Մասնավոր մուլտիպլեքսը՝ այլընտրանք մենաշնորհին. ԽԱՊԿ-ի՝ «Օրենսդրական բացերի ազդեցությունը ԶԼՄ-ների գործունեության վրա» թեմայով ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

Լուրեր

11.12.2024 | 13:22
Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Գավառից փոխանցվել է Ապարանին
11.12.2024 | 13:10
Սիրիայի անցումային կառավարության վարչապետը կայունության և հանգստության կոչ է անում
11.12.2024 | 12:59
2024թ․ ԱՄՆ զբոսաշրջային վիզայի մերժումների թիվն ավելացել է ՀՀ քաղաքացիների համար
11.12.2024 | 12:48
Բայդենի վարչակազմը նախատեսում է խստացնել ռուսական նավթի դեմ պատժամիջոցները` նախքան Թրամփի պաշտոնավարումը․ Bloomberg
11.12.2024 | 12:38
Հօգուտ պետության կբռնագանձվի 25 միլիոն դրամ. Դատարանը բավարարել է Դատախազության հայցապահանջը
11.12.2024 | 12:36
Մենք բարձր ենք գնահատում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը միտված ամերիկահայ համայնքի բոլոր ջանքերը․ Քրիստինա Քվին
11.12.2024 | 12:24
Բլինքենը կայցելի Թուրքիա՝ Սիրիայի հարցով բանակցությունների
11.12.2024 | 12:12
1 ամսով կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս․ խմբակցությունից, գուցե, դուրս գամ, մանդատս վայր չդնեմ․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 12:09
Սիրիայի Մանբիջում թուրքամետ խմբավորումներն ու ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդերը հրադադարի համաձայնության են հասել
11.12.2024 | 12:00
Փաշինյանը հակադարձել է Բաքվին, Անկարան Հարավային Կովկասում խաղաղության «հույսի շող» է տեսնում․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 11:50
Գյումրիում ՏԿԵՆ-ը մշտադիտարկում է իրականացրել տեխզննության բոլոր 4 կայաններում
11.12.2024 | 11:36
Զապորոժիեի ատոմակայանի մոտ ԱԹՍ-ն վնասել է ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցների ավտոմեքենան
11.12.2024 | 11:25
Մբապեն կարող է այլևս չխաղալ 2024 թվականին
11.12.2024 | 11:14
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում հասել ենք ամենամոտ կետին․ Հաքան Ֆիդան
11.12.2024 | 11:03
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ներկայացնում է «Օրենսդրական բացերի ազդեցությունը ԶԼՄ-ների գործունեության վրա» թեմայով նախագծի 10-րդ ֆիլմը՝ «Մասնավոր մուլտիպլեքսը՝ այլընտրանք մենաշնորհին»։

 

Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցումը ոլորտում նոր խնդիրներ առաջացրեց. 10-ից ավելի հեռուստաընկերություն դուրս մնաց գործընթացից։ Իսկ 34 գործողները հայտնվեցին մեկ թվային հեռարձակման ցանցում՝ պետական մուլտիպլեքսում։ Մասնավոր մուլտիպլեքս այդպես էլ չստեղծվեց։

«Եթե կա միայն հանրային ցանցը, չկա մասնավոր մուլտիպլեքսը, ուրեմն դա միակ տարբերակն է, և այն խախտում է ընդհանրապես սոցիալական փաթեթի գաղափարը որպես այդպիսին։ Արդյունքում վերգետնյա հեռարձակումը դառնում է արտոնություն, այլ ոչ թե իրավունք», – ասում է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Անալոգայինից թվային հեռարձակմանն անցնելը միջազգային գործընթաց էր, և ենթադրում էր հեռարձակման պետական ցանցին զուգահեռ նաև մասնավորների ստեղծում, ինչը կարևոր է մրցակցության զարգացման և ոլորտում հարաբերություններն արդիականացնելու համար։

«ԳԱԼԱ» ՀԸ գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանի կարծիքով՝ ցանկացած պահի, ցանկացած իշխանություն կարող է պարզապես չներառել որևէ հեռուստաընկերություն հանրային մուլտիպլեքսում. «Իսկ մասնավոր մուլտիպլեքսը, հատկապես տեղայնացված, փոքր մուլտիպլեքսը, ցանկացած հեռուստաընկերության առաջին հերթին տալիս է անկախություն։ Ամբողջ աշխարհում թվայնացման արդյունքում հեռարձակողներն ավելանում են, Հայաստանում որոշեցին կրճատել հեռուստաընկերությունների թիվը։ Սա նոնսենս է»։

