Գյումրիում 80 ընտանիք նոր բնակարան կունենա. «Մեր Գյումրի» ծրագրի համար հավաքված 1.437.408 դոլարից 23.000-ը նախագահն է փոխանցել

Լուրեր

15.01.2026 | 10:05
Դավիթ Հարությունյանի գործով նիստը ԲԴԽ-ում՝ ՈՒՂԻՂ
15.01.2026 | 09:57
Հրդեհ է բռնկվել ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության շենքում. այն մարվել է
15.01.2026 | 09:46
Փետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը․ ՓԾ
15.01.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
14.01.2026 | 23:33
Կառավարությունը փոփոխություն է առաջարկում ավագանու անդամների հրաժարականի կարգում
14.01.2026 | 23:29
40 մլն դրամանոց էլեկտրամոբիլներ՝ Հակակոռուպցիոն կոմիտեին
14.01.2026 | 23:22
Հրդեհ է բռնկվել Աշտարակի ձորում գտնվող ռեստորանային համալիրի տաղավարներից մեկում
14.01.2026 | 23:10
Բաքուն հիմա էլ Հնդկաստանի կողմից էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ, իբր, բռնաճնշումների մասին միջազգային համաժողով է անցկացնելու
14.01.2026 | 22:56
Եթե այստեղ հասել ենք, կարող ենք մեծ հաջողություններ ունենալ․ ԿԳՄՍ նախարարը՝ ֆուտզալի Հայաստանի հավաքականին
14.01.2026 | 22:39
Ինչ իրավիճակ է ճանապարհներին
14.01.2026 | 22:29
Ասաց՝ ուրախ է, որ Հայաստանում է․ Ավանեսյանն այցելել է ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանին
14.01.2026 | 22:14
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.01.2026 | 22:01
Թրամփը հայտարարել է՝ «անընդունելի» է, որ Գրենլանդիան «ԱՄՆ-ի ձեռքում չլինի»
14.01.2026 | 21:50
Մարգահովիտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
14.01.2026 | 21:39
ՀՀ–ԱՄՆ համագործակցության օրակարգը՝ քննարկման կենտրոնում. ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ԱՄՆ պատվիրակությանը
Բոլորը

Աշնանը Գյումրիում կմեկնարկի սոցիալական բնակարանաշինության նոր ծրագիր, որն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակում։ Գյումրիի ավագանին դեռ հունիսի 20-ի արտահերթ նիստում էր  որոշել քաղաքի Բուլվարային թաղամասի Գործարանային փողոցի 2/4 հասցեում գտնվող նախկին ռադիոգործարանի հանրակացարանի երկու շենքերն անհատույց տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ «Մեր Գյումրի» ծրագրի համար: Ի դեպ՝ այդ շենքերից մեկն անցյալ տարի Գյումրիի ավագանին տրամադրել էր «Ֆրանկ Մյուլլեր» ընկերությանը՝ արհեստագործական կենտրոն հիմնելու համար, սակայն ներդրումներն ուշացնելու պատճառով ավագանին նախորդ որոշումն ուժը կորցրած է ճանաչել՝ շենքը տրամադրելով հիմնադրամին։

«Մեր Գյումրի» ծրագիրը երկար տարիներ տնակներում բնակված մարդկանց կապահովի վերանորոգված, գույքով ու տեխնիկայով հագեցած լուսավոր բնակարաններով:

Սոցիալական բնակարանաշինության այս ծրագիրը կյանքի կոչելու առաջին քայլերն արդեն արված են: Հուլիսի 14-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած հեռուստամարաթոնի ժամանակ արդեն հավաքվել է շուրջ 1 մլն 437 հազար 408 դոլար: Դրամահավաքին մասնակցել է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Հուլիսի 14-ին Լոս Անջելեսում տեղի ունեցավ «Մեր Գյումրի» ծրագրին նվիրված հեռուստամարաթոն, որի ընթացքում արձանագրվեց 1 մլն 437 հազար 408 դոլարի խոստում, որի մեծ մասը նվիրաբերեց Ֆրանսիան՝ 800.000 դոլար, Լիբանանը՝ 87.750 դոլար, Գերմանիան՝ 50.000 դոլար, Իրանը՝ 20.000 դոլար, ԱՄՆ-ն՝ 250.000 դոլար։ Հայաստանում հավաքագրվեց 248.000 դոլար, որում իր ներդրումն ունեցավ նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ նվիրաբերելով իր մեկ տարվա աշխատավարձը՝ շուրջ 23.000 դոլար»,- Factor.am-ի հետ զրույցում նշեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հավաքված գումարը բավարար է միայն մեկ շենքի վերակառուցման համար, սակայն այս պահին էլ նվիրատվությունները շարունակվում են: Հիմնադրամում հույս ունեն մինչև ծրագրի մեկնարկը հավաքել նաև երկրորդ շենքի համար անհրաժեշտ գումարը:

Այս ծրագիրն աննախադեպ է Գյումրիի համար, քանի որ շահառուների բնակարանային խնդրի լուծման հետ մեկտեղ՝ նրանց կտրվի աշխատելու, կրթվելու, զարգանալու և նոր հմտություններ ձեռք բերելու հնարավորություն: 

«Շենքը կապահովի արևային ֆոտովոլտային վահանակներով, ինչից կուտակված էներգիայի խնայողություններով կփոխհատուցվեն շենքի, հարակից տարածքի խնամքի և այլ կարիքների գումարը: Նորակառույցի առաջին հարկը նախատեսված է ապահովելու համար բնակիչների զբաղվածությունը. այստեղ կլինի ապագա բնակիչների մասնագիտություններին, հմտություններին և նախասիրություններին համապատասխան հարմարեցված հարթակ: Կբացվեն ամենատարբեր սրահներ՝ վարսահարդարման, ոսկերչական, խոհարարական, համակարգչային, նկարչական, որտեղ նաև ուսուցում կիրականացվի: Նորակառույցը նաև կունենա կանաչապատ տարածք, որը հարամարավետ և հաճելի հանգիստ կապահովի թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար: Շենքերի հոսանքն էլ ապահովվելու է արևային վահանակների ու տաքացուցիչների միջոցով»,- նշեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ընդհանուր առմամբ, շենքերի վերակառուցումից հետո շուրջ 80 գյումրեցի ընտանիք հնարավորություն կունենա ապրել և աշխատել մեկ վայրում։ Բնակարանները նախատեսվում է տրամադրել ծրագրի մեկնարկից մեկ տարի անց:

Մեր դիտարկմանը՝ չկա՞ մտավախություն, որ հիմնադրամի նախկին տնօրենի ձերբակալումից ու կոռուպցիոն բացահայտումներից հետո մարդիկ սկսել են ավելի քիչ  վստահել ու քիչ գումար փոխանցել, պատասխանեցին, որ նման մտահոգություն չունեն։

«Այդ դեպքերից հետո տեղի է ունեցել տարեկան հեռուստամարաթոնը, որի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում խոստացվել և հանգանակվել է շուրջ 16 մլն դոլար, որն ավելին է, քան դրան նախորդող տարվա հանգանակությունները։ Իսկ այս տարվա «Մեր Գյումրի» հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված գումարը, վերջին մի քանի տարիների հանգանակվածի համեմատ, ռեկորդային ցուցանիշ էր, ընդ որում՝ գումարը հանգանակվել է ոչ միայն ԱՄՆ-ից, այլև ամբողջ աշխարհից»,- նշեցին հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Էմմա Չոբանյան