Արա Մինասյանն ընդդեմ Արսեն Թորոսյանի գործը կասեցնելու միջնորդությունը մերժվեց․ դատավորին բացարկի միջնորդություն կներկայացվի
Հասարակություն
04.03.2019 | 12:45«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի քաղաքացիական գործով այսօրվա դատական նիստին, Թորոսյանի փաստաբան Գևորգ Գյոզալյանը միջնորդեց կասեցնել գործի քննությունը՝ անհնարինության հիմքով․ «Մեզ վրա խնդիր է դրված հայցվորի կողմից զրպարտություն որակված արտահայտությունների իսկությունը, ճշմարտացիությունը ապացուցելու։ Դրանք, որ ճշմարտացի են, որևէ կասկած չկա։ Մենք այդ ապացույցները կարող ենք ներկայացնել և ապացուցել, որ ակնհայտ է, որ այդտեղ չարաշահումներ կան, և դա նաև ապացուցվելու է քրեական գործով։ Սա հնարավորություն է տալիս հայցվոր կողմին, որ քրեական գործով գնան ապացուցեն, որ իրենք անմեղ են, և սա շատ ավելի ծանրակշիռ կլինի հանրության համար, որ գնան բարձրաձայնեն՝ տեսեք մենք անմեղ ենք, բայց մեզ հանիրավի մեղադրանքներ են առաջադրում»։
Պաշտպանի խոսքով, որպեսզի իրենք ապացուցեն, որ Արսեն Թորոսյանի խոսքերը զրպարտություն չեն, իրենց պետք կգան քրեական գործի նյութերը․ «Կան փաստեր, որոնք կապացուցեն, որ սա ոչ թե զրպարտություն է, այլ 100 տոկոսանոց ճշմարտություն»:
Պաշտպանն ասաց, որ ինքը վարույթն իրականացնող մարմնից պահանջել է նյութերը, սակայն իրեն նյութերը չեն հատկացրել` հղում անելով նախաքննական գաղտնիությանը: Եվ այս փուլում ապացուցել, որ քաղհայցի հիմքերը բացակայում են և Արսեն Թորոսյանի խոսքերը զրպարտություն չեն՝ դառնում է անհնարին։
Արա Մինասյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը առարկեց ներկայացված միջնորդության դեմ, ասելով, որ եթե անգամ քրեական գործի նյութերը դատարան բերելու անհրաժեշտություն լինի, անհնարինության հարց լինել չի կարող. «Քաղաքացիական դատարանը կարող է դիմել և պահանջել քրեական գործի նյութերը և որևէ նախաքննական գաղտնիության մասին հարց լինել չի կարող, ուղղակի այդ նյութերն ուսումնասիրելուց դատական նիստերն արդեն կանցնեն դռնփակ ռեժիմով։ Իսկ ինչ վերաբերվում է ապացուցման բեռին և վերաբերելիությանը, ապա ես գտնում եմ, որ պատասխանող կողմը չի հասկանում իրենց ապացուցման բեռը՝ դուք չպետք է ապացուցեք բժշկական կենտրոնում տեղի են ունեցել չարաշահումներ, այլ երբ որ մենք կապացուցենք, որ ձեր արտահայտությունները վերաբերում էին Արա Մինասյանին, դուք պետք է ապացուցեք դրանց հիմնավորվածությունը»:
Դատարանը լսելով կողմերին որոշեց, որ քաղաքացիական գործը ենթակա չէ կասեցման և անհնարինության հիմքերը բացակայում են: Արսեն Թորոսյանի պաշտպանը միջնորդեց, որպեսզի վարույթն իրականացնող մարմնից պահանջեն քրեական գործի նյութերը, որի դեմ կրկին առարկեց հայցվոր կողմը, և դատարանը այս միջնորդությունը ևս մերժեց։
Այս որոշմանը հաջորդեց Արսեն Թորոսյանի ներկայացուցչի՝ դատարանին բացարկի միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ հայտարարությունը։ Գևորգ Գյոզալյանը դատարանում ասաց, որ տեսնում է կանխակալ մոտեցում իրենց նկատմամբ և ժամանակ խնդրեց դատարանից, որպեսզի կարողանա իր ունեցած կասկածները գրի առնել և ներկայացնել դատարանին։
Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 6-ին։
Արա Մինասյանը, հիշեցնենք, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրում կատարված չարաշահումների առթիվ հարուցված քրեական գործով ունի մեղադրյալի կարգավիճակ: Նա հետախուզվում է: Արա Մինասյանը զրպարտության և վիրավորանքի համար քաղհայցով դիմել է դատարան՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերով արված հետևյալ արտահայտությունների համար պահանջելով հերքում`
– Մեր ստուգումները ցույց տվեցին, որ այդ չարաշահումներն այնքան սիստեմատիկ են, որ նույնիսկ ստուգումների ընթացքում չեն դադարում։ Այսինքն մենք մինչև հիմա ստանում ենք հաշվետվություններ նույն մարդու համար մի քանի անգամ պետական գումար գանձելու։
– Չի դադարում էդ թալանը և այսպես ասած` վատնումը։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել, հիմնական բաժինը՝ 400 մլն-ից ավելը, հիմա ասեմ կոնկրետ թիվը՝ 400 քանի միլիոն։ Մարդիկ եկել են, հանձնել են արյան անալիզ և մի քանի այլ փոքր հետազոտություններ են արել, վերջում պարզվել է, որ այդ մարդիկ պառկել են հիվանդանոցում ու 200 հազար դրամի բուժում են ստացել:
– 8000 դրամի փոխարեն բուժհիմնարկը գանձում է 200 հազար դրամ պետական բյուջեից և տարիներ շարունա՞կ։
– Ավելին ասեմ, հետո էդ գումարներով կատարվել են շատ հետաքրքիր գնումներ, միշտ նույն մարդկանցից։ Տարատեսակ պատճառներով իսկական հաղթողները մերժումներ են ստացել ինչ-որ թղթերի հիման վրա, որ որակին չի համապատասխանում, ու էդ գումարները տրվել են կոնկրետ մարդկանց՝ հիմնականում միշտ նույն մարդկանց։
– Տարիներ շարունակ բժիշկներն աշխատավարձ չեն ստացել նորմալ։
-Նորից կրկնում եմ՝ 8000 դրամ հետազոտության փոխարեն պետությունից 400 մլն-ից ավել գանձվել է ամեն մեկի համար 150-200 հազար դրամ, ձևակերպվել են հիվանդության պատմություններ։
-99 %-ով վստահ եմ՝ այստեղ կան քրեական տարրեր, որովհետև էդ գումարները փաստացի շորթվել են պետությունից»:
Արա Մինասյանը գտնում է, որ այս արտահայտությունները ուղղված են իրեն և պահանջում է հերքում, մինչդեռ Արսեն Թորոսյանի պաշտպանական կողմը պդնում է, որ նա ընդհանուր չարաշահումների մասին է խոսել և ոչ թե կոնկրետ անձի։
Լիլիթ Շաբոյան