Իշխանության յուրացում այլևս չպետք է լինի. Տարոն Սիմոնյանի արձագանքն իշխանությանը հեռացնելու՝ Միքայել Մինասյանի կոչին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հետ

– Պարո՛ն Սիմոնյան, այսօր ԱԺ-ում բավականին թեժ էր՝ քննարկվում էր Քրեական ենթամշակույթի դեմ օրինագիծը։ Նախ՝ ԲՀԿ-ից Գևորգ Պետրոսյանը կոչ արեց. «էդ գողական բառի հետ էլի 3 տառով հասկացություն կա, լավ կլիներ նաև դրա դեմ պայքարեիք»։ Հետևեց Արման Բաբաջանյանի կոշտ արձագանքը, ապա՝ աղմուկ-աղաղակ-հրմշտոց։ ԲՀԿ 4 պատգամավորներ սանկցիայի ենթարկվեցին և զրկվեցին դահլիճ մտնելու իրավունքից։ Կխնդրեմ մեկնաբանել տեղի ունեցածը։

– Միայն կոչ կանեմ իմ գործընկերներին ավելի զուսպ լինել իրենց խոսքում և գործողություններում: Ազգային ժողովն այն հարթակը չէ, որտեղ կարելի է բռունցքներով կամ զայրույթի պոռթկումներով խոսել։ ԱԺ-ն քաղաքական հարթակ է, և մենք յուրաքանչյուրս մեր վարքով, խոսքով, գործով պետք է օրինակելի լինենք հասարակության մյուս անդամների համար։ Նման վարքագիծն օրինակելի լինել չի կարող և, բնականաբար, մեր աշխատանքներում պետք է բացառենք նման դեպքերը։ Սա հարիր չէ մեզ։

– Դուք սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում կլինեք «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչը։ Ասացե՛ք, խնդրեմ, ի՞նչ խնդիր եք լուծելու հանձնաժողովում և ո՞րն է լինելու Ձեր թիվ մեկ անելիքը։

– Մենք գնում ենք մեր օրակարգով։ Իհարկե, այդ օրակարգը ամբողջությամբ չեմ հրապարակի, որովհետև խմբակցության նիստ պետք է գումարենք, որը կհաստատի օրակարգը։

– Ենթադրելի է՝ կառավարման համակարգի հարցը՝ նախագահական, խորհրդարանական, թե կիսանախագահական, ինչպես 2015-ի սահմանադրական փոփոխությունների ժամանակ, այս անգամ ևս կլինի գլխավոր քննարկման թեման։ Ո՞ր տարբերակի կողմնակիցն է «Լուսավոր Հայաստանը»։

– Մեր կարծիքով՝ խորհրդարանական հանրապետություն հռչակումը պետք է միայն թվացյալ չլինի։ Այն պետք է ունենա ռեալ գործիքակազմ, և Սահմանադրությունն ունենա գորիքակազմ, որը կերաշխավորի խորհրդարանի էական դերն ու նշանակությունը հանրապետության կառավարման գործում։ Այն, ինչ ունենք այսօր, ըստ էության, հռչակում է խորհրդարանական հանրապետությունը, բայց ամբողջ իշխանությունը պատկանում է գործադիրին: Մինչդեռ որևէ պառլամենտական երկրում այս տրամաբանությունը չի աշխատում։ Մենք սահմանադրական փոփոխությունների շրջանակում պետք է փորձենք համոզել մեր գործընկերներին, որ խորհրդարանին պետք է տրամադրվեն ռեալ գործիքներ՝ գործադիր իշխանությանը հակակշիռ լինելու համար։ Ամբողջ քաղաքականությունը գեներացվում է գործադիրում, բերում դակում են ԱԺ-ում, որովհետև սահմանադրական մեծամասնություն են, և չկա այդպիսի հարց, որը ցանկանա իշխանությունը լուծել ու չտանի պառլամենտում անցկացնի՝ ինչպես նախկինում ՀՀԿ-ականների ժամանակ էր: Մենք առաջարկելու ենք կայուն մեծամասնության գաղափարը հանել Սահմանադրությունից, խորհրդարանին տալ ռեալ գործիքներ՝ գործադիրի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար։

– Նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հատկապես ՀՀԿ-ականները շատ են քննադատում, որ երկրի կարևոր հարցերի շուրջ տեսակետ չի հայտնում, ավելին՝ ստորագրում է խնդրահարույց օրենքները, ինչպես, ասենք, ՍԴ դատավորների՝ վաղ կենսաթոշակի գնալու մասին։ Այս առիթով վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ասում էր. «Նախագահի ինստիտուտից վերցվել են բոլոր հնարավոր գործառույթները և նրան վերապահել օֆիսային աշխատողի կարգավիճակ, ինչն ուղղակի խփում է Հայաստանի հեղինակությանը»: Իշխանությունը պե՞տք է վերանայի նախագահի լիազորությունների տիրույթը, թե՞ ոչ։