Յուրաքանչյուր մարզից միայն մեկ հեռուստաընկերության թվային հեռարձակման լիցենզիա տրամադրելով՝ պետությունը մեկ տասնյակից ավելի հեռարձակողների դուրս մղեց գործընթացից։ Իհարկե, 2015 թվականին «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի փոփոխմամբ՝ ոլորտի պատասխանատուները հնարավորություն տվեցին դրանց շարունակել հեռարձակվել անալոգային ռեժիմով, որպեսզի կատարվածը քաղաքական որոշում չհամարվի, սակայն այդ հեռուստաընկերությունների ապագան մշուշոտ է։ Ըստ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանի՝ երբ չգիտես, թե վաղը քեզ ինչ է սպասում, դու չես կարող մշակել զարգացման ծրագրեր, հասկանալ՝ ինչպես է ի վերջո ձևավորվելու պահանջարկը։

Կարինե Հարությունյան, Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն. «Մենք կորցրեցինք մեր հեռուստադիտողների մեկ երրորդը, Մեր տեխնիկական անձնակազմը այցելում էր մարդկանց տները, սարքեր էր տեղադրում, ինչ-որ բաներ էր անում, որպեսզի իրենք թվայինի հետ մեկտեղ կարողանային նայել նաև ԳԱԼԱՆ»։

Այս առնչությամբ իր մտահոգությունն է հայտնում Արմավիրի «ԱԼՏ» ՀԸ հիմնադիր Խաչիկ Դանիելյանը. «Մեր լիցենզիաները երկարացրին անորոշ ժամանակով, մինչև մասնավոր մուլտիպլեքսի ի հայտ գալը, բայց այնպիսի պայմաններ դրվեցին, որ մասնավոր մուլտիպլեքս չհայտնվի։ Ես նույնիսկ առաջարկել եմ թույլ տալ մեզ՝ մեր ուժերով մասնավոր մուլտիպլեքս ստեղծենք, չհամաձայնվեցին։ Չնչին ներդրումներով, օրենքում անցումային դրույթների միջոցով կարելի էր հարցը լուծել։ Թող կանգնեն ճշմարիտ ասեն՝ մենք որոշել ենք ձեզ փակենք, մենք հիմա ձեզ պահելով եվրոպացիներին ենք խաբում»։

Գեղարքունիքի մարզում Սևանի, Մարտունու և Գավառի հեռուստաընկերությունների միավորման արդյունքում ստեղծվեց և գործում է մեկ թվայնացված «Գեղամա» ՀԸ-ն։ Տնօրեն Սուրեն Բարսեղյանը կարծում է, որ սա կարող է լավ օրինակ լինել մյուսների համար, սակայն Լոռու մարզում, ըստ Վանաձորի «ՄԻԳ» ՀԸ հիմնադիր Սամվել Հարությունյանի, դա հնարավոր չէ. «Հնարավորություն թող տան իմ հեռուստաաշտարակով, իմ շենքով  աշխատեմ, իմ աշտարակի վրա կառուցեմ իմ մուլտիպլեքսը, թող օրենքը չսահմանափակի»։

Համեմատենք. հարևան Վրաստանում որևէ մարզային հեռուստաընկերություն դուրս չի մնացել թվայնացման գործընթացից։ Պետականին զուգահեռ՝ ի սկզբանե ստեղծվել են մասնավոր մուլտիպլեքսներ, զարգացել է մրցակցությունը։

Վրաստանի Լրագրության ռեսուրս կենտրոնի գործադիր տնօրեն Նաթիա Կուպրաշվիլին, որն իր երկրում մեծ դերակատարություն է ունեցել հեռարձակման թվայնացման գործընթացում, նկարագրում է վրացական փորձը. «Հեռուստաընկերություններին հնարավորություն տալը պետության պարտավորությունն է, և հեռարձակողները պետք է չտուժեն բարեփոխումներից՝ սա ամենակարևորն է։ Եթե խոսքը գնում է տեղեկատվության անվտանգության մասին, ապա անհրաժեշտ է, որ մի քանի մուլտիպլեքս լինի, որովհետև եթե մեկ մուլտիպլեքս է, դրա հետ կարող է ինչ-որ բան պատահել, իսկ եթե մի քանիսն են աշխատում, ապահովագրում են միմյանց։ Մեր փորձը ցույց է տալիս, որ շատ կարևոր է ունենալ դիվերսիֆիկացված ենթակառուցվածքներ»։

Այսպիսով՝ Վրաստանում կա 1 պետական՝ հանրային մուլտիպլեքս, 3 մասնավոր, որոնք համապետական սփռում են ապահովում, և 20 մարզային մուլտիպլեքս, որոնցից յուրաքանչյուրը 1-2 հեռարձակող ունի և որոնց սեփականատերերը հենց իրենք՝ մարզային հեռարձակողներն են։ Ընդ որում՝ մարզայիններին պետությունն այս մուլտիպլեքսները նվիրել է, նաև վերադարձրել  այն գումարը, որը թվայնացմանն անցնելու համար այդ հեռուստաընկերությունները վճարել էին։ Նաթիա Կուպրաշվիլին շեշտում է՝ հանրային հեռարձակում ապահովող պետական մուլտիպլեքսում ևս ազատ տեղեր կան, սակայն չեն կարող վաճառվել, քանի դեռ մասնավորն ազատ տեղեր ունի՝ սա ամրագրված է օրենքում։ Այսինքն՝ առաջնահերթությունը տրվում է մասնավորին։ Իսկ Հայաստանում պետական թվային ցանցին այլընտրանք չկա, և դեռ հայտնի էլ չէ, թե մասնավորը երբ մուտք կգործի շուկա։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը վկայակոչում է այլընտրանքային մոտեցում. «Մենք առաջարկում ենք, որպեսզի հանրային մուլտիպլեքսը կատարի միայն, այսպես ասած, հանրային պատվերը, և միայն սոցիալական փաթեթը հեռարձակի: Դա կստեղծի ինչ-որ մի  իրավիճակ, որն  ավելի նպաստավոր կլինի մասնավոր մուլտիպլեքսի հայտնվելու համար։ Հետևաբար, մենք կունենանք բավականին մեծ հեռուստաընկերությունների խումբ, որոնք մասնավոր մուլտիպլեքսի պահանջարկ կստեղծեն»։

2015 թ. օրենսդրական փոփոխությունից հետո մասնավոր մուլտիպլեքսի լիցենզավորման համար կազմակերպված 3 մրցույթ հայտարարվել է չկայացած՝ հայտատուի բացակայության պատճառով։ Ի՞նչն է խանգարում, որպեսզի պետականին զուգահեռ ի հայտ գան մասնավոր մուլտիպլեքսներ։ Առաջին խոչընդոտը հենց օրենքն է։

«Օրենքում ստեղծվել են այնպիսի պայմաններ, որ որևէ մասնավոր ներդրող չմտնի և այդ գործով չզբաղվի», – նշում է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գագիկ Ալոյանը կարևոր է համարում, որ օրենքով ամրագրված է մասնավոր մուլտիպլեքսի գաղափարը, այլ հարց է, որ գործընթացը բարդացված է. «Դա օրենսդիրի խնդիրն է. ոչ պետք է շատ հեշտացվի, ոչ էլ՝ շատ դժվարեցվի, այսինքն՝ պետք է գտնել ոսկե միջինը։ Ոլորտում պետք է ներգրավվեն հայտնի ընկերություններ, որոնք զբաղվել են այդ գործով»։

Ըստ գործող օրենքի՝ մասնավոր մուլտիպլեքսը պետք է ընդգրկի ողջ երկրի տարածքը, ամբողջությամբ սեփականություն լինի (վարձակալությունը բացառվում է), պետական տուրքն էլ սահմանված է 100 մլն դրամ։

Այս օրերին լրագրողական 3 կազմակերպություններ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և Երևանի մամուլի ակումբը մշակում են «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծ, ըստ որի՝ հարցն առաջարկվում է լուծել հետևյալ կերպ. նախ՝ մուլտիպլեքսը կարող է ընդգրկել մեկ կամ մի քանի համայնք, մեկ կամ մի քանի մարզ, ինչպես նաև երկրի ամբողջ տարածքը։ Բացի այդ, պարտադիր չէ, որ ամբողջ ցանցը պատկանի մասնավոր սեփականատիրոջը, հնարավոր է որոշ ենթակառուցվածքների վարձակալություն։ Նախատեսվում է նաև մի քանի անգամ նվազեցնել պետական տուրքը։

Այսպիսով՝ ոչ թե պետական կառույցներն ու խոշոր բիզնեսն են գերիշխող դիրք գրավելու, ինչպես նախատեսում է գործող օրենքը, այլ լայն հնարավորություն է տրվելու նաև փոքր և միջին ձեռնարկատիրության համար։ Գլխավոր նպատակն է ոլորտում ազատականացնել հարաբերությունները և խթանել մրցակցությունը։

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

ԽԱՊԿ փորձագետ