆ քաղաքացի է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տնտեսական հեղափոխության մասին լսած և Հայաստան եկած ամերիկահայ գործարարն ահազանգում է՝ 170 հազար դոլարի կանեփ է ցանել և խնդիրների առաջ կանգնել:  Ոստիկանությունը նախ առգրավել է բերքը, իսկ հարուցված քրեական գործի շրջանակում կանեփը ոչնչացվել է:

2019 թվականին «Արմերիկա» ընկերության սեփականատեր Ռուբեն Մկրտչյանը  որոշել է Հայաստանում փորձնական արտադրել և վերամշակել «հեմփ» տեսակի կանեփ, որից պետք է ստանար յուղ՝ բժշկության մեջ օգտագործելու համար: Այդ նպատակով «Արմերիկա»-ն Տավուշի, Գեղարքունիքի և Արարատի մարզերում հողատարածքներ է վարձակալել և Ոստիկանության հետ կնքել պայմանագիր՝ կանեփի դաշտերը պահպանելու համար:

Հիշեցնենք, որ կանեփը գործարարից առգրավելու խնդրի մասին փետրվարի 13-ին ԱԺ-ում Կառավարություն հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրաձայնել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

«Ներդրողը սերմը գնել, բերել է, ցանել է, այդ ամբողջ ընթացքում Ոստիկանության հետ կնքել է 24-ժամյա պահպանության պայմանագիր, որ մեկ հեկտարը պահպանեն: Հետո, երբ եկել է բերքը հավաքելու ժամանակը, Ոստիկանությունը եկել և առգրավել է, նույն Ոստիկանությունը, որը մի քանի ամիս պահպանել է այդ տարածքը: Ամիսներ շարունակ այդ գործարարը չի կարողանում Կառավարությունից պատասխան ստանալ, թե ինչ անի: Դիմել է ներկայացուցիչը ինձ: Արդեն մոտ 400 հազար դոլարի ներդրում է կատարել գործարարն ու մնացել անորոշ վիճակում»,- ասել էր նա:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն արձագանքել էր, որ  գործարարը ՀՀ Կառավարության հետ կանեփ աճեցնելու գործունեության վերաբերյալ ոչ մի համաձայնություն չի ունեցել և չէր էլ կարող ունենալ, քանի որ ՀՀ օրենսդրությամբ կանեփի բոլոր տեսակների արտադրությունն արգելված է։

«Այո՛, տեխնիկական կանեփը որոշ երկրներում արգելված չէ, և օրենսդրորեն թույլ է տրվում դրա արտադրությունը։ Եվ հենց այս դեպքով էլ քննարկումներ են սկսվել նաև մեզ մոտ, և Էկոնոմիկայի նախարարությունն իր պատասխանը կտա, թե որ կարգավորումների դեպքում կանեփի արտադրությունն ինչ հնարավորություններ է ստեղծում: Այն գերատեսչությունը, որի մասին խոսում եք, նախկին ղեկավարն այլևս չի աշխատում»,- ասել էր Ավինյանը։

Ոստիկանության նախկին ղեկավարը, որին հիշատակեց Ավինյանը, Վալերի Օսիպյանն է, ով պաշտոնից ազատվել է 2019-ի սեպտեմբերի 18-ին, իսկ ահա խնդրահարույց կանեփն առգրավվել է Օսիպյանի պաշտոնակությունից հետո՝ 2019-ի հոկտեմբեր-նոյեմբերին։

«Օսիպյանի պաշտոնանկությունից հետո են առգրավել, նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբերին, բայց պաշտոնանկությունը կապ չունի, պարզապես համընկել է: Օսիպյանը տվել է համաձայնություն, բայց պայմանագիրը ստորագրել է ուրիշ մարդ»,- ասաց տնօրեն Արմեն Ումրշատյանը:

Թեմայի շուրջ մեզ այդպես էլ չհաջովեց պարզաբանում ստանալ Վալերի Օսիպյանից, ով, ըստ մամուլի հրապարակումների, այժմ մոսկվաբնակ մի գործարարի անվտանգության ծառայությունում է աշխատում։ Մեր տևական հեռախոսազանգերը մնացին անպատասխան։

Factor TV-ի տրամադրության տակ է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության և «Արմերիկա» ընկերության միջև կնքված պայմանագիրը:  Փաստաթղթի համաձայն՝ 2019 թվականի հունիսից Ոստիկանության յոթ ծառայողներ պետք է պահպանեին Արարատի մարզի Լանջազատ գյուղում գտնվող մեկ հա կանեփի ցանքատարածությունը: Մեկ ամսվա համար ընկերությունը վճարելու էր 1.5 մլն դրամ: Սակայն պայմանագիրը խզվել է, քանի որ կանեփ աճեցնելու փաստով քրեական գործ է հարուցվել՝ դեռ բերքահավաքը չսկսված:

«Ոստիկանությանը գումար չենք վճարել, քանի որ քրգործ է հարուցվել, պայմանագիրն ընդհատել են, օգոստոսի 3-ին քրգործ է հարուցվել՝ ամիս ու կես հետո, բայց երեք ամիս աճել է, Ոստիկանությունը հսկել է անվճար»,- ասում է տնօրենը:

Ըստ Քրեական օրենսգրքի՝ մշակումն արգելված թմրանյութերի, որոնց թվում է կանեփը, ապօրինի ցանելը կամ աճեցնելը քրեորեն պատժելի արարք է:  Օրենսդրության համաձայն՝ նման արարք թույլ տված անձը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Արմեն Խաչատրյանից Factor TV-ին հետաքրքրվեց, եթե օրենսդրությամբ կանեփ աճեցնելը քրեորեն պատժելի է, ապա ինչպե՞ս է ստացվում, որ Ոստիկանությունը ցանկատարածությունները պահպանելու պորտավորություն է ստանձնում:

«Ոստիկանության հետ պայմանագիր է կնքվել գյուղատնտեսական նշանակության տարածքներ պահպանելու համար, և պայմանագրում նշված չի եղել, թե ինչ ապրանքներ պետք է արտադրվեն: Ոստիկանության համար այնքան էլ կարևոր չէ, թե այդ տարածքում ինչ են աճեցնում»,- ասաց Արմեն Խաչատրյանը:

Քննչական կոմիտեից Factor TV-ին փոխանցեցին, որ կանեփի սերմ ներկրելու և ցանելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 273 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը: Միաժամանակ, ՔԿ մամուլի խոսնակ Արման Ավետիսյանը Factor TV-ին փոխանցեց, որ քրգործը կարճվել է:

ՔԿ-ից Factor TV-ին հայտնեցին, որ ստացված կանեփի բերքը ոչնչացվել է: «Արմերիկա» ընկերության ներկայացուցիչը կանեփի ոչնչացման մասին տեղեկությունը Factor TV-ից լսելով՝ ասաց, որ սա իրենց համար շոկ է:

Միաժամանակ, ընկերության տնօրենը պնդեց, հոգեմետ նյութերի պարունակությունն իրենց ցանած «հեմփ» տեսակի կանեփի մեջ կազմում է 0.3%, ինչը որևէ հիմք չի տալիս այն թմրանյութ համարել։ «Արմերիկա»-ից փոխանցում են, որ արտադրանքը շատ պահանջված է աշխարհում, կանեփի յուղի մեկ լիտրը համաշխարհային շուկայում 1.5-2 հազար դոլար արժե, իսկ իրենք նախատեսել էին 300 լիտր յուղ ստանալ:

Տնօրենն ասում է, որ բերքահավաքի ժամանակ նմուշառում է իրականացվել և որևէ խնդիր չի հայտնաբերվել: Նրա փոխանցմամբ՝ ցանկն իրականացվել է փորձնական, բայց եթե վերջնարդյունքում պարզվի, որ վնասներ են կրելու, ապա հարցը դատական ճանապարհով կլուծեն: Տնօրենի պնդմամբ՝ ընդհանուր արդեն 400 հազար դոլարի վնաս են կրել:

«Կառավարությունը եթե ասաց՝ թմրանյութ է, ուրեմն պետք է ոչնչացվի: Այստեղ մենք արդեն իրավապահներին կդիմենք»,- նշեց ընկերության տնօրենը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ներդրումների մասին տեղեկություններին կասկածամտորեն է վերաբերվում: Նա չի բացառում, որ մի քրգործ էլ այդ մասով կհարուցվի:

«Խիստ կասկածելի է ներդրումների այդ ցուցանիշը, որ այդ թվերի սահմաններում ներդրումներ են կատարվել: Թվերի վերաբերյալ որևէ հիմնավորում չկա, և հնարավոր է՝ վարույթ սկսվի փաստերը ստուգելու համար»,- ասում է Արմեն Խաչատրյանը:

Ամփոփելով՝ նշենք, որ այս ընթացքում Էկոնոմիկայի նախարարությունում ուսումնասիրություններ են իրականացվում՝ արդյո՞ք պետք է Հայաստանում թույլատրել տեխնիկական կանեփի արտադրությունը: Կառավարությունը վերջնական որոշում կկայացնի նախարարության եզրակացությունը ստանալուց հետո:

Տեսանյութում օգտագործվել են կադրեր կանեփի արտադրության մասին նաև միջազգային լրատվամիջոցներից

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան