Ռուսական «մահակը» կհարվածի՞. անորոշություն՝ գազի գնի 15 դոլար թանկացման շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի իրական սակագնի շուրջ անորոշությունը շարունակվում է։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ «Գազպրոմ Արմենիա»-ն չի պատրաստվում իր վրա վերցնել գազի թանկացման 15 դոլար բեռը։ «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վախթանգ Միրումյանն այսօր փաստացի չհերքեց այս տեղեկությունը՝ պնդելով, որ վերջնական որոշում կայացվելու է քննարկումների արդյունքում։ Հարցին՝ արդյոք 15 դոլար պարտքը կուտակվո՞ւմ է, Միրումյանը պատասխանեց․ «Պարտք է կուտակվում, թե պարտք չի կուտակվում, թե ինչպե՞ս պետք է իրականացվի ֆինանսատնտեսական գործունեությունը, բոլոր հարցերը հիմա քննարկվում են»։

Կարո՞ղ է արդյոք նախկին տարիների պատմությունը կրկնվել, երբ 300 միլիոն դոլարի պարտքը վճարի Հայաստանը՝ զիջելով էներգետիկ որևէ կառույց, «Գազպրոմ Արմենիա»-ի պաշտոնյանն ասաց․ «Ես նորից եմ կրկնում, որ բոլոր ուղղություններով քննարկումները շարունակվում են, որպեսզի մի կողմից դա չվնասի ընկերության գործունեությունը, մյուս կողմից՝ չհանգեցնի ոչ ցանկալի արդյունքների»։

Հիշեցնենք, որ ռուսական «Գազպրոմ»-ը այս տարվա հունվարի 1-ից Հայաստան մատակարարվող գազի գինը բարձրացրել է 10%-ով՝ 150-ից դարձնելով 165 դոլար՝ 1000 խ/մ-ի դիմաց։ Մինչ օրս պաշտոնապես չի հայտարարվել, թե 15 դոլար հավելավճարը ով է վճարելու՝ հայաստանցի սպառո՞ղը, ռուսական ընկերությո՞ւնը, թե՞ սուբսիդավորելու է Հայաստանի կառավարությունը։ Նշենք, որ  Վրաստանի սահմանից սպառողին հասած կապույտ վառելիքի գինը 285 ԱՄՆ դոլար է։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով՝ գալու է ժամանակ, որ այսօր կուտակվող պարտքը ինչ-որ մեկը վճարելու է, և մեծ հավանականությամբ, դա լինելու է հայ սպառողը, և ոչ՝ «Գազպրոմ»-ը։ Հաշվի առնելով, որ հունվարի 1-ից գազի սակագինը սահմանին բարձրացել է 15 դոլարով 1000 խ/մ-ի համար, տարեվերջին հայկական կողմի կուտակած պարտքը կկազմի 30 միլիոն դոլար։ Տնտեսագետը հիշեցնում է, որ 2017 թվականին «Գազպրոմ»-ն իր շահույթի հաշվին արդեն իսկ իջեցրել է գազի սակագինը Հայաստանի սահմանին՝ 165-ից դարձնելով 150 դոլար։ Այդ ընթացքում «Գազպրոմ Արմենիա»-ն կրել է 25 միլիոն դոլարի վնաս։ Հիմնվելով այս հաշվարկների վրա, Սուրեն Պարսյանը պնդում է, որ ռուսական ընկերությունն այսօր ռեսուրսներ չունի, որ 30 միլիոն դոլար պարտքը փոխհատուցի։

«Էդ 30 միլիոն դոլարի ռեզերվը ինքը պետք է ցույց տա։ Ես չեմ կարծում՝ էս կարճ ժամանակահատվածում առանց խոշոր կապիտալ ներդրումներ իրականացնելու ինքը կարողանա 30 միլիոն դոլարի տնտեսում անի։ Հաշվի առնելով պարտքի կուտակումը, հայ սպառողը հիմա կամ մի քանի տարի հետո, այնումենայնիվ, ստիպված է լինելու վճարել բարձրացված գազի համար։ Մենք կարող է հասնենք մի իրավիճակի, երբ գազամատակարարման համակարգը կանգնած լինի կոլափսի առջև, և մենք ստիպված լինենք գազի սակագինը բարձրացնել»,- ասաց տնտեսագետը։

Հարցի լուծման տարբերակներից մեկն էլ այն էր, որ Կառավարությունը սուբսիդավորի կուտակվող պարտքը։ Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը սա արդեն իսկ բացառել է՝ հունվարի 25-ին Մոսկվայում ԵՏՄ հանձնաժողովի նիստից հետո հայտարարելով, որ 2019 թվականին հայ սպառողը գազի համար չի վճարի բարձրացած գնով։

«Ոչ մի ռեսուրսի մասին խոսք չի գնում։ 2019 թվականին, Հայաստանի կառավարությունը չի պատրաստվում ոչինչ սուբսիդավորել, և ոչ մի ակտիվներ չեն փոխանցվի, ամեն ինչ մնում է նույնը, և մենք ժամանակ ունենք դետալացված քննարկումներ անել»,- ասել է վարչապետը։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը կարծում է, որ Հայաստանի կառավարության և ռուսական «Գազպրոմ»-ի բանակցությունների արդյունքում կգտնվեն «Գազպրոմ Արմենիա»-ի արդյունավետությունը բարձրացնող ուղիներ, ինչը կչեզոքացնի 15 դոլարով թանկացումը։

«Մենք ունենք 150-ից 165 դոլար սահմանին գին, և ունենք միջին կշռված 265 դոլար գին։ Հիմա, երբ ԱԱՀ-ն հանում ենք, այստեղ մարժան մոտավորապես 54 դոլար է։ Էս 54 դոլարի մեջ մտած են ամորտիզացիա, նյութածախս, կորուստները և այլն։ Նախնական գնահատմամբ՝ կորուստները կրճատելով, արդյունավետությունը բարձրացնելով, հնարավորություն կա որոշակի երկարաժամկետ լուծումներ գտնենք։ Բացառում եմ որևէ կարգի զարտուղի ճանապարհով կամ ժողովրդի թիկունքում բանակցություններ այն առումով, որ պարզվի՝ սա գեներացրել է պարտք և այդ պարտքը փակելու համար մենք պետք է այսինչ ակտիվը հանձնենք։ Սուբսիդավորման մասով էլ պետք է խոսակցությունները բացառել»,- ասաց Արտակ Մանուկյանը։

Գազի գնի շուրջ Երևանն ու Մոսկվան սկսել են բանակցել հունվարի 8-ից։ «Գազպրոմ Արմենիա»-ն իր հերթին քննարկումների մեջ է թե ՀԾԿՀ-ի, թե Կառավարության հետ։ Ի վերջո ի՞նչ ավարտ կունենա հայ-ռուսական գազային թնջուկը։ Տնտեսագետների հաշվարկներից զատ կանխատեսումներ են անում նաև քաղաքական գործիչները։

Թե ո՞ւմ ուսերին կմնա 30 միլիոն դոլար պարտքը, Հանրապետություն կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի կարծիքով՝ պայմանավորվելու է քաղաքական գործոններով․ «Ես չէի բացառի, որ եթե նոր տարուց առաջ Նիկոլ Փաշինյանը միջամտեր քննչական գործողությանը և հրահանգ տար Ռոբերտ Քոչարյանին բաց թողնել, գազի գնի էդ առևտուրը չլիներ, կամ եթե Նիկոլ Փաշինյանը Լավրովյան պլանին հակառակ չհայտարարեր, որ տարածք խաղաղության դիմաց բանաձևն իր համար ոչ ընդունելի է։ Ես կարծում եմ՝ խնդիրն այս հարթության վրա է»։

Արամ Սարգսյանի կարծիքով՝ ռուսական իշխանությունն ի վերջո հասնելու է նրան, որ ոչ թե «Գազպրոմ»-ը վճարի կուտակվող պարտքը, այլ՝ Հայաստանի կառավարությունը գնա սուբսիդավորման։

«Ես համոզված եմ, որ Ռուսաստանը գազային մահակն օգտագործում է որպես օտար երկրների ներքաղաքական հարցերում խառնվելու գործիք։ Պետք չի քաղաքական շանտաժի գնալ։ Գազը թանկանում է, թող թանկանա։ Շատ երկրներ կան, որտեղ գազը թանկացել է, ու մարդիկ լուծումներ գտել են»,- ասաց Արամ Սարգսյանը։

Գազի գնի շուրջ բանակցությունների համար սահմանված է երկամսյա ժամկետ։ Այսինքն՝ 15 դոլար թանկացման շուրջ որոշակի պարզեցում կարելի է ակնկալել մարտի սկզբներին։ Սակայն, եթե կողմերը վերջնական համաձայնության չգան, բանակցությունների ժամկետը կարող է է՛լ ավելի երկարացվել։

Ռոբերտ Անանյան