– Խնդիրը ոչ թե լիազորությունների մեջ է, այլ լիազորությունների որոշակիության, որովհետև մինչև այսօր էլ գիտական շրջանակներում բանավեճը չի դադարում՝ արդյո՞ք նախագահի այսինչ լիազորությունը ենթադրում է այս կամ այն  գործողությունները, թե նման գործողություններ չի ենթադրում: Կարող է լինել մի իրավիճակ, երբ նախագահը պայքարի իր լիազորությունները մինչև վերջ օգտագործելու համար և բախվի կառավարության դիմադրությանը, առաջանա թյուրիմացություն։ Այս ամենից խուսափելու համար պետք է հստակություն և որոշակիություն։

– Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ սուպերվարչապետական համակարգ պիտի չլինի։ Նա նկատի է ունեցել, որ ըստ էության, վարչապետին ենթակա մարմիններ պիտի չլինեն Ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ՊՎԾ-ն, ինչպես և, ըստ քաղհասարակության, վարչապետից կախվածություն պիտի չունենան ՀՔԾ-ի, Քննչական կոմիտեի, ՊԵԿ-ի ղեկավարները: Երեկ Լիլիթ Մակունցը վստահեցրել է, որ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի բերած սուպերվարչապետությունն այլևս չկա, օրինակ՝ այլևս կեղծված ընտրություններով ՏԻՄ մարմիններ չեն ձևավորվում։ Արդյո՞ք սա նշանակում է, որ իշխանությունը հետքայլ է կատարում տրված խոստումներից և պատրաստվում է պահպանել սուպերլիազորությունները։

– Չեմ կարող մեկնաբանել այդ խոսքը, չեմ լսել։ Տեսագրություններ կան, երբ Փաշինյանը պնդում է, որ գերվարչապետական համակարգը ենթադրում է վարչապետի դերի գերագնահատում և իրավապահ մարմինների նկատմամբ նրա լիազորությունների տարածում։ Մինչդեռ, գիտենք, որ իրավապահ մարմիններն ապաքաղաքական են, իրենք չպետք է ենթարկվեն կոնկրետ քաղաքական անձի: Մեր բանավեճն իշխանության հետ հենց այդ է, որ իրավապահ մարմինները չպետք է կցել վարչապետին: Նրանք պետք է հաշվետու լինեն բացառապես խորհրդարանին, և այդքանով խնդիրը կլուծվի: Ի՞նչ է նշանակում՝ իրավապահ մարմինը հաշվետու է վարչապետին, բա որ հանկարծ վարչապետը մի օր հանցագործության մեջ մեղադրվի, և բնական է՝ այս իրավապահ մարմինները նրա նկատմամբ քրեական գործ չեն հարուցելու և առաջ չի գնալու գործը։ Դրա համար պետք է, որ այդ մարմիններն անկախ լինեն, մենք պետք է ինստիտուցիոնալ և պետական մտածենք, այլ ոչ թե նեղ, քաղաքական շահեր հետապնդենք։

– Դուք համաձա՞յն եք Միքայել Մինասյանի հնչեցրած գնահատակաների հետ, որ այսօր երկրում ֆիասկո է ապրել սիրո և թավշյա մթնոլորտը, ատելություն է թևածում, ինչը գալիս է իշխանությունից, որն ընդդիմադիրների հետ շփվում է սպառնալիքներով, տեռորով ու քրեական գործերով:

– Չեմ կարդացել նրա հոդվածը, ես իմ գնահատականներն ունեմ։ Այսօր հասարակությունում ատելության մթնոլորտը բարձր է, և առաջին սուբյեկտը, որը պետք է պայքարի այդ մթնոլորտի դեմ, իշխանությունն է։ Նպաստո՞ւմ է, արդյոք, իշխանությունն այդպիսի մթնոլորտի զարգացմանը, թե՞ ոչ, կասեմ՝ և՛ այո, և՛ ոչ: Գործնական քայլեր անո՞ւմ է, որ այդ մթնոլորտը նվազի, իմ գնահատմամբ՝ այդ քայլերը չեն արվում կամ անարդյունավետ են։ Բոլորս այստեղ անելու բան ունենք։ Տեռոր բառն ահաբեկչություն է. ահաբեկչություն, բնականաբար չկա։

– Միքայել Մինասյանը նշում է, որ իշխանությանը պետք է հեռացնել. «Բոլորով, միասին, համատեղ ուժերով և շատ արագ, քանի դեռ վերջնականապես չեն կործանել երկիրն ու մարդկանց։ Ու պետք չէ անփոխարինելիության մասին հեքիաթներով թևաթափ լինել»։ Եվ նա կարծում է, որ իշխանության դեմ պայքարող առաջնորդների պակաս չի լինի։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Ես գտնում եմ, որ Հայաստանում իշխանությունը բացառապես պետք է հեռանա սահմանադրական ճանապարհով: Բռնությամբ զուգորդված իշխանության հեռացում, իշխանության յուրացում այլևս չպետք է լինի։ ՀՀ-ն իրավական պետություն է, որտեղ իշխանությունը ձևավորվում է ժողովրդի կամքի արտահայտությամբ, այդպիսի կամքի արտահայտություն եղել է 2018 թվականի դեկտեմբերին և լինելու է հաջորդ ընտրություններին: Այլ տարբերակով իշխանության փոփոխություն կամ յուրացում չի կարող և չպետք է լինի ՀՀ-ում։ Ժողովրդին և պետական համակարգն անընդհատ սթրեսի ենթարկելու իրավունք չունենք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